ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՄՈՒՍԱՎԱԹԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՖԱՅՏՈՆ-ԽԱՆՈՒՄ»

«ՄՈՒՍԱՎԱԹԻՑ» ՄԻՆՉԵՎ «ՖԱՅՏՈՆ-ԽԱՆՈՒՄ»
13.03.2012 | 00:00

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ներկա Ադրբեջանի տարածքում գոյություն ունեին հողատերերի ազգակցական խմբեր, որոնք իրենց կազմակերպվածությամբ կարողանում էին ապահովել սեփական շահերի պաշտպանությունը Կովկասի ռուսական վարչությունում: 1896 թ. ազերա-թաթարական «Դաֆայի» և 1908 թ. «Մուսավաթ» կուսակցությունների ստեղծման ժամանակ դրանք մեծ ազդեցություն գործեցին այդ կազմակերպությունների, ապա նաև 1918-20 թթ. Ադրբեջանի Հանրապետության կառավարության կադրային կազմի որոշման վրա: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանի կուրսի որոշման գործում առաջատար դեր խաղացին Թուրքիայի նախ երիտթուրքական, ապա քեմալական կառավարությունները: Պատմական այդ ժամանակաշրջանը հետաքրքրական է նրանով, որ Ադրբեջանի ներկա քաղաքական-գաղափարախոսական կազմակերպությունների արմատները հասնում են անցյալ դարի սկզբները:
Հայտնի է, որ անցած դարի 18-20 թթ. Ադրբեջանի Հանրապետությունում կառավարող «Մուսավաթ» կուսակցության շատ քաղաքական գործիչներ, ինչպես նաև ունևոր ընտանիքների զավակներն ու հովանավորյալները մտան բոլշևիկյան կուսակցության մեջ և դարձան քաղաքական «նվիրյալներ» ու խորհրդային աշխատողներ: Ստալինի կառավարման շրջանում և հետ-ստալինյան ժամանակներում կլանների դերը զգալիորեն չեզոքացվեց, քանի որ առհասարակ տարածաշրջանային և ազգային առավելություններն առկա էին միայն նոմենկլատուրային շրջանակներում, բայց ոչ ավելին: Կլանայնությունն սկսեց ծաղկում ապրել 50-ականների վերջին և 60-ականների սկզբին, երբ նախահեղափոխական կլանների ու ընտանիքների շատ ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան կրթություն ստանալու և ղեկավար պաշտոնների հավակնելու վարչակազմում:
Ներկայումս կլանայնությունը, այսինքն` հասարակական-քաղաքական և կորպորատիվ-տնտեսական կապերն Ադրբեջանում որոշիչ դեր են խաղում այդ երկրի քաղաքականության, տնտեսության մեջ և վարչակազմում: Եթե Ադրբեջանի կլանային համակարգի նշանակությունը համեմատելու լինենք դասական կլանայնության տարածաշրջանների, ասենք` Կենտրոնական Ասիայի երկրների հետ, ապա, իհարկե, Ադրբեջանում այդ երևույթն այլ` ավելի պակաս նշանակություն ունի (օրինակ, ՈՒզբեկստանում կլանին պատկանել նշանակում է պատկանել «բարձրագույն ռասային», և դա մարդուն դարձնում է «անհասանելի», այսինքն` «անձեռնմխելի». Ադրբեջանում կլանայնությունն ավելի քաղաքակիրթ, ավելի նուրբ տարբերակներով է դրսևորվում, համենայն դեպս, «անհասանելիություն» չի երաշխավորում ծանր հանցագործությունների դեպքում):
