ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ» ԿՈՒԺԵՂԱՑՎԻ

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ ՃՆՇՄԱՆ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ» ԿՈՒԺԵՂԱՑՎԻ
06.12.2011 | 00:00

սկիզբը` թիվ 76,77, 78-ում

Նախ պետք է հասկանալ, որ այդ «աշխարհաքաղաքական շրջադարձից» քիչ բան է փոխվել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության մեջ։ Ռուսաստանը շատ ուշադիր է հետևում այդ իրավիճակի ծավալմանը և դա չի համարում մի շատ նշանակալից բան։ Պետք է հասկանալ, որ նավթի արդյունահանման և առաքման ստեղծված միջտարածաշրջանային համակարգը կողմնորոշված է ոչ թե դեպի հյուսիս, այլ դեպի արևմուտք, և հիմա, փաստորեն, ոչինչ հնարավոր չէ անել այդ իրողությունը փոփոխելու համար։ Արևմուտքում ոչ ոք թույլ չի տա ամեն առումով աննշան մի այնպիսի պետության, ինչպիսին Ադրբեջանն է, ոտնատակ անել բազմամիլիարդանոց ներդրումները և փոխել նավթի ու գազի հոսքի ուղղությունը։ Նավթի ու գազի առաքման առաջադրանքները պետք է կատարվեն մինչև վերջ, և դրանում ոչ մի կասկած լինել չի կարող։ Միաժամանակ, միջազգային ընդ-գրկմամբ այդ էներգետիկ համալիրի նշանակության հարցում էլ խնդիրներ են առաջացել։ Օրինակ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան առաջատար նավթամուղը անցած տարիներին այդպես էլ չհասնելով լրիվ նախագծային կարողությանը և նոր խնդիրների առաջ կանգնելով նավթի ծավալների առումով, կորցրել է իր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական նշանակությունը։
Աշխարհում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ` կապված ընդհանուր էներգետիկ իրավիճակի, այդ թվում` գների հետ, որոնք, փաստորեն, տեղայնացրել, նկատելիորեն նվազեցրել են ադրբեջանական նավթի նշանակությունը։ Տնտեսական և պաշարային իմաստով ադրբեջանական նավթի նշանակության նվազումը մեծապես կապված է, ինչպես և նախատեսվում էր առաջ, իրաքյան նավթի հանույթի աճի և առաջատար նավթարդյունահանող երկրների շարք Իրաքի փաստական վերադարձի հետ։ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը ժամանակի ընթացքում վերածվել է տեղային նշանակության հոսքի, որն ապահովում է միայն Թուրքիայի և Իսրայելի պահանջարկը, որը կազմում է տարեկան մոտ 30-32 մլն տոննա։ Ներկա իրավիճակում Ադրբեջանի աշխարհատնտեսական դրությունը մի տեսակ փակուղային է, զուրկ բազմազանությունից ու այլընտրանքայնությունից։ Ադրբեջանը նաև ի վիճակի չէ դառնալու միջտարածաշրջանային նշանակության նախագծի միանձնյա գազամատակարար, ինչը ցույց տվեց «Նաբուկո»-ի խնդրի քննարկումը։ Բաքուն, փաստորեն, նավթի ու գազի պաշարների շնորհիվ արտաքին քաղաքականության վրա ներգործելու հնարավորություն չունի։ Դատելով նավթի և էներգետիկ բիզնեսն սպասարկող փորձագետների, օրինակ, բրիտանական «Control Rick» կորպորացիայի փորձագետների արձագանքից, Արևմուտքում ոչ մի անհանգստություն և անբարենպաստ սպասելիք չկա ադրբեջանական էներգապաշարների մատակարարումների գործում հնարավոր արտակարգ իրավիճակների առումով։ Նույնպիսի կարծիքի են «Նավթի ֆինանսական ընկերության» (Վաշինգտոն) և «Քեմբրիջի էներգետիկ ասոցիացիայի» (Բոստոն) փորձագետները։ Ադրբեջանի աշխարհատնտեսական տեղն ու դերը հստակորեն հաստատանշված են, և չի սպասվում, թե լուրջ փոփոխություններ տեղի կունենան ստեղծված իրավիճակում։ Բաքվում բացահայտորեն չափազանցված է «ադրբեջանական գործոնի» նշանակությունը միջազգային քաղաքականության մեջ։ Թերթելով ադրբեջանական մամուլը, կարելի է այն հետևությանը հանգել, որ Բաքվում, ինչպես և Երևանում, բնավ էլ ոչ անմիջապես և ոչ լիովին հասկացան հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի էությունը։
Ռուսաստանի կարծիքով, ինքը Օսիայի պատերազմի հետևանքով շատ բան է տանուլ տվել կովկասյան քաղաքականության մեջ և ձգտում է տարածաշրջանում իր քայլերի հերթականությունն ու առաջնայնությունը նորովի դասավորել։ ԱՄՆ-ն ստեղծել է մի իրավիճակ, որտեղ ինքը լիովին վերահսկում է Վրաստանին ու Ադրբեջանին, նախ և առաջ` հաղորդակցական համակարգը, և Ռուսաստանը, փաստորեն, ինքն իրեն մեկուսացրել է տարածաշրջանում, ամերիկացիներին հնարավորություն տալով գործելու իրենց շահերի համար միանգամայն անվտանգ պայմաններում։ Մոսկվայում ձևավորվել են քաղգործիչների և քաղնախագծողների տարբեր խմբեր, որոնք Ռուսաստանի ու նրա հարավկովկասյան ընկերությունների շահերը դիտարկում են խմբային կամ կորպորատիվ և բնավ ոչ ազգային շահերի տեսանկյունից։ Դա, իհարկե, ենթադրում է ադրբեջանական ուղղությամբ Ռուսաստանի աշխատանքի ուժեղացում։ Սակայն Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ևս ջանում է փոխել ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը և, աշխարհատնտեսական նախագծերում փոփոխություններ կատարելիս, ամրանալ Ադրբեջանում, թույլ չտալով, որ նա ուժի որոշակի համաշխարհային կենտրոնների կողմից ներքաշվի հակառուսական քաղաքականության մեջ։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պատճառ չունի Ադրբեջանի նախաձեռնություններն ընդունելու որպես երկնային մանանա և սկզբունքային շրջադարձ Բաքվի դիրքորոշման մեջ։ Մոսկվայում ամերիկացիներից պակաս չեն հասկանում Ադրբեջանի փակուղային ու խոցելի դրությունը, և ռուսները, ԱՄՆ-ի նման, Ադրբեջանի «նոր քաղաքականությունն» ընկալում են որպես Բաքվի վիրավորանքների ու հիասթափությունների պայմաններում Ռուսաստանին դիմելու հարկադրական քայլեր։ Չափազանց թեթևամիտ կլիներ Ադրբեջանի նպատակներն ու խնդիրներն ընկալել Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների կառուցման տեսանկյունից` կապված ղարաբաղյան խնդրի լուծման հետ։ Ադրբեջանական վերնախավը հասկանում է, որ Ռուսաստանը չի կարող ներկա միջազգային պայմաններում հանդես գալ որպես կովկասյան քաղաքականության դիրիժոր, և առաջվա նման ի վիճակի չէ Ղարաբաղի մարզը նվիրելու Ադրբեջանին։ Տարբեր փուլերում Ռուսաստանի գործադրած ջանքերը` ղարաբաղյան խնդրի կարգավորումը տանելու իր քաղաքականության հունով, միշտ ավարտվել են ձախողմամբ և Ռուսաստանի` որպես գործընկերոջ, հավատարմության ու հուսալիության հարցում Հայաստանի և հայ հասարակության տագնապների ուժեղացմամբ։ Անգամ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ի