ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՏԽՈՒՐ ՀՈՒՇԵՐ ԵՆ ԹՈՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

ՌՈՒՍԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՏԽՈՒՐ ՀՈՒՇԵՐ ԵՆ  ԹՈՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ
02.12.2011 | 00:00

(Սկիզբը` դդ 76, 77-ում)

Եթե Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու ԱՄՆ-ի ներկա ծրագրերն իրականացվեն, այսինքն, այդ տարածաշրջաններում «երրորդ ուժ» հայտնվի, ապա Հայաստանի և հայ հանրության փորձերը` փոխելու արտքաղաքական նախապատվությունները, ավելի համառ կդառնան։ Առայժմ Հայաստանը, առանց հաջողության, փորձել է վարել, այսպես կոչված, բազմավեկտոր քաղաքականություն, որն այդպիսին է ընկալվում միայն դիվանագիտության, բայց ոչ երբեք իրական քաղաքականության առումով։ Որ ԱՄՆ-ը, իբր, Հայաստանի վրա ուժեղ ճնշում է գործադրում աշխարհաքաղաքական կողմնորոշման և հատկապես ղարաբաղյան հակամարտության խնդիրների առնչությամբ, ոչ այլ ինչ է, եթե ոչ հայկական իշխանությունների հորինվածք։ ԱՄՆ-ն իրականում ոչ մի շոշափելի ճնշում չի գործադրում։ Ճնշում չկա նաև ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարցում, և ոչ միայն հարկադրանք գործադրել չցանկանալու պատճառով։ ԱՄՆ-ի համար ՆԱՏՕ-ի կազմի, գործառույթների և պատասխանատվության գոտու ընդլայնումը նույնքան խնդրահարույց է, որքան նրա եվրոպական գործընկերների, ԱՄՆ-ն առայժմ որոշում չի ընդունել և շարունակում է գնահատել աշխարհառազմավարական հեռանկարը։ ԱՄՆ-ը միշտ նախընտրել է գործ ունենալ անմիջականորեն առանձին պետությունների հետ, ոչ թե ՆԱՏՕ-ի շրջանակներում ունեցած հարաբերությունների միջոցով։ Հայաստանն ԱՄՆ-ի կողմից դիտարկվում է որպես պահեստային պետություն, որը լիովին և միանգամայն համարժեքորեն կօգտագործվի Հարավային Կովկասի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատվելուց հետո։ Ի՞նչ կարիք կա ավելորդ իրարանցման։ Եթե ընդունված է ասել, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի առնչությամբ լիարժեքորեն մշակված ծրագիր չունի, ապա նույնը շատ ավելի մեծ չափով կարելի է ասել նաև ԱՄՆ-ի վերաբերյալ, որի շահերն այս տարածաշրջանում խիստ սահմանափակ են և բացառապես հանգում են նավթի արդյունահանմանն ու առաքմանը։ Մնացածն ստորադրված է այդ նպատակին։
Արևմուտքին, Հյուսիսին և Արևելքին բավականաչափ հնարավորություններ էին տրվել համոզվելու, որ Հարավային Կովկասում կա ընդամենը երկու պետություն, որոնք ընդունակ են լինելու ռազմավարական դաշնակից` Հայաստանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Դա վաղուց հասկանալի է դարձել Հայաստանի տարբեր գործընկերներին` ռազմավարական և ոչ ռազմավարական։ Բայց դա շատ բարդ էր և միանգամայն անըմբռնելի հայ քաղաքական խավի համար, որն զբաղված է անմիտ խարդավանքներով` դրանում ներգրավելով նաև արտաքին ուժերի։
