ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆ

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՌԱՆԿՅՈՒՆ
22.07.2011 | 00:00

«Թուրքական թեմայի» եվրոպական հարթությունում բավականին կարևոր է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որը միտված է Թուրքիայի ու եվրոպական առաջատար պետությունների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման ջանքերի շրջափակմանը։ 2010-ի հուլիսին Մեծ Բրիտանիայի վարչապետի` Անկարա կատարած այցը բացահայտորեն «հակաեվրոպական» բնույթ էր կրում, նպատակ ուներ վերացնելու Թուրքիայի ու Մեծ Բրիտանիայի միջև եղած բոլոր խնդիրները, նոր դիրքեր ձեռք բերելու Թուրքիայում ու տարածաշրջանում։ Ըստ ֆրանսիացի փորձագետների, որոնք արտահայտվում են շատ զգույշ ու չափավոր, Մեծ Բրիտանիայի ջանքերը, նախ և առաջ, ուղղված են ոչ թե Ֆրանսիայի, այլ Գերմանիայի, այսինքն` Եվրոպայում Թուրքիայի գլխավոր տնտեսական գործընկերոջ դեմ։ Բալկանյան, ուկրաինական, Սև ծով-կովկասյան, իրանական, արաբական և թուրքական ուղղություններում Գերմանիայի չափազանց ուժեղանալը «փոքր աղետ» է և բրիտանական քաղաքականության ձախողում։ Հատկանշական է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գ. Վեստերվելի այցը Թուրքիա, որը կայացավ 2010-ի հուլիսի 28-ին` Դ. Կեմերոնի այցից մեկ օր հետո։ Գերմանիան ուշադրությամբ հետևում է ռազմավարական այդ ուղղությամբ բրիտանական քաղաքականության քայլերին, ինչը վկայում է, որ ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան չեն կարող անտեսել Թուրքիայի հավակնությունները։ Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, մեծապես կապված Իրանի և Արևմտյան ընկերակցության միջև «ռազմավարական միջնորդ» դառնալու Լոնդոնի փորձերի լիակատար ձախողման հետ, ուղղված է Իրանի դերը Թուրքիայով «փոխարինելուն», որը, բրիտանացի քաղգործիչների դիտարկմամբ, կարող է դառնալ ընդարձակ տարածաշրջանում բրիտանական ազդեցության ուժեղացման կարևոր գործոն։ Մեծ Բրիտանիայի այդչափ լուրջ ու հետևողական քաղաքականությունը Ֆրանսիային ու Գերմանիային ստիպում է մշտապես դիմելու Թուրքիային տարբեր նախաձեռնություններով ու առաջարկություններով, որոնց նպատակն է այդ երկիրը պահել Եվրոպայի քաղաքականության ուղեծրում։ Դա վկայում է, որ Եվրոպայում կա շատ լուրջ խաղացող, որը շահագրգռված է ոչ միայն ֆրանս-գերմանական տանդեմից, այլև Ռուսաստանից Թուրքիայի խիստ տարանջատմամբ, քանի որ հատկապես Ռուսաստանը Լոնդոնում համարվում է ոչ պակաս վտանգավոր խաղացող Թուրքիայի դեմ, քան Մեծ Բրիտանիայի եվրոպական գործընկերները։ Պետք է նկատի առնել, որ Մեծ Բրիտանիան ավելի սերտ ու պարտավորեցնող կապեր ունի ԱՄՆ-ում, քան նրա եվրոպական գործընկերները, նա նաև գործառական մեծ հնարավորություններ ու շահեր ունի Մերձավոր Արևելքում և Կովկասում, ինչը թույլ է տալիս Թուրքիայի հետ վարել տարածաշրջանային անվտանգության թեմաներով ավելի առարկայական երկխոսություն։ Ֆրանսիացի փորձագետների կարծիքով` ներկայումս ոչ մի կասկած չկա, որ Թուրքիան ներքաշվում է ինչ-որ նոր խաղերի մեջ, ուր Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ձգտում են դիրիժոր լինել և թույլ չտալ Թուրքիայում ֆրանսիական, գերմանական և ռուսական շահերի