վիճակի չէ նույնիսկ մասամբ այդ ծառայությունը մատուցելու Մոսկվային։ Իհարկե, ղարաբաղյան խնդիրը, ամեն դեպքում, շարունակում է մնալ Ադրբեջանի գերակա խնդիրների ծրարում, բայց Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք Ադրբեջանը, իբր, ուզում է վերանայել, հարկ է դիտարկել որպես Բաքվի արտաքին քաղաքականության ընդհանուր սխեմայի կառուցման հիմնավորում։ Ադրբեջանին օդ ու ջրի նման անհրաժեշտ է Արևմուտքին ցույց տալ, որ ինքն այլընտրանք ունի արտաքին քաղաքականության ասպարեզում, բայց երբ խնդիրը դառնում է «օդ ու ջրի» պահանջ, անհնար է շատ բան պոկել քաղաքական սակարկության ընթացքում։
Արտաքին քաղաքականության ներկա փուլում Ռուսաստանը լիովին կողմնորոշվել է ղարաբաղյան հարցում և հայ-ադրբեջանական հարաբերություններում իր գերակայությունների առնչությամբ։ Այդ սխեման ու տրամաբանությունը շատ պարզ են ու, երևի, կոնկրետ գործողություններն էլ շատ բարդ չեն լինի։ Ռուսաստանը պատրաստ է զարգացնելու հարաբերությունները Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով և որքան ասես խոր, սակայն ոչ ավելի այն սահմանից, որ Հայաստանը մնա որպես գործընկեր ներկա ձևաչափով։ Մոսկովյան քաղաքականության «ձեռնածուների» տառապանքով ծնված այդ սխեման այլընտրանք չունի։ Հայաստանում, երևում է, պատշաճ խորությամբ չեն գնահատել, թե Մոսկվայում որքան են մտահոգ հայ-թրքական հարաբերությունների կարգավորման փորձերով։ Հնարավոր է, որ չի ընկալվել այդ երկյուղների վտանգավորությունը, և թե ռուս քաղգործիչները քաղաքական հարցերում որքան չեն վստահում Թուրքիային ու Ադրբեջանին։ Պետք է Ռուսաստանի երկյուղները կապել ոչ թե Հայաստանը թրքական քաղաքականության և տնտեսության ուղեծրի մեջ ներքաշելու հնարավորության, այլ այն բանի հետ, որ նոր պայմաններում արդեն ոչ թե Ռուսաստանը, այլ ԱՄՆ-ը կդառնա Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը` թրքական սպառնալիքի պայմաններում։ Ամերիկացիների կողմից Հարավային Կովկասում նոր հարաբերությունների ստեղծումը շատ բանով կանխորոշում է ԱՄՆ-ի նոր դերը Հայաստանի համար, Հայաստանի վերածումը նոր «Իսրայելի», երբ Թուրքիայի վրա ճնշման «հայկական գործոնը» կուժեղացվի։ Ընդ որում, Հայաստանի դերը խիստ շոշափելի կդառնա ռուս-թրքական ալյանսի կազմավորման որևէ ծրագրի ձախողման գործում։
Պետք է նշել, որ չնայած Թուրքիան Եվրամիություն մտցնելու ԱՄՆ-ի բազմաթիվ կեղծ ջանքերին, վերջինս երբեք Թուրքիան չի համարել Եվրոպայի մաս, այն դիտարկելով սոսկ որպես «Մեծ Մերձավոր Արևելքի» մաս։ Եվրոպայում Թուրքիայի գործառույթները չեն հետաքրքրում ԱՄՆ-ին, այլ բան են Մերձավոր Արևելքն ու այն մյուս տարածաշրջանները, որտեղ Թուրքիան կարող էր տարբեր գործառույթներ իրականացնել։ Դրա կողքին Հարավային Կովկասի պետությունները, ստեղծման հենց սկզբից, ամերիկացիների ու եվրոպացիների կողմից դիտարկվել են որպես եվրոպական քաղաքական և սոցիալ-մշակութային տարածության մաս։ Եթե Ադրբեջանի առնչությամբ դեռ անակնկալներ տեսնելու ենք Եվրոպայի գնահատականներում որպես եվրոպական տարածության երկրի, ապա Վրաստանը և Հայաստանը