ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԻ ՍԱԿԱՐԿՈՒՄ

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԻ ՍԱԿԱՐԿՈՒՄ
13.12.2011 | 00:00

«Մի արթնացրեք քնած շանը. նա կարթնանա և կարող է ձեզ կծել». ավանդությունը վկայում է, որ անգլիական այս առածը կյանքի վերջում հաճախ էր հիշատակում ՈՒինստոն Չերչիլը: 2011-ի դեկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները Ռուսաստանում ցույց տվեցին, որ պետք չէ արթնացնել և քնած արջին: ՈՒ այս դեպքում արջը ոչ մի կապ չունի «Միասնական Ռուսաստան» կուսակցության խորհրդանշանի հետ: Պարզապես` պետք չէ արթնացնել քնածին անպատեհ պահին:
Դեկտեմբերի 4-10-ին, ընդամենը 6 օրում, Ռուսաստանն ապացուցեց, որ իր քնած լինելու առասպելին պետք է հավատալ ճիշտ այնքան, ինչքան ընդհանրապես հավատում են առասպելներին: Ռուսաստանը` աշխարհի ամենամեծ պետությունը, ընդամենը սպասում էր պատեհ պահի... Բայց դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է լինելու հետո: Եվ ե՞րբ է այդ «հետո»-ն գալու: Ամբողջ շաբաթ մայրաքաղաքում և մեծ քաղաքներում տեղի ունեցող հանրահավաքներին ու բողոքի ցույցերին հաջորդեց դեկտեմբերի 10-ի հանրահավաքը Մոսկվայի Բոլոտնայա հրապարակում: Պաշտոնապես հայտարարվեց, որ հանրահավաքին մասնակցել է 20000 մարդ, ինտերնետային հաշվարկներով` 40-50000, կազմակերպիչները հայտարարեցին 100-150000: Ցուցարարները 5 կետից կազմված բանաձև ընդունեցին. նրանք պահանջում են կեղծված ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարել, ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովին պաշտոնանկել, ուսումնասիրել ընտրախախտումների և կեղծարարության բոլոր դեպքերը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բանաձևը պահանջում է նաև ընդդիմադիր կուսակցությունների գրանցում, կուսակցությունների և ընտրությունների մասին ժողովրդավարական օրենքների ընդունում և հավարտ` նոր, բաց ու ազատ ընտրությունների անցկացում: Բոլոտնայա հրապարակում բողոքի հաջորդ ակցիան նախատեսվում է դեկտեմբերի 24-ին: Ցուցարարները սպիտակ ժապավեններն են ընտրել իրենց խորհրդանիշ: Կեղծված ընտրությունների դեմ հանրահավաքներ ու ցույցեր են տեղի ունեցել Ռուսաստանի 70 քաղաքներում, որոշ դեպքերում ոստիկանները ցրել են ցուցարարներին, որոշ դեպքերում չեն միջամտել: Ինտերնետային աղբյուրները հաղորդում են հազարից ավելի ձերբակալվածների մասին, նրանց 15-օրյա վարչական կալանքի են դատապարտում կամ զրույցից հետո ազատ են արձակում` տուգանելով:
«Ինձ համար այս ընտրությունների արդյունքը զարմանալի չէր: Ակնհայտ է, որ մեր հասարակությունը դառնում է ավելի մրցակցային, և այլևս մեկ ուժը չէ, որ կարող է պետությունը ղեկավարելու հավակնություն ունենալ: Դա նորմալ է: Կա՞ն արտաքին պատճառներ: Հետընտրական վիճակը վկայում է, որ որոշ մարդիկ հիասթափված են, որոշ մարդիկ` ապակողմնորոշված, արտառոց ոչինչ չկա: Հանրահավաքներն էլ ժողովրդավարության դրսևորում են, բայց պետք է անցկացվեն օրենսդրության համապատասխան»,- ասաց պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի համակարգող խորհրդի նիստում հայտարարեց, որ ընդդիմությունը պետք է հնարավորություն ունենա օգտագործելու իր սահմանադրական իրավունքները և արտահայտելու տեսակետները հանրահավաքներով: Ընտրություններից անմիջապես հետո Վիլնյուսում ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հնչեցրած քննադատությանն ի պատասխան ՌԴ վարչապետը քննադատեց ԱՄՆ-ի և պետքարտուղարի քաղաքականությունը` համարելով, որ Ռուսաստանը թուլացնելու նպատակով են հրահրվում անկարգությունները:
Պուտինը չմոռացավ հիշեցնել, որ Ռուսաստանը միջուկային զենք ունեցող պետություն է:
Համերաշխություն և միակամություն դրսևորեցին դաշնային հեռուստաալիքները` լռություն պահպանելով ընդդիմության գործողությունների վերաբերյալ առաջին օրերին, միայն դեկտեմբերի 8-ից հայտնվեցին առաջին ռեպորտաժները: Նրանց «անտեղյակությունը» անիմաստ էր հատկապես BBC-ի և CNN-ի հանգամանալից լուսաբանումների համապատկերում, որոնք հասանելի են Ռուսաստանում: Փոխարենն իրենց աստեղային ժամն էին ապրում ինտերնետային կայքերը, որտեղ հաղորդվում էին բոլոր նորությունները, քննարկվում բոլոր տեսակետները, կազմակերպվում էին բողոքի ակցիաները: Մի քանի մեջբերումներ տարբեր կայքերից.