1930-ականների վերջից մինչև 80-ականների վերջը Ադրբեջանում կատաղի պայքար էր ընթանում երկու առաջատար տարածաշրջանային կլանների` Շուշիի և Գյանջայի կլանների միջև, ինչի շուրջ էլ, ըստ էության, տեղի էր ունենում ամբողջ քաղաքական պայքարն ու «երկրորդ և երրորդ էշելոնի» մյուս կլանների մասնակցությունը: Ընդ որում, բավականին հաճախ հանրապետության առաջին դեմքը, այսինքն` կենտկոմի առաջին քարտուղարը, կարող էր անձամբ լինել Ադրբեջանի բոլորովին այլ շրջանից, բայց նա այդ կլաններից որևէ մեկի հետ կապված էր լինում ամուսնական, ազգակցական կապերով, ավելի հաճախ` կնոջ ազգականների միջոցով: Օրինակ, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում Հեյդար Ալիևի նախորդը` Վելաթ Ախունդովը, ծագումով Ղուբայի շրջանից էր, ուներ լեզգի-թաթական արմատներ, բայց ամուսնացած էր Շուշիի կլանը ներկայացնող կնոջ հետ և սրբորեն պաշտպանում էր նրա շահերը: Հենց դա մեծ ազդեցություն գործեց այն բանի վրա, որ 60-ականներին Ախունդովը կատաղի դիմադրություն ցույց տվեց Հայաստանի ղեկավարության փորձերին` Մոսկվայի աջակցությամբ Հայաստանին հանձնելու Լեռնային Ղարաբաղը, և կարողացավ ճնշել հայերի ակտիվությունը Ստեփանակերտում:
Ադրբեջանի կլանների պայքարի ասպարեզը կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնն էր, դատախազության, ՆԳՆ-ի, նավթամթերքի մատակարարման, գինեգործության և ձկնորսության, առևտրի և հասարակական սննդի, շինարարության ոլորտների պաշտոնները: Պայքարի յուրահատուկ ոլորտ էր Մոսկվայում և դիվանագիտական ծառայությունում պաշտոններ ստանալը:
Բացի Շուշիի ու Գյանջայի կլաններից, որոնք ներկայացնում էին ոչ միայն այդ քաղաքները, այլև, համապատասխանաբար, Ղարաբաղն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները, արևի տակ տեղ ունենալու պայքարին մասնակցում էին նաև այլ կլաններ. Աղդամի, Շաքիի, Ապշերոնի, Լենքորանի («երկրորդ էշելոնի»), Գյոկչայի, Աղդաշի, Շամախու, Զաքաթալայի, Շամքորի, Խաչմասի և այլ ավելի մանր կլաններ («երրորդ էշելոն»): Այդ կլաններն առանձնանում էին երեք հիմնական հատկանիշներով` տնտեսական մասնագիտացմամբ, վարչական մասնագիտացմամբ և ազգային առանձնահատկություններով: Օրինակ, Աղդամի կլանը մասնագիտացած էր երեք հիմնական ուղղությամբ` խաղողագործություն և գինեգործություն, հասարակական սնունդ և առևտուր, Գյանջայինը` դարձյալ գինեգործություն և դատախազության ու ՆԳՆ-ի ոլորտներ, Լենքորանինը` բանջարաբուծություն և ձկնարտադրություն, Շաքիինը, չունենալով տնտեսական մասնագիտացում, գերիշխում էր արվեստի ասպարեզում, կրթության համակարգում, ամբողջ մշակույթի, ինչպես նաև գիտության ոլորտում, Ապշերոնինը` ձկնորսության և Բաքվի քաղաքային տնտեսությունում ու նրա շրջակայքում, Խաչմասինը` վարչական աշխատանքի բոլոր ոլորտներում կարիերայի ստեղծման ասպարեզում, մասամբ` ՆԳՆ-ում: Առանձնակի դիրք ուներ Շուշիի կլանը, որն իրեն նեղություն չէր տալիս