ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Եթե Թուրքիան ցանկանա, կարող է բնականոն հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի հետ սահմանը` առանց արձանագրությունների»

«Եթե Թուրքիան ցանկանա, կարող է բնականոն  հարաբերություններ հաստատել և բացել Հայաստանի  հետ սահմանը` առանց արձանագրությունների»
17.04.2012 | 00:00

ԴԵՐԱԿԱՏԱՐՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԱՄԵՆԵՎԻՆ ՉԻ ԶԳԱՑՎՈՒՄ

Քաղաքագետների գնահատմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերջին 20 տարում այսքան զրոյական մակարդակում չեն եղել, որքան այսօր է: Ավելին, անորոշությունն այնքան է թանձրացել, որ դժվար է հասկանալ` «հայ-թուրքական մերձեցման գործընթաց» ասվածը, առհասարակ, գոյություն ունի՞, թե՞ տարածաշրջանային շահեր հետապնդող երկրների ձեռքին վերածվել է օգտակար խաղաքարտի: Եթե ժամանակ առ ժամանակ Արևմուտքից չհնչեն հարաբերությունների կարգավորմանը միտված «բարի կամք» արտահայտող հայտարարությունները, գուցե թե անորոշ ժամանակով գործընթացը առհասարակ սրբագրվի, նույնիսկ` քաղաքագետների հիշողությունից:

Մարտի վերջին Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամանը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստակամ է, կողմերի համաձայնության դեպքում, վերականգնելու իր միջնորդական առաքելությունը հայ-թուրքական բանակցային գործընթացում: Այնուհետև տարածվեց ԱՄՆ-ի պետքարտուղարության հաղորդագրությունը, որում պետքարտուղար Հիլարի Քլինթոնը վերստին հավաստիացրեց ԱՄՆ-ի հաստատակամությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման աջակցության հարցում: Քլինթոնն իր խոսքն ավարտել էր այսպիսի եզրահանգմամբ` «քայլ անելու հերթը Թուրքիայինն է»: Սրան հաջորդեց Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆեռնի հայտարարությունը. դեսպանը նախ «խիզախ քայլ» որակեց երկու տարի առաջ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ապա տեղեկացրեց, թե ԱՄՆ-ը շարունակում է ճնշումներ գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: «Մենք դիմում ենք Թուրքիային, որպեսզի նա վավերացնի այդ արձանագրությունները, որ վերանան Հայաստանի մեկուսացումն ու փակ սահմանները, քանի որ դա երկու երկրների համար էլ օգտակար կլինի»: Փաստորեն, Հայաստան-Թուրքիա մերձեցմամբ շահագրգիռ տարածաշրջանային դերակատարների պակաս ամենևին չի զգացվում: Սակայն նկատենք, որ այդ շահագրգռությունները հայտարարություններից այն կողմ չեն անցնում, ավելին` Թուրքիայի դեմ ճնշումներ գործադրելու մասին Արևմուտքից հնչող խոսքերը շարունակում են զուտ հռետորական բնույթ կրել:

Հաշվի առնելով թուրքական կողմի ագրեսիվ պահվածքն ու նույնաբնույթ հայտարարությունները, կարելի է վստահաբար ասել, որ չնայած ԵՄ երկրների, ԱՄՆ-ի դրսևորած պատրաստակամությանը, ներկայումս հայ-թուրքական հարաբերություններում դժվար է փոփոխություններ ակնկալելը: Ինչպես նկատել էր թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը. «Վերջին զարգացումները` Ֆրանսիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը, Խոջալուի դեպքերի հետ կապված հանրահավաքները, ցույց են տալիս, որ Թուրքիան բոլորովին տրամադրված չէ որևէ կերպ շարունակելու երկխոսությունը»:

Չնայած գերտերությունների ղեկավարների` առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին արված հայտարարություններին, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշմանը` քանի դեռ թուրքական կողմը խնդրի լուծումը կապում է ղարաբաղյան հարցի լուծման հետ, որևէ առաջընթաց լինել չի կարող, Թուրքիայի ղեկավարությունը չի դադարում հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնախնդրին շաղկապելուց: Եվ հնարավոր բոլոր քայլերով փորձում է հասնել իր նպատակին` միջնորդի դեր ստանձնել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Օրերս թուրքական քարոզչամեքենան հերթական ապատեղեկությունն էր տարածել, թե առաջիկայում Թուրքիայի արտգործնախարարի և ԱՄՆ-ի պետքարտուղարի միջնորդությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարարը հերքեց թուրքական կեղծիքը` այն արդարացիորեն անհեթեթություն որակելով:

Հետաքրքիր է, որ Թուրքիայի տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, Բաքու հասնելուն պես, սկսում են հոխորտալ հայերի հասցեին` ցեղակիցներին մատուցելով բազմիցս սերտած տեքստը, թե քանի դեռ Հայաստանը դուրս չի եկել Լեռնային Ղարաբաղից, քանի դեռ այդ տարածաշրջանի ադրբեջանցիների իրավունքները չեն վերականգնվել, թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի: Ի դեպ, նույնաբովանդակ մի հայտարարությամբ վերջերս հանդես եկավ Բաքու մեկնած Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Նա պատեհ առիթը բաց չթողեց նաև հաճոյանալու ադրբեջանցիներին` կրկնելով թյուրքական կեղծիքի գլուխգործոցներից մեկը, թե իբր «Ղարաբաղը բնիկ ադրբեջանական, թյուրքական հող է»: Բարեբախտաբար, այս անգամ չուշացավ Հայաստանի պատասխանը: Հակադարձելով Բոզդաղին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր. «Ոչ միայն Արցախն է հայկական և որևէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլև այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական և հայկական պատմական տարածքների վրա` բնիկ հայ և հույն ժողովուրդների ոչնչացումից հետո»: ԱԺ փոխխոսնակը նաև հիշեցրել էր թուրք պաշտոնյային, որ դեռ Ադրբեջանի կողմից շարունակում են բռնազավթված մնալ հայկական Շահումյանն ու Գետաշենը, իսկ Թուրքիայի կողմից` Հյուսիսային Կիպրոսը, այնպես որ, երկու երկրները պետք է դուրս բերեն իրենց զորքերն այդ տարածքներից:

Ի՞ՆՉ ԵՆ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ ՀԱՅ ԵՎ ԹՈՒՐՔ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

Մինչ քաղաքական հարթության մեջ շարունակվում է գործընթացի անորոշությունը, Հայաստանում և Թուրքիայում կան կազմակերպություններ, որոնք փորձում են «մերձեցման» թեման հնարավորինս տաք պահել հասարակական սեկտորի շրջանակներում: Այսպես. «Եվրասիա» հիմնադրամը «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում երկու երկրներում կազմակերպել ու իրականացրել է ուսումնասիրություն` պարզելու` ինչպե՞ս են Հայաստանի ու Թուրքիայի լրատվամիջոցները լուսաբանում հայ-թուրքական հարաբերությունները: Հետազոտությունն իրականացվել է, մասնավորապես, հետևյալ հարցերի շրջանակում. ի՞նչ չափով են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները գտնվել երկու երկրների ԶԼՄ-ների ուշադրություն կենտրոնում, լուսաբանման վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել քաղաքական գործընթացները, ո՞ր ոլորտներն են արժանացել ԶԼՄ-ների ուշադրությանը, ի՞նչ աղբյուրներից են օգտվել լրագրողները և այլն: ՈՒսումնասիրությունն իրականացրած Երևանի մամուլի ակումբի ու Թուրքիայի Իզմիր քաղաքի տնտեսական համալսարանի հաղորդակցության ֆակուլտետի փորձագետների հետազոտության կենտրոնում եղել է