l Հեչ պետքս չէ, թե ինչ են գրում արտասահմանցի գրչակները: Ես գնացել եմ ընտրությունների և խախտումներ չեմ տեսել: Միտինգներին չեմ գնալու, հասկանալի չէ` ով ում փողերով և ինչո՞ւ են այդ ստից բաները կազմակերպում: Հեղափոխության բացիլակիրները...
l Ոչ մի միտինգի էլ չեմ գնում: Երկուշաբթի առավոտից աշխատանքի եմ: Այդ միտինգավորները ոչ մի բան էլ չեն առաջարկում` բացի ընտրությունների արդյունքները վերանայելուց, բայց իմ աշխատանքը դրանից չի փոխվելու: Միտինգներն անկայունություն են, էկոնոմիկան դրանցից ավելի լավը չի դառնում:
l Արյո՞ւն եք ուզում: Քթներդ բերեք: Մոսկվայում ցուցարարները շատ են, որովհետև շատ են թղթակիցները, բայց ինչո՞ւ այսօր կասկածելի որակի ամբոխը Մոսկվայում պիտի ամբողջ երկրի համար որոշումներ ընդունի:
l Հարց չկա` արյունոտ կիրակիները պետք է արյունոտ լինեն ու կրկնվեն: Հանուն պետության ու բնակչության:
l Մի 30000 հաստատ հավաքվել էր, ու ոչ մի իշխանական չկար, նրանք միայն ֆորումներում են համարձակ, կամ էլ երեխաներին դպրոցներից իրենց միտինգներին քարշ տալիս:
l Չուրովը վաղը կասի, որ միտինգները նկարահանվել են մասնավոր բնակարաններում:
l Ապուշներ, դուք կարծում եք, որ էդ ընտրատեղամասերի պետերն իրենց նախաձեռնությա՞մբ են 50 տոկոս դարձրել, ու ոչ մեկը նրանց չի՞ հրամայել: Չեմ հասկանում` ինչո՞ւ են կեղծում, ինչո՞ւ են խաբում: Երբ մի տեղամասում 46 տոկոս է, մեկում` 80, ի՞նչ է նշանակում: Ինչո՞ւ պիտի հավատանք այդ ճիզվիտական ընտրություններին, էդ իշխանություններն ի՞նչ են ուզում անել, փրկել էս պետությո՞ւնը, ո՞ւմ համար: Իրե՞նց, թող իրենք էլ փրկեն: Երբ պետությունը կդառնա մերը, մենք կփրկենք:
l Արևմուտքի քաղաքականությունն ականջներից է երևում. նրանք պիտի հայտարարեն, որ ցանկացած ընտրության արդյունքները կեղծված են, ու անկարգություններ հրահրեն` հույս ունենալով քաղաքացիական պատերազմ սկսել լիբիական սցենարով:
Աշխարհի լրատվամիջոցները հանգամանալից լուսաբանում են ռուսական իրադարձությունները և համեմատությունների ու գնահատականների ժլատություն չեն անում: Պետդումայի քվեարկությունը վստահության քվեարկություն էր ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին. այս գաղափարն է անդրադարձերի առանցքում: Իշխանությունը հաղթեց ընտրություններում, բայց արդյունքները վկայում են, որ ռուսները հոգնել են այն մարդուց, ով 11 տարի ղեկավարում է երկիրը, և Պուտինի քաղաքական ապագան այնքան էլ անամպ չէ: «Վլադիմիր Պուտինի կառավարող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը կորցրել է միլիոնավոր ռուսների վստահությունը: Նախորդ խորհրդարանական ընտրությունների համեմատությամբ, երբ «Միասնական Ռուսաստանը» հավաքեց 64 տոկոս, ներկա արդյունքը (49,54 տոկոս) արյան լուրջ կորուստ է»,- գրել է «The Daily Telegraph»-ը: «The Financial Times»-ը կառավարող կուսակցության արդյունքն անվանել է շոկ, իսկ իտալական «Il Fatto Quotidiano»-ն` «ցար Պուտինի ձախողում»: «The Times»-ը անվստահության քվե է համարել ընտրությունների արդյունքները: Ռուսների դժգոհությունը հեղինակը բացատրում է նախագահ Մեդվեդևի հետ պաշտոնափոխությամբ Պուտինի որոշումով. գործող վարչապետը հարկ չհամարեց ընտրազանգվածի կարծիքն իմանալու, և ընտրողները համապատասխանաբար արձագանքեցին: Թերթը չի բացառում, որ վարչապետը անհաջողության համար կարող է քավության