ուշադրությունը բևեռելու որևէ ոլորտի վրա, այլ գերադասում էր ամբողջ Ադրբեջանի կառավարումը: Նշենք, որ Ադրբեջանի բոլոր առաջին քարտուղարները մինչև 1969 թ., այսինքն` մինչև Հ. Ալիևի իշխանության գալը, անկախ տարածաշրջանային ծագումից, ներկայացնում էին հենց Շուշիի կլանը: (Պետք է նկատի ունենալ, որ այդ անվանումը չի նշանակում, թե կլանի մեծ մասն ապրում էր Շուշիում: 70-ականների վերջին Շուշիում, փաստորեն, այդ կլանի ներկայացուցիչներ չէին մնացել, նրանք վաղուց տեղափոխվել էին Բաքու, բայց Շուշիում պահպանել էին իրենց հայրական տները, ինչը նրանց թույլ էր տալիս կոչվել շուշեցի ազնվականներ: Դա ամենաազգայնական ու հակառուսական կլաններից էր (Գյանջայի կլանի հետ մեկտեղ) և Ադրբեջանում վարում էր ազգայնական և թուրքամետ գաղափարների պաշտպանության քաղաքականություն):
1969-ին Բաքվում իշխանության եկավ Հեյդար Ալիևը, որն առաջին 6-7 տարում նախիջևանյան կլանին իր պատկանելությունը չէր ցուցադրում, սակայն դաժան պայքար էր մղում մյուս կլանների ներկայացուցիչների դեմ, որը հասնում էր բռնությունների աստիճանի։ Հասկանալով, որ կադրերի տեսակետից նախիջևանյան կլանը սնանկ է, Ալիևը սկսում է ակտիվորեն ազգակցական կապեր հաստատել Բաքվի առավել նշանավոր ընտանիքների հետ և ղեկավար աշխատանքի է ընդգրկում կա՛մ ոչ ազդեցիկ կլանների ներկայացուցիչների, կա՛մ արտակլանային մարդկանց։ Այսպես նրա հետնորդ դարձավ Քեմրան Բաղիրովը, որը ծնունդով շուշեցի էր, բայց Ալիևի ազգականի ամուսինն էր, կամ ՆԳ նախարար Ալիզադեն, որը ծնունդով Արևմտյան Ադրբեջանից էր, բայց դարձյալ Ալիևի ազգականը։ Մոտավորապես 1977-78 թվականներին, այն բանից հետո, երբ Ալիևը ամուր դիրքեր ձեռք բերեց Մոսկվայում, նա վճռեց արմատապես ցուցադրել նախիջևանյան կլանի ուժն ու ազդեցությունը։ Դա սկսվեց 1978-ին` Բրեժնևի Բաքու կատարած այցից հետ։ Անմիջապես տասնյակ նախիջևանցիներ, չունենալով ո՛չ մասնագիտական պատշաճ պատրաստվածություն, ո՛չ ընդհանրապես բարեկրթության մակարդակ, բարձր պաշտոններ ստացան կենտկոմում, կառավարությունում, իրավապահ մարմիններում և եկամտաբեր ոլորտներում։ Նախիջևանյան կլանի «կադրերի բաժինը» ղեկավարում էր Ալիևի ավագ եղբայրը` Ադրբեջանի ԳԱԱ ակադեմիկոս Հասան Ալիևը, որը մեծ ազդեցություն ուներ հանրապետության կադրային քաղաքականության վրա։ Կադրերի դասավորության վրա մեծ ազդեցություն ուներ նաև Ալիևի հարազատ քույրը` «դամա ֆիքսը» կամ «Ֆայտոն-խանումը»։ Նախիջևանյան կլանի սրընթաց աճը բառացիորեն շշմեցրել էր շուշեցիներին ու գյանջեցիներին, որոնցից պատասխան հարված էին սպասում։ Բայց եթե Ադրբեջանի դատախազ Ղամբո Մամեդովի գլխավորած Գյանջայի կլանը մի քանի տարի շարունակ կատաղի պայքար էր մղում Ալիևի դեմ, ապա շուշեցիները պարզապես ծնկի իջան, այդպես էլ չձեռնարկելով ոչ մի էական միջոց։
