«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՌԵԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՌԵԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
04.03.2011 | 00:00

2010 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Աստանայի վեհաժողովում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հնարավորինս ձգտում էին նվազեցնել այն վնասը, որ WikiLeaks-ի հրապարակումները կարող էին պատճառել երկու երկրների պատմականորեն սերտ հարաբերություններին: WikiLeaks-ի գաղտնազերծած փաստաթղթերը ներկայացնում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կոշտ քննադատությունը Թուրքիայի կառավարող «Արդարության և զարգացման կուսակցության» հասցեին, Ալիևը կուսակցության արտաքին քաղաքականությունն անվանում էր նաիվ ու սխալ: Այդ անկեղծությունը հաստատում էր, որ «մեկ երկիր, երկու պետություն» հռետորաբանությունը թաքցնում է լարվածությունն ու միմյանց չհասկանալը: Այնուհանդերձ, լավ մշակված լինելով` տեղեկատվության արտահոսքը կարող է օգնել ավելի ամուր և հասուն հարաբերությունների հաստատմանը Թուրքիայի ու Ադրբեջանի միջև:
2009-ի դեկտեմբերին ժնևյան արձանագրությունների ստորագրումը, իբրև թուրք-հայկական մերձեցման մաս, ադրբեջանցիների համար դարձավ բարեկամության անթաքույց ու կոշտ ստուգում ռեալ պայմաններում: Այդ քայլը, որ կատարվեց առանց Ադրբեջանի ու Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցում էական առաջընթացի, Բաքվում գնահատեցին իբրև թուրք դաշնակցի դավաճանություն: Բայց անկախ նրանից, թե Բաքվում ինչ էին մտածում, թուրքերը չդավաճանեցին իրենց ադրբեջանցի եղբայրներին հանուն Եվրամիության, որին ուզում են անդամակցել, կամ էլ այն պատճառով, որ հնարավորություն չտան ԱՄՆ-ին պաշտոնապես ճանաչելու 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն: Հակառակը, վերջին մի քանի տարիների փոփոխությունները թուրքական հասարակության մեջ, այլ ոչ թե արտաքին ճնշումը, ճանապարհ հարթեցին թուրք-հայկական մերձեցման համար: Թուրքիայում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների պայմաններում հին տաբուները փլուզվում էին և առաջին անգամ 1915 թ. իրադարձությունների պաշտոնական մեկնաբանությունը սկսեց փոխվել: Ինտելեկտուալ վեճերին զուգորդվեցին մշակութային և գեղարվեստական հարստացնող փոխանակումներ: Առավել մեծ թվով մարդիկ Թուրքիայում սկսեցին բացահայտ վերականգնել իրենց հայկական արմատները: Հայկական հարցը Թուրքիայի համար դարձավ ոչ միայն արտաքին քաղաքականության հարց, այլև սեփական բազմազգ և բազմամշակույթ պատմության և ազգային ինքնության հետ հաշտության հարց: Ադրբեջանցիների համար խելամիտ կլիներ ընդունել ի գիտություն այդ նրբերանգը և հրաժարվել այն ակնկալիքներից, որ Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությունը ադրբեջանական շահերով է պայմանավորվում:
Եթե ադրբեջանցիները սխալ գնահատեցին ներքին պատճառներով տեղի ունեցող գործընթացը, թուրքերն էլ չկարողացան ռեալիստորեն գնահատել ադրբեջանցիների անհանգստությունը: Թուրքիան կարծում էր, որ Հայաստանի հետ համաձայնության արդյունքում ձեռք բերված լծակները Հարավային Կովկասում ձեռնտու են և Ադրբեջանին: Ենթադրվում էր, որ Բաքուն կհետևի Անկարայի նախաձեռնությանը, քանի որ Ադրբեջանը բոլոր դեպքերում Թուրքիայից մերձ դաշնակից չունի: Այս վերլուծությունը թվում է շատ արմատական, բայց Թուրքիայի կառավարությունը «Արդարության և զարգացման կուսակցության» գլխավորությամբ չափազանց վստահ էր ադրբեջանցիների վրա իր ազդեցությանը:
Այդ են վկայում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ինքնաշնորհավորական դիտարկումները Բաքվում արձանագրությունների պատմության կիզակետում: Իրականում Ադրբեջանը երբեք առիթ չի տվել հավատալու, որ երբևէ կողջունի թուրքական հաշտեցումը հայերի հետ, քանի դեռ որևէ առաջընթաց չկա Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական օկուպացված տարածքներից հայկական զինուժի դուրսբերման հարցում: Այդ պատճառով Թուրքիայի պահվածքը Բաքուն գնահատեց իբրև Ադրբեջանին վախեցնելու մեծամիտ փորձ` ստիպելով ընդունել այն, ինչ համապատասխանում է բացառապես թուրքական արտաքին քաղաքական շահերին: Թուրքիային գազամատակարարումը դադարեցնելու Ադրբեջանի հետագա սպառնալիքները և Ռուսաստանի հետ կարևոր գազային համաձայնագրերի կնքումը փորձ էին թուրքերին հասկացնելու, որ Ադրբեջանն ունի և թուրքական քաղաքականությանը աներկբա հետևելու այլընտրանք:
Ադրբեջանի հասարակական արձագանքի խորքն ու լարվածությունն արձանագրությունների ստորագրման պատճառով երևակեցին շատ ավելին, քան պարզապես դիվանագիտական տարակարծությունն է: Ադրբեջանում մեծանում են դժգոհությունն ու զայրույթը այն թուրք քաղաքագետների, կրոնական գործիչների ու բիզնեսմենների նկատմամբ, ովքեր Ադրբեջանը համարում են Թուրքիայի շարունակությունը: Երկու երկրներն էլ ունեն լեզվի ու մշակույթի ընդհանրություններ, ադրբեջանցիները, այնուհանդերձ, ունեն սեփական բազմաշերտ ինքնագիտակցությունը` իրանյան, ռուսական, եվրոպական և կովկասյան ուժեղ ժառանգությամբ, որը նրանց բաժանում է Թուրքիայից: Ավելին, այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հիանում են Թուրքիայի տնտեսական դինամիզմով ու ռազմական խիզախությամբ, նրանք նաև զգում են, որ իրենց սեփական հասարակությունը առավել առաջադիմական է գրագիտության ավելի բարձր մակարդակի պատճառով, շնորհիվ առավել խոր աշխարհիկության և կանանց էմանսիպացիայի առավել բարձր մակարդակի: Նրանք հպարտանում են, որ մուսուլմանական աշխարհում առաջին աշխարհիկ ժողովրդավարական պետության հայրենիքն են, որտեղ բեմադրվել է առաջին թատերական ներկայացումը և առաջին օպերան` այս փաստերը միանգամայն անհրաժեշտ են նրանց ինքնաճանաչումը հասկանալու համար: Այս համատեքստում «Մեծ եղբայր» Թուրքիայի ցանկացած հովանավորչություն Ադրբեջանում կանխատեսելի վատ է ընդունվում: Երկու երկրներում քաղաքական տարբեր համակարգերը և նրանց արտաքին քաղաքական կողմնորոշիչներն առավել բարդացնում են պատկերը: Ադրբեջանական կառավարությունը վերջին տարիներին հետևողականորեն նվազ հանդուրժող է դարձել տարակարծության նկատմամբ, այնքան, որ վերջին ընտրություններից հետո ընդդիմությունն ընդհանրապես ներկայացված չէ խորհրդարանում: Միևնույն ժամանակ արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը զարմանալիորեն խելամիտ ու արևմտամետ է: Ի տարբերություն` Թուրքիան կարող է հավակնել առավել ժողովրդավարական երկիր համարվելուն, քան Ադրբեջանը, բայց Թուրքիայի ներքին քաղաքականությունը ենթակա է «Արդարության և զարգացման կուսակցության» բացասական ազդեցությանը` նրա գործիչները հաճախ ցանկալին իրականի տեղ են ընդունում, նաև Իսրայելի, Իրանի, Սուդանի հետ հարաբերություններում իսլամիստական շեղման, ՀԱՄԱՍ-ին աջակցության պատճառով:
Այս ամենի հետևանքը դարձել է Թուրքիայի ու Ադրբեջանի միմյանցից հեռացումը միջազգային ու ներքին քաղաքական մի շարք հարցերում: Ադրբեջանը, օրինակ, սերտ հարաբերություններ է պահպանում Իսրայելի հետ` հրեական պետության հետ Թուրքիայի վեճից հետո: Ադրբեջանը շատ ավելի է քննադատում Իրանի ներկա ղեկավարությանը, քան Թուրքիան, և նրա քաղաքականությունը Իրանի նկատմամբ նույնական է Արևմուտքի հետ: Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, շատերն են Թուրքիայում Ադրբեջանը համարում ավտորիտար նավթապետություն, որն ապրում է առանց հաշվի առնելու այնպիսի իրողություններ, ինչպես օրենքի գերակայությունը: Ադրբեջանցիներն իրենց հերթին, նույնիսկ սեփական կառավարությանը լրջորեն քննադատողները, սովորաբար չեն տեսնում «Արդարության և զարգացման կուսակցության» կողմից «չափավոր իսլամիստական» ոչ մի ծառայություն: Ադրբեջանցի ազատականները, որ ժամանակին հույսեր էին փայփայում, թե Թուրքիայի եվրաինտեգրումը դրականորեն կազդի Ադրբեջանի վրա, հիմա տագնապով տեսնում են, որ արտահայտվելու ազատությունը առավել լուրջ սպառնալիքի տակ է ԱԶԿ-կան Թուրքիայում:
Այնուամենայնիվ, ամեն ինչ այդքան մռայլ չէ: Թուրքերն ու ադրբեջանցիներն առաջվա նման առավել ջերմ են վերաբերվում միմյանց, քան որևէ մեկին աշխարհում: Երկու երկրներն էլ ընդհանուր մեծ շահեր ունեն տարածաշրջանային անվտանգության, առևտրի և էներգետիկ համագործակցության ոլորտներում: Մեծանում են մշակութային ու կրթական փոխանակումները: Բայց վերջին վերելքներն ու վայրէջքները վկայում են, որ ռոմանտիկ փուլը «մեկ ազգ, երկու պետություն» թեմայով ավարտվել է: ժամանակն է առավել ռեալիստական և առավել հասուն գործընկերություն զարգացնելու:
"Hurriyet"
Տպագրության պատրաստեց
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1225

Մեկնաբանություններ