ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՔԱՐԻ ԴԱՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՎԵՐՋԱՑԱՆ ՔԱՐԵՐԸ»

«ՔԱՐԻ ԴԱՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՈՉ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ, ՈՐ ՎԵՐՋԱՑԱՆ ՔԱՐԵՐԸ»
02.12.2011 | 00:00

Արաբական հեղափոխությունների շարքի, Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ բարձրացված աղմուկի, անշեղորեն ծավալվող ՀՀՊ համակարգի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ-ի չդադարող լեզվակռվի կողքին գիտական և տեխնոլոգիական շատ հայտնագործություններ, որոնք իրենց նշանակությամբ ու քանակով զգալիորեն գերազանցում են նախորդ տասնամյակների նվաճումները, այնուամենայնիվ, որքան էլ տխուր լինի, նորությունների երկրորդ շարքում են տեղ գտնում։
Սակայն «թերթաքարային հեղափոխությունը» մշտապես գտնվում է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, քանզի բոլորին վաղուց հայտնի է, որ էներգետիկան տնտեսական կատեգորիայից անցել է քաղաքականի, «էներգետիկ վտանգները» աշխարհի բոլոր արյունալի բախումների գլխավոր պատճառն են, իսկ «թերթաքար» բառը հույս է տալիս եթե ոչ փոխելու, ապա գոնե մեղմացնելու իրադրությունը։
Ծանոթանանք վերջին օրերի միայն մի քանի հրապարակումներին. «Ճապոնացիները ներդրումներ կանեն ամերիկյան թերթաքարային գազի ոլորտում. գործարքի գումարը կարող է կազմել մոտ յոթ միլիարդ դոլար»։ «Քվեբեկի «գազային հեղափոխությունը» սպառնում է «Գազարդի» շահերին. դա կարելի է նկատել` մի հայացք գցելով Քվեբեկի մինչև 2015-ի էներգետիկ ռազմավարությանը, ուր Քվեբեկի պատմության մեջ առաջին անգամ այդքան բարձր մակարդակով քննարկվում է թերթաքարային բնական գազի հանքավայրերի շահագործման հնարավորությունը»։ «Թերթաքարային գազի եվրոպական պաշարներն ընդունակ են փոխելու աշխարհամասին էներգակիրների մատակարարման կառուցվածքը։ Ռուսական և որոշ արևմտյան փորձագետների հետևությունները, թե ոչ ավանդական գազի արդյունահանումը Եվրոպայում չի կարող զարգանալ ամերիկյան ուղիով, կարող են անհիմն լինել և հանգեցնել արտահանման շուկաների ապագա «կարողության» գնահատման էական սխալների»։ «Լեհական թերթաքարային գազը մի քանի տարուց կարող է փոխել իրավիճակը Եվրոպայի շուկայում», «Թերթաքարային գազի պաշարները Չինաստանում, որոշ գնահատումներով, կարող են կազմել 36,7 տրիլիոն խմ»։ «Իսպանական «Repsol»-ի քույր ձեռնարկությունն Արգենտինայում հայտնաբերել է թերթաքարային նավթի խոշոր հանքավայր, որի պաշարները, ըստ կանխատեսումների, կարող են համարժեք լինել 927 մլն բարել նավթի»։