Իր կլանի զորեղացման նպատակով, Հ. Ալիևը որոշեց նախիջևանյան կլանը միավորել լուսանցքային «Էրիվանլի» կլանի, այսինքն` Հայաստանից եկածների հետ: Մինչ այդ, «Էրիվալիի» ներկայացուցիչներն արդեն հասցրել էին կրթություն ստանալ Բաքվում և իրենց համար ստեղծել բավական հարմար դիրքեր` չարաշահելով հակահայ տրամադրությունները: Առաջին հայացքից ոչ ակնառու այդ միավորումն իրականում միանգամայն նոր տարածաշրջանային քաղաքական կլան ստեղծեց Ադրբեջանում` գերքաղաքականացված, նյութապես ապահովված և բավականաչափ նպատակասլաց:
1988-ին Հ. Ալիևի դրածո, Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Քեմրան Բաղիրովին Մոսկվան ազատեց աշխատանքից, և Բաքվում համար մեկ պոստը զբաղեցրեց իսկական շուշեցի, հին սերնդի դասական ներկայացուցիչ Աբդուռահման Վեզիրովը: Բաքվում շուշեցիները ոգևորությամբ նշեցին դա և բոլոր ջանքերը գործադրեցին նախիջևանցիներին դուրս մղելու համար: Սակայն, օգտվելով քաղաքական իրավիճակից և գտնվելով այդ ժամանակ Մոսկվայում պաշտոնավարող Հ. Ալիևի աչալուրջ հայացքի ներքո, նախիջևանցիները հիմնականում պահպանեցին իրենց դիրքերը: Ղարաբաղյան իրադարձություններին զուգընթաց, Բաքվում համառ պայքար էր մղվում հանուն իշխանության, ինչը հանգեցրեց Այազ Մութալիբովին առաջին քարտուղար նշանակելուն, որը ներկայացնում էր երրորդ կարգի լագիշյան կլանը (առավելապես կա՛մ լեռնաբնակ հրեաներով, կա՛մ մահմեդական թաթերով բնակեցված Շիրվանի շրջանի Լագիշ քաղաքը): Ա. Մութալիբովը բաքվեցի մտավորական էր, ադրբեջաներեն վատ էր խոսում, ամուր կլանային աջակցություն չուներ ու, բնականաբար, երկարաժամկետ քաղաքական հեռանկարից զուրկ էր:
Քաղաքական թոհուբոհը հանգեցրեց Ադրբեջանի ժողովրդական ճակատի ստեղծմանը, որն սկզբում ներկայացնում էր միայն Բաքվի ազգային ադրբեջանական մտավորականությանը (Սամեդ Վուրղունի որդին, Ռասուլ Ռզայի որդի Անարը, Իմանովը, Էֆենդիևը և այլք): Այնուհետև ԱԺՃ-ում նախաձեռնությունը խլում է նախիջևանյան կլանը (այսինքն` Նախիջևան-Էրիվալնին-ՆԷԿ) և առաջնորդ է ընտրվում նախիջևանցի, Ադրբեջանի ՊԱԿ-ի վաղեմի գործակալ Աբուլֆազ Էլչիբեյը` Հ. Ալիևի հոգեզավակը։ Եվ դա միանգամայն բնական է, քանի որ միայն այդ կլանի ներկայացուցիչները կարող էին արագորեն կազմակերպվել և հայկական կազմակերպությունների քաղաքականությանը հակակշիռ ստեղծել: Ընդհուպ մինչև 1993 թ., այսինքն, մինչև Հեյդար Ալիևի Բաքու վերադառնալը, ԱԺՃ-ն պաշտպանում էր Էլչիբեյին, դրանով իսկ նախագահի աթոռը պահպանելով իսկական տիրոջ` Հեյդար Ալիևի համար: Հատկանշական է, որ Բաքու «ցատկելու» համար Ալիևը հմտորեն օգտագործեց նախիջևանյան հարթակը` դառնալով Նախիջևանի Հանրապետության նախագահ, որն այն ժամանակ Բաքվին ենթակա չէր: Բաքվում Ալիևի իշխանության գալուց հետո նախիջևանցիներն ու «Էրիվանլի»-ները ինքնաբերաբար տեղափոխվում են «Նոր Ադրբեջան» կուսակցություն, իսկ ԱԺՃ-ն դառնում է ընդդիմադիր