ապագայում մեծ խնդիրներ չեն ունենա Եվրոպային միավորվելու հարցում։ Տարածաշրջանների ու պետությունների տեղի ու դերի այդ դասավորությունը չի ենթադրում այն սերտ քաղաքական համագործակցությունը, ինչի մասին հրապարակայնորեն ասվում է հայ-թրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Հարավային Կովկասը, ներառյալ Ադրբեջանը, պետք է հաստատվի որպես Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների ծավալման զսպիչ։ Ճիշտ այդպիսի դեր են կոչված կատարելու Կիպրոսի, Էգեյան ծովի, Բուլղարիայի, Հյուսիսային Իրաքի, Սիրիայի, Ղրիմի և, վերջապես, Իրանի խնդիրները։ Թուրքիայի նվաճամտությունը զսպելու նպատակով նրա շուրջը «անվտանգության գոտին» այն բանի համար չի ստեղծվում, որ Հարավային Կովկասում ինչ-որ հովվերգական պատկերացումներ կառուցվեն ապագա հարաբերությունների մասին։ Ի դեպ, Վրաստանն արդեն իր մաշկի վրա զգացել է Թուրքիայի նշանակությունը որպես «բարեկամի» ու «գործընկերոջ» և, այսպես թե այնպես, համապատասխան հետևություններ կանի դրանից։ Իրավիճակի որոշ կատակերգականությունն այն է, որ Ադրբեջանի մերձեցումը Ռուսաստանի հետ, ինչին ԱՄՆ-ը շատ հանգիստ է վերաբերվում, հնարավոր է, նա համարում է Թուրքիայից Ադրբեջանին կտրելու գործոն։
Միանգամայն հնարավոր է, որ Մոսկվայում արդեն մշակված լինի Ադրբեջանի հետ հարաբերությունների ծավալման ավելի մանրամասն սխեմա, մենք նման ծրագրից հավաստի տեղեկություններ չունենք, սակայն որոշ նշաններից կարելի է ենթադրել, որ Մոսկվայում աշխատում են Ադրբեջանը դիտարկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ նույն շարքում, որտեղ Ռուսաստանը շատ թե քիչ մշակել է գերակայությունների ու հարաբերությունների կառուցման մոտեցումներն ու հեռանկարները։
Ներկայումս Ռուսաստանի համար ավելի քան նպաստավոր իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան խնդրի քննարկման համար, ինչը կապված է Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում և Թուրքիայում ԱՄՆ-ի քաղաքականության հետ։ ԱՄՆ-ը դարձել է գլխավոր նախաձեռնողն ու նախագծողը Արևմուտքի կողմից Թուրքիայի հանդեպ վարվող քաղաքականության, որը խիստ թշնամաբար է վերաբերվում ուժի արևմտյան կենտրոններին, ավելի ու ավելի է բացահայտ հակառակորդի դիրք գրավում, ինչը, այսպես թե այնպես, կամ կհանգեցնի ՆԱՏՕ-ում Թուրքիայի ձևական գտնվելուն, կամ էլ դաշինքից նրա դուրս գալուն։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և նույնիսկ Մեծ Բրիտանիայի վերլուծական շրջաններում Ռուսաստանի հետ համախմբվելու մտքեր են առաջանում` Թուրքիայի կողմից սպառնալիքների ուժեղացման այս կամ այն սցենարի, հատկապես նրա տարածաշրջանային քաղաքականության առումով։ Իհարկե, Արևմուտքն ունի Թուրքիայի նվաճամտության և արմատական քաղաքական քայլերի զսպման մեծ հնարավորություններ, և դեռ շատ ճանապարհ կա անցնելու, որպեսզի պարզ լինեն նրա նոր հավակնությունները և նրա վրա ազդեցության լծակները, սակայն Ռուսաստանն արդեն նկատի է առնվել Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ-ի ու Եվրամիության համաձայնեցված որոշումների ծրագրման