Հանուն արդարության պետք է նշել նաև բացասական և նույնիսկ խուճապային հրապարակումները. «Guadrilla Resources» էներգետիկ ընկերության գործողությունները, որը թերթաքարային գազ է արդյունահանում Մեծ Բրիտանիայի արևմտյան առափում, մոտ 50 թույլ երկրաշարժ են առաջացրել Լանքաշիրի կոմսությունում, մասնավորապես, Բլեքպուլ առողջարանային քաղաքում»։ «Չարժե, որ ՈՒկրաինան զբաղվի թերթաքարային գազի արդյունահանմամբ։ Թերթաքարային գազի արդյունահանման տեխնոլոգիան էկոլոգիական վտանգ է պարունակում, ինչպես նաև թանկ է նստում»։ «Այն մտահոգությունը, որ թերթաքարի շահագործումն աղտոտում է խմելու ջրերը, նույնպես կարող է արգելք հանդիսանալ Եվրոպայի հանքավայրերի շահագործման ճանապարհին»։
Թե որն է ճշմարտությունը, ինչի են բախվում բազմամիլիարդանոց կորպորատիվ շահերը, առայժմ դժվար է ասել։ Այդուամենայնիվ, նոր հրապարակումներ են ի հայտ գալիս «էներգետիկ հեղափոխության» նոր «ճեղքումների» առնչությամբ։ Պարզվում է, ԱՄՆ-ում թերթաքարից ածխաջրածինների ստացման տեխնոլոգիայի կատարելագործումը ցույց է տվել, որ թերթաքարից հաջողությամբ կարելի է նավթ ստանալ։ Դրա արդյունահանման տեխնոլոգիան գրեթե նույնն է, ինչ թերթաքարային գազի արդյունահանմանը։ Թերթաքարային նավթի արդյունահանումը տնտեսապես կարող է հիմնավորված լինել, եթե նավթի մեկ բարելի գինը 60 դոլարից բարձր է, բայց նավթի հանույթի տեխնոլոգիայի կատարելագործմանը համընթաց, թերթաքարային նավթի ինքնարժեքը կարող է իջնել։ ՈՒստի 2011-ին ամերիկյան ընկերությունները 25 մլրդ դոլար են ներդրել թերթաքարային արդյունահանման հինգ հազար նոր հորատանցքերի փորման համար։ Թերթաքարերից նավթի ստացման որոշակի արդյունքներ արդեն կան. 2008-ին ԱՄՆ-ը ներմուծել է մոտ 259 մլրդ, իսկ 2010 թ.` արդեն 181 մլրդ դոլարի նավթ։
Ինչպես հայտնի է, թերթաքարային գազի արդյունահանման հնարավորության հարցը քննարկվում է նաև Հայաստանում։ Վերջապես։ Երևանում հուշագիր է ստորագրվել, համաձայն որի, ամերիկյան կողմը պարտավորվել է ֆինանսավորել որոնողական աշխատանքները Հայաստանում, և ստեղծվել է «IMM Energy Armenia» ընկերությունը` աշխատանքների իրականացման բացառիկ իրավունքով։ Ավելին, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն այնքան, «մինչև հնարավոր լինի վստահաբար հայտարարելու Հայաստանում թերթաքարային գազի կա՛մ առկայության, կա՛մ բացակայության մասին»։
Մեզ համար դա հատկապես ուրախ լուր էր, քանի որ մենք վերջին տարիներին քանիցս անդրադարձել ենք այդ թեմային և կարծիք հայտնել, որ թերթաքարն ու գորշ ածուխը, որից ևս գազ ստանալու փորձ կա, մեծ տարածում ունեն Հայաստանում։ Դա, մասնավորապես, Ջաջուռի հանքավայրն է` վաղուց հայտնաբերված ու լքված։ Ինչպես պնդում են երկրաբանները, «քարերի երկիր» Հայաստանում մեծ է նաև արդյունահանման համար պիտանի այլ հանածոների առկայության հավանականությունը։ Բացի այդ, մենք քանիցս գրել ենք, որ, որքան էլ տարօրինակ լինի, մի երկրում, որը շնչահեղձ է լինում առանց էներգակիրների, իսկ Ռուսաստանից ստացվող գազի գների շարունակական բարձրացումը կարող է տնտեսական և սոցիալական կոլապսի հանգեցնել, այդ նոր միտումները լուրջ ուշադրության չեն արժանանում։ Բնական հարց է ծագում` ինչո՞ւ։ Եվ ոչ պակաս տրամաբանական պատասխան` հավանաբար, ինչպես միշտ, զգուշանում են Ռուսաստանից ու ամենազոր «Գազարդից»։ Բարեբախտաբար, մենք սխալվել ենք։ ՈՒ հիմա մնում է միայն սպասել արդյունքներին ու հուսալ, որ ամեն ինչ լավ կլինի։