քաղաքական կազմակերպություն: Չնայած էական վերակազմավորմանը, ԱԺՃ-ի շարքերում բավականին շատ էին թե՛ նախիջևանցիները, թե՛ «Էրիվանլի»-ները, ինչը Հ. Ալիևին հմտորեն խուսավարելու հնարավորություն էր տալիս քաղաքական սուր իրավիճակներում: Պետք է հաշվի առնել նաև այն, որ Ա. Էլչիբեյը, չնայած իր «դասական նախիջևանցիությանը», այդպես էլ չկարողացավ գոնե մասամբ նախիջևանյան ղեկավարի կերպար ստեղծել: Անհիմն կլիներ ներկայումս ԱԺՃ-ն համարել նախիջևանյան կլանի վրա հենվող կուսակցություն: Միաժամանակ, ԱԺՃ-ում առաջվա նման ուժեղ են Ադրբեջանի այդ առաջատար տարածաշրջանային քաղաքական կլանի դիրքերը: Ներկայումս նախիջևանյան կլանի շահերի ու նպատակների քաղաքական, հայտնի իմաստով նաև գաղափարախոսական ջատագովը «Նոր Ադրբեջան» կառավարող կուսակցությունն է:
Հ. Ալիևի և Ալիևների կլանի հետագա քաղաքականությունը հանգեցրեց Ադրբեջանի բոլոր ավանդական և արդիական հասարակական կառույցների, այսինքն, կլանների ու քաղաքական կուսակցությունների կազմաքանդմանը: Ներկայումս տարածաշրջանային և հայրենակցական կլանները վերածվել են մասնատված խմբավորումների, որոնք ոչ մի էական դեր չեն խաղում անգամ իրենց տարածաշրջաններում։ Կարծիք կա, թե կլանների ու կուսակցությունների կազմաքանդման ընթացքում որոշ խմբավորումներ փորձել են համախմբվել և կազմել նոր, ավելի արդիական կառույցներ, որոնք օժտված լինեն ինչ-ինչ ազդեցությամբ: Որոշ նոր խմբավորումների հաջողվել է կառավարող վարչախմբի աջակցության ու նրա հետ համագործակցության շնորհիվ որոշակի դիրքեր ձեռք բերել երկրում և ազդեցություն գործել առանձին քաղգործիչների, վարչախմբի անդամների և խոշոր գործարարների տնտեսական և քաղաքական-վարչական շահերի իրացման վրա: Դրա հետ մեկտեղ, այդ խմբավորումները կարող են արագորեն փլուզվել և կախման մեջ ընկնել իշխանություններից, ուստի առայժմ ոչ մի նշան չկա, թե Ադրբեջանում կարող են առաջանալ նոր կլաններ` ընդունակ ստեղծելու ազդեցիկ քաղաքական կուսակցություններ և լուրջ պայքար մղելու իշխանության համար: Ընդ որում, կառավարող վարչակազմի ամրապնդման ներկա գործընթացների ծավալման համեմատ այդ խմբավորումներն ազդեցություն ձեռք բերելու, թերևս, միայն մեկ հնարավորություն կունենան: Դա իշխանությունների հետ համագործակցությունն է:
Իշխանության ուժեղացումը և գործուն ընդդիմության բացակայությունը բացատրվում է նրանով, որ ընդդիմության գործունեությունը նախընթաց տարիներին հենվում էր ոչ այնքան զարգացած սոցիալական հիմքի վրա, երբ քաղաքական առաջնորդներն ու կուսակցությունները նախընտրում էին ոչ թե արդիականացնել քաղաքական խավը, այլ դրանք ձևավորել խորհրդային ժամանակների ոչ մեծաթիվ մտավորականության նախկին խմբավորումներից ու առանձնահատկություններից: Իհարկե, հարկ է ուշադրության առնել, որ կառավարող վարչախմբի ամուր դիրքերը մեծապես պայմանավորված են էներգառեսուրսների արդյունահանման ու արտահանման հաջողություններով, բարձր եկամուտներով, սոցիալական ծրագրերն ու բնակչության զբաղվածությունն ընդլայնելու հնարավորությամբ:
«Նոր Ադրբեջանն» իրենից ներկայացնում է ոչ թե քաղաքական կուսակցություն, այլ ինչ-որ վարչական կորպորացիա, որը զուրկ է բովանդակային գաղափարախոսությունից, բայց ձեռնտու է հասարակական շատ խավերի, քանի որ այդ կուսակցության հետ են կապվում Ադրբեջանի կայունությունն ու կանխատեսելիությունը: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանում նկատվող կայունությունը երևութական է, և 2009-ը բացահայտորեն ցուցադրեց ադրբեջանական տնտեսության խոցելիությունը, ինչն առաջ բերեց բնակչության շոշափելի դժգոհությունը և անդրադարձավ ազդեցիկ խմբավորումների տրամադրությունների վրա: Եթե համեմատելու լինենք, ապա կարելի է նկատել, որ տնտեսական դժվարությունները հանգեցնում են հանրային կյանքի կլանային կառուցվածքի վերակենդանացմանը, ընդ որում, առաջ են գալիս նոր կլաններ ու խմբավորումներ: Այդ գործընթացն սկսվում է անմիջականորեն կառավարող վարչակազմի ներսում տեղի ունեցող պառակտումներով, ինչն այժմ նկատվում է Ադրբեջանում: Ըստ երևույթին, Ադրբեջանում նավթից ու գազից եկամուտներ ստանալու առավել նպաստավոր փուլն անցնելու առաջին իսկ լուրջ նշանների պարագայում կլանները վերստին կհայտարարեն իրենց մասին` որպես քաղաքական գործընթացների սուբյեկտների:
Հարկ է նշել, որ Ադրբեջանի սահմաններից դուրս` սփյուռքում, կլանների ազդեցությունն ու գոյությունը շարունակում են աճել: Ինչպես հայտնի է, վերջին երկու տասնամյակում Ադրբեջանից 3,4-3,6 մլն մարդ է հեռացել, որոնցից առնվազն 2,4-2,7-ը` Ռուսաստան: Ադրբեջանական սփյուռքը մեծ դինամիկա է ցուցադրում ինքնակազմակերպման առումով, բայց դա տեղի է ունենում կտրտված և «գողական» կամ կլանային սկզբունքով: Այս կապակցությամբ կլանային տիպի այդ խմբավորումները ձևավորվում են ազգային և տարածաշրջանային էթնիկ հատկանիշներով, ընդ որում, եթե առաջ բուն Ադրբեջանում այդ կլանները ներկայացնում էին պատմական նշանակության մեծ գավառներ, ապա ներկայիս կլանները ձևավորվում են` ելնելով ավելի շատ հայրենակցական առանձնահատկություններից, ընդհուպ մինչև փոքր բնակավայրերը, քաղաքները կամ գյուղերը: Դա ջլատում է սփյուռքի կլանների ուժերն ու հնարավորությունները, արտացոլում է ազգային ինքնագիտակցության առանձնահատկություններն ու ամբողջ ազգի միաբանության ցածր մակարդակը: Սփյուռքում, փաստորեն, անհնար է ազերիական կլանների հետ թալիշական, քրդական ու հատկապես լեզգիական խմբավորումների համերաշխությունը: Որոշ չափով ազերիական խմբավորումների հետ համերաշխ են թաթական շրջանակները, բայց ոչ թե ստորադաս դիրքով, այլ ընդհակառակը, «համազերիական» ազգի առաջատարների:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