ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՆԱՏՕ-Ն` ԼԻՍԱԲՈՆԻՑ ՉԻԿԱԳՈ

ՆԱՏՕ-Ն` ԼԻՍԱԲՈՆԻՑ ՉԻԿԱԳՈ
17.04.2012 | 00:00

Ապրիլի 13-ին «Կոնգրես» հյուրանոցում Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը կազմակերպել էր քննարկում «ՆԱՏՕ-ն և նոր զարգացումներն աշխարհում» թեմայով, որին մասնակցում էին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան տիկին Քեթի Լեչը` իբրև կոնտակտային երկրի դեսպան, Գերմանիայի, Ռումինիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ղազախստանի դեսպանատների, հասարակական կազմակերպությունների, գիտական, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Գլոբալացման և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կարծում է, որ Հայաստանը պետք է ուսումնասիրի աշխարհում գործող բոլոր ազդեցիկ կառույցների գործունեությունը։

-Փոքր երկրներն իրենց շահերի լավագույն պաշտպանությունը պետք է կառուցեն խելամիտ` օգտագործելով բոլոր հնարավորությունները,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքապետը:- Հենց այդ նպատակով է կազմակերպվել ճանաչողական քննարկումը` ներկայացնելու ՆԱՏՕ-ի պատմությունը, ռազմավարությունը, մարտավարությունը, ազդեցությունն աշխարհաքաղաքական գործընթացների վրա: Շատ կարևոր է, որ մեր հասարակությունը մանրամասն իրազեկված լինի, թե այսօր ինչ միտումներ կան, ինչ ծրագրեր են գործում պաշտպանության ոլորտում:

-Այդ ուղղությո՞ւնն ունեն Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները:

-Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները զարգանում են բավականին ակտիվ, տարբեր երկրների ու կառույցների հետ շփումների արդյունքում պիտի պարզվի, թե Հայաստանը անվտանգության որ համակարգի հետ համագործակցության ինչ աստիճան է ունենալու:

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՆԱՏՕ-ն ռազմական կառույցից շեշտադրումը փոխեց ռազմաքաղաքականի: Ձեր գնահատականով` ՆԱՏՕ-ն այսօր ռազմակա՞ն, թե՞ քաղաքական բլոկ է:

-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո աշխարհը դարձավ միաբևեռ, և ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեմ միջուկային զենքի կիրառման վտանգը նվազեց, պարզ էր, որ նոր իրավիճակում ՆԱՏՕ-ն պետք է որոներ իր ապագան: Ընդհանուր մարտահրավերներն արդեն քաղաքական էին, ոչ թե միջուկային: Կյանքը փոխվում էր, և նոր ժամանակները նոր պահանջներ էին առաջադրում, որոնք նախկինում չկային: Օրինակ, 50 տարի առաջ ահաբեկչությունն աշխարհում այս մասշտաբները չուներ, չկային փախստականների նման հոսքեր: Այժմ ՆԱՏՕ-ն ակտիվորեն արձագանքում է այդ մարտահրավերներին, և շատ հետաքրքիր է ներսից ուսումնասիրել այդ աշխատանքը:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ ԳԱԳԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, կարևորելով ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը, անդրադարձավ «Անհատական գործակցության գործողությունների ծրագրին», որը Հայաստանը ստորագրել է 2005-ի դեկտեմբերին: 2011-ի նոյեմբերից գործում է ծրագրի երրորդ փաստաթուղթը, որը ներառում է 2011-2013 թվականները: Այս ծրագրում հիմնականը արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության, ճգնաժամի հաղթահարման, սպառազինությունների նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության, պաշտպանության և անվտանգության ապահովման, քաղաքական երկխոսության, իրազեկվածության մեծացման հարցերն են: Քաղաքական երկխոսությունը ձևավորվում է բարձր մակարդակի փոխադարձ այցերով, փոխհարաբերությունների զարգացման գործում կարևորվում են Հայաստանի և ՆԱՏՕ-ի խորհրդի ղեկավարության շփումները: Մարտի 6-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբում մասնակցեց 28+1 ձևաչափով քննարկմանը: Գլոբալացվող աշխարհում մեծ նշանակություն է տրվում Հայաստանի մասնակցությանը միջազգային խաղաղարար առաքելություններին: ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը կարևորում է գործընկերությունը` առավել արդյունավետ համարելով անվտանգության նոր սպառնալիքները միասին հաղթահարելու հրամայականը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան ՔԵԹԻ ԼԵՉԸ միանգամից որոշարկեց, որ ՆԱՏՕ-ն չունի նոր ռազմավարություն, համենայն դեպս, լիսաբոնյան գագաթնաժողովում ընդունված ռազմավարությունից տարբերվող: Լիսաբոնում ընդունված ռազմավարությունը խորհրդանշում էր ՆԱՏՕ-ի զարգացման 3-րդ փուլը: 1-ին փուլը սառը պատերազմի ընթացքում կառույցի գործունեությունն է ամբողջացնում, 2-րդը` սառը պատերազմի ավարտին հաջորդած գործողությունները, որ նշանավորվեցին ՆԱՏՕ-ի տարածքի ընդլայնմամբ: Դեսպանն այդ փուլը շատ կարևոր և հետաքրքիր է համարում ՆԱՏՕ-ի պատմության ընթացքում: Լիսաբոնի գագաթնաժողովը սահմանեց երեք հիմնասյուներ` կոլեկտիվ պաշտպանություն, ճգնաժամերի հաղթահարում և կոլեկտիվ անվտանգություն: Նրա խոսքով` վերահաստատելով փոխադարձ նվիրվածությունը կոլեկտիվ պաշտպանությանը` ստատիկ զինուժից նախապատվությունը տրվեց էքսպեդիցիոնալին: Նոր սպառնալիքներ որակվեցին ահաբեկչությունը, բալիստիկ հրթիռները, կիբեռհարձակումները, էներգակիրների մատակարարման ուղիների անվտանգության խնդիրը, բյուջեի կրճատումը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք է: Տիկին Լեչը համարում է, որ Լիսաբոնից հետո շատ փոփոխություններ են եղել. սահմանվել է Աֆղանստանում գործողությունների ավարտի ժամկետը, «օդից հայտնված արաբական գարունը» զարմացրել է բոլորին. «Քչերը կպատկերացնեին, որ ՆԱՏՕ-ն Լիբիայում կարող է առաջնորդել ժողովրդին ու պահպանել քաղաքացիներին»: Չիկագոյի գագաթնաժողովի օրակարգում կլինեն կոլեկտիվ պաշտպանության, բալիստիկ հրթիռներից պաշտպանության, ՆԱՏՕ-ի պաշտպանական հրթիռների տեղակայման ընդլայնման հարցերը: Տիկին Լեչը նշեց, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է համագործակցելու Ռուսաստանի հետ և ցանկանում է տեսնել պաշտպանության իրարից անկախ համակարգեր, որոնք ունեն մեկ նպատակ և կառավարման երկու կենտրոն, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի: Միջուկային զենքի շուրջ ևս քննարկումներն ու բանավեճերը շարունակվում են, դեռևս որոշարկված չէ, թե որքան միջուկային զենք պետք է տեղակայվի: Դեսպանը կարծում է, որ կառույցը պետք է ավելի սերտ համագործակցի իր հարավային հարևանների հետ: Ամփոփելով խոսքը` նա եզրակացրեց, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարությունը փիլիսոփայորեն և գործնականում ապացուցում է ժամանակակից աշխարհում դաշինքի գոյության իրավունքը: «ՆԱՏՕ-ն ապացուցել է, որ մեծ դեր է կատարում այն երկրների ժողովրդավարացման հարցում, որոնք երկաթյա վարագույրի այս կողմում էին: Նրանք պետք է իրենց առաջարկները ներկայացնեն ՆԱՏՕ-ին և ոչ թե սպասեն ՆԱՏՕ-ի առաջարկներին: Հայաստանն իր զինվորներին տրամադրում է խաղաղարար առաքելությունների իրականացմանը, դա ցույց է տալիս, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է լինելու ՆԱՏՕ-ի մի մաս, իսկ դա շատ բան է նշանակում»,- ելույթի վերջում ասաց տիկին Լեչը:

Ծրագրային զեկույցներին հաջորդած երկարատև քննարկման ժամանակ պարզաբանվեցին ՆԱՏՕ-ի և կառույցի անդամ երկրների ու Հայաստանի փոխհարաբերություններին, ՆԱՏՕ-ի և եվրոպական այլ կառույցներին առնչվող հարցեր: Ամփոփիչ խոսքում Ստեփան Գրիգորյանը կարևորեց կառույցի ներկա գործունեությանն ադեկվատ պատկերացումների ձևավորումը հասարակության մեջ, որը պիտի կոտրի սառը պատերազմի տարիներից մնացած և իներցիայով գործող կարծրատիպերը, նպաստի ճանաչողական շփումների և փոխշահավետ համագործակցության շարունակականությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