ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՊՐՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՊՐՈՒՄ Է ԼԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ
19.07.2011 | 00:00

Եվրոպայի քաղաքական շրջանակներում մտադիր չեն ողբերգություն սարքել հարևան տարածաշրջանների այն երկրներում նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքեր ձեռք բերելու Թուրքիայի փորձերի առնչությամբ, որոնք նախկինում գտնվել են Օսմանյան կայսրության ազդեցության ծիրում։ Եվրոպական քաղգործիչները նախընտրում են չընդլայնել Անկարայի հետ ունեցած հակասությունների շրջանակը, քանի որ Եվրամիությանը նրա անդամակցության հարցն արդե՛ն իսկ լուրջ խնդիրներ է ստեղծում։ Ինչպես Ֆրանսիայում ու Գերմանիայում, այնպես էլ Մեծ Բրիտանիայում և Հարավային ու Արևելյան Եվրոպայի երկրներում եվրոպացի քաղգործիչների նպատակն է մշակել Թուրքիայի հետ երկխոսության քաղաքական այնպիսի ոճ, որը լրացուցիչ լարվածություն չի ստեղծի փոխհարաբերություններում։ Թուրքիայի հավակնությունների հանդեպ Եվրոպայի առաջատար պետությունների քաղաքականությունը սկզբունքորեն տարբերվում է ԱՄՆ-ի քաղաքականությունից։ Առաջինները, չնայած տպավորիչ տնտեսական ու ռազմական կարողությանը, ի վիճակի չեն այն տարածաշրջաններում, ուր նկատվում է Թուրքիայի ազդեցության ուժեղացում, ռազմավարական քայլեր իրականացնելու, ինչպես անում է ԱՄՆ-ը։ Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան և եվրոպական այլ պետություններ ջանում են այդ տարածաշրջաններում պաշտպանել իրենց, ինչպես նաև Եվրամիության շահերը։ Բայց դա չի նշանակում երկարաժամկետ, համակարգային քաղաքականության առկայություն։ Եվրոպացիները կցանկանային Թուրքիայի արտաքին քաղաքականության «նոր կուրսից» սպասել առավելապես դրական արդյունքներ։ Թուրքիան մասնակցում է Աֆղանստանում ռազմական գործողություններին, աշխատում է տնտեսական ընկերակցություն ստեղծել Մերձավոր Արևելքում, մասնակցում է տարածաշրջանային որոշ հակամարտությունների ու խնդիրների կարգավորմանը։ Դրա հետ մեկտեղ, առավել քննադատաբար տրամադրված ֆրանսիացի փորձագետները նշում են այլ ակնկալիքների հնարավորությունը։ Նրանք Թուրքիայի «նոր» արտաքին քաղաքականության մեջ տեսնում են նվաճողամտություն (էքսպանսիա), և ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական, ինչը կարող է ժամանակի ընթացքում ագրեսիվ բնույթ հաղորդել թուրքական արտաքին քաղաքականությանը։ Անկարան ձգտում է նոր տեղ գրավել և ավելի էական դեր խաղալ համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Դա հանգեցնում է ոչ միայն Բալկանների և Մերձավոր Արևելքի որոշ երկրների բարենպաստ ակնկալություններին, այլև մի շարք պետությունների երկյուղներին։ Առաջատար պետություններն այդ տարածաշրջաններում արդեն ջանքեր են գործադրում Թուրքիայի նպատակներին ու մտադրություններին համարժեք արձագանքելու համար, որը բացահայտորեն «նեոօսմանիզմը» հռչակում է արտաքին քաղաքականության դոկտրին։ Ֆրանսիան, որոշակի չափով` նաև Գերմանիան, Բալկաններում, Կովկասում ու Մերձավոր