ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ», ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ` «ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾՈՒՄ»

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԳՏՆՎՈՒՄ Է «ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ», ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ` «ՀԱՐՁԱԿՄԱՆ ԳԾՈՒՄ»
30.09.2011 | 00:00

Թուրքիան նեոօսմանիզմը հռչակել է որպես արտքաղաքական դոկտրին, բայց ոչ ոք չի կարող ասել, թե ինչ է այն հատկապես նշանակում։ Նեոօսմանիզմը, հավանաբար, ենթադրում է միավորիչ միտումներ և ձգտում այն բանին, որ Թուրքիան ավելի սերտորեն համագործակցի այն երկրների ու ազգերի հետ, որոնք երբևէ գտնվել են Օսմանյան կայսրության կազմում, սակայն, բացի երկյուղներից ու որոշ թշնամանքից, այս տերմինը ոչինչ չի ավելացրել այդ երկրների հետ Թուրքիայի հարաբերություններին։ Նեոօսմանիզմը փոխարինելու է եկել մեկ այլ դոկտրինի` պանթուրքիզմին, որը ձախողվեց միջազգային ասպարեզում։
Առայժմ նեոօսմանիզմի դոկտրինի իրականացման գործում Թուրքիան կարող է հենվել միայն այն ազգերի վրա, որոնք տարբեր երկրներում ազգային փոքրամասնություններ են, պետականություն չունեն, բայց ոչ երբեք ինքնիշխան պետությունների վրա։ Անգամ Եվրասիայի թուրքախոս պետությունները չեն շտապում միանալ թուրքական ռազմավարական պլաններին։ Հիմնական տարածքը, ուր Թուրքիան կարող է դաշնակիցներ ու գործընկերներ ձեռք բերել նեոօսմանիզմի դոկտրինի առումով, Բալկաններն ու Եվրասիան են, շատ ավելի նվազ չափով` Մերձավոր Արևելքը։ Ինչ էլ պնդեն եվրոպացի և ամերիկացի փորձագետները Թուրքիայի և Ռուսաստանի հանդեպ բարյացակամության առնչությամբ, շարունակում է գոյատևել Թուրքիայի և Ռուսաստանի պատմական բախման գաղափարը որպես Արևմուտքում ունեցած նպատակներից Թուրքիայի «շեղման» կարևոր պայման։ Հարկ է նշել, որ այդ գաղափարը դեռևս վատ է ուսումնասիրված և չի քննարկվում, դրան անդրադառնում են բացառապես բանավեճերում, թեև գաղափարը շարունակում է ապրել։
Եվրոպայում նեոօսմանիզմ հասկացության ընկալումը միանգամայն այլ է, քան Կովկասում կամ Մերձավոր Արևելքում։ Եվրոպայում նշվում են այլ գործոններ, այդ երևույթը բացատրում են, փաստորեն, միայն թուրք-եվրոպական հարաբերությունների տեսանկյունից` որպես Թուրքիայի հանդեպ Եվրամիության պետությունների վերաբերմունքին նրա արձագանք։ Որոշ չափով նշվում է նաև ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ, որն Անկարայում ավելի ու ավելի են շահադիտական համարում, բայց ընդհանուր առմամբ խոսքն առավելապես Թուրքիայի ու Եվրոպայի հարաբերությունների մասին է։ Իհարկե, Թուրքիան նեոօսմանիզմը նախընտրել է ոչ որպես պանթուրքիզմի այլընտրանք, որը հրատապ է մնում, այլ եվրոպացիների հետ հարաբերությունները պարզելու միջոց։ Եվրոպական վեկտորին այլընտրանք դարձավ ոչ թե պանթուրքիզմը, այլ հենց նեոօսմանիզմը։ Պանթուրքիզմը չի կարող անհանգստացնել Եվրոպային, քանի որ Թուրքիայի ուշադրությունը շեղում է դեպի Եվրասիա, իսկ նեոօսմանիզմը հավակնություն է Եվրոպայում և այն տարածաշրջաններում նոր դիրքերի ձեռքբերման նկատմամբ, որոնք Եվրոպան համարում են իրենց ռազմավարական շահերի գոտի։ Եվրոպական փորձագետներն ու քաղաքական շրջանակները բավականին մանրամասն են քննության առնում թուրքական ներքին ու արտաքին քաղաքականության բոլոր կողմերը` ինչպես ամբողջությամբ, այնպես էլ նեոօսմանիզմի դոկտրինի ծագման առումով։