ուժեղացում։ Սակայն եթե նկատի ունենանք, որ Մեծ Բրիտանիայի նպատակներից մեկը Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցում թույլ չտալն է, ապա կարելի է միանգամայն հնարավոր համարել, որ Ֆրանսիան ու Գերմանիան, չնայած եղած հակասություններին, կարող են գտնել փոխշահավետ միավորման ավելի ամուր եզրեր։ Այսպիսով, Եվրոպայում, չնայած տարբեր տերությունների վաղեմի ու ներդաշնակ գործընկերությանը, կա քաղաքականության կառուցման երեք «բևեռ», այդ թվում` Թուրքիայի ուղղությամբ։ Դրանք են` ֆրանս-գերմանական տանդեմը, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը։ Հաշվի առնելով եվրոպական տանդեմի և Ռուսաստանի, ինչպես նաև տանդեմի և Մեծ Բրիտանիայի փոխադարձ շահերը, խաղը դառնում է ավելի բարդ, և սպասվում է հակասությունների սրում։ Այս սյուժեն, այնուամենայնիվ, բարդանալու միտում ունի։ 2010-ին, որոշակի քննարկումից հետո, Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան հասկացան, որ անհրաժեշտ է պայմանագիր կնքել պաշտպանական կարողությունների միավորման մասին, ինչը երկու պետությունների համար ֆինանսական, օպերատիվ և ռազմատեխնիկական բնույթի շատ հարցեր է լուծում։ Նրանք արդեն հասցրել են ցուցադրել շահերի միասնությունը նաև պաշտպանության ոլորտում` զորախաղեր անցկացնելով Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում։ Պետք է նկատել, որ ինչ-որ չափով կրկնվում է եվրոպական միացյալ ռազմական ուժեր ստեղծելու մասին Սեն Մալոյի 1999-ի պայմանագրի ստորագրման պատմությունը, երբ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, այդ ուժերի ստեղծման հարցերը քննարկելիս, որոշեցին «յոլա գնալ» առանց Գերմանիայի։ Տվյալ պարագայում խոսքը, ըստ էության, այն մասին է, որ Գերմանիան իր տեղն իմանա եվրոպական պաշտպանությունում և քաղաքականության մեջ, ինչը կարող է հանգեցնել Գերմանիայի և Ռուսաստանի մերձեցմանը, այդ թվում նաև` տարածաշրջանային քաղաքականության ոլորտում, այսինքն` ՈՒկրաինայի, Բալկանների ու Կովկասի առնչությամբ։ Անտարակույս, տարածաշրջանային քաղաքականության, եվրոպական և էներգետիկ անվտանգության հարցերի քննարկման ցանկացած սխեմա հանգեցնելու է Թուրքիայի խնդրի քննարկմանը։
Դրա հետ մեկտեղ, կան այլ, մեր կարծիքով, ավելի սկզբունքային հանգամանքներ` Ռուսաստանի հետ Արևմտյան Եվրոպայի հարաբերություններում «թուրքական թեմայի» տեղն ու դերը քննության առնելիս։ Դա այն է, որ Ֆրանսիան ու Գերմանիան չեն ուզում Ռուսաստանը ներառել Թուրքիայի առնչությամբ համաեվրոպական բանավեճի մեջ։ Ռուսաստանն առանց այդ էլ, փաստորեն, չի մասնակցում այդ բանավեճին, բայց խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է այդ բանավեճին հաղորդել նոր և, շատ հավանական է, դրամատիկ բնույթ։ Ռուսաստանը, ձգտելով որոշակի տեղ գրավել Եվրոպայում, կարող էր առաջադրել նոր, Թուրքիայի` որպես «մեծ Եվրոպայի» մասի (որի մեջ մտնում է նաև Ռուսաստանը) ընկալման համար միանգամայն անընդունելի խնդիրներ։ Դա լիովին հնարավոր հեռանկար է և կարող է կարևոր փաստարկ դառնալ ռուսական քաղաքականության մեջ։ Եվրոպացիներն ավելի ու ավելի են հասկանում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումն իրենց ոչ մի դրական բան չի խոստանում, ուստի «թուրքական թեմայում» Ռուսաստանը, եվրոպացիների կարծիքով, միայն բացասական տեղ կարող է զբաղեցնել։ Այսպիսով, «Մեծ եռյակի» հարաբերությունների շուրջ բանավեճում «թուրքական թեմայի» բացակայությունը չի նշանակում, թե նման խնդիր առհասարակ չկա, այլ որ արևմտաեվրոպական տերությունների համար միանգամայն անընդունելի է Ռուսաստանի մասնակցությունը «թուրքական թեմայի» քննարկմանը, իսկ Ռուսաստանը դիտվում է որպես հյուսիսային ու արևելյան ուղղությամբ թուրքական նվաճողամտության տարածման հնարավոր արգելակիչ։
Ըստ էության, Ռուսաստանի կողմից թուրքական նվաճողամտության սահմանափակումը կարող է իրականացվել որոշակի առճակատման, որոշ վեճերի և տեղային, աննշան, ավելի շուտ թաքնված հակամարտությունների հանկարծակի ծագման, կամ կանխիչ միջոցառումների ձևով։ Եվրոպացիները շատ լավ հասկանում են, որ, չնայած տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերման կամ նախկինների վերականգնման Ռուսաստանի որոշակի նպատակներին, Մոսկվան, այնուամենայնիվ, Թուրքիայի դիրքերի հանդեպ ոչ թե հարձակողական կարգավիճակում է, այլ պաշտպանական։ Այսինքն, Ռուսաստանը Եվրոպայի նման պաշտպանության մեջ է և սոսկ աշխատում է կանխել տարածաշրջաններում իր համար վատթար սցենարների զարգացումը։ Ընդ որում, եթե Թուրքիան հավակնություններ ու լուրջ պահանջներ ունի այնպիսի առանցքային տարածաշրջանում, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, ապա Ռուսաստանն իրականացնում է խիստ զուսպ ու չափավոր ռազմավարություն, ընդ որում, միայն այնպիսի յուրօրինակ տարածաշրջաններում, ինչպիսիք են Սև ծովը կամ Կովկասը, մասամբ նաև Բալկաններն ու Կենտրոնական Ասիան։ Ֆրանսիացի փորձագետները ռուս-թուրքական ներկա հարաբերությունները գնահատում են որպես մարտավարական գործընկերների և ռազմավարական մրցակիցների փոխհարաբերություններ։
Հետաքրքրություն են ներկայացնում նաև թուրքական նվաճողամտության ճանապարհին արգելքներ չհարուցելու ԱՄՆ-ի ռազմավարության առնչությամբ մեր առաջադրած վարկածին ֆրանսիացի փորձագետների գնահատականները։ Անդրատլանտյան հարաբերությունների դժվարություններին ու եվրոպական անվտանգության խնդիրներին ծանոթ ֆրանսիացի փորձագետներն այդ վարկածը գնահատել են որպես հնարավոր, բայց ոչ միակը ամերիկա-թուրքական հարաբերություններում։ Նրանց կարծիքով, այդ իրողությունն ավելի շուտ իրադարձությունների անաչառ զարգացման արգասիք է, ոչ թե ամերիկյան որոշակի գործողությունների, երբ ԱՄՆ-ը կարող էր հմտորեն գործել այդ իրավիճակում։
Փորձագետների համոզմամբ` Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև եվրոպական պետությունների մեծ մասը, այդ թվում նաև` Մեծ Բրիտանիան, առանձնակի հետաքրքրություն չեն դրսևորում Կովկասի խնդիրների նկատմամբ, ներառյալ Վրաստանի խնդիրները և վրաց-ռուսական հարաբերությունները։ Եվրոպական պետությունները համոզվել են Վրաստանում այլ երկրներից «տարբերվող», ժողովրդավարական, իրավական պետություն կառուցելու ապարդյունության մեջ, ինչպես նաև այն բանում, որ Վրաստանը ճիշտ չի ընկալել ու մեկնաբանել Արևմտյան ընկերակցության կողմից աջակցության ցուցաբերման ազդանշանները։ Փորձագետներից մեկի պատկերավոր արտահայտությամբ` Ն. Սարկոզին «ձեռքերը լվացել է» և այլևս «հավես