Արևելքում ունեն ազդեցության ավանդական գոտիներ և շարունակում են ջանքերն այդ տարածաշրջաններում ակտիվ ներկայությունը շարունակելու ուղղությամբ, միաժամանակ նախանձով են վերաբերվում Թուրքիայի փորձերին` այդ տարածքներում քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու առնչությամբ։ Նման փորձերը վերոհիշյալ տարածաշրջանների երկրների և Արևմուտքի պետությունների համար վտանգավոր չէին լինի, եթե Թուրքիան մտադրված չլիներ ստեղծելու իր գերադաս ազդեցության և ներկայության գոտիները։ Միաժամանակ ազատ մրցակցության ու համագործակցության ոգով այդ ծրագրերի իրականացման համար Թուրքիան ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական անհրաժեշտ ռեսուրսներ չունի։ Թուրքիան ի զորու է տնտեսական ազդեցության գոտի ստեղծելու միայն քաղաքական որոշումների կարգով, որոնք կարող են պարտադրվել տարածաշրջանների երկրներին։ Հարկ է նշել, որ Անկարան ձգտում է իր տարածաշրջանային քաղաքականության մեջ առավելապես հենվել իսլամական կամ թրքախոս ժողովուրդների վրա, որոնք պատմականորեն կապված են Թուրքիայի հետ և նախկինում օգտվել են նրա «խնամակալությունից»։ Արդյունքում Թուրքիան տարածաշրջաններում վարում է միակողմանի քաղաքականություն, այսինքն, հակված է պաշտպանելու հենց այդ երկրների ու ժողովուրդների շահերը։ Դա, անկասկած, կհանգեցնի առճակատման լրացուցիչ սցենարների, ինչը չի կարող չանհանգստացնել եվրոպացիներին, որոնք միջազգային հարաբերությունների այլ սկզբունքներ են դավանում։
Մեր հետևությունների համաձայն` եվրոպացիները պատրաստ չեն լիարժեքորեն արձագանքելու Թուրքիայի արտաքին քաղաքականությունից բխող մարտահրավերներին։ Նրանք նախընտրում են պաշտպանել և հետևել ամերիկյան ռազմավարությանը, որի տարրերից մեկը Թուրքիայի «զսպումն» է, իսկ դա ենթադրում է համագործակցության և միաժամանակ տարածաշրջանային նվաճողամտությանը դիմակայելու տարբեր եղանակներ։ Դրա հետ մեկտեղ, Եվրոպայի քաղաքական և փորձագիտական շրջանակներն աշխատում են նոր աշխարհաքաղաքական պայմաններում ձևավորել Թուրքիայի հետ Արևմտյան ընկերակցության նոր հարաբերություններ։ Եվրոպացիները հույս ունեն, որ Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում տեղի կունենան դրական փոփոխություններ, և թուրքական քաղաքականությունը կդառնա ավելի չափավոր, հավասարակշիռ ու ավելի զուսպ։
Մեր կարծիքով` Թուրքիան ապրում է չափազանց լարված ժամանակաշրջան և, այսպես թե այնպես, իրավիճակը երկրում պետք է ավելի կանխատեսելի դառնա։ Բայց դա չի բացառում, որ Թուրքիան շարունակի իր ազդեցությունն ու ներկայությունը տարածաշրջաններում ուժեղացնելու փորձերը, որի պատճառն այդ երկրի տնտեսական և սոցիալական ոլորտների օբյեկտիվ զարգացումն է։ Թուրքիան կշարունակի որոնել իր ավելի նշանակալի, «կայսերապետական» տեղը տարածաշրջանում և աշխարհում։ Մինչ օրս Թուրքիան իր նպատակին չի հասել, քանի որ բազմաթիվ խնդիրների է բախվել տարածաշրջաններում և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Աշխարհաքաղաքական խաղերում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ինչպես