Եվրոպացի քաղգործիչներն ու փորձագետները դեռևս չեն շտապում հետևություններ անել Թուրքիայում տեղի ունեցող ներկա գործընթացների առնչությամբ։ Եվրոպացիների համար այդ ամենը մշտական հանգամանք չէ և տեղի է ունենում Թուրքիայի սոցիալ-քաղաքական մեկ վիճակից մյուսին «անցնելու» կարգով։ Եվրոպացիներն սպասում են, որ ներկա իրադարձությունները շուտով կհանգեցնեն ավելի հասկանալի իրավիճակի, և հնարավոր կլինի անհրաժեշտ հետևություններ անել։ Եվրոպայում լավ են ուսումնասիրել Թուրքիայի ներկա կառավարող կուսակցության, հատկապես նրա առաջնորդների անձնական ու սկզբունքային նպատակները։ Շփումներ կան տարբեր մակարդակներում, և այդ ամենը հույսեր է ներշնչում, որ Թուրքիան շուտով կդառնա ավելի կանխատեսելի, իր քաղաքական ու տնտեսական հնարավորություններին համարժեք պետություն։ Արևմուտքում մեծ ուշադրություն է նվիրվում թուրք հանրության և թուրքական կառավարող խմբավորման միջև առկա հակասություններին, ինչը, սակայն, չափազանցություն է։ Իրականում հակասությունները լուրջ նշանակություն ունեն միայն իշխանության վերևներում, իսկ արտաքին քաղաքականության կարևորագույն ու առաջնային հարցերում թուրք հանրությունը և քաղաքական դասն այնքան էլ մասնատված չեն, որքան թվում է։ Թուրք հանրության մասնատվածությունը խորացնելու Արևմուտքի հույսերը զուր են, որևէ հիմնավոր հակասություն չկա։ Թուրքիայում քաղաքական խավն ու հանրությունն անչափ համախմբված են այնպիսի հարցերում, ինչպիսիք են աշխարհում նոր տեղի ու դերի ձեռքբերումը Թուրքիայի կողմից, տարածաշրջանների վրա ազդեցության տարածումը, իսլամական աշխարհի և Արևելքի «ուժի այլ կենտրոնների», ինչպես նաև հասարակության չափավոր իսլամացման, հասարակական արժեքների վերաիմաստավորման ուղղությամբ քաղաքականության և գործընկերության ծավալումը։
Եվրոպացի որոշ փորձագետներ կարծում են, որ Թուրքիան կարող է օգտվել ամերիկա-եվրոպական հակասություններից` աշխարհում ավելի գերիշխող դիրքեր ձեռք բերելու համար, և, հնարավոր է, դրա հետ է կապված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի առաջիկա այցն Անկարա։ Սակայն, երևի, սա չէ եվրոպացի և թուրք առաջնորդների հաճախակի հանդիպումների պատճառը։ Եվրոպացիները կցանկանային, որ Թուրքիան լիներ կանխատեսելի երկիր և ավելի քիչ հավակնություններ ունենար իրենցից։
Փորձագետները համաձայն չեն այն բանին, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կրում է որոշ չափով ագրեսիվ բնույթ։ Նրանք կարծում են, թե չկա ագրեսիվության ոչ մի նշան, սակայն Թուրքիան ձգտում է ուժային ճանապարհով լուծել իր ազգային անվտանգության որոշ խնդիներ։ Միաժամանակ, ինչպես որոշ այլ քաղաքագետներ, այդ փորձագետները համարում են, որ տարածաշրջանային քաղաքականության ծավալման, տարածաշրջաններում ճգնաժամային և կոնֆլիկտային իրավիճակների առաջացման հետևանքով Թուրքիայի քաղաքականությունը կարող է կրել ագրեսիվ բնույթ, և դա շատ վտանգավոր միտում է, ինչը պետք է նկատի ունենալ։
Եվրոպայի առաջատար պետությունները` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան ու Գերմանիան, ելնելով միանման ու միևնույն ժամանակ բավականին տարբեր հանգամանքներից, խնդիր չունեն քննարկելու ռուսական գործոնը Թուրքիայի հետ հարաբերություններում, և թուրքական գործոնը` Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Քաղաքական գրականության մեջ և քաղաքական բանավեճերում ընդունված է Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկել որպես տարբեր «պարամետրերով» երկու միանման պետություն, այսինքն, նկատի ունենալով տնտեսության զարգացող տիպը, Եվրոպայից մեկուսացվածությունը, ներքին ու արտաքին պրոբլեմայնությունը, ավտորիտարությունը ներքին կառավարման ասպարեզում, որպես ահաբեկչության և արմատականության սպառնալիքի ենթակա երկրներ։ Դրա հետ մեկտեղ, եթե Ռուսաստանը համարվում է ցանկալի գործընկեր Եվրոպայում, մի երկիր, որն ունի համաշխարհային նշանակության հումքային և էներգետիկ պաշարներ, ինչպես նաև քրիստոնեական մշակույթ, ապա Թուրքիայի առնչությամբ բոլորովին այլ է։ Որքան էլ տարօրինակ լինի, Ռուսաստանն այժմ չի համարվում նվաճողամետ պետություն, թեև հենց այդպիսի բնութագրեր է ստանում լրատվամիջոցներում։ Թուրքիան, ընդհակառակը, համարվում է մի պետություն, որը կայսերապետական հավակնություններ ունի, այդ թվում` Եվրոպայում։ Փորձագետները համաձայն են, որ ժամանակակից Ռուսաստանը գտնվում է «պաշտպանությունում», իսկ Թուրքիան` «հարձակման գծում»։
Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհրաժեշտության մասին ԱՄՆ-ի հայտարարությունները ոչ մի իրական նշանակություն չունեն և միայն նյարդայնացնում են եվրոպական պետությունների ղեկավարներին, որոնք դեմ են այդ անդամակցությանը։ Ամերիկացիները վաղուց են հասկացել, որ իրենց հայտարարություններն արդեն քաղաքական գործոն չեն, և դա սկսել է նյարդայնացնել նաև Թուրքիային։ ԱՄՆ-ը փորձում է լրացուցիչ առավելություններ ձեռք բերել Թուրքիայի հետ հարաբերություններում, որը, երևում է, կորցրել է «անդամակցության» հույսերը։ ԱՄՆ-ի դիրքերը կարևոր ջղաձգող գործոն են, որը կոչված է, ավելի շուտ, Թուրքիայի հետ մերձեցումը խաղի չվերածելու, քան ճնշում գործադրելու եվրոպացիների վրա։ Այդ հանգամանքը թույլ չի տալիս, որ ԱՄՆ-ը` մի կողմից, Ֆրանսիան ու Գերմանիան` մյուս կողմից, երկխոսություն սկսեն Թուրքիայի արտքաղաքական նպատակների առնչությամբ։ Բացի այդ, պետք է նշել, որ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ Թուրքիայի դերն ու նշանակությունը չափազանցվում են։ Հնարավոր է, որ Գերմանիայի համար Թուրքիայի դերն ավելի մեծ նշանակություն ունի, նկատի առնելով նրանց վաղեմի քաղաքական ու տնտեսական կապերը։
Փորձագետները համարում են, որ Թուրքիայի զինված ուժերն այնքան մեկուսացված չեն քաղաքական որոշումների ընդունումից, որքան կարող է թվալ։ Բանակը մեկուսացված չէ, ընդհակառակը, սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ, փորձելով հարմարվել քաղաքական և սոցիալական նոր պայմաններին։ Գեներալակազմը ձգտում է երկրի քաղաքական ղեկավարներին նախազգուշացնել տարբեր գործընթացների կամ գործողությունների հնարավոր հետևանքների մասին, որոնք նրանց հուզում են հանրային դաշտում։
Քեմալականությունը, որպես պետության գաղափարական հիմք, մնում և լիովին զուգորդվում է պետական կառավարման եվրոպական նորմերին։ Միաժամանակ, Արևմուտքը չի կարող չընդունել, որ Թուրքիայում տեղի են ունենում ժողովրդավարական բարեփոխումներ, բայց, այնուամենայնիվ, անհանգստացած են, որ բարեփոխումներն ուղեկցվում են իսլամական հասարակական ազգային նորմերի ներառմամբ։ Իրավիճակն այն աստիճանի բարդ է, որ Արևմուտքը չի կարող միարժեք պատասխան տալ տեղի ունեցող երևույթներին, այդուամենայնիվ, հույս ունի, հատկապես ամերիկացիները, որ զինված ուժերը, գեներալակազմը կպահպանեն իրենց քաղաքական դիրքերը։ ԱՄՆ-ը շարունակում է Թուրքիայի զինված ուժերի վրա հենվել այդ երկրի հետ իր հարաբերություններում և լիովին պաշտպանել գեներալներին` նրանց հետ սերտ հարաբերություններ պահպանելով։
Փորձագետները հիշեցնում են, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում վարում է Իրաքի ամբողջականությունը պահպանելու քաղաքականություն, համերաշխ է արաբական պետությունների ու Իրանի հետ քրդական խնդրում, աջակցում է պաղեստինցիներին և Սիրիային` Իսրայելի հետ նրանց դիմակայության հարցում։ Այս ամենը չի կարող հիմք չծառայել արաբական պետությունների և արաբական հանրության հետ սերտ ու ռազմավարական գործակցության համար։ Նման նպաստավոր հանգամանքները նախադրյալներ են ապահովել Արևմուտքի և Թուրքիայի փոխըմբռնման համար` Մերձավոր Արևելքում վերջինիս քաղաքականության հարցում։ Պետք է ասել, որ ԱՄՆ-ին ու Եվրոպային անհանգստացնող ամենակարևոր հանգամանքը Թուրքիայի ու Իրանի մերձեցումն է, բայց վերջին ժամանակներս Թուրքիան Արևմուտքին հույս է տալիս, որ պատրաստ է վերանայելու Իրանի հետ հարաբերությունների սերտացման քաղաքականությունը։ Սա նկատելի է դառնում ամեն օր, և դրանում արդեն ոչ մի կասկած չկա։ Դրա հետ մեկտեղ, Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականության առթիվ ԱՄՆ-ի, մասամբ նաև Եվրոպայի երկյուղները մնում են, և դա բացատրվում է միայն նրանով, որ Թուրքիան այլևս ամերիկացիներին ու եվրոպացիներին չի ներկայացվում որպես օրինակ և նմուշ իսլամական աշխարհի համար։ Թուրքիան իսլամականանում է, և այդ նախագծի շրջանակներում Արևմուտքն այլևս երաշխիքներ ու վստահություն չունի թուրքական քաղաքականության առաջնահերթությունների հարցում։
