ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքականության մեջ մշտական գլխացավանքը ահավոր բան է

Քաղաքականության մեջ մշտական  գլխացավանքը ահավոր բան է
06.04.2012 | 00:00

ՈՒսումնասիրություններ անցկացնելով ԱՄՆ-ում, ես փորձում էի ամերիկացի հետազոտողների հետ երկխոսել Հարավային Կովկասի և առհասարակ նախկին խորհրդային տարածքների խնդիրների շուրջ, մի թեմա, որի մասին ԱՄՆ-ում խիստ մակերեսային պատկերացում ունեն։ Դա վերաբերում է այն սակավաթիվ փորձագետներին, ամբիոններին ու հետազոտական հաստատություններին, որոնք զբաղվում են Արևելյան Եվրոպայով ու Եվրասիայով։ Այդ մակերեսային դատողությունները չեն կարող որակյալ ծառայություն մատուցել ԱՄՆ-ի կառավարությանն ու ամերիկացի քաղաքական գործիչներին։ Ես գոհունակությամբ եմ նշում, որ ԱՄՆ-ում սկսել են ավելի լրջորեն վերաբերվել Հայաստանին, հասկանալով, որ Արևելյան Եվրոպայի պետությունների հանդեպ կիրառվող եղանակները անընդունելի են Հայաստանի պարագայում, որը, չնայած բազում դժվարություններին, իրենից ուժեղ պետություն է ներկայացնում։ Իմ դասախոսություններում ու բանավեճերում ես օգտվում էի այն տեղեկություններից, որ ստանում էի ԱՄՆ-ի իմ ընկերներից, բարեխիղճ փորձագետներից, և հուսով եմ, որ լավ եմ պատկերացնում նրանց քաղաքական հայացքները Հայաստանի առնչությամբ։
Հայաստանյան կուսակցությունների ընդդիմադիր դաշնախումբը շատ լրջորեն է նախապատրաստվում մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին։ Ենթադրվում է, որ ընդդիմությանը կհաջողվի կազմակերպել հոծ հանրահավաքներ, բայց հազիվ թե այդ թիվը հասնի կրիտիկական զանգվածի։ Գուցե առավելագույնը հնարավոր լինի հավաքել 10-15 հազար մարդ։ Հարցը նույնիսկ թիվը չէ, այլ այդ խավի որակական մակարդակը։ Կասկած չկա, որ դրանք կլինեն անհուսալիորեն ապադասակարգայնացած տարրեր, հերթապահ խմբեր։ Նման կազմով հեղափոխություններ չեն արվում։ Բայց պետք է ասել, որ միտինգավորները, համենայն դեպս, ընդդիմության երեք ռեսուրսներից մեկն են։
Հաջորդ ռեսուրսը արտաքին ֆինանսական հատկացումներն են։ Այս հարցում լիակատար պարզություն է, և հովանավորները ջանացել են, որ այս անգամ դրամական մուտքերն առավելագույնս օրինական ու թափանցիկ լինեն։ Ընդդիմության հիմնական ֆինանսները հիմնադրամներն են, մասնակցում են նաև ԱՄՆ-ի առավել հարուստ հայկական ընտանիքները։ Միջոցները փոխանցվում են մասամբ օրինական ճանապարհով, այսինքն` կասկածելի մտավոր ծառայությունների դիմաց, մասամբ էլ միանգամայն անօրինական, այսինքն` կանխիկ, մասնավոր անձանց միջոցով։ Հենց վերջերս գաղտնի շրջանակներում լուրեր են պտտվել Կանադայի մի քաղաքացու մասին, որը, իբր, ինչ-որ բողոքական կազմակերպության նախագծի կատարման անվան տակ ապօրինաբար, քաղաքական նպատակներով, Հայաստան է բերել 300 հազար դոլար։ Օգնությունը հաճախ օրինականացվում է ընդդիմությանը կազմտեխնիկա, ավտոմեքենաներ նվիրելու, գրասենյակային տարածքներ վարձակալելու ձևով։ Հետաքրքրական է, որ այդ արտաքին օգնության ճնշող մասը ստանում են ոչ թե ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, այլ տարբեր հասարակական կազմակերպությունների որոշ գրասենյակներ, առանձին գործիչներ, որոնց ՙհասարակական գործունեությունն՚ այնքան էլ թափանցիկ չէ, առանձին տեղական հեղինակություններ, որոշ գումարներ ստանում են մտավոր շրջանակների վրա ազդեցություն գործող գիտական և ուսումնական հաստատությունների աշխատողներ։ Տպավորություն է ստեղծվում, որ նոր ընդդիմության ստեղծման աշխատանքներ են կատարվում։ Անսպասելի չի լինի, եթե փորձեր արվեն կաշառելու ոստիկանության և ազգային անվտանգության բարձրաստիճան և ոչ այնքան բարձրաստիճան պաշտոնյաների։