Ղարաբաղյան խնդրի առնչությամբ Ռուսաստանի քաղաքականությունը տարբեր փուլերում խիստ հարմարվողական է եղել ոճով ու բովանդակությամբ, թեև քաղաքական գրականության մեջ կան գնահատականներ այն մասին, թե Ռուսաստանը մշտականություն է հանդես բերել ղարաբաղյան խնդրի լուծման մոտեցումներում և սկզբունքներում։ Ռուսաստանը երկար ժամանակ վարում էր սպասողական քաղաքականություն և նախընտրում էր այդ իրավիճակում պահպանել ստատուս քվոն, չնայած ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս նախաձեռնություններով ի հակակշիռ ԱՄՆ-ի փորձերի` վճռական դեր խաղալու որոշումների ընդունման ընթացքում։ Տարիներ ի վեր, հատկապես 1995-2003 թթ., Ռուսաստանը ղարաբաղյան խնդիրը համարում էր ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի վրա ճնշում և ազդեցություն գործելու միջոց։ Ռուսաստանը բավական հաճախ էր ազդանշաններ ուղարկում Ադրբեջանին այդ խնդրում իր դիրքորոշման հնարավոր փոփոխության մասին, եթե Ադրբեջանի որոշ մոտեցումներ վերանայվեն։ Այդ փորձերն էական փոփոխություններ չմտցրին ռուս-ադրբեջանական հարաբերություններում, սակայն Մոսկվայի քաղաքականության հանդեպ զգալի անվստահություն սերմանեցին հայ հանրության և Հայաստանի քաղաքական խավի շրջանում։ Նման անվստահության պատճառը հատկապես այն էր, որ Ռուսաստանն անտեսում էր զենք ստանալու Հայաստանի պահանջը, դրա մատակարարումը խիստ սահմանափակվել էր ու չէր կարող բավարարել պաշտպանության և անվտանգության կարիքները։ Միաժամանակ, Ռուսաստանն այս կամ այն ձևով հնարավոր էր համարում ռուսական սպառազինությունների մատակարարումը Ադրբեջանին։ Հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց այս իրավիճակը փոխվեց, նման դժգոհություններ Հայաստանն այժմ չունի և Ռուսաստանից ստանում է իրեն անհրաժեշտ զենքի մեծ մասը։ Ռուսաստանը զգալի ներդրում է արել Հայաստանում, նախ և առաջ էներգետիկայի, տրանսպորտի ոլորտում և բանկային հատվածում։ Դրա հետ մեկտեղ, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում իր դերն ակտիվացնելու միջոցով տարածաշրջանում նոր դիրքեր ձեռք բերելու Ռուսաստանի փորձերը, որոնք ձեռնարկվում էին 2008-ի վերջին և 2009-ի ընթացքում, վերստին Հայաստանում լարվածություն առաջացրին Ռուսաստանի քաղաքականության և մտադրությունների առնչությամբ։ Հայաստանի ղեկավարությունն աշխատում էր այդ հարցում պարզաբանումներ ստանալ Մոսկվայից, սակայն տրված բացատրությունները նրան չէին կարող գոհացնել։ Այդուամենայնիվ, քննարկվող ժամանակաշրջանը հայ-ռուսական հարաբերություններում նոր դրական նախաձեռնություններ ի հայտ բերեց, նախ և առաջ ՀԱՊԿ-ի կառուցվածքի, պաշտպանության ոլորտում համագործակցության հետագա զարգացման, Ռուսաստանի կողմից 500 մլն դոլար վարկի տրամադրման, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման մտադրության առումով։ Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանն սկսել է անհարմարություններ զգալ ղարաբաղյան թեմայի առնչությամբ, քանի որ այն դադարել է տարածաշրջանային քաղաքականության արդյունավետ գործիք լինելուց և ավելի շատ դառնում է ամերիկյան քաղաքականության գործիք, քան Ռուսաստանի կամ Եվրամիության։ Ռուսաստանը, ըստ երևույթին, այսուհետ ևս կփորձի Ադրբեջանին ու Հայաստանին շահագրգռել ղարաբաղյան խնդրի լուծման գործում։ Ղարաբաղյան թեմայի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը պակաս խնդրահարույց չէ, քան Ադրբեջանինը, բայց այս փուլում Ռուսաստանի առջև խնդիր է դրված նոր, ավելի վստահելի հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ, ինչը թույլ կտար ղարաբաղյան խնդրի լուծման սխեման կառուցել կարգավորման հիմնական գործընթացի շրջանակներից դուրս, այսինքն, այն գործընթացի, որը վաղուց իրագործում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ 2008-ի աշնանը, երբ նախաձեռնվեց Մայնդորֆի համաձայնագրի ստորագրումը, ԱՄՆ-ը հասկացրեց, որ ինքը ոչ մի «այլընտրանքային որոշման» հավանություն չի տա, եթե այն չհամարի օրինակարգ։ Դա, իհարկե, որոշակի դեր խաղաց «մայնդորֆյան նախաձեռնության» «ձախողման» գործում, սակայն 2010-ի սկզբին Ռուսաստանը վճռեց վերադառնալ լուծումների այդ ձևաչափին։ Մոսկվայում շատ լավ են հասկանում, որ բոլոր շահագրգիռ երկրների ընդունած մադրիդյան սկզբունքների վրա հիմնված կարգավորման գործընթացը, փաստորեն, ձախողվել և որոշակի իմաստով սպառել է իրեն։ ՈՒստի ուժի համաշխարհային կենտրոնները վաղ թե ուշ կառաջարկեն ղարաբաղյան խնդրի լուծման նոր ձևաչափ և նոր սկզբունքներ։ Ռուսաստանը չի պատրաստվում սպասելու, որ նոր նախաձեռնություններ ծնվեն, և ձգտում է անել իր առաջարկությունները, հուսալով, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններն ավելի կարևոր ու բովանդակային են, քան հիշյալ պետությունների հարաբերություններն ԱՄՆ-ի և ամբողջությամբ վերցրած Արևմտյան ընկերակցության հետ։
Կասկած չկա, որ ղարաբաղյան խնդիրն ապագայում մեծ բարդություններ կառաջացնի հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանն ինչ-որ անընդունելի տարածքային զիջումների առաջարկություն անի, բայց առայժմ խոսքն Ադրբեջանի հետ այդ «նոր» հարաբերությունների ձևավորման մասին է, որոնք դեռևս հեռու են բավարար ըմբռնման փուլից։ Ներկայումս, այսինքն` 2011 թ., Ադրբեջանը զգալի խնդիրներ կունենա ԱՄՆ-ի ու Եվրամիության, ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերություններում. Բաքվում ավելի ու ավելի հստակորեն են հասկանում, որ 2008-2009 թթ. իրենք կորցրել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում առավելություն ձեռք բերելու իրական հնարավորությունը, ուստի ավելի ուշադիր են Ռուսաստանի առաջարկությունների հանդեպ, որոնք, հնարավոր է, դառնան անայլընտրանքայինն այդ խնդրի լուծման գործում։
Հայաստանում և ԼՂՀ-ում ամենից շատ անհանգստացած են ղարաբաղյան հակամարտության գոտում օտարերկրյա խաղաղապահների տեղաբաշխման մասին ինչ-ինչ առաջարկությունների ու մտադրությունների առնչությամբ։ Ընդ որում, ոչ մի կասկած չկա, որ խաղաղարարները, վերջին հաշվով, կսկսեն խաղալ Ադրբեջանին ձեռնտու կանոններով, և դա հնարավոր չի լինի հաղթահարել ոչ մի համաձայնագրով։ Անհանգստացնում է ենթադրյալ պետություններից ցանկացածի խաղաղարարների մասնակցության հնարավորությունը, բայց միանգամայն հասկանալի է, որ ինչքան էլ այդ հարցում ակտիվ լինեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունները, վաղ թե ուշ խաղաղարարների զորախմբում կգերիշխի Ռուսաստանը։ Բայց ռուսական զորքերն իրենց մասին տխուր հուշեր են թողել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այնտեղ վարել են հայ բնակչության իրավունքների ու կամքի ճնշման քաղաքականություն, մասնակցել են բռնություններին և երկու անգամ` 1991-ին և 1992-ին (այսինքն` խորհրդային և ռուսական զորքերը) մասնակցել են լայնածավալ պատժիչ ռազմարշավներին, որոնց հետևանքով ֆիզիկապես ոչնչացվեց ավելի քան 40 հայկական բնակավայր, զոհվեց ավելի քան 1000 հայ, ադրբեջանական զորքերի հետ միասին, 1991 թ. ապրիլ-մայիսին, 1992-ի հունիս-հուլիսին իրականացրին «Կոլցո» և «Լեռներ» գործողությունները, երբ Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջաններից հայերն արտաքսվեցին և նրանց հանդեպ ցեղասպանական գործողություններ կատարվեցին։ Որքան էլ փոխվելու լինեն քաղաքական և