չունի» զբաղվելու վրացական խնդիրներով։ Սև ծովի ավազանում և Կովկասում Ֆրանսիայի ու Գերմանիայի շահերը խիստ սահմանափակ են, ու թեև տարածաշրջանային անվտանգության ներկա մակարդակը չի կարող բավարարել եվրոպացիներին ու նպաստել սեփական բիզնեսի զարգացմանը, նրանք մտադիր չեն այդ տարածաշրջաններում որևէ նախաձեռնություն հանդես բերելու։ Ֆրանսիան և Գերմանիան կովկասյան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը դիտարկում են «Արևելյան գործընկերության» ծրագրի և ավելի վաղ հռչակված «Մերձավոր հարևաններ» նախագծի (ըստ որի, Եվրոպան նախընտրում էր տարածաշրջանի աստիճանական ինտեգրումը) պրիզմայով։ Դրան զուգընթաց, կասկած չկա, որ «Արևելյան գործընկերությունը», ԱՄՆ-ի ուղղորդված քաղաքականության պայմաններում, Լեհաստանի ու Շվեդիայի խիստ «միակողմանի» նախաձեռնությունն է։ Ո՛չ Ն. Սարկոզին, ո՛չ Ա. Մերկելը այդ նախագիծը պատշաճ ոգևորությամբ չընդունեցին, բայց շատ տարօրինակ մի հանգամանք է ի հայտ գալիս։ Ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Գերմանիան ոչ մի կերպ դեմ չեն այդ նախագծի իրականացմանը, բայց ԱՄՆ-ի շահերի հետ կապված նախնական նախաձեռնության բնույթը որոշ չափով խարխլեց եվրոպական «մեծ տանդեմի» վստահությունը «Արևելյան գործընկերություն» ծրագրի նկատմամբ։ Ներկայումս Ֆրանսիան ու Գերմանիան ձգտում են արագացնել իրենց մասնակցությունը նախագծին, ավելի մեծ ոգևորությամբ են հավանություն տալիս Արևելյան Եվրոպայի պետությունների հետ Եվրամիության մերձեցման մտադրություններին։ Գերմանիան մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Արևելյան Եվրոպայի «ընտելացմանը»։ Այսպես թե այնպես, Ռուսաստանն այդ նախաձեռնությունն այնպես չի ընդունում, ինչպես ՎՈՒԱՄ-ը, բայց, ցանկացած պարագայում, վերաբերվում է դրան եթե ոչ թշնամաբար, ապա մեծ զգուշավորությամբ։ Ֆրանսիան և Գերմանիան շատ լավ են հասկանում Ռուսաստանի տրամադրություններն ու դիրքորոշումը, բայց, այդուամենայնիվ, շարունակում են զարգացնել նախագիծը։ Նրանք ուզում են Ռուսաստանին ցույց տալ իրենց ձգտումը` «Արևելյան գործընկերություն» ծրագրում «խլելու» նախաձեռնությունը, այսինքն, «խլելու» նախաձեռնությունը ԱՄՆ-ից և Եվրոպայում նրա գործընկերներից` նպատակ ունենալով այն ներկայացնելու բնավ ոչ որպես հակառուսական։ Եվրոպացիները հույս ունեն, որ դա ճիշտ կընկալվի ու կմեկնաբանվի Մոսկվայում։ Բացի այդ, Ֆրանսիան ու Գերմանիան կցանկանային ապաքաղաքականացնել նախագիծը և ապագայում թույլ չտալ դրա քաղաքականացում, ընդ որում, նպատակ ունենալով ոչ միայն «խաղաղեցնել» Ռուսաստանը, այլև դիմակայել ԱՄՆ-ի քաղաքականությանը, որը շարունակում է փորձերը Արևելյան Եվրոպայում կազմավորելու Ռուսաստանը Ֆրանսիայից ու Գերմանիայից բաժանող աշխարհաքաղաքական արգելապատնեշ։ Այդ խաղում շատ ակտիվ դեր է կատարում Մեծ Բրիտանիան, որը պետությունների արևելաեվրոպական բլոկը դիտարկում է որպես կարևոր լծակ` Ռուսաստանի հետ «մեծ տանդեմի» համերաշխության քաղաքականության ձախողման ճանապարհին։
