ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ-Ը ԿՈՎԿԱՍ Է ԳԱԼԻՍ ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ

ԱՄՆ-Ը ԿՈՎԿԱՍ Է ԳԱԼԻՍ ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՐԵՆ
11.11.2011 | 00:00

Ռուս-ամերիկյան ներկա հարաբերությունները պաշտոնական ոչ մի կանոնի չեն ենթարկվում ընթացիկ միջազգային քաղաքականության, այդ թվում` տարածաշրջանային քաղաքականության առումով։ Սակայն ԱՄՆ-ի առջև խնդիրներ կան ծառացած, որոնց լուծման համար նրան պետք են Ռուսաստանի օգնությունն ու աջակցությունը, և ընդունելով այդ խնդրանքներն ու ամերիկացիներին մատուցելով որոշակի ծառայություններ, Մոսկվան ձգտում է լիովին օգտվել այդ հանգամանքներից և հնարավորինս արագ։ Ռուսական ղեկավարությունը շատ լավ է հասկանում, որ ձևավորվել է ոչ թե մի ինչ-որ երկարաժամկետ ռազմավարություն, այլ որոշակի դադար է եղել տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության ակտիվության առումով։ Առայժմ ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե քաղաքական ինչ ճակատագիր կունենա Վաշինգտոնի ներկա վարչակազմը և ինչ մոդել է սպասում Բարաք Օբամային` Բիլ Քլինթոնի՞, թե՞ Ջ. Քարտերի, ինչպես նաև, թե ներկա նախագահի ընդդիմախոսները որքան կկարողանան մեծացնել իրենց ազդեցությունն ԱՄՆ-ի քաղաքականության վրա։ Առայժմ ռուս քաղգործիչներն ու փորձագետները ունեն լավագույն ակնկալիքները և նաև հույս, որ առկա իրավիճակից շատ լավ ելքեր կան («Առայժմ ավելի ճիշտ կլիներ խոսել այն մասին, որ «վերաբեռնումը» դրսևորվում է ոչ թե պայմանավորվածություններում, այլ միմյանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխության, գործընկեր երկրի սկզբունքային շահերի ավելի մեծ ըմբռնման մեջ»,- կարծում է ՌԳԱ ԱՄՆ-ի և Կանադայի ինստիտուտի գիտաշխատող, մերձավորարևելյան հակամարտությունների վերլուծության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Շումալինը։ Նրա կարծիքով, Վաշինգտոնն այսօր նման ըմբռնում ցուցադրում է, երբ խոսքը վերաբերում է ՈՒկրաինային ու Վրաստանին, իսկ Մոսկվան` երբ քննարկվում են Իրանի և Աֆղանստանի խնդիրները)։
Վաշինգտոնի ներկա իշխանության քաղաքական ընդդիմախոսների համար դժվար է վարել իրենց քաղաքականությունը, քննադատել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, քանի որ հանրապետականները, փաստորեն, նույն քաղաքականությունն էին վարում և ձգտում էին նույնպիսի նպաստավոր աշխարհառազմավարական պայմաններ ստեղծել Մերձավոր Արևելքում և հատկապես Կենտրոնական Ասիայում, այդ թվում` Աֆղանստանում, քաղաքականություն վարելու համար։ Բացի այդ, Պենտագոնը, որը, ինչպես միշտ, ավելի շատ համակրում է հանրապետականներին, լիովին պաշտպանում է վարչակազմի ջանքերը` կապված Աֆղանստանում ծրագրված խնդիրների հաջող իրականացումն ապահովելու քաղաքականության հետ։ ԱՄՆ-ում, առաջվա նման, ուժեղ են Ռուսաստանին մի շարք տարածաշրջաններից դուրս մղելու տրամադրությունները, և որոշակի շրջանակներ անիմաստ են համարում քաղաքական ջանքերը Եվրասիայում, անգամ առավել բարդ ուղղություններում, եթե այս դեպքում Ռուսաստանը կամ Չինաստանը պիտի հասնեն իրենց նպատակին և նոր դիրքեր նվաճեն։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ այդ տրամադրությունները ոչ թե սոսկ քմայք են, այլ ունեն հիմնարար նշանակություն։ ՈՒստի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերություններում խնդիրներն ամեն դեպքում դեռ առջևում են։ Եվ համաշխարհային քաղաքականության մի կողմը միայն կարող է առանցքային դառնալ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա «մեղրամսի» շարունակման գործում. դա այն հույսերն են, որ ԱՄՆ-ը կարողանա Ռուսաստանին