մյուս պայմանները տարածաշրջանում, այդ իրադարձությունները չեն կարող զանց առնվել ղարաբաղյան հակամարտության գոտում ռուսական և այլ խաղաղարարների մասնակցության հարցը քննարկելիս։ Պետք է ուշադրության առնել, որ Ադրբեջանը, որն անվտանգության ոլորտում սերտ համագործակցության մեջ է ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ, կարող է ենթադրաբար համաձայնել ղարաբաղյան հակամարտության գոտի ռուսական խաղաղարար զորքերի մուտքին միայն այն դեպքում, եթե հարցը լուծվի իր առաջադրած պայմաններով։ Հայաստանը խաղաղարարների ներկայությանը կարող է համաձայնել միայն իր պաշտպանունակության էական անկման, հաղորդուղիների և գործառական լիակատար շրջափակման հետևանքով անհաղթահարելի մեկուսացման պարագայում, ինչը ներկայումս էլ է մասամբ առկա տարածաշրջանում։ Այդուամենայնիվ, ապագայում կարգավորման մի շարք պայմանների առկայության պարագայում, հայ-ռուսական հարաբերությունների իրականացման առումով առավել վտանգավորը կդառնա Ռուսաստանի ձգտումը խաղաղարար ուժեր մտցնելու հակամարտության գոտի։
Հեյդար Ալիևը թողել է մի քաղաքական ժառանգություն, որը, նախ և առաջ, ենթադրում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն. այն բխում էր նրա անձնական փորձից և հետխորհրդային ադրբեջանական պետականության «հիմնադրի» խառնվածքից։ Արտաքին քաղաքականության հարաբերությունների ու գործընկերության բազմազանության մեջ ինքնատիպ ոչինչ չկա, և դրան այս կամ այն չափով ձգտում են Արևելյան Եվրոպայի ու առհասարակ Եվրասիայի բոլոր նորանկախ պետությունները։ Դրա հետ մեկտեղ, իրական քաղաքական պրակտիկան խիստ հեռու է բազմավեկտոր քաղաքականություն վարելու պետությունների ղեկավարների ձգտումից։ Կենտրոնական Ասիայի և Կովկասի պետությունները, կանգնած լինելով արտաքին լուրջ սպառնալիքների ու մարտահրավերների առջև, հարկադրված էին կողմնորոշվել առաջատար գործընկերների հարցում, որոնց հետ ռազմավարական բնույթի հարաբերություններ են ծավալում։ Կասկած չկա, որ Բաքվում մշտապես ձգտել են որոշ չափով պահպանել հեռավորությունը, ավելի ճիշտ, ինքնուրույնությունը Թուրքիայի հետ հարաբերություններում, որի հետ Ադրբեջանը, ունենալով ռազմավարական գործընկերություն, այդուամենայնիվ, չցանկացավ դառնալ թրքական «վիլայեթ»։ Եվ դա նույնպես Հ. Ալիևի քաղաքական խրատների ժառանգությունն է, ով հասկանում էր, որ չափազանց մեծ կախումը Թուրքիայից կհանգեցնի նրան, որ իր ընտանիքը կզրկվի իշխանությունից։ Ալիևների ընտանիքի քաղաքականության գլխավոր նպատակն է պահպանել իշխանությունը և կուտակել հուսալիորեն ապահովված խոշորագույն կարողություն։ Մնացածը, այդ թվում` ազգային անվտանգության խնդիրներն ու, այսպես կոչված, «տարածքային ամբողջականության» հարցերը, ստորադաս են Ալիևների ընտանիքի և նրանց կլանի քաղաքականության մեջ։
Այս հանգամանքների պարագայում Ադրբեջանը երկար ժամանակ վարում էր գերադաս կողմնորոշման քաղաքականություն, ընդ որում, ոչ թե դեպի Թուրքիա, այլ դեպի Արևմտյան ընկերակցություն, առաջին հերթին դեպի ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, և հենց Լոնդոնում են գտնվում Ալիևների ընտանիքի ակտիվների երաշխիքները։ Ադրբեջանը կատարել է, փաստորեն, նավթի ու գազի արդյունահանման և առաքման տարածաշրջանային խոշոր համալիրի ստեղծման, ռազմական տարանցման ապահովման և հետախուզական օբյեկտների տեղաբաշխման, հիմնարար նշանակություն ունեցող