Երրորդ ռեսուրսը քարոզչությունն է և Հայաստանի իշխանությունների վրա արտաքին ճնշումը։ Ամերիկյան փորձագետների հետ զրույցներից կարելի էր հասկանալ, որ ՆԱՏՕ-ի ծրագրերին ու խաղաղարար նախագծերին Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ընկալվում է որպես սկզբունքային զիջումներ։ Բանն այն է, որ Հայաստանի մասնակցության տրամաբանությունն ամենևին կապված չէ այդ խնդրի հետ։ Հայաստանին անհանգստացնում է սպառազինությունների մրցավազքը տարածաշրջանում (հիմա արդեն նաև Վրաստանի մասնակցությամբ) և նա հարկադրված է ամեն ինչ անել շատ հետ չմնալու համար։ Շտաբների միացյալ կոմիտեի ներկայացուցիչները շատ պատրաստակամորեն ձգտում են Պենտագոնում մշտապես սատարել Հայաստանին, որին այնտեղ այնքան էլ չեն համակրում։ ԱՄՆ-ի գեներալակազմը Հայաստանի հանդեպ համակրանք ունի` ի տարբերություն մեր հարևանների, և դա վարակում է ամերիկացի սպաներին։ Այսինքն, բանն ամբողջովին հանգում է իրատեսությանը, երկյուղներին ու հոգեբանական հարմարավետությանը։ Բայց, պարզելով ճշմարիտ իրադրությունը, ամերիկացի դիվանագետները նորից սկսում են սադրանքներն ու հարձակումները։ Պետք է ասել, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, այնուամենայնիվ, սովորել է անտեսել այդ ճնշումը, թեև մի երկու անգամ այն լուռ խուճապ է առաջացրել։ Ձեռք բերված փորձի հիման վրա ընդդիմության բոլոր երեք ռեսուրսները պետք է համարել անլիարժեք։ Նա պետք է գործի գոնե ինքնապահպանման և քիչ թե շատ ապահով գոյատևման համար միջոցներ ստանալու ակնկալիքով։ Չնայած ռուսական դեսպանության զեկույցների պարունակած ավելի նպաստավոր ակնկալիքներին, ընդդիմության առաջնորդներն իրենց քաղաքականությունը չեն համադրում Ռուսաստանի քաղաքականությանը և բավականին սերտորեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ։ Ոչ թե Արևմուտքի, այլ հենց ԱՄՆ-ի հետ։ Ընդդիմադիրներին հասկանալ կարելի է, որովհետև Ռուսաստանն այդպես էլ ոչ մի կոնկրետ ու պարտավորեցնող բան չի առաջարկել։ Հայաստանում Մոսկվան այժմ ներկայացնում է մի հայտնի արկածախնդիր, որի վերջը վատ կլինի։ Հնարավոր է, հենց այդ նպատակն էլ հետապնդվում է։ Իսկ առհասարակ, հայ հասարակության առջև մի կարևորագույն խնդիր է ծառացել` ստեղծել նոր քաղաքական և հասարակական կազմակերպություններ, որոնք լինեն ծանրակշիռ, ավելի ազնիվ ու սկզբունքային։ Ներկա ընդդիմադիր ժամավաճառությունն արդեն շատերին է ձանձրացրել։ Ոչ ոք ոչ ոքի չի վստահում, իրենք իրենց չեն հավատում, և դա միակ բանն է, որ ճիշտ են անում։
Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ ԱՄՆ-ը չի հրաժարվել Հայաստանի ղեկավարության վրա ճնշում գործադրելու նպատակից և, անտարակույս, մշակել է Հայաստանն իրենով անելու ծրագիր։ Առաջադրվում է երեք-չորս հանգամանք. ԱՄՆ-ը ճնշում չի գործադրում ԼՂՀ-ի վրա և անգամ հնարավոր մասնակի ճանաչման ակնարկներ է անում։ ԱՄՆ-ը համաձայն է աշխատելու նաև ոչ ժողովրդավար համարվող Սերժ Սարգսյանի հետ` փոխըմբռնման պայմանով (սա կարող է շատ կարևոր լինել)։ ԱՄՆ-ը կարող է չտեսնելու տալ Մերձավոր Արևելքի երկրների հետ Հայաստանի հարաբերությունները։ ԱՄՆ-ը չի առարկում հայ-ռուսական համագործակցությանը և ենթադրում է Կենտրոնական Եվրասիայի երկրներում Ռուսաստանի հետ համատեղ ռազմական ներկայության պրակտիկա հաստատել, բայց այլ կերպ և ոչ թե այնպես, ինչպես եղավ Ղրղզստանի պարագայում։ Ամերիկացիները կարանք իդեալական պայմաններ են Հայաստանի համար։ Դա կարող էր այդպես լիներ, եթե չլիներ մի հանգամանք. ի՞նչ տեսք կունենա այդ սխեման մի 5-10 տարի հետո։ Հայաստանն այնքան քաղաքական ու տնտեսական հնարավորություններ չունի, որ շատ թե քիչ ինքնուրույն քաղաքականություն վարի այն պարագայում, երբ ԱՄՆ-ը գերիշխող դառնա ամբողջ տարածաշրջանում, իսկ Ռուսաստանի ներկայությունը լինի, այսպես թե այնպես, ձևական։
Շփվելով ԱՄՆ-ի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ամերիկացիները զարմանում են, որ նրանք լիովին անտեսում են Թուրքիայի դերը։ Հայաստանում և հայկական սփյուռքում կարծում են, որ Թուրքիան հակառակորդ է, ու վերջ։ Իսկ այդ հակառակորդը գործում է մշտապես ու երբեմն շատ նենգորեն։ ՈՒստի, վերլուծելով ներքաղաքական և արտքաղաքական խնդիրները, միշտ պետք է նկատի առնել նաև թուրքական գործոնը։ Թուրքիան համոզվել է, որ Հայաստանը չի կործանվում, այլ ոտքի է կանգնում, կատարելագործում է իր զինված ուժերը, մասնակցում է միջազգային ներմիավորմանը և չի կարող հաշտվել իր շահերի ոտնահարման հետ։ Քաղաքականության մեջ մշտական ՙգլխացավանքն՚ ահավոր բան է։ Հաճախ շատ անմտություններ են թույլ տրվում, ուստի պետք է աշխատել նաև անմիջականորեն Թուրքիայի հետ։
Ռուսաստանի հետ հարաբերություններն առայժմ լավ են, շատ կարևոր ու ռազմավարական առումով նշանակալի բաներ են արվում մեզ համար, մշտապես անցկացվում են քաղաքական խորհրդակցություններ, Ռուսաստանի պաշտոնատար անձինք հետևողականորեն կատարում են արտաքին քաղաքականության ոլորտի պարտականությունները։ Հայաստանում սովորել են հանգիստ վերաբերվել Ռուսաստանի ՙդավաճանական՚ դիրքորոշմանը եվրակառույցներում, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ռուսաստանի ղեկավարությունն ամեն կերպ կաջակցի Սերժ Սարգսյանին և նրա թիմին։ Ադրբեջանի կողմից Մոսկվայում ստեղծված բավականին ուժեղ սատարախումբը, փաստորեն, ի վիճակի չէ լուծելու Հայաստանի դեմ ուղղված որևէ խնդիր։ Ցավոք, այդ կասկածելի ադրբեջանական սատարախմբին անդամակցում են ակադեմիական շրջանակների որոշ փորձագետներ։ Դա ուղղակի ամոթալի է, որովհետև նրանք իրենց առջև բնավ էլ կառուցողական խնդիր չեն դնում։ Նրանք հեռու են ԱՄՆ-ում աշխատող սատարախմբերի գործունեության էթիկայից և ուղղվածությունից։ Միաժամանակ, հատկանշական է, որ ԱՄՆ-ում և Ռուսաստանում Հայաստանի բարեկամները միանգամայն այլ սկզբունքներ են դավանում, արտացոլելով իրենց պետությունների շահերը, ինչը և թույլ է տալիս նրանց արդյունավետ աշխատել երկար ժամանակ։