հրապուրել միաբան գործողություններ ծավալելու Չինաստանի համընդգրկուն զսպման քաղաքականության ասպարեզում։ Վերջին տարիներս Ռուսաստանն զգացել է դեպի Կենտրոնական Ասիա Չինաստանի աշխարհատնտեսական նվաճողական ձգտման հետևանքները, և ՇՀԿ-ի կամ ռուս-չինական հարաբերությունների մի որևէ այլ հնարավոր ձևաչափի առնչությամբ նախկին գունեղ ակնկալիքները հիմա արդեն առաջվա վստահությունը չեն ներշնչում այդ համագործակցության դրական զարգացման գործում։ Ամերիկացիները որոշ տարակույսներից հետո հասկացան, որ Ռուսաստանն ու Չինաստանը ոչ մի կերպ չեն կարող դառնալ հուսալի և ռազմավարական գործընկերներ, և կարծում են, որ նախկին պատմականորեն բարդ հարաբերությունները կարող են կրկնվել, և ռուս-չինական հարաբերությունները, առաջվա նման, կարող են ալիքաձև բնույթ կրել։ Միաժամանակ, Ռուսաստանը, համենայն դեպս, միջնաժամկետ հեռանկարում, ԱՄՆ-ի և Չինաստանի դիմակայության վարկածում հազիվ թե ընտրություն կատարի հօգուտ ԱՄՆ-ի։ Ռուսաստանը սպասողական դիրք կբռնի մինչև նվազ նպաստավոր վիճակի մեջ հայտնվելը։ Այսպիսով, տեսանելի հեռանկարում չի կարելի սպասել, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կլինեն կայուն` երկարամյա պլանավորման տեսակետից։ ԱՄՆ-ը իր համար այդ բարդ իրավիճակում նախընտրեց «դադար առնել» տարածաշրջանային քաղաքականության ասպարեզում, և Ռուսաստանը հույս ունի, որ կա՛մ այդ դադարը քրոնիկական կդառնա, կա՛մ իրեն կհաջողվի տարածաշրջաններում (ՈՒկրաինա, Մոլդովա, Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա) իրավիճակը դարձնել անշրջելի` իր համար անվիճարկելի առավելություններով։
Ներկայումս ԱՄՆ-ը, չնայած Վրաստանի հասցեին որոշ հայտարարություններին ու հավաստիացումներին, բառացիորեն «հանձնել» է այդ երկիրը, մատնել կորստյան, պայմանով, որ Ռուսաստանն այն լրիվ չի զավթի։ Եվ դա ԱՄՆ-ի և Վրաստանի միջև Խարտիայի ստորագրումից և Վրաստանը տարածաշրջանում ամերիկյան առանցքային դաշնակից դարձնելու նախկին մտադրություններից հետո։ Կասկած չկա, որ ԱՄՆ-ը «հոգ է տարել» վրացական իրավիճակի «սառեցման», ըստ էության, ստատուսքվոյի ճանաչման մասին` Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածության գալով այդ առթիվ։ Չի կարելի ասել, թե նման իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին, որը կցանկանար լիովին կլլել Վրաստանը, և Մոսկվայում շարունակում են երկյուղել ներկա իրավիճակից, սակայն հարկավոր է ձևացնել, թե Ռուսաստանը մեծ հաջողությունների է հասել Հարավային Կովկասում։ Ադրբեջանն իր քաղաքական ուղեծիր ներքաշելու Ռուսաստանի փորձերը դեռևս այդ խնդիրների լուծման հաջողության վստահություն չեն ներշնչել։ Ադրբեջանը Վրաստանից ոչ պակաս կապված է ԱՄՆ-ի և նրա մերձավոր գործընկերների` Մեծ Բրիտանիայի և Իսրայելի շահերին։ ԱՄՆ-ը շատ հմտորեն և հաջողությամբ Վրաստանն ու Ադրբեջանը կապել է աշխարհատնտեսական և տարանցումային բնույթի շատ կոնկրետ խնդիրների։ Ընդ որում, Վրաստանի ու Ադրբեջանի ներկա քաղաքական վերնախավերը, անկախ գաղափարախոսական նախասիրություններից, հիանալի հասկանում են, որ իրենց երկրները դարձել են օբյեկտներ իրենց առաջադրված գործառույթների հարցում, որոնք էլ տարածաշրջանում պետք է ընկալել որպես սուբյեկտներ։ Եթե այդ երկու երկրները փորձեն սրբագրել կամ վերանայել իրենց դիրքերը, ապա նրանք կհայտնվեն կա՛մ պետականության փլուզման, կա՛մ էլ ազգային քաղաքական փոխակերպման եզրին։ Եթե անգամ Արևմտյան ընկերակցության այնքան հիմնավոր հովանավորության պարագայում Վրաստանն ու Ադրբեջանն արդեն կորցրել են նախկինում տնօրինած տարածքների մի մասը, ապա ի՞նչ է սպասում նրանց տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի սահմանափակման պարագայում։