նոխազ դարձնել հենց նախագահին և ստիպել նրան քաղաքականությունից հեռանալ: «Reuters»-ի լրագրողները ևս համոզված են, որ պաշտոնափոխության գաղափարը խիստ վնասեց տանդեմին. «Ընտրողներն իրենց խաբված են զգում, և Պուտինի ևս 12-ամյա նախագահությունն անցանկալի հեռանկար է»: «The Washington Post»-ը գրում է. «Ընդամենը մի քանի ամիս առաջ դա անհնար էր թվում, բայց անխոցելիության լուսապսակը Վլադիմիր Պուտինի կուսակցության շուրջ սկսում է ցրվել»: Այդ իրավիճակում քաղաքական ընդդիմախոսները խորհրդարանում, որ առաջ իրենց պահում էին շատ կանխատեսելի, կարող են օգտագործել իրենց շանսը: Այնուամենայնիվ, բոլոր պարբերականներն էլ սթափ են գնահատում իրավիճակը և ընդունում են, որ «Միասնական Ռուսաստանը» Պետդումայում մեծամասնություն ունեցող կուսակցություն է, և հազիվ թե խորհրդարանական ընդդիմությունն իշխանության կուսակցության առաջ որոշի ու կարողանա խոչընդոտներ հարուցել: «Die Welt»-ի փորձագետները վստահ են, որ «ՄՌ»-ն հետագայում էլ խորհրդարանում կգործի ինքնուրույն: «The Associated Press»-ը գրում է, որ ռուսները սկսել են հոգնել մի մարդուց, որ 10 տարուց ավելի որոշում է ռուսական քաղաքականությունը, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ մարդը դժվարություններ կունենա Կրեմլ վերադառնալու ճանապարհին:
Լրատվամիջոցները չեն շրջանցում ընտրախախտումները. համարվում է, որ 49 տոկոսը չէր հավաքվի, եթե չլինեին իշխանական դիրքերի չարաշահումը քարոզչության, քվեարկության և ձայների հաշվարկի ժամանակ, հիշատակվում են և՛ կարուսելները, և՛ լցոնումները, և՛ հանգուցյալների ընտրական ջիղը, և որոշ ընտրատեղամասերում քվեարկողների անհասկանալի ակտիվությունը` մինչև 146 տոկոս: «Ընտրություններն ազնիվ չէին, բայց չի կարելի համարել ձևական, ինչպես սովետական տարիներին էին: Ինտերնետի շնորհիվ ռուսներին արդեն հնարավոր չէ այդքան հեշտ հիմարացնել: Իհարկե, պարոն Պուտինին մարտյան ընտրություններում պարտություն չի սպառնում, բայց անձնական հանրաճանաչության անկումն ակնհայտորեն նրան հունից հանում է»,- եզրակացնում է «The Times»-ը:

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
Ի՞նչ է հետևում այս ամենից: Բացի այն, որ Չերչիլը մնում է Չերչիլ նաև 21-րդ դարում:
Ընտրությունները, իհարկե, չեղյալ չեն հայտարարվի: ՌԴ 6-րդ գումարման Պետդուման իր չորս կուսակցություններով բարեհաջող կաշխատի և կշարունակի ընդունել օրենքներ ու վավերացնել համաձայնագրեր, որոնք ձեռնտու են իշխող վերնախավին:
2012-ի մարտի 4-ին ՌԴ նախագահ կընտրվի Վլադիմիր Պուտինը, որն արդեն գրանցվել է իբրև նախագահի թեկնածու: Նա հաստատ կընտրվի, որովհետև նրա մրցակիցները լավ հայտնի են` Գենադի Զյուգանով, Վլադիմիր Ժիրինովսկի, Սերգեյ Միրոնով: Իհարկե, կլինեն նաև այլ թեկնածուներ, բայց կհավաքեն ճիշտ այնքան ձայն, որքան համամասնությամբ կուսակցությունները ձայն ստացան խորհրդարանական ընտրություններում:
Ի՞նչ գնով ձեռք կբերվի Պուտինի հաղթանակը: Կորոշի ռուսաստանցի ընտրողը: Բայց վաղուց և բոլորին հայտնի է` իշխանությունը հանուն իշխանության պայքարում չի սակարկում: Այդ օրենքը սահմանել են դեռ կեսարները, իսկ նրանք գիտեին ոչ միայն հաց ու զվարճանք բաշխելու օրենքը, այլև պետություն կառուցելու և կառավարելու:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 803

Մեկնաբանություններ