ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԶՈՐԵՂԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՍ «ԸՆՏՐՎԵԼ» ՀՀԿ ԱՆԴԱՄ

ԶՈՐԵՂԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԵՍ «ԸՆՏՐՎԵԼ» ՀՀԿ ԱՆԴԱՄ
26.07.2011 | 00:00

Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով քրեական գործ է հարուցվել: Նախապես չեմ ցանկանում որևէ կողմ կամ դեմ դատողություն անել, կամ մեկնաբանել` «զակազ» է, թե ռեալ իրողություն, որովհետև համոզված եմ, որքան էլ փուչիկը փչեն, թեկուզ «զակազով», միևնույն է, այն պայթելու է, որովհետև փուչիկ է։ ՈՒրեմն առաջ չընկնենք Վարդգես Հովակիմյանի նման, որը, չգիտես ինչու, իսկույն նետվել է ձեռնամարտի (մարդ Աստծո, եթե հավատացած ես քո անմեղությանը, հպարտորեն տար «կեղծ» մեղադրանքները և հպարտորեն էլ ժխտիր դրանք) և կողքից է մեղադրում այս կամ այն պաշտոնյային: Ավելին ասեմ, Հովակիմյանը փորձում է բանը հասցնել սարկազմի (որ իբր ինքը սպանել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Մհերյանին)` ցուցաբերելով իրավական տհասություն: NEWS.am կայքին տված հարցազրույցում, լրագրողի հարցին` պարոն Հովակիմյան, այսինքն` Ձեզ ասել են, որ Դուք մեղադրվում եք Մհերյանի սպանության մեջ, պատասխանում է` հեն ա, գրված ա` սպանության փորձ, մահափորձ:
Ասեմ, պարոն Հովակիմյան, եթե նման «գրագիտությամբ» ես պաշտպանելու քեզ, խորհուրդ կտայի փաստաբան վարձել: Մհերյանին սպանել են, այսինքն` հանցակազմն ավարտվել է։ Իսկ «սպանության փորձ», «մահափորձ» արտահայտությունները հուշում են, որ դրանք չավարտված հանցակազմ են: Անսա խորհրդիս և կատարիր համապատասխան եզրակացություն. քո կատարած գործողություններն ավարտվա՞ծ են, թե… «զակազի» մեջ են (իմա` ավարտվա՞ծ են կատարած արարքներդ, թե՞ պատվերի մեջ են)։
Կայքին տված Հովակիմյանի մտքերը հասնում են զավեշտի: «Շարունակո՞ւմ եք հանրապետական կուսակցության անդամ մնալ»,- հարցնում է լրագրողը:
-Այո, միանշանակ հանրապետական կուսակցության շարքերը ընտրվել եմ (ընտրվել եմ, կարծես բաց կամ փակ քվեարկությամբ է ընտրվել և ոչ թե ընդունվել- Ս. Հ.): 1999-ին Վազգեն Սարգսյանն է ինձ կանչել և ասել, որ պարոն Հովակիմյան, դու պետք է մտնես հանրապետական կուսակցություն,- հնչում է պատասխանը։
Տեղին է նշել, որ երբ 2008-ին ընտրվեցի Այգեստանի գյուղապետ, նույն պարոն Հովակիմյանն ինձ առաջարկեց մտնել հանրապետական կուսակցություն, ինչին հետևեց իմ պատասխանը.
-Ես եղել եմ կոմունիստ և հարյուր կաշի չեմ փոխում: Իսկ դու, պարոն Հովակիմյան, ոչ թե համոզմունքով, այլ զորեղի առաջարկությամբ ես «ընտրվել» այդ կուսակցության անդամ:
Հովակիմյանն իր հարցազրույցում, կարելի է ասել, կորցնում է բանականության ամեն մի սահման և մեղադրում` ում կարող է: Ես չեմ պատրաստվում պաշտպանելու նրա «մեղադրյալներին», բայց մեկի (որի հետ անցել եմ 20-ամյա ճանապարհ և որին ճանաչել եմ կյանքի բարդ ու դժվարին ժամանակներում) առնչությամբ չեմ կարող լռել:
«Այդ պարոն Լոնդիկը», պարոն Հովակիմյան, 1992 թվականի ծանր տարիներին, երբ դու և քո շատ պարտայգենոսներ Արտաշատում կապիտալի նախնական կուտակմամբ էիք զբաղված, նա Սյունիքում ոչ թե ձևականորեն, այլ կոնկրետ գործողություններով, նաև սեփական ունեցվածքի հաշվին զենք էր հայթայթում թշնամու դեմ կռվելու համար։
1992-ին, երբ հակառակորդի ինքնաթիռը ռմբակոծեց Կապանը, և ռումբն ընկավ միլիցիայի շենքից մի փոքր հեռու գտնվող բեսեդկայի վրա, որին զոհ գնաց միանգամից 16 մարդ, և հաջորդ օրը, թե ինչ խուճապ էր Կապանում և ինչպես էին շատերը հեռացնում իրենց ընտանիքը Երևան, այդ նույն Լոնդիկը ոչ միայն ընտանիքը չփախցրեց Կապանից, այլև շրջում էր Կապանի փողոցներում (ականատեսը ես եմ եղել) և փորձում էր ոչ միայն կանխել խուճապը, այլև հավատ ներշնչել ժողովրդին, թե` ժողովո՛ւրդ, պատերազմում մարդիկ են մահանում, ողբերգություն է պատերազմը, սակայն մենք հաղթելու ենք, որովհետև արդար ենք: Եվ հաղթեցինք, որովհետև Լոնդիկի նման հողին կպած մարդիկ շատ էին: Այդ մարդն անցել է կառավարման հիանալի ճանապարհ և այսօր Արարատի մարզպետ է: Դու էլ ես ճանապարհ անցել: Շրջկոմի դատարկ շշերի պահեստապետ, էլի պահեստապետ, Արտաշատի քաղաքագլուխ, կադաստրի պետ, մարզպետ: Հիմա համեմատիր քո և նրա անցած ճանապարհները և նոր ասա` «պարոն Լոնդիկ»:
Ի՞նչ տարբերություն քո և նրա կառավարման միջև: Ցանկացած պաշտոնյայի աշխատանքային գործունեության մեջ կան բացահայտ և ոչ բացահայտ կողմեր: Մեջբերեմ մի ոչ բացահայտ կողմի մասին, որ կար քո գործունեության ժամանակ: Ցանկացած շինարարության (որ կատարվում էր գյուղերում) գումարի 5 %-ը մարզպետարանինն էր: Այդպե՞ս է, թե՞ ոչ: Երբ նոր ընտրված գյուղապետիս ասացին գոյություն ունեցող կարգի մասին, ակամայից ապշեցի և ասացի` ինձնից անցեք, չեղած տեղից շինարարություն եմ անում, դրա համա՞ր էլ պիտի 5 % վճարեմ: Երբ Լոնդիկը մտավ մարզպետարան, 5 %-ը չքացավ: Ինչո՞ւ: Որովհետև Բարսեղյանը հավատում է երկրի նախագահին և չի կարող նրան խաբել: Բնական է, 5 %-ից զրկվածները պիտի Բարսեղյանին ատեն: Բայց դա փույթ չէ: Բարսեղյանը հավատում է իր մարզի գյուղապետերին: Մարզխորհրդի նիստերի ժամանակ Բարսեղյանը երբեք բարձր ամբիոնից չի հոխորտացել գյուղապետերի վրա, որովհետև լավ է հասկանում գյուղերում առկա բոլոր ծանր պրոբլեմները։ Բարսեղյանին են վերաբերում մարզի կենսական պրոբլեմները` սկսած խմելու ջրից, վերջացրած ոռոգման հարցերով: Բարսեղյանը չի մտածում վատամարդ լինելու մասին ՋՕՄ-երի ղեկավարների հետ: Փակագիծը չեմ բացում, կարծեմ կհասկանաս միտքս: Բարսեղյանը չի ճնշում որևէ մեկի կարծիքը: Իսկ դո՞ւ: Երբ հոդված էի գրել ջրային պետական կոմիտեի նախագահի անգործության մասին, զանգահարեցիր և փորձեցիր ճնշել ինձ, թե` քեզ ով է թույլ տվել: Քանի որ տեղը եկել է, էլի շարունակեմ, պարոն Հովակիմյան, ի՞նչ արժանիքի համար Այգեստանի դպրոցի պաշտոնակատար նշանակեցիք մեկին, որը որակավորման քննություններում որևէ հարցի չի պատասխանել, և ո՞վ և ինչո՞ւ է առայսօր (փակագծերը չեմ ցանկանում բացել) ստիպված պաշտպանում նրան: Գուցե այդ մեկը վախենում է փուչիկի պայթելուց: Քո խնամուն, բարձրագույն կրթություն չունեցողին, նշանակեցիր Այգեստան գյուղի մանկապարտեզի տնօրեն: Ինչո՞ւ: Այստեղ գուցե ասես, թե հրամանը դու չես տվել: Շնորհակալություն մանկապարտեզի վերանորոգմանն աջակցելու համար:
Ճիշտ է, ընկածին չեն խփում: Ես քեզ չեմ խփում, պարոն Հովակիմյան, պարզապես ասում եմ` վեհորեն տար խաչդ: Ժամանակին հպարտորեն տարել եմ հարուցված քրեական գործը, աշխատանքից ապօրինի հեռացվել եմ և էլի շատ բաներ: Մեզնից և ոչ մեկը Քրիստոսից ավելին չէ: Ինչպիսի վեհությամբ նա տարավ իր խաչը Գողգոթա: Իսկ դո՞ւ, ինչպես ասում ես` «զակազով փուչիկ են փչել», չես դիմանում այդ փուչիկի ծանրությանը և աջ ու ձախ մեղադրում ես բոլորին:
Մարդ աստծո, հպարտորեն կրիր քո խաչը:

Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Այգեստանի գյուղապետ

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