ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՆՔ ԳՆԱՑԵԼ ՈՒ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ»

«ՄԵՆՔ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԵՆՔ ԳՆԱՑԵԼ ՈՒ ՉԵՆՔ ԳՆԱԼՈՒ»
15.04.2011 | 00:00

«Իրատես de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ «Իրատես de facto» ակումբում ՀԱԿ-ի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, վերլուծելով կառավարության երեք տարվա տնտեսական քաղաքականությունը, արձանագրեց, որ առաջընթաց չի նկատվել ոչ մի բնագավառում։ «Սկսել են կոսմետիկ բարեփոխումներ անել։ Բոլորը սկսել են գյուղով զբաղվել, բայց այնտեղ հաջողության չենք կարող հասնել, որովհետև այնպիսի անմխիթար վիճակում է գյուղը հայտնվել, որ հստակ ծրագիր է հարկավոր։ Մինչև հիմա ես այդ ծրագիրը չեմ տեսնում, միայն խոստանում են էժան վարկեր, պարարտանյութեր և այլն»,- նշեց տնտեսագետը։
Փաստելով, որ Հայաստանում տնտեսական իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ են քաղաքական փոփոխություններ, Վահագն Խաչատրյանն ասաց, թե ՀԱԿ-ը փորձում է իշխանություններին հասկացնել, որ իրենք այլևս անելիք չունեն ու պիտի հրաժարական տան։ «Իսկ եթե չտա՞ն»,- հետաքրքրվեց «Արմենիա» հեռուստաընկերության լրագրողը։ «Կտան,- վստահեցրեց ընդդիմադիր գործիչը։- Երևանյան բակերում ու մարզերում հանդիպումների ընթացքում հասկացել եմ, որ ժողովրդի դժգոհությունը մեծ է։ Նրանք էլ բարձրաձայնում են պայքարի մեթոդների մասին ու ասում` պատրաստ ենք վերջին միջոցառմանը գալու: Վերջին միջոցառումը, ասում եմ, դուք պիտի որոշեք. դուք որ գաք, վերջին միջոցառումը կկայանա»: «Հանրային ռադիոյի»` ՀԱԿ-ի տնտեսական նոր ծրագրերի առնչությամբ էլ Վահագն Խաչատրյանն ընդգծեց. «Մենք միշտ զբաղված ենք տնտեսական վերլուծություններով, տալիս ենք մեր գնահատականները: «100 քայլից» մեկ տարի անց հասկացել ենք, որ այդ ծրագիրը շատ տեղին էր, որովհետև դա մոտ ապագայում իրականացվող ծրագիր է, ինչը ներկայացրել ենք ոչ թե սոսկ քննադատելու, այլ տնտեսական իրավիճակի փոփոխման համար»։
«Մարդիկ» լրատվական գործակալության լրագրողը, տնտեսությունից անցնելով քաղաքական հարթակ, ակումբի հյուրից փորձեց պարզել` եթե ժողովուրդն է ամեն ինչ որոշում, ապա նրանք գոռում են «հիմա», ուրեմն ինչո՞ւ է կոնգրեսի առաջնորդը հետաձգում «հիման»։ «Եթե «հիմա» գոռացողներն այդ խնդիրն իսկապես լուծելի են համարում այս պահին, կարող են հասնել դրան։ Կարող են համոզել ինձ, Տեր-Պետրոսյանին, բոլորին։ Ամեն մեկի մասնակցության խնդիրը դեռ այն աստիճանի չէ, որ հարցը լուծվի։ Այս եզրակացությանը ոչ թե գրասենյակում աշխատելով ենք հանգել, այլ ժողովրդի հետ ամենօրյա հանդիպումներով։ Եթե գյուղի նկատմամբ ամենօրյա վերաբերմունք լիներ, ոչ մեկս էլ չէր կարող այդքան մարդ ոտքի հանել, հավաքել հրապարակում։ Իրականությունն այն է, որ առայժմ ժողովուրդը գալիս է մեր հետևից, ոչ թե ուրիշների։ Դրանով էլ, հավանաբար, քարտ-բլանշ ունենք, ինչը երկարաժամկետ չի լինում։ Սա էլ պետք է հաշվի առնել»,- պարզաբանեց ակումբի հյուրը։
«Իրատես de facto»-ի այն դիտարկմանն էլ, թե, չնայած ընդդիմությունն իշխանության հրաժարականն է պահանջում, սակայն օր օրի ավելի շատ են հնչում տեսակետներ, թե ՀԱԿ-ն իշխանությունների հետ պատրաստվում է հերթական ընտրություններին, նույնիսկ գործարքների մասին խոսակցություններ կան, Վահագն Խաչատրյանը շեշտեց. «Մենք որևէ գործարքի չենք գնացել ու չենք գնալու։ Մեր առավելությունն էլ այն է, որ հրապարակային ենք ամեն ինչ անում։ Որևիցե ստվերային գործունեություն եթե ծավալենք, շատ հեշտ կբացահայտվի։ Մենք հերթական ընտրությունների մասին չենք էլ խոսում։ Խնդիրը մեր իշխանության գալը չէ` լեգիտիմ իշխանություն ձևավորելու հրամայականն է։ Եթե սա կարողանանք լուծել, այլևս կարևոր չէ` ով կլինի իշխանության ղեկին»։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