Կենտրոնական Ասիայի պետությունները, թվում է, ավելի շատ են ներառված ռուսամետ քաղաքական տարածությունում, տարածաշրջանի պետությունները մտնում են մի տնտեսական և ռազմաքաղաքական ալյանսի մեջ, ուր առաջատարը Ռուսաստանն է։ Բայց, ըստ էության, Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների վրա մեծ ազդեցություն չունի, ինչը երևում է Ղրղզստանի օրինակով։ Ռուսաստանը (ինչպես ԱՄՆ-ը), փաստորեն, պասսիվորեն հետևում է Չինաստանի նվաճողականությանը, տարածաշրջանի կարևորագույն պաշարների` դեպի Չինաստան վերակողմնորոշմանը։ Կենտրոնական Ասիա են ձգտում (տարբեր հաջողությամբ, իհարկե) նաև այլ խաղացողներ, առաջին հերթին, Իրանը, Թուրքիան և Պակիստանը, ինչպես նաև Հնդկաստանն ու եվրոպական պետությունները։ Միանգամայն հնարավոր է սպասել, որ շուտով այդ տարածաշրջաններում կուժգնանա տնտեսապես հարուստ արաբական պետությունների ազդեցությունը։ Այսպիսով, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև ՈՒկրաինայում, Մոլդովայում, հիմա արդեն նաև Բելառուսում իր դիրքերը պաշտպանելու Ռուսաստանի ջանքերը ենթադրում են դիմակայություն ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ուժի այլ կենտրոնների հետ ևս։ Եվ եթե դատելու լինենք ռուս-ամերիկյան փոխհամաձայնության հնարավոր սահմանների մասին, ապա պետք է դիտարկենք ո՛չ միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի պայմանները, նպատակները, խնդիրներն ու պաշարները, այլև մի ավելի բարդ բազմատարբերակ խաղ, որն ավելի ու ավելի է բարդանում Եվրասիայում։
Տարիներ ի վեր հետևելով Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի առնչությամբ ամերիկյան քաղաքագետների մշակումներին` կարելի է ենթադրել, որ ամերիկյան վերլուծական ընկերակցությունում միշտ քննադատական վերաբերմունք է եղել այդ տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ։ Տարբեր հայացքների տեր քաղաքագետներ (փորձառու սովետագետներ, պահպանողական և ազատական բնույթի «ուղեղային» կենտրոնների աշխատակիցներ, ԱՄՆ-ի երկու առաջատար քաղաքական կուսակցությունների կողմնակիցներ) նախընտրում էին այդ տարածաշրջաններում ամերիկյան քաղաքականությունը համարել տհաս, ոչ լրիվ ավարտուն, ոչ լրիվ «խմբագրված»։ Պետք է ասել, որ Մերձավոր Արևելքի, Հարավային Ասիայի, Չինաստանի, ինչպես նաև Անդրատլանտյան հարաբերությունների խնդիրների համեմատ Սև ծովի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ԱՄՆ-ի քաղաքականության խնդիրներն ամերիկացիների համար առաջնային չէին։ Այդ տարածաշրջանների խնդիրները Վաշինգտոնում միշտ էլ համարվել են ստորադաս, որոնք «ոչ մի տեղ չեն փախչի», ինչը հանգեցրեց այն բանին, որ ամերիկացիներն անսպասելի ձախողումներ կրեցին, փաստորեն, տարածաշրջանային քաղաքականության բոլոր հարցերում։ Իսկ այն խնդիրները, որոնց լուծման համար ԱՄՆ-ը նյութական և քաղաքական մեծ ռեսուրսներ էր ծախսել, շատ շուտով դուրս եկան ապաքաղաքականացած և ոչ այնքան անհրաժեշտ, և ամերիկացիները հայտնաբերեցին, որ այդ խնդիրները կարելի է լուծել այլ կերպ, շատ ավելի պակաս ծախսերով։ Դա որոշ չափով հանգեցրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի, ինչպես նաև Սև ծովի ավազանի տեղի ու դերի վերանայմանը, ինչը, ավելի կարևոր գործոնների հետ, նույնպես նպաստեց ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության ներկա դադարին։ Այդ դադարը, հնարավոր է, ավելի ձեռնտու է իրենց` ամերիկացիներին, քան Ռուսաստանին, քանի որ այսօրվա դրությամբ ԱՄՆ-ը չի կորցրել ոչ մի շոշափելի դիրք։ Կովկաս-կասպյան էներգահաղորդման համալիրը, չնայած նախկին նշանակության կորստյանը և ապաքաղաքականացմանը, հաջողությամբ գործում է։ Ռազմական տարանցումը, որպես Հարավային Կովկասի կարևոր գործառույթ, նույնպես հաջողությամբ է գործում, թեև դրա նշանակությունն էլ է նույն կերպ նվազում։ Վրաստանում և Ադրբեջանում իշխանության գլուխ գտնվում են այնպիսի վարչակազմեր, որոնք ներառված են ամերիկյան շահերի ոլորտ։ Հայաստանը դադարել է մնալ ամերիկյան քաղաքականության «պահուստում» և սկսել է ավելի կարևոր դեր խաղալ Թուրքիայի զսպման գործում, ընդ որում, ոչ միայն ի շահ ԱՄՆ-ի, այլև Եվրոպայի։ Ռուսաստանը համերաշխություն է դրսևորել Իրանի և Աֆղանստանի խնդիրների հարցում, երաշխավորում է Հարավային Կովկասով ռազմական և էներգետիկ տարանցման անվտանգությունը և աստիճանաբար սկսել է զգալ Կենտրոնական Ասիայում չինական նվաճամտության վտանգավորությունը։ Իրադարձություններն ՈՒկրաինայում, իբր ռուսամետ կառավարող խմբի իշխանության գալը ինչ-որ չափով ԱՄՆ-ին ազատեցին նախորդ անհեռանկար նախագահի և այլ քաղաքական խմբերի խնամակալության բավական բարդ պարտականությունից։
Ակնհայտ է դառնում, որ Եվրասիայում ԱՄՆ-ի համար ձևավորվել է չինական գերխնդիրը, պակիստանյան գերակա և շատ վտանգավոր խնդիրը, ինչպես նաև թրքական խնդիրը, որն առայժմ չի ձգում գերխնդրի կարգավիճակի և դժվար էլ ձգի, բայց մեծ գլխացավանք է դառնում ԱՄՆ-ի համար։ Մյուս խնդիրները ոչ մի կերպ չեն կարող հավասարվել այդ խնդիրներին։ Հարավային Կովկասն առնչություն ունի այդ խնդիրների լուծման հետ, և հարավկովկասյան թեման, ավելի ճիշտ Սև ծով- կովկասյան թեման, չի կարող որպես առաջադրանք դուրս նետվել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունից։
Ռուսաստանն աշխատում է օգտվել այդ «դադարից» և փորձում ճզմել ղարաբաղյան խնդիրը, նպատակ ունենալով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ներառել իր շահերի ընդհանուր բլոկի մեջ։ Գազի ու ռազմական տեխնիկայի մատակարարումների ոլորտում Ռուսաստանի ու Ադրբեջանի ամեն տեսակի «ընդհանուր շահերը» չեն կարող Ադրբեջանը դարձնել Ռուսաստանի իսկական գործընկեր, եթե Ղարաբաղի մարզը չի վերադարձվել Ադրբեջանին։ Ռուսաստանն ուզում է ճնշման միջոցով մի լուծում պոկել, ԱՄՆ-ին հասկացնելով, որ այդ լուծումը ոչ մի կապ չունի ամերիկյան շահերին վնասելու հետ։ ԱՄՆ-ը բնավ չէր ցանկանա ցուցադրել իր դժգոհությունը Ռուսաստանի այդ մտադրություններից, բայց հասկանում է, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ նրա քաղաքականությունը։ Հնարավոր է և, որ ԱՄՆ-ին ինչ-որ չափով ձեռնտու է ղարաբաղյան խնդրի մասնակի լուծումը, որպեսզի թրքական քաղաքականության զինանոցից հանվեն համապատասխան փաստարկները, բայց ԱՄՆ-ը չէր խրախուսի Ռուսաստանի այդ փորձերը, եթե Հայաստանը մերժելու է իր ավագ գործընկերոջ այդ փորձերը։ Ռուսաստանն աներևակայելիորեն ձեռնածում է ատոմակայանի և հայ-իրանական երկաթուղու կառուցման նախագծերը, որոնք հակասում են իր արմատական աշխարհաքաղաքական շահերին, և ուզում է Հայաստանի հետ իր հարաբերությունները ներկայացնել որպես զարգացող, նպատակ ունենալով առաջ մղել «ղարաբաղյան նախագիծը», որն աղետալի է Հայաստանի համար։ Դրա հետ մեկտեղ, դա բնավ չի բխում ԱՄՆ-ի շահերից, որը չէր ցանկանա Հայաստանը` Թուրքիայի զսպման քաղաքականության մեջ իր գործընկերոջը, տեսնել այդքան թուլացած։ ԱՄՆ-ը հիանալի է հասկանում, որ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական պարտավորություններով կապված Հայաստանը կարող է հաջողությամբ համագործակցել իր հետ` թրքական հավակնությունների զսպման գործում։ Սա էլ հենց կլինի այն խաղային իրավիճակը տարածաշրջանում, որը կդառնա ռուս-ամերիկյան փոխհամաձայնության «սահմանի» արտահայտությունը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