Փորձագետների գնահատմամբ, շատ հնարավոր է, որ առաջիկա ընտրություններից հետո իրավիճակը Թուրքիայում փոխվի, բայց ավելի շուտ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պահպանի իր դիրքերն ու իշխանությունը երկրում։ Հարցն այն է, թե այդ կուսակցության չորս խմբավորումներից որն ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի։ Դրանից մեծապես կախված կլինեն երկրի զարգացումն ու նրա արտաքին քաղաքականությունը։ Ներկայումս ԱՄՆ-ը և շատ ավելի պակաս չափով եվրոպական պետությունները ձգտում են ազդեցություն գործել Թուրքիայի առաջիկա ընտրությունների հետ կապված գործընթացների վրա, կիրառվում են ազդեցության տարբեր եղանակներ։
Եվրոպական պետությունների հրաժարումը` դրականորեն լուծելու Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը, չպետք է դիտվի որպես թուրքական արտաքին քաղաքականության, առավել ևս ներքաղաքական շարժերում փոփոխությունների նորամուծության գործոն։ Թուրքական հանրությունը վաղուց է հասունացել փոփոխությունների համար, և նոր սոցիալական կարգավիճակի որոնումը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող լուրջ փոփոխություններն արդյունք են տնտեսական հնարավորությունների մեծացման, քաղաքական հավակնությունների խորացման և արմատական սոցիալական փոփոխությունների անհրաժեշտության։ Այդուամենայնիվ, Թուրքիան աշխատում է ցուցադրել իր մարտահրավերներն արտաքին քաղաքականության մեջ` որպես իր նկատմամբ Եվրոպայի բացասական վերաբերմունքի հետևանք։ Եվրոպացիները ձգտում են պատասխանել դրան պաշտոնական շրջանակների «բազմանշանակ լռությամբ», որոնք նախընտրում են Թուրքիայի քաղաքականությունը ներկայացնել որպես բացառիկ դրական և հույսեր ներշնչող։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի անտեսման ամերիկյան ոճ, բայց հիմա արդեն եվրոպական ոճաբանությամբ։ Այդ դիրքորոշումը չի կարող չնյարդայնացնել Թուրքիային, բայց և նրան հիմքեր չի տալիս ինչ-որ լրացուցիչ դժգոհություն հայտնելու։ Հասկանալի է, որ շատ շուտով Թուրքիան նոր պահանջներ կառաջադրի աշխարհաքաղաքական բոլոր ուղղություններով, հանդես գալով տարբեր նախաձեռնություններով անվտանգության, հակամարտությունների կարգավորման, տնտեսական զարգացման ոլորտներում։ Անտարակույս, այդ բոլոր նախաձեռնությունները կլինեն Արևմտյան ընկերակցության հետ առճակատման և կոշտ խաղերի մի նոր փուլ։ Միանգամայն հնարավոր է, որ թուրքական նվաճողամտությունն ուժեղանա Բալկաններում, Սև ծովի ավազանում ու Կովկասում և, իհարկե, Մերձավոր Արևելքում։ Նեոօսմանիզմի դոկտրինն ավելի ու ավելի է ժողովրդականություն վայելում Թուրքիայում և դառնում է նրա, փաստորեն, պաշտոնական արտքաղաքական ծրագիրը։ Ոչ մի կասկած չկա, որ Եվրոպան բախվելու է ավելի լուրջ մարտահրավերների, երբ քաղաքական ու տնտեսական հավակնությունների զուգորդումը տանի դեպի առճակատման քաղաքականություն։ Եվրոպան և ԱՄՆ-ը պետք է հասկանան, որ այնպիսի խոշոր երկրի «զսպման» քաղաքականությունը, ինչպիսին Թուրքիան է, ավելի համակարգային գործողություններ է ենթադրում, այն է` զինամատակարարումներից, արտաքին խոշոր վարկերից ու ներդրումներից, արդիական տեխնոլոգիաներից Թուրքիայի կախման մեծացումը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