«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ»

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ»
26.03.2010 | 00:00

ՈՒզում ենք, թե չենք ուզում, Սերժ Սարգսյանն անում է այն, ինչ պետք է աներ Քոչարյանն անցնող տասը տարիների ընթացքում ու չէր անում: Սերժ Սարգսյանը փորձում է հարաբերություններ հաստատել հարևանների հետ, լուծել Ղարաբաղի հարցը` վերադարձնելով Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ, վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն:
ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ԴՐՍՈՒՄ, ԾՈՎՈՒՄ ԵՎ ՑԱՄԱՔՈՒՄ
Նաև փորձում է վերականգնել Քոչարյանի «սպանած» նախկին նախագահի ինստիտուտը` երկրորդ նախագահին ներառելով գոնե ղարաբաղյան գործընթացի մեջ: Իրան-Փարիզ քոչարյանական տրանզիտը դրանով էր պայմանավորված: Սակայն Քոչարյանը Քոչարյան չէր լինի, եթե ցանկացած իրավիճակից չպոկեր մաքսիմումը: Նա առանց որևէ օգուտի որևէ բան չի արել իր կյանքում: Նրան, այո, անցնող տարիներին տրվեցին կյանքն ու պաշտոնը` շռայլորեն (չքննենք` ինչ գնով), ուստի, որպես զինվոր, նա անկարող է ծառայել ու հերթական անգամ ուզում է Իրան-Ֆրանսիա այցելության դիմաց գործող նախագահն իրեն վարչապետ դարձնի` «իմ փայն արագ տուր» կարգախոսով:
Քոչարյանի` անձամբ արենա մտնելը, այնուհանդերձ, նաև նշանակում էր` ռեսուրսները խիստ սահմանափակ են, դրանք Օսկանյանից և իշխանություն-կոալիցիայի մեջ եղող մի քանիսներից այն կողմ չեն անցնում: Ասել է` ռեսուրսը նույնիսկ մեկշաբաթյա չէր: Բացի այդ, Քոչարյանի համար խաղացողներն իրենց մինի խաղն ունեն, նաև ցանկություն չունեն կամիկաձե դառնալու հանուն Քոչարյանի:
ՈՒստի, ինչպես միշտ, Քոչարյանը փորձում է խաղն անձամբ տանել ու արենա մտավ` ներսի և դրսի համար առանձին: Հազար ու մի նպատակներով: Սերժ Սարգսյանին` ԱՄՆ այցից առաջ, թուլացնելու` մինիմում, հասնելու նրան, որ վերջինս չգնա Միացյալ Նահանգներ` մաքսիմում ծրագրով: Եթե հաջողեր, Իրանի ու Ռուսաստանի որոշ ուժերի կասեր` արեցի, դուք էլ ձեր հերթին ձեր երախտագիտությունը հայտնեք ինձ, անխոնջ օգնեք` վերջապես տիրանալու վարչապետի աթոռին:
Հասկանալի է` Քոչարյանը բարձր աշտարակից թքած ունի հայաստանյան տնտեսության ու մնացած բոլոր խնդիրների վրա, պարզապես տնտեսական ճգնաժամն ու քոչարյանական «100 քայլը» լավ առիթ էին քաղաքական «կոնծեքստը» ներսին և դրսին ներկայացնելու համար, որպեսզի ապացուցի` ինքը դեռ մեծ դերակատարություն ունի, ինքը էն նույն օրերի «միակ տղամարդն» է, իսկ Սերժ Սարգսյանը լիաժեք աջակցություն չունի երկրում, ծովում, ցամաքում:
Ընդ որում, «ոչ միայն պատշաճ չէր, որ նախագահը երկրում չէր» (արձանագրել է Գալուստ Սահակյանը Քոչարյանի անպատշաճ պահվածքը` առանձին վերցրած վերջին հարցազրույցի տեսքով), իսկ հայտնի է` Սերժ Սարգսյանը Սիրիայում էր, այցն իսկապես «վա՜ու» էր ոչ միայն հաջողված, այլև շատ խիստ քաղաքական ստացվելու առումով, և ուրեմն ասվում է, որ Քոչարյանը նույնպես երկրում չէր այս օրերին, Մոսկվայում էր (թերևս ցանկացել է թիմի վրա ցնցող տպավորություն թողնել, թե Ռուսաստանի խորքից է մեսիջ ղրկում, «զնաչիտ` Արուսն իր հետ է»):
Անկախ նրանից` որտեղ է Քոչարյանը, նրա քայլը բավականին պարզունակ ստացվեց ու արժանացավ ահավոր մեծ հակազդեցության, նույնիսկ այն պարագայում, երբ երկրում չէր Սերժ Սարգսյանը: Հասկանալի է` Քոչարյանը փորձելու է էլի մի քանի քայլ անել, սակայն դրանք նույնպես դատապարտված են ոչ միայն հասարակության և քաղաքական ուժերի մոտ իր կերպարի անընդունելիության, այլև այն պարզ պատճառով, որ վերջնարդյունքը` վարչապետ դառնալ (ապա և` հեղաշրջո՞ւմ իրականացնել), դուրսն այս անգամ թույլ չի տա, նախ որ` աշխարհաքաղաքական իրողություններն են փոխվել, համ էլ շատ «տրիվիալ» մի պատճառ կա` Սերժ Սարգսյանն անելիք ունի, պայմանավորվածություններ ունի դրսի հետ:
Իր հերթին էլ Սերժ Սարգսյանին այնքանով էր ձեռնտու Քոչարյանի այս տոտալ դեմարշը, որ դուրսը կտեսնի, թե ինչ «վտանգ» կա ներսում իր համար, ու մարտի մեկի միջով նրան անցկացրած Քոչարյանն ինչ նոր «վտանգներ» է հարուցում, խանգարում իրեն` այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու:
Մի խոսքով, այս գործում Սերժ Ազատիչը կստանա դրսի աջակցությունը: ՈՒ` պըրծ:
ԼԾԱԿՆԵՐ. ՀԻՆ ԳՎԱՐԴԻԱ. ԲՅՈՒՐՈԿՐԱՏԻԱ
Քոչարյանի` հարցազրույցի տեսքով «վերադարձն» ուրույն կատալիզատոր էր հասկանալու` ինչ ունի նա իրականում դրսում, իսկ որ կարևորն է` ներսում:
Ասենք միանգամից` «ինվենտարիզացիան» հուսադրող չէր: Նախ` այդ հայտին նույն օրը չանդրադարձավ էլեկտրոնային և ոչ մի լրատվամիջոց: Փաստորեն և ի տարբերություն ընդդիմության, որն ունի հզոր լրատվամիջոցներ, Քոչարյանի «ինվենտարն» այս առումով անչափ սուղ է:
Իսկ հիմա հարց. հատկապես ինչո՞ւ հենց այս պահին ակտիվացավ «թոշակառուն»: Երիտասարդ:
ա) 2012-ը սարերի հետևում չէ. ընտրություններ են, և եթե դու որևէ լծակ, ռեսուրս չունես այս երկրում (ի դեպ, ավտորիտար այս համակարգի, ընտրական ինստիտուտի ոչնչացման, քաղաքական դաշտի փոշիացման, լրատվամիջոցների փակման-բացման գլխավոր ճարտարապետը հենց ինքն է, որ կա)` համակարգից դուրս ես թռչում տիեզերական արագությամբ: Այո, հին գվարդիան հավանական գիլիոտինի տակ է: Հասկանալի է` այլևս Հովիկ Աբրահամյանը շտաբի պետ չի լինի, նրա զարմիկին գործից հանում են, Վարդան Այվազյանին կարգապահական նկատողություն են անում` բոլոր հետևանքներով հանդերձ, իսկ բոլորը գիտեն, թե ով է Վարդանի «պապան», նույն ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մինչև վերջին խազն այլևս Սերժ Սարգսյանի մարդն է համարվում և «ոչ մի գործ» չունի «այլոց» հետ, էնտեղ էլ դեռ Արմեն Գևորգյանը ՀՀԿ անդամ չի դարձվել, իսկ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան վերջին զրույցն ստացվել է, «բարիշել» են` ասում են:
Ինչով և ումով է գնալու ընտրությունների քոչարյանական թևը, եթե Քոչարյանը չի վերցնում վարչապետական աթոռը: Դաշնակներո՞վ։ Դաշնակցականներն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ եթե ֆորս-մաժորներ չլինեն, չի բացառվում, որ հայոց պատմության մեջ առաջին անգամ իրենք ևս խորհրդարան չմտնեն, և ՀՀՇ-ի օրոք ձեռք բերած խորհրդարանական մեկ սիմվոլիկ տեղն էլ չունենան: Բա ո՞նց են պահելու իշխանության ժամանակ իրենց ձեռք բերած «կերակուրը»:
բ) ՈՒստի Քոչարյանին «վիզ» պետք էր թիմին ու բյուրոկրատական ապարատին ասել, որ ինքը կա, որ ինքն «իմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է», մի խոսքով` Իլյիչն անմահ է: Ակնհայտ է` Քոչարյանը մասամբ կորցրել է «ռեալ պոլիտիկի» զգացողությունն այն առումով, որ մտածում է` իր հայտնությունը, մեկ բառը (բա «ֆիգո՜ւռը»), ինչպես որ անցյալում էր, կգամի տեղում ողջ ապարատը, այնտեղ հոգեբարոյական կազմալուծում կառաջացնի, մանավանդ որ Սերժ Սարգսյանն իր թիմով կտրուկ քայլերի չի գնում ու չի՛ գնում, և մշտապես առաջնորդվում է «կուժ, քեզ ասեմ, կուլա, դու լսիր» տրամաբանությամբ, ինչը, անկեղծ ասած, արդեն շատ է հոգնեցնում, և բոլորը Սերժ Սարգսյանից սպասում են կարճ-կոնկրետ, ճշգրիտ քայլեր:
գ) Քոչարյանի հարցազրույցը նյարդերի ու համբերության խնդիր էր լուծում նաև: «Հոգնայի (կլիզմա) և ականջաքաշության» մաստեր-կլասներ ցուցադրած «վոյինն» այլևս չի ուզում համբերել։ Նա ուզում է ամբողջը և հիմա: Ղարաբաղն ու տնտեսությունը պարզապես ցատկահարթակ են, որով նա երկրորդ անգամ փորձում է անցնել նույն գետը, ինչը դեռ ոչ ոքի չի հաջողվել:
Այո, փող կա, ծախսելու տեղ` ոչ, «սև օրվա» փողերն ու տոկոսներն անհանգստության են վերածվում: Եվ դա ուղղակի այն անեկդոտն է հիշեցնում դժոխքի մասին, երբ կա ծխելու բան, չկա լուցկի: Աստծո պատիժն է:
դ) Քոչարյանին սարսափեցնում է հեռանկարը, որ Սերժ Սարգսյանն ինչ-որ պահի, առավել ևս` 2012-ին կխաղա հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա թիմի հետ: Չի բացառվում, որ դուրսն էլ դա ցանկանա, ներսի իրողություններն էլ դրա օգտին լինեն:
Ընդ որում, արդեն կա խաղը. Քոչարյանի վերադարձն այնքան «ցավ» չէ Սերժ Սարգսյանի, որքան տերպետրոսյանական թիմի համար: Քոչարյանի հարցազրույցն ակտիվացրեց, անչափ ակտիվացրեց նրա համար «զոլավոր հեռանկարներ» տեսնող, Հաագայի դռները ծեծող ընդդիմությանը: Եվ ընդհանրապես, միայն նախկին վարչապետ Բագրատյանը հերիք է, որ Քոչարյանի «ուռեցրած» տնտեսական փուչիկն ու միֆը պայթեն վայրկյանների ընթացքում:
Եվ այնուհանդերձ, որքան էլ «դանդաղում» է Սերժ Ազատիչը, այս անգամ մեկ կենտրոնից ղեկավարվող հեղաշրջման տեսլականին ուղղված նրա արձագանքը բավականին կայծակնային եղավ` տեղեկատվական պայքարի «գծում»: Նա չփարատեց Քոչարյանի վախը` Տեր-Պետրոսյանի հաշվով, այլ հպարտաձայն դիմելով սիրիահայ համայնքին, ասաց` ՀՀ առաջին նախագահի առաջին այցը եղել է հենց Սիրիա:
ԿԱՅԾԱԿՆԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ
Որ ողջ ՀՀԿ-ն մոբիլիզացիայի մեջ է այս մի քանի օրը, որ հիմնականում չխոսկան ՀՀԿ-ականները մեծ գաղթի մեջ են` ասուլիսային ակումբից ակումբ, ընդ որում` արդեն իսկ Քոչարյանին էլ չխնայելով, ուղտն էլ է տեսնում:
Արդեն ասացինք` նույնիսկ ինքը` գլխավոր ՀՀԿ-ական Սերժ Ազատիչն անձամբ ներգրավվեց այդ պայքարում, ու մինչ լրատվամիջոցները լռում էին Քոչարյանի մարգարիտները շաղ տալու հարցում, նա հենց նույն օրը` Դամասկոսում, հայ համայնքի հետ հանդիպմանը շատ ուղղակի պատասխանեց Քոչարյանի տնտեսական «դոկտրինին», ասելով` հայոց կառավարությունն աշխատում է շատ «օ’քեյ», իսկ անցնող երկու ամիսներին բավարար չափով ճգնաժամը նահանջել է մեզանում:
Քոչարյանին պատասխանեց նաև կառավարությունը` յուրորեն քաղաքակիրթ. կառավարության նիստում ոչ թե էլիտար շինարարության մասին Քոչարյանի հանձնարարականն իրացնելով, այլ սոցիալական փաթեթ ընդունելով` «նվիրված» նպաստներին ու կենսաթոշակներին:
Հաջորդիվ` Հալեպում (Հա՜լեպը՞...) Սերժ Սարգսյանը պատասխանեց Քլինթոնին էլ (ականջը կանչի Վանոյի), Օսկանյանին էլ` հատուկ Օսկանյանի համար կրկնելով, որ հայկական կողմը «ոևէ» անհարկի զիջումների չի գնալու ղարաբաղյան հարցում։ Սա Սարգսյանն ասաց հատուկ ու խիստ ընդգծված:
Բոլոր դեպքերում, սպասելով վերջին շարժերի «խնդրո առնչությամբ» Սերժ Սարգսյանի խոսքային հարթությունից կոնկրետ, մասնավորապես` կադրային-քաղաքական քայլերին, ասենք նաև, որ Քոչարյանի երկրորդ «հայտնությամբ» հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցավ հստակեցում. լիարժեքորեն բացահայտվեցին խաղի կողմերը, խաղը կուլիսներից տեղափոխվեց բաց դաշտ, ինչը շատ ձեռնտու է Սերժ Սարգսյանին, որովհետև բոլորին, և մանավանդ Քոչարյանի թիմին է հայտնի, որ Սերժ Սարգսյանը նոր թիմով է գնալու ընտրությունների, որից հետո էլ փորձելու է բարձրացնել իր ապագա իրավահաջորդին (այս վերջին զարգացումները մի շարք առումներով ազատ արձակեցին գործող նախագահի ձեռքերը` բոլոր լծակներն իր ձեռքում հավաքելու առումով):
Եվ այնուհանդերձ, Քոչարյանի հրահրած այս ողջ եռուզեռում մի լավ, շատ լավ բան կար։ Ախր նա արդեն տասը տարի ՀՀ քաղաքացի է և կարող էր կյանքում առաջին անգամ լեգիտիմ ձևով, առանց ԺԷԿ-ի տեղեկանքի ընտրությունների մասնակցել:
Ի՜նչ առիթ է կորսվում:
Դավիթ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1216

Մեկնաբանություններ