նաև բալկանյան պետությունները, արդեն ձգտում են արձագանքել Թուրքիայի հավակնություններին։ Դրանք տարբեր տիպի պետություններ են, ժողովրդավարության հանդեպ տարբեր վերաբերմունքով, սակայն նրանց անհանգստացնում է սեփական անվտանգության հարցը։ Թուրքիան չէր կարող հաջողության հասնել այդքան կարճ ժամանակահատվածում, բայց նվաճողամտության քաղաքականություն վարել տարածաշրջաններում, երկու սկզբունքային ուղղությամբ, այսինքն` դեպի Արևելք և դեպի Արևմուտք, նա ի վիճակի չէ։ Նշաններ կան, որ Թուրքիան աշխատում է սրբագրումներ կատարել իր քաղաքականության մեջ և ավելի մոտենալ Արևմուտքին, այսինքն` սահմանափակել իր նախաձեռնությունները Մերձավոր Արևելքում` Իրանի և մյուս արմատական ուժերի պաշտպանության ուղղությամբ։ Հեռանկարում, եթե այն զարգացում ստանա, Եվրոպան կարող է շատ կարևոր դեր խաղալ։
Ֆրանսիայի քաղաքականությունը Թուրքիայի առնչությամբ զգալի չափով սևեռված է Եվրամիություն ընդունվելու խնդրի վրա, և դա ծայրաստիճան սահմանափակում է Փարիզի քաղաքական քայլերն ու Ֆրանսիայի քաղաքականությունը դարձնում խիստ ստատիկ։ Այս հարցի հետազոտությունը հանգեցնում է այն մտքին, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, շարունակելով պնդել, որ Թուրքիան պետք է ընդունվի Եվրամիության մեջ, հետապնդում են հետևյալ նպատակներից մեկը. «կոմպլեքսավորել» Ֆրանսիային, ինչպես նաև Գերմանիային, սահմանափակել նրանց արտաքին քաղաքականությունը ոչ միայն Թուրքիայի, այլև առհասարակ իսլամական աշխարհի առնչությամբ, ինչպես նաև եվրոպական ասպարեզում, ուր երկու առաջատար պետությունները մշտապես բանավեճի մեջ են այդ խնդրի շուրջ։ Ֆրանսիան միշտ էլ հասկացել է, որ պետք է հաղթահարի այդ խնդիրը` միջազգային ասպարեզում գրավելով ոչ թե «պաշտպանական», այլ «հարձակողական» դիրք, և ներկայումս ձգտում է լիովին ազատվել դրանից ու վերջնականորեն փակել այն` պատրանքներ չթողնելով ո՛չ բուն Թուրքիայի, ո՛չ էլ նրան Եվրամիություն ընդունելու կողմնակիցների համար։ Ֆրանսիան ու մի քանի այլ պետություններ աշխատում են գործադրել «հարձակողական» մարտավարություն` շեշտը դնելով ներգաղթի (հատկապես իսլամական երկրներից) հարցերի, ներգաղթի սահմանափակման, ներգաղթյալների հարմարման և ձուլման հանդեպ պահանջների խստացման վրա։ Ֆրանսիայի արտաքին, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականությունը ներկայումս հատկապես ակտիվ է ու հավակնոտ։ Ֆրանսիան շատ դժվարություններ է հաղթահարել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, շատ ավելի նշանակալի պետություն է դարձել անդրատլանտյան հարաբերություններում, կարևոր համաձայնագրեր է կնքել Մեծ Բրիտանիայի հետ` պաշտպանության ոլորտում, ավելի սերտորեն է համագործակցում Ռուսաստանի հետ։ Միաժամանակ, շատ խնդիրներ բաց են մնում Միջերկրական ծովի ընդարձակ ավազանի պետությունների հետ հարաբերություններում, ինչի պատճառը ոչ միայն անմիջականորեն այդ տարածաշրջաններում եղած բարդություններն են, այլև այն, որ եվրոպական պետությունների մեծամասնությունը, նախ և առաջ Գերմանիան, շահագրգռված չէ միջերկրածովյան նախագծի հետ կապված ծրագրերի ֆինանսավորմամբ։ Ֆրանսիան որոշ շահեկան դիրքում է Մերձավոր Արևելքում, նկատի ունենալով «դասական» Արևելյան Միջերկրականը, քանի որ նա այդ տարածաշրջանում Գերմանիայի, եվրոպական մյուս պետությունների և ամբողջությամբ վերցրած Եվրամիության շատ ավելի մեծ աջակցությունն է վայելում։ Ի տարբերություն, օրինակ, ԱՄՆ-ի կամ Բրիտանիայի, Ֆրանսիան ավելի է շահագրգռված Մաղրիբով, որտեղ գտնվում են ավանդաբար իր ազդեցության գոտի համարվող երկրները` Ալժիրը, Թունիսը, Մարոկկոն, որոնք աշխարհագրորեն կապված են Արևմտյան Աֆրիկայի երկրների հետ, որը նույնպես մտնում է Ֆրանսիայի ազդեցության գոտու մեջ։ Մաղրիբը կարևոր է Ֆրանսիայի համար, քանի որ ալժիրյան գազի ու նավթի շնորհիվ նա գտնվում է ավելի շահեկան ու անկախ վիճակում, քան ռուսական գազից և էներգետիկ հաղորդուղիների թուրքական խողովակաշարերից կախում ունեցող եվրոպական պետությունները։ Պետք է նշել, որ Թուրքիան միակ պետությունը չէ, որի շահերն այդ տարածաշրջանում հակասության մեջ են Ֆրանսիայի, ինչպես նաև Գերմանիայի շահերի հետ, բայց թուրք-ֆրանսիական հակասություններն այստեղ ավելի ու ավելի սկզբունքային են դառնում, ինչը Ֆրանսիային հարկադրում է որոշ քայլեր կատարել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Ներկայումս միայն ԱՄՆ-ը կարող է հայտարարել Թուրքիայի հանդեպ ռազմավարական քաղաքականության առկայության մասին, ինչը կապված է Բալկաններից մինչև Չինաստան ընկած տարածաշրջաններում ընդհանուր անվտանգության, ռազմավարական հաղորդուղիների, բազմակողմանի քաղաքականության հարցերի հետ։ Ֆրանս-իան այդ շահերն ու խնդիրները չունի, ուստի Թուրքիայի խնդիրները թեև կան ու հետզհետե ավելի են բարդանում, սակայն Ֆրանսիայի համար չեն դառնում նույնքան օրախնդիր ու առաջնային, որքան ԱՄՆ-ի համար։ Այսպես թե այնպես, Եվրոպան Թուրքիայի և տարածաշրջանի նկատմամբ քաղաքականությունը, ավելի ճիշտ` վերաբերմունքը, կառուցում է Ֆրանսիայի քաղաքականության ընկալմամբ, որը, չնայած հնարավորությունների սահմանափակությանը, առաջատարն է մայրցամաքային Եվրոպայի պետությունների շրջանում տարածաշրջանային քաղաքականության վարման գործում։ Այս հանգամանքն առավել կարևոր է թվում Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության հանդեպ ֆրանսիական ու եվրոպական քաղաքականության և տարածաշրջանային անվտանգության խնդիրների ընկալման համար։ Տպավորություն է ստեղծվում, որ Թուրքիան իրեն այդքան «ազատ» ու «անկաշկանդ» է պահում, որովհետև եվրոպացիներն անընդունակ են առաջարկելու և առաջադրելու բավականաչափ հիմնավոր քաղաքականություն, որը կարողանար դիմակայել թուրքական նվաճողամտությանը։ Փորձագետ Ժոզեֆ Մեյլան ներկայացրել է Ֆրան-սիայի պաշտոնական շրջանակների բավականին ընդարձակ պատկերացումները Թուրքիայի արդի արտաքին քաղաքականության վերաբերյալ, որոնք, իհարկե, արտացոլում են միայն պաշտոնական դիրքորոշումը, որի հետ հարկ է հաշվի նստել, բայց որը հեռու է իրականությունից, թուրքական քաղաքականության և հավակնությունների մասին Փարիզի իրական պատկերացումներից։ Ըստ փորձագետների, Թուրքիան վարում է կառուցողական քաղաքականություն. Աֆղանստանում` պաշտպանելով Արևմտյան ընկերակցության շահերն ու անվտանգությունը, հարաբերություններ ստեղծելով տեղի հանրային խմբերի հետ, մեծ ավանդ մուծելով բանակաշինության և անվտանգության համակարգի կայացման գործում, Բոսնիայում և Կոսովոյում` չեզոքացնելով արմատական իսլամի ազդեցությունը, Իրաքում` լինելով ներդրումների կատարման առաջատար, համագործակցելով սուննիների, քրդերի, երբեմն էլ շիաների հետ, սահմանափակելով Իրանի ազդեցությունը, զարգացնելով հարաբերությունները Սիրիայի և Լիբանանի հետ, նաև ճշգրտումներ մտցնելով Իրանի հետ այդ երկրների համագործակցության մեջ։ Նույն ոգով փաստարկներ են բերվում այլ տարածաշրջաններում Թուրքիայի արտաքին քաղաքականության առնչությամբ։ Միաժամանակ Ժոզեֆ Մեյլան նշում է, որ Թուրքիայի վարքագիծը Իսրայելի հետ հարաբերություններում ամենևին արդարացված չէ և լրացուցիչ լարվածություն է մտցրել տարածաշրջանում տիրող իրադրության մեջ։ Նշվում է նաև, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության մեծացումը չի կարող նշանակել, թե տարածաշրջանի երկրները սահմանափակում են իրենց հարաբերությունները Արևմուտքի ու եվրոպական պետությունների հետ։ Օրինակ, վերջին ժամանակներս Ֆրանսիան կարգավորեց իր հարաբերությունները Սիրիայի հետ, որոնք խաթարվել էին Լիբանանի վարչապետ Ռ. Հարիրիի սպանության պատճառով։ Դա վկայում է, որ տարածաշրջանը չի կարող դիտարկվել որպես Թուրքիայի ազդեցության գոտի։
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության առնչությամբ ֆրանսիական և եվրոպական քաղաքականության մեր վարկածը հասկանալու համար անհրաժեշտ է քննության առնել, թե որքան է այդ առումով եվրոպական քաղաքականությունը զուգորդվում ամերիկյանի հետ, որն ունի բավականին մանրամասնորեն մշակված ռազմավարություն Թուրքիայի նկատմամբ։ Հակիրճ շարադրենք Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի գործող ռազմավարության մեր վարկածը. ԱՄՆ-ը չի շտապում ձևավորել իր քաղաքականությունը Թուրքիայի առնչությամբ, և չի աշխատում խիստ սահմանափակել նրա նվաճողամտությունն առանցքային տարածաշրջանների նկատմամբ։ ԱՄՆ-ը սպասում է, մինչև այդ ճնշումն ավելի լուրջ առճակատման հանգեցնի խոշոր պետությունների հետ, և դա նրա մարտավարությունն է։ Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ-ը շարունակում է հուսալ, որ Թուրքիան «կվերադառնա» Արևմուտքի հետ նախկին հարաբերություններին, և չէր ցանկանա ողբերգություն սարքել ներկա իրադարձություններից։ Միաժամանակ, ԱՄՆ-ն օգտագործում է տարածաշրջանային խոշոր տերությունների, օրինակ, Եգիպտոսի ու Սաուդյան Արաբիայի տրամադրություններն ու շահերը, որոնք ձգտում են զսպել Մերձավոր Արևելքում Թուրքիայի նվաճողամտությունը։ Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարությունն ավելի շատ է հիշեցնում «զսպման» մի տարբերակ, որը ենթադրում է ներդաշնակ գործողություններ, հանդիպակաց քայլեր ու ճնշման եղանակներ։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