Այս իրավիճակում եվրոպական խաղի առաջարկված սցենարը, ուր Թուրքիան, այսպես թե այնպես, բանավեճի թեմա է լինելու, ավելի ու ավելի օրախնդիր է դառնում, և հենց այդ աշխարհաքաղաքական «քառանկյունում» էլ ապագայում քննարկվելու է «թուրքական թեման»` որպես Եվրոպայի անվտանգության, կայունության և համագործակցության խնդրի կարևոր մաս։ Այդ խաղի որոշակի իրավիճակներում, Թուրքիայի նվաճողամտության ուղղվածության առնչությամբ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի շահերը կարող են համընկնել` չնայած բարդ հակասություններին։ Այսպես թե այնպես, Արևմտյան Եվրոպայի տերությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի համար միանգամայն ընդունելի է, եթե Թուրքիան և Ռուսաստանը մեկ կամ մի քանի ուղղություններում բախվեն։ Ընդ որում, պետք է հասկանալ, որ այնպիսի մի թեմա, ինչպիսին Թուրքիայի հավակնություններն են ու նվաճողամտությունը Արևելյան Եվրոպայում, առավել ևս, Կենտրոնաարևելյան Եվրոպայում, դեռևս մշակված չէ, քանի որ դրա համար դեռ շատ քիչ փաստական ու վերլուծական նյութ կա։ Լիովին հնարավոր է, որ Թուրքիայի տնտեսական և քաղաքական կարողությունն այնքան մեծ չէ, որ այդ երկիրը կարողանա հավակնել Արևելյան Եվրոպայում որևէ առաջատար կամ նշանակալի դերի, և թուրքական ներկայությունն այդ ընդարձակ ու զարգացած, գերազանցապես քրիստոնեական տարածաշրջանում այնքան էլ էական չի լինի։ Բայց Արևելյան Եվրոպան, անկասկած, միշտ կլինի շատ կարևոր ու ակտիվ ասպարեզ քաղաքական նախագծերի իրականացման համար, և այստեղ ծավալվող իրադարձությունները, իհարկե, կդառնան Եվրոպայում «ուժի կենտրոնների» հակասության առարկա, ինչը կանդրադառնա Թուրքիայի հանդեպ Եվրոպայի երկրների ու Ռուսաստանի քաղաքական նպատակների ու խնդիրների վրա։
Եվրոպական քաղաքականության մեջ, Թուրքիայի առումով, տևականորեն նկատվում է մի շատ կայուն հանգամանք, որը, որոշ ճշգրտման դեպքում, կարող է արմատապես փոխել բանավեճն ու մոտեցումները` առհասարակ «թուրքական թեման» քննարկելիս։ Խոսքը համաեվրոպական բանավեճի մասին է, ուր պետությունների մի մասը հանդես է գալիս Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության դեմ, մյուս մասը կա՛մ ողջունում է այն, կա՛մ շահարկում։ Այդ բանավեճը հնարավորություն է տալիս արտահայտելու տարբեր շահեր ու քաղաքական նպատակներ։ Դրա հետ մեկտեղ, մշտապես առկա է այն հանգամանքը, որ Ֆրանսիան ու Գերմանիան, ինչպես նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության այլ հակառակորդներ, այդ բանավեճի շրջանակներում «պաշտպանական դիրքեր են զբաղեցնում», հիմնականում արդարանալով իրենց բռնած դիրքի համար։ Վերջին տարիներին, ինչը, իհարկե, պայմանավորված է Ն. Սարկոզիի և Ա. Մերկելի իշխանության գալով, Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հակառակորդները պաշտպանությունից անցել են հարձակման, ընդ որում, շատ անհաշտ կերպով։ Դա խթան եղավ Եվրոպայի հասարակական շատ շրջանակների համար, որոնք նախկինում այնքան էլ որոշակիորեն չէին արտահայտում իրենց դիրքորոշումը։ Այս կապակցությամբ, «անդամակցության» հակառակորդներն առաջվանից ավելի են շահագրգռված այդ «անդամակցության» դեմ օրինական փաստարկներ բերելու հարցում, ընդ որում, արդեն ոչ միայն ներքաղաքական (Թուրքիայի ներքին հասարակական ու քաղաքական կյանքին վերաբերող) բնույթի, այլև այդ երկրի արտաքին քաղաքականության խնդիրներին վերաբերող հարցերում։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