Այժմ, երբ եվրոպացիները ձգտում են իրենց քաղաքական ներկայությունն ունենալ Հարավային Կովկասում, Հայաստանի գլխավոր արտքաղաքական գործոնը դառնում է ամերիկա-ռուսական ՙդավը՚, որը տարածաշրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատման պայմաններում անգամ կոչված է պաշտպանելու Հայաստանի շահերը և ուղղված է այլընտրանքային ռազմավարությունների դեմ։ Ամերիկյան և ռուսական շահերը Հայաստանի հարցում առայժմ զուգադիպում են ու, հնարավոր է, դա երկար կտևի։ Այսպես թե այնպես, այդ հանգամանքը կարևոր քաղաքական ռեսուրս է Ս. Սարգսյանի համար։ ՙԱմերիկա-ռուսական դավի՚ կամ համաձայնության մասին միտքն ինձ հուշեց բարեկամներիցս մեկը` վաշինգտոնցի քաղաքական փորձագետ, և ես այդ ենթադրությանը, որոշ մտորումներից հետո, լիովին համաձայն եմ։
Պետք է ասել, որ քաղաքական կազմակերպությունների իշխանամետ խումբը կազմալուծված է և համատեղ գործողությունների ոչ մի հնարավորություն չունի։ Իրականում գոյություն ունի մի ոչ այնքան լավահամբավ խմբավորում, որը ներառում է իշխանությունն ու երեք քաղաքական կուսակցություններ, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպություն։ Խնդիրն այն է, որ այդ կուսակցությունները չունեն կոալիցիոն քաղաքականություն վարելու փորձ, և նրանց միջև չկա բավականաչափ համարժեք պայմանագիր ու կանոնակարգ։ Հնարավոր է, երեք կուսակցությունները հասկանում են, որ ժամանակն է վերաիմաստավորելու իրենց փոխհարաբերություններն ու իշխանությունների հետ հարաբերությունները։ Բայց նրանք քաղաքական գործունեության այլ տարբերակ չունեն։ Դաշնակցությունը, ՙՀանրապետական՚ կուսակցությունն ու ՙՕրինաց երկիրը՚ սպառել են կոալիցիոն ռեսուրսը։ Ահա սա է իշխանական կոալիցիայի և իշխանության հիմնական խնդիրը։ Ըստ երևույթին, կհաջողվի պահպանել կոալիցիան և հարաբերությունները նախագահի հետ, բայց դա որքա՞ն գործունակ կլինի հետագայում։ Կոալիցիայի միակ առաջընթացն այն է, որ հիմա արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ համաձայնեցվում է այդ կուսակցությունների հետ։ Նախագահ Ս. Սարգսյանն այնքան էլ չէր ուզում նոր կոալիցիա ստեղծել` ներգրավելով ազգայնական կազմակերպությունների ավելի լայն շրջանակ, որոնք ընդունակ կլինեին նոր նախաձեռնություններով հանդես գալու։ Հասարակության շրջանում անտեսվում են ՙնոր կազմակերպվածությունը՚, ՙնոր շահերը՚։ Պաշտոնական տեղեկատվությունը բացարձակապես սնանկ է, երկրի կառավարությունը չի կարողանում պատշաճ ձևով ներկայացնել անգամ սեփական քաղաքական և տնտեսական հաջողությունները, ինչը կապված է քաղաքական տեխնոլոգիաների կիրառման անհրաժեշտության համատարած արհամարհման հետ։
Այդուամենայնիվ, նախագահի շրջապատում կան մարդիկ, ովքեր հակված են արմատական միջոցներ ձեռնարկելու ընդդիմության նկատմամբ, ինչը շատ վտանգավոր է, որովհետև կտրված կլինի ընդհանուր պետական քաղաքականությունից։ Այդ շրջանակների համար շատ կարևոր է ոչ թե գործող ընդդիմությունը սոսկ տապալելը և նրան նորից ծիծաղի առարկա դարձնելը, այլ այս անգամ նրան ոչնչացնելը, անպետք նյութի վերածելը։ Դրա հետ մեկտեղ, կառավարող կոալիցիայի կուսակցությունների միջև պատշաճ համաձայնություն չկա արտաքին և ներքին քաղաքականության կարևոր շատ հարցերում։ Փաստորեն, ընդդիմության հետ ընդհանուր լուծումներ գտնելու իրական, լուրջ փորձեր չկան։ Ներքին հարցերում եղած խառնաշփոթը հանգեցնում է նրան, որ արտաքին քաղաքական խնդիրները չեն ըմբռնվում։ Սա տհաճ իրավիճակ է և կարող է հանգեցնել քաղաքականության չհամաձայնեցվածության։ Նման պայմաններում Հայաստանը շատ խոցելի է արտաքին ազդեցությունների դեմ։
Հայաստանում ուշանում է քաղաքական վերնախավերի շրջափոխությունը, որը պետք է տեղի ունենա` չնայած քաղաքական լճացման վիճակին։ Դա վերաբերում է ամբողջ քաղաքական խավին` և՜ իշխանամետ կուսակցություններին, և՜ ընդդիմությանը, ասենք նաև ավելի լայն ընդգրկման հասարակական-քաղաքական ուժերին։ Ռուսաստանում դա տեղի ունեցավ ոչ այնքան նկատելի, բայց տեղի ունեցավ, թեև, կարծես, բոլոր կուսակցություններն իրենց տեղում են և չեն ուզում զիջել իրենց դիրքերը։ ԱՄՆ-ում, օրինակ, ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում երկու առաջատար կուսակցությունների էշելոնների հերթափոխություն։ Հայաստանի քաղաքական վերնախավերն օժտված են նախկին խորհրդային շրջանի առանձնահատկություններով, բայց այդ ժամանակներն անցել են։ Այդ ՙհեղափոխական՚ սցենարում մեծ դեր կարող էր խաղալ նախագահը, որն արդեն ինչ-որ չափով ունի կառավարող կոալիցիա հյուսելու փորձ, բայց, երևում է, նա անձամբ ՙկտրուկ շարժումների՚ շահագրգռություն չունի։
Տարածաշրջանի իրողություններին քաջ ծանոթ ամերիկացի փորձագետները կարծում են, որ, արտաքին ազդեցության գործոնի կողքին, վրացի և ուկրաինացի ժողովուրդները, հավանաբար, մինչև վերջ չեն իրացրել իրենց քաղաքական կամքը, դրա համար էլ տեղի են ունեցել ՙգունավոր՚ և ՙվարդերի՚ հեղափոխությունները։ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ԽՍՀՄ-ում եզակի ազգային հեղափոխություն է արել, հաղթանակ տարել ազգային ազատագրական պայքարում և գործուն քաղաքականությունից հետևողականորեն հեռացրել է քաղաքական այն խմբավորումները, որոնք չափազանց շատ են կախված եղել արտաքին ուժերից։ Հայաստանը կարիք չունի ինքնաիրացման համար դիմելու արմատական քայլերի, կա այլ ուղի` զորեղ պետություն, քաղաքացիական հասարակություն և բարեհաջող տնտեսություն ստեղծելու։
Սակայն, ընդհանուր առմամբ, Հայաստանում տիրող իրավիճակը կարելի է բնորոշել որպես աննախանձելի, շատ խոցելի, ինչը, իհարկե, կապված է այն բանի հետ, որ երկրի տնտեսական և սոցիալական դրությունը հեռու է բարենպաստ լինելուց։ Հայաստանը սոսկ առաջին քայլերն է արել տնտեսական հաջողության հասնելու ճանապարհին։ Գլխավորը, որ հաջողվել է անել, տնտեսական և հասարակական կայունության հասնելն է։ Դրան զուգընթաց կատարվում է լայն կապիտալ շինարարություն, յուրացվում են ժամանակակից արտաքին շուկաներ։ Ցավոք, այդպես էլ չի հաջողվել ռազմավարական ներդրումներ ապահովել, բայց զարգացումը հնարավոր է նաև առանց ռազմավարական ներդրումների։ Ժամանակի ընթացքում այդ ներդրումային հնարավորությունները կառաջանան երկրի ներսում։ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը կառավարող նոր կոալիցիայի ստեղծումն է, որը պետք է լինի մարտունակ և ավելի սկզբունքային։

Իգոր
ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