Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԵՐ ԼԻԲԵՐԱԼՆԵՐԸ
15.11.2011 | 00:00

Հայաստանյան քաղաքական դաշտում դասական եզրագծերը վաղուց վերացված են: Ոչ միայն գաղափարական պայքարի բացակայության, կոնյունկտուրային պատճառներով, այլև որ`
«ЛИБЕРАЛЫ НЫНЧЕ НЕ В МОДЕ»
Ճիշտ է, լիբերալիզմը դիկտատուրայի ամենալավ ձևն է և այն շատ պետքական եղավ աշխարհի պրոյեկտիստներին` ԽՍՀՄ-ը լիբերալիզմի անունից քանդելու համար, այնուհանդերձ, հենց միայն փիլիսոփայության տեսանկյունից փոփոխվող աշխարհին այլևս պետք չէ լիբերալիզմը. այն հնացած է:
Աշխարհակարգը շարժելու համար հին են նույնիսկ մայդանները, վարդերը և բոլոր կարգի նարինջները: Ինչն էլ ցույց տվեցին մերձավորարևելյան հեղափոխությունները: Որովհետև նախ` աշխարհի կառավարիչները թիթիզությունների հետևից ընկնելու ժամանակ չունեն. նրանք մի ձեռով թիթեռ են նկարում խեղդվող Եվրոպայի և ամերիկյան ՈՒոլ սթրիթի համար, զի ճգնաժամն ու նանոգործիքակազմը շատ ավելի արդյունավետ են աշխատում աշխարհի կարգը փոխելու, նոր ենթարկումի տանելու տեսանկյունից, մյուս ձեռքով էլ զբաղված են «միջուկային» զենքեր հայտնաբերելու ու «կանխարգելելու» անչափ ազնիվ գործերով:
Եվ այնուհանդերձ, Հայաստանը գնում է ընտրությունների, և, այսպես կոչված, լիբերալ գաղափարախոսությունը (եթե կուզեք` ծխածածկույթը) շատ անհրաժեշտ է այդ ընտրությունների արևի տակ տեղ գրավելու համար:
Թարսի պես էլ մեզանում այդ դաշտը գրեթե դատարկ է: Եթե ավելի ճշգրիտ` այնտեղ մեծ խառնաշփոթ է: Նաև այն պատճառով, որ լիբերալ ասվածը հիմնականում ասոցացվում է նաև արևմտյան ուղղվածության հետ: Ասել է` վեկտորալ նշանակության է:
Այսպիսով. ովքե՞ր են նրանք` մեր լիբերալները:
Հեծանիվ հայտնաբերած չենք լինի, եթե ևս մեկ անգամ «արձանագրենք». այդ ուժը դառնալու հավակնություններ է դրսևորում հենց իշխող կոալիցիան, իսկ եթե առավել ճշգրիտ` նրա ՀՀԿ-ական բաղկացուցիչը. ա) ոչ միայն այն պատճառով, որ դաշտն ազատ է, բ) այլև այդպես հարմար է և օգտակար` բոլոր առումներով:
Ճիշտ է, ՀՀԿ-ն շատ փառահեղ ու անմնացորդ կերպով զբաղեցրել է նաև պահպանողական դաշտը, բայց քանի որ նրա լիդերը շատ լավ է հասկանում, որ ապագան եվրոպական տիպի պահպանողական կուսակցություններինն է, փորձում է իրականացնել «ՊՉՈ Չ ՏՊվՏՎ» կոնֆիգուրացիան. երբ պահպանողական արժեքներին զուգահեռ նաև խոր ազատական ռելաքսացիա տեղի կունենա, ազգային բրենդը կհամալրվի համամարդկային, այսպես ասած` նոր ազատական արժեքներով:
Այո, ՀՀԿ-ն փորձում է հնարավորինս զբաղեցնել լիբերալ-պահպանողական դաշտը, ու եթե անկողմնակալ լինենք, ապա պետք է ասենք, որ հաջողվում էլ է: Գոնե հռչակումների և ծրագրերի, որոշ դեպքերում նաև` պրագմատիկ քայլերի առումով:
Այսպիսով, ՀՀԿ. այս կուսակցությունը (որ ասում ենք կուսակցություն` նկատի ունենք բացառապես Սերժ Սարգսյանին և նրա կողքին կանգնած «մի քանիսին», ովքեր մոտավոր պատկերացում ունեն, թե ինչ է ուզում և անում վերջինս` ՀՀԿ-ի ու «մնացածի» մասով) նախ լիբերալիզացիայի գնաց արտքաղաքական դաշտում. օրինակները հազար անգամ բերել ենք. Իրաք, Աֆղանստան, Կոսովո զորամիավորումներ ուղարկվեցին, ԵՄ ասոցացված անդամության բարձր «ցուցանիշներ» ունեցանք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն էր, իրանյան ուղղության խորացումն էր, Վրաստանի ուղղության (չնայած առկա որոշ «տարընթերցումներին») պահպանումն էր, EPP-ին էր, և այդպես շարունակ, և այդ բոլորը, իհարկե, Ռուսաստանի շահերի համադրմամբ:
«Լիբերալիզմի» հաջորդ հմայքները ՀՀԿ-ն կցուցանի առաջիկայում` բավականին հետաքրքիր քայլով. ինչպես խոստացել է Սերժ Սարգսյանը, պետությունն ու քաղաքականությունը գործարար աշխարհից «ազատականացնելու» մոտիվներում:
Ի դեպ, այդպես վարվեց նաև Ռուսաստանը, որը հայտնի գործարար Պրոխորովին «պրոխոդ» չտվեց կուսակցություն «կազմելու», ընտրություններին մասնակցելու, այնպես որ այս առիթով բողոքներ չպետք է որ լինեն: Սա` ի միջի այլոց:
ՈՒ ոնց երևում է` Սերժը չի նեղացնելու նաև նույն գործարարներին և առաջնորդվելու է «не везет вам в смерти, повезет в любви» անչափ «արդիական և լիբերալ» կարգախոսով: Ինչպես նկատեցիք, նա գործարարներին այլընտրանք է առաջարկում` իր մատնանշած և չգաղտնազերծած «մի մեծ ծրագրի» հետ կապված (մենք խոստանում ենք առաջիկայում «հետախուզություն» իրականացնել այս առնչությամբ, և ընթերցողին ներկայացնել` այդ ի՞նչ ծրագիր է, որ մեզնից գաղտնի է պահվում, մյուս կողմից էլ` համոզված ենք, որ, ի տարբերություն մյուս ծրագրերի, սա «աշխատող» է լինելու ոչ միայն այն պատճառով, որ գաղտնի է պահվում, այլև որ իշխողները տրանսֆորմացիա ապահովելու համար այլ ճանապարհ չունեն):
Ընդ որում, նույն «տեղում»` գործարարների միության համագումարում ասված «մույս» միտքը ևս լիբերալ թիրախավորման էր. «Գործարար միջավայրի ազատության խնդիրներով Հայաստանն աշխարհում, թերևս, միակ երկիրն է» (աչքներս տեսնի):
Լիբերալիզացիայի հաջորդ քայլը ներՀՀԿ-ական, ներիշխանական վերադասավորումներն ու կադրային փոփոխություններն են, երբ փորձ է արվում ՀՀԿ-ին ռեինկարնացիայի ենթարկել` ռեակցիոն ուժերին «by» ասելու միջոցով. ասել ենք` նրանց փոխարինելու են գալիս առավել մոբիլ մտածողության, դինամիկ կադրեր (Վիգեն Սարգսյան, Սամվել Նիկոյան, Վովա Գասպարյան…), ինչը դեռ շարունակվելու միտումներ կունենա` տարբեր «ռակուրսներով»:
Սակայն ամենահետաքրքիր լիբերալիզացիան, կարծում ենք, «տեղի կունենա», երբ ամբողջապես պատրաստ կլինի ՀՀԿ համամասնական ցուցակը` առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ: Երբ բոլոր կարգի «բազարներն» ավարտված կլինեն և հասկանալի կլինի` «who is who», և այսքան խոսվող տրանսֆորմացիան իրո՞ք ՀՀԿ-ում տեղի է ունենում, թե՞ ոչ:
Բոլոր դեպքերում, Միքայել Մինասյանի` նախընտրական շտաբում լինելու հանգամանքը խոսում է այն մասին, որ մեզանում համամասնական այդ ցուցակը լինելու է գրեթե այնպիսին, ինչպիսին էր Մեդվեդևի և Պուտինի կազմածը` Ռուսիո խորհրդարանական ընտրությունների «մասով»: Այն է` ՀՀԿ ոսկոր, պահպանողական մտածողություն ունեցող կորիզ, «լրացված» նոր սերնդով, ինչպես նաև անկուսակցականներով, չինովնիկական «պրելեստներից» չոսկրացածներով, որոնք պետք է կարողանան ապագա պառլամենտում բանավիճել, ասենք` գաղափարապես, ՀԱԿ և մնացած «լիբերալների» («Ազատ դեմոկրատնե՞ր», «Ժառանգությո՞ւն», ԱԺՄ՞. բոլոր այս բեկորների մասին` ներքևում) հետ:
Ավարտելով ՀՀԿ «լիբերալիզմի» մասին մեր գիտահանրամատչելի պատումը` վերջի համար արձանագրենք. «լիբերալ» կոչվող բրենդը գործիք է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, որպեսզի իրենց համակիր ուժերով այդ տարածքը լցնեն (երբեմն էլ` ականապատեն), մանավանդ որ տարածաշրջանն այսօր դարձել է թիվ մեկ առաջնահերթություն աշխարհի համար էլ, ու ոչ մի «պատրոն» (ուղղակի ու անուղղակի իմաստով) չի խնայվելու այս մեծ խաղում` տարածաշրջանը պահելու և Բաստիլի վերածելու տեսանկյունից:
Տե՛ս, թե ինչ պայքար է Իրանի շուրջ: Տե՛ս, թե ինչ է կատարվում Վրաստանում, ուր մի կողմից մեծահարուստ, Ռուսիո շահերը պահող միլիոնատերն է կանգնել լիբերալ դաշտում, բարեփոխիչ Սաակաշվիլու դեմ, որպես անչափ լուրջ մարտահրավեր, և միլիոնատիրոջ հաղթանակի դեպքում Վրաստանում հնարավոր է այդքան դժվար ձեռք բերված արևմտյան «վարդերի» ստատուս քվոն իսպառ խախտվի` հօգուտ Ռուսաստանի: Մյուս կողմից էլ Վրաստան է շտապում Ապաթուրայի ու Ռասմուսենի ՆԱՏՕ-ական էսկադրոնը` շատ արագ ռեժիմով Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրելու, դեպ «Յուրոփ» տանելու համար, որպեսզի, ինչպես 2008-ի օգոստոսին, բանը բանից չանցնի:
ՈՒ ոնց նկատում եք, ինչպես հատուկ է այս անչափ հետաքրքիր կուսակցություն ՀՀԿ-ին, վերջինս դիրքորոշվում է շատ հարմար ու արդյունավետ, և ինչպես կասեն ՀՀԿ-ն ու նրա լիդերին ահավոր չսիրողները` անչափ «ճկուն ու նախաձեռնողական»… ուզո՞ւմ եք, թե՞ չեք ուզում:
Այս փուլի համար:

«ԼԻԲԵՐԱԼ» ԲԱՌԸ «ԼԻԲԻԱ» ԲԱՌԻ՞Ց Է ԱՌԱՋԱՑԵԼ
Հասանք ՀԱԿ-ին: Այնքան, որքան խառն է այսօր ՀԱԿ-ը, թերևս միայն սոցիալիստացվող, Արևմուտքից անչափ սահուն և շատ վաղուց դեպ Ռուսիո ակունքներ տեղափոխվող ուժը կարող է իմանալ. ուր կա ոչ ավելի-ոչ պակաս 18 կուսակցություն` «մորթերը սև ու սպիտակ», գաղափարախոսությունները` տարբեր:
ՀԱԿ (որ ասում ենք, հիմա էլ նկատի ունենք բացառապես նրա լիդեր Լևոն Տեր-Պետրոսյանին, քանզի իրենց դեպքում ևս լիբերալիզմն ամենալավ դիկտատուրան է, և այնտեղ ևս գործում է «մեկ կամք, մեկ լիդեր» սկզբունքը, և, ի տարբերություն ՀՀԿ-ի, Լևոնը նույնիսկ «ծերակույտ» չունի. այնտեղ կամ պետք է Լևոնին աստված, լավ` կիսաստված համարել, կամ հեռանալ. ովքեր նրան համարում են «մեսիա»` առաջինը, Լևոնից հետո առաջինից մինչև տասներորդ տեղը պետք է «սրբորեն» դատարկ պահեն. նոր` տասից հետո կարող են տեղ զբաղեցնել, բայց ՀԱԿ-ի «դեպքը» յուրահատուկ է այնքանով, որ այդ չարաբաստիկ տասներորդ տեղի համար, թարսի պես, բոլորն են իրենց արժանի համարում` խորապես արհամարհելով ու բանի տեղ չդնելով մյուս տասներորդ- «տեղցուն». իսկ ահա կյանքը ցույց տվեց, որ նույն «լիբերալ» ՀՀԿ-ում շատերն էին վարչապետացու և նույնիսկ նախագահացու. նկատի ունենք ընդամենը երկու Կարեն Կարապետյաններին, ուրիշ ոչ մեկի):
Ահա և այս դեմոկրատիկ ու լիբերալ պայմաններում էլ («ես չե՜մ կարող աշխատել այսպիսի պայմաններում», բայց ստիպվա՛ծ եմ) պետք է դիտարկենք` որքանով է ՀԱԿ-ն իրականացնում «լիբերալիզացիոն» գործընթացները մեզանում:
(շարունակելի)
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