քաղաքական շատ ծրագրերի համաձայնեցման (ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական գործակցություն, հարաբերություններ Իրանի, Ռուսաստանի և Իսրայելի հետ) ոլորտում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համագործակցության ամբողջ հնարավոր ծրագիրը։ Անցած 15 տարում Ադրբեջանը, փաստորեն, սպառել է այն բոլոր սկզբունքային նյութական և քաղաքական պաշարները, որ կարող էր դնել ԱՄՆ-ի և նրա գործընկերների տրամադրության տակ։ Եվ միգուցե Ադրբեջանի արտաքին քաղաքականության մեջ ամենամեծ «սխրագործությունը» եղավ այն, որ նա որոշակի չափով սահմանափակեց Թուրքիայի հետ իր արտաքին, առավել ևս ներքին քաղաքականության համաձայնեցումը։ Վերջին հինգ-յոթ տարում ԱՄՆ-ը, միանգամայն ցուցադրաբար, վարում է Թուրքիայից Ադրբեջանը հեռու պահելու քաղաքականություն, ինչը Հարավային Կովկասում Թուրքիայի հանդեպ իրականացվող ամերիկյան քաղաքականության էության գլխավոր նշանն է։ Այս պարագայում Արևմտյան ընկերակցությունն այդպես էլ Ադրբեջանին ղարաբաղյան հարցի լուծման հստակ հեռանկարներ չառաջարկեց, ինչը մնում է այդ երկրի գլխավոր քաղաքական-քարոզչական խնդիրը։ Այն պայմաններում, երբ Թուրքիայի հանդեպ ամերիկյան քաղաքականության առանցքն այդ երկրի արտքաղաքական հավակնությունների զսպումն է և նրան որոշակի վերահսկողության տակ պահելը, ադրբեջանական շահերի ապահովման խնդիրների իրացման գործում «թրքական գործոնի» օգտագործման ցանկացած փորձ կհանգեցնի թշնամության և զգուշավորության Ադրբեջանի հանդեպ։ Արևմուտքն Ադրբեջանի դրությունը միանգամայն այլ կերպ է գնահատում, քան Բաքուն։ Ամերիկացիներն ու եվրոպացիները կարծում են, որ հենց իրենց շնորհիվ է Ադրբեջանը մեծ եկամուտներ ստանում և հասել ներկա տնտեսական դրությանը, ուստի պետք է շնորհակալ լինի դրա համար, և Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները պետք է եթե ոչ կանոնավորվեն, ապա հաշվի առնեն ԱՄՆ-ի ու եվրոպացիների շահերը։
Հայ-թրքական հարաբերությունների կարգավորման ամերիկյան փորձերը, որոնց նպատակն էր Թուրքիան ներքաշել Հայաստանի հետ պարտավորեցնող հարաբերությունների մեջ և դրանով իսկ ուժեղացնել վերահսկողությունն Անկարայի հանդեպ, Ադրբեջանում անասելի հիասթափություն առաջացրին։ Հիասթափության պատճառը ոչ այնքան երկյուղներն էին, թե ղարաբաղյան խնդիրը մոռացության կմատնվի, և Թուրքիան դուրս կմնա հարցի լուծման հունից, որքան այն, որ Անկարայի կողմից Ադրբեջանի ազգային շահերի անտեսման նախադեպ կառաջանա։ Թուրքիան ամենևին էլ այդ տարածքի պատճառով չէ, որ շահագրգռություն է ցուցաբերում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ, այլ ձգտում է պատեհ պատրվակով դուրս գալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից, քանի որ ցանկացած դրական արդյունք կհանգեցներ Թուրքիայի նկատմամբ արտաքին վերահսկողության «հայկական գործոնի» ուժեղացման։ Ոչ հրապարակային քաղաքականության այս հանգամանքը չեն կարող չհասկանալ Բաքվում, որն իրականում շատ ավելի խոր է նեղացած Թուրքիայից, քան այդ մասին ասվում ու հայտարարվում է։ Ադրբեջանի ղեկավարությունը որոշել է կտրուկ քայլի դիմել, ինչը գործնականում նշանակում է հնարավոր տարբերակներից ամենաանհեթեթը, այն է` շրջվել դեպի Ռուսաստան։ Ի՞նչ է իրականում նշանակում այդ շրջադարձը և ինչի՞ կարող է հանգեցնել։
(շարունակելի)
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