ընթացքում։ Այս պարագայում ԱՄՆ-ը բնավ շահագրգռված չէ Թուրքիայի հարևան կամ նրա ռազմավարական շահերի գոտում գտնվող պետություններից որևէ մեկի քաղաքական և պաշտպանական թուլացմամբ։ ԱՄՆ-ը, Թուրքիայի հանդեպ իր բարեկամական վերաբերմունքի և անգամ պաշտպանության ու անվտանգության ամրապնդման ոլորտում մտադրությունների ցուցադրմամբ հանդերձ, զբաղված է նոր աշխարհաքաղաքական կառուցվածքի բազմակողմ և բարդ պլանավորմամբ, որը միտված է Թուրքիայի զսպմանը։ ԱՄՆ-ը ամենևին շահագրգռված չէ Հայաստանի թուլացմամբ, այն դիրքերի կորստյամբ, որոնցից կախված են նրա կենսագործունեությունը և պաշտպանունակությունը, և չի փորձի ճնշում գործադրել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Ռուսաստանը չի կարող սպառնալիքներ զգալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում ԱՄՆ-ի գերիշխանության հարցի առիթով։ Առավել ևս, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, հնարավորություն ունի Հայաստանի ձեռքով շրջափակելու ցանկացած որոշում և նախաձեռնություն, մանավանդ որ Հայաստանն ինքն է շահագրգռված հնարավոր սցենարների մեծ մասի շրջափակմամբ։
Ռուսաստանը շահագրգռված է ղարաբաղյան հարցում ստատուսքվոյի շարունակմամբ, ինչը նրան հնարավորություն է ընձեռում, առնվազն, կարգավորելու հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ` կարգավորման գործընթացի շարունակման նմանակմամբ, ինչպես եղել է մինչև հիմա։ Ներկայումս Ադրբեջանը նրա գլխավոր գործընկեր Թուրքիան հայտնվել են բավական բարդ միջազգային իրավիճակում։ Երկուսն էլ զրկված են հավանություն գտնելու հնարավորությունից, ավելի ճիշտ որոշ մեկուսության մեջ են արևմտյան քաղաքական «դաշտում»։ Իհարկե, Թուրքիան և Ադրբեջանը բովանդակությամբ ու մասշտաբներով խիստ տարբեր խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, բայց նրանց քաղաքականությունն ու շահերը զգալիորեն փոխկապակցված են, և Արևմուտքը չի կարող նրանց իրարից մեկուսացած դիտարկել։ Միաժամանակ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը այդպես էլ չեն կարողացել էական դիրքեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում և իսլամական աշխարհում, որը լավ է հասկանում նրանց հետաքրքրությունների էությունը և Արևմուտքի հետ տարաձայնությունների պատճառները։ Այսպես թե այնպես, Ռուսաստանն այս իրավիճակում գտնվում է բավական նպաստավոր դիրքերում, եթե նկատի ունենանք Ռուսաստանից, նրա առաջարկած աշխարհատնտեսական նախագծերից Թուրքիայի և Ադրբեջանի կախման ուժգնացումը։ Այսպիսով, Ռուսաստանն առիթ չունի շատ մեծ զիջումներ անելու այդ պետությունների հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վրա ազդեցության շատ լծակներ ունի նաև առանց տարածաշրջանային խնդիրներում զիջումներ անելու։ ՈՒստի Հայաստանի շահերին առնչվող Ռուսաստանի որևէ զիջում միանգամայն անհիմն կլինի։
Հայաստանի թուլանալու վտանգն սկսել են հասկանալ անգամ ամերիկացիները, և Ռուսաստանի համար դա միանգամայն անընդունելի է երկարաժամկետ քաղաքականության նկատառումներով։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