Բացի այդ, առանց կեղծ համեստության նշենք, որ «Իրատես de facto»-ն հայկական լրատվամիջոցներից առաջինն էր, որ դեռ երկու տարի առաջ պատմեց և՛ նոր տեխնոլոգիայի, և՛ «թերթաքարային հեղափոխության» մասին։ Ինչպես երևում է, այդ հոդվածը իր օրախնդրությունը չի կորցրել և այսօր էլ հետաքրքրություն է ներկայացնում։ ՈՒստի, հակառակ մեր կանոնների, կցանկանայի ընթերցողի ուշադրությանը կրկին ներկայացնել այդ հրապարակման որոշ հատվածներ։
Եվ այսպես, ինչ են թերթաքարն ու թերթաքարային գազը։ Թերթաքարն ամենուր տարածված նստվածքային ապար է, որպես կանոն` մուգ գույնի։ Ըստ էության, դա քարացած կավն է, որն օրգանական նյութեր է պարունակում։ Թերթաքարային գազը բաղկացած է առավելապես մեթանից, պարունակվում է բուն ապարում, և այն կարելի է կորզել բավական ընդարձակ տարածքների միաժամանակյա շահագործմամբ։ Հանուն արդարության պետք է նշել, որ բոլոր այս տվյալները վաղուց և լավ հայտնի են, գազի արդյունաբերական կորզման բազմաթիվ փորձեր են արվել։ Առհասարակ, ածխաջրածնային առաջին հորատանցքերը փորվել են հենց թերթաքարերի հանքերում, նավթահանքերից դեռ մի 30 տարի էլ առաջ` 18-րդ դարի վերջերին։ Սակայն գիտությունը երկար ժամանակ չուներ այն հարցի պատասխանը, թե ինչպես կարելի է գազն ի սպաս դնել մարդկությանը` շատ դժվար ու ծախսատար էր այն կորզել այդ թերթաքարային «դաշտերից»։ Եվ ահա հիմա, ամերիկյան նոր տեխնոլոգիաների շնորհիվ, իրադրությունը բավականին արագ, և, թերևս, անդառնալիորեն սկսել է փոխվել։ Թերթաքարային գազի արդյունահանման նոր եղանակը, որն արդեն ապացուցել է իր արդյունավետությունը, առաջին հայացքից բավականին պարզ է։ Թերթաքարերի հարկավոր շերտին հասնում են սովորական հորանցքով, ապա այդ շերտում մեծ քանակությամբ երկար, հորիզոնական «թունելներ» են բացում, դրանց մեջ ավազախառն ջուր են մղում, տեղադրում են պայթուցիկ լիցքերի շղթա և «հիդրոհարված» (հիդրոպայթյուն) առաջացնում, ինչի շնորհիվ շերտի մեջ բոլոր ուղղություններով ճաքերի «ճյուղեր» են գոյանում։ Դրանցով էլ ապարում կուտակված գազը հոսում է դեպի հորանցք և նույն ճանապարհով մակերևույթ դուրս գալիս։ Հենց այս կերպ են ամերիկացիներն սկսել «հավաքել» գազը։ Եվ ի՞նչն է հատկապես կարևոր. թերթաքարադաշտում կարելի է փորել տասնյակ հազարավոր նման հորանցքեր։ Ինչպես հավաստիացնում է ամերիկյան գիտական մամուլը, այդ գործընթացը հնարավոր է դարձել լեռնային ապարները ճեղքող հորատման սարքավորումների արտադրության նոր հատուկ նյութերի շնորհիվ միայն։
Նշվում է, որ հորանցքը թերթաքարերում կարող է «մեռնել» բառացիորեն մեկ տարում (ՈՒրենգոյի հորանցքը, օրինակ, կարող է «ապրել» 10-15 տարի), բայց, միաժամանակ, տալ այնքան գազ, որը լիովին կփոխհատուցի ծախսերը։ Հորանցքը, փաստորեն, փորվում է մեկ սեզոնի համար, և այստեղ մի հետաքրքիր իրավիճակ է առաջանում. ածխաջրածինների արդյունահանումը կատարվում է առանց խոշոր նյութական ծախսերի, առանց գազապահեստավորման։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ այդ գազը կարելի է արդյունահանել հենց հնարավոր սպառման հարևանությամբ, կարևորը ճյուղավորված գազատար ցանցի առկայությունն է։ Արդեն մտածում են նաև արդյունահանման վայրում ոչ մեծ էլեկտրակայանների ստեղծման մասին։ Նահանգներում այսօր արդեն հազարավոր նման հորանցքեր են փորվում, իսկ բուն գազը միջին հաշվով նստում է 150 դոլար` հազար խմ-ի համար։ Ընդ որում, նշվում է, որ մի շարք դեպքերում ծախսերը նույնիսկ ավելի պակաս են լինում, քան ավանդական նախագծերում։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում թերթաքարային գազի արտադրության արժեքը 90 դոլարից (1000 խմ-ի համար) պակաս կլինի։ Սակայն, եթե անգամ այդ գազի ինքնարժեքը սովորականից բարձր լինի, ապա առաքման և պահպանման գծով լուրջ տնտեսումը կծածկի ծախսերը։ Ակնկալվում է, որ մինչև 2015 թիվը թերթաքարային գազի արդյունահանման ծավալը ԱՄՆ-ում կկրկնապատկվի և կանցնի տարեկան 180 մլրդ խմ-ից, իսկ ներմուծումը համապատասխանաբար կնվազի։
Ինչպես և պետք էր սպասել, ապագային միտված այդ նոր «ճեղքումն» արդեն ունի նաև իր քննադատներն ու հակառակորդները։ Նշվում է, որ եթե ամերիկյան երկրաբանությունը լավ ուսումնասիրված է, ապա մյուս թերթաքարային ավազանները, պահանջարկի բացակայության պատճառով, գրեթե անտեսվել են, ուստի դժվար է ասել, թե ինչ կարողություն ունեն դրանք։ Բացի այդ, թերթաքարային գազի ինքնարժեքը խիստ կախված է խորությունից։ Ամերիկայի բախտը բերել է. խոշոր շերտերը երկրի մակերևույթին մոտ են, ինչը մյուսների դեպքում երաշխավորված չէ։ Բացի այդ, նշվում է, որ թերթաքարային գազի արդյունահանման համար մեծ քանակությամբ ջուր է օգտագործվում, որ ջրի ու քիմիկատների խառնուրդը կարող է լրջորեն անդրադառնալ բնության վրա` աղտոտելով ջրի ակունքները։ Որոշ բնապահպանական կազմակերպություններ այն կարծիքին են, որ գործընթացն ի վիճակի է նաև սեյսմիկ երևույթների պատճառ դառնալու։ Հաջորդ հանգամանքը. արդյունահանումը բարձրտեխնոլոգիական է, նախ, անհրաժեշտ են հիդրոճեղքման բավականին հզոր և, գլխավորը, նոր հորատման սարքեր, երկրորդ, հարկավոր են հորատանցող բրիգադներ, որոնք այդ ամենը բանեցնել գիտեն, երրորդ, այդ ամենը պետք է կարողանալ անել անընդմեջ, քանի որ տվյալ բիզնես-մոդելում հորանցքերի փորումը ոչ թե հիմնակառուցման, այլ շահագործական գործընթաց է։ Որպես մերժման լուրջ փաստարկ շեշտվում է այն, որ թերթաքարային գազի այրման տեսակարար ջերմությունը եռապատիկ ցածր է սովորականից։ Բայց եթե գազի պաշարները, իրոք, այդքան մեծ են և այդքան շահութաբեր, հարկ չկա սպասելու, որ նման կասկածները խոչընդոտեն դրա արդյունահանմանը։
Հասկանալի պատճառներով, ամենաշատ «վատաբանողները» Ռուսաստանում են։ Մոսկվայում, ինչպես միշտ, ուշ են արթնացել, բռնել գլուխները և սկսել են պնդել, որ «թերթաքարային գազի արդյունահանումը շատ առասպելներով է պատված», որ դա հերթական «ամերիկյան դիվերսիան է` ընդդեմ ռուսական բարիքի», և իրենք վստահ են, որ դա «կմնա իբրև զուտ տարածաշրջանային հրաշք»։ Եվ դա հասկանալի է. չէ՞ որ արդեն այժմ Նահանգները հրաժարվել է Կատարի հեղուկ գազից, և դրա ներմուծման բաժինն իջել է 16 տոկոսի։ Գլուխները կորցրած արաբներն անմիջապես իրենց հարստությունը վերահասցեագրեցին Եվրոպա` դրանով խարխլելով գազի գնի համաշխարհային քաղաքականությունը։
Ինչևէ, արդեն ակնհայտ է, որ աշխարհը ճարակված է «թերթաքարատենդով»։ Այսօրվա դրությամբ հարկ է արձանագրել, որ թերթաքարային գազի «վիրուսով» վարակված են քաղգործիչներ, տնտեսագետներ և գործարարներ։ Նրանք պնդում են, թե գազի այդ պաշարներն «առաջիկա 10-15 տարում կփոխեն բոլոր հարաբերությունները», որ «այդ ճնշումը» կփոխի գազի ամբողջ աշխարհաքաղաքականությունը և աշխարհի քաղաքական պատկերը։ Փորձագետների կարծիքով, ոչ ավանդական աղբյուրներն ընդունակ են գազի համաշխարհային պաշարներն ավելացնելու 250 տոկոսով, ընդ որում, այդ նոր պաշարների մի մասը գտնվում է աշխարհի «կայուն» մասերում։ Եթե Եվրոպայում կրկնվի թերթաքարային գազի օգտագործման ամերիկյան իրարանցումը, ամենայն հավանականությամբ, կփոխվի իրավիճակը թե՛ գազամատակարարների, թե՛ խողովակաշարեր գցողների համար։ Դժվար չէ հասկանալ, որ կողքիդ գտնվող միջին թանկության գազի առատ աղբյուրի և ծովային մատակարարումների մեծացող ծավալի պայմաններում տարանցման երկրների միջանցքային խարդավանքները, անշուշտ, շատ ավելի նվազ տպավորություն կգործեն լսարանի վրա (մեր տարածաշրջանի համար իրադարձությունների այս հնարավոր շրջադարձը հատկապես օրախնդիր է)։ Բացի այդ, գների կտրուկ անկումը հեռանկարում կարող է լուրջ օգնություն լինել, այսպես կոչված, «էներգետիկ քաղցի» և անգամ սովի դեմ մղվող պայքարում։ Եվ սպառողներին, բոլորին և ամենուր, նաև մեզ մոտ` Հայաստանում, այս ամենը, իհարկե, հաստատ դուր է գալիս։ Եվ մենք կարծում ենք, որ պետք է հնարավորինս արագ արձագանքել «թերթաքարային իրարանցմանը», անկախ այն բանից` դա մեր «ավագ եղբայրներին» դուր գալի՞ս է, թե՞ ոչ։
Ամեն դեպքում, եթե հեռանկարները խաբուսիկ չլինեն, իսկ իրողությունները լինեն այնպիսին, ինչպիսին նկարագրվում են, ապա ապագայում մենք կտեսնենք հետևյալ մարգարեության իրականացումը. «Քարի դարը մոլորակի վրա ավարտվեց ոչ այն պատճառով, որ վերջացան քարերը»։ Մի ավելորդ անգամ առիթ ունենք համոզվելու, որ տեխնիկական առաջընթացը, վերջին հաշվով, չեն կարող զսպել ո՛չ ոմանց «անեծքները», ո՛չ խարդավանքները, ո՛չ ինքնաբավ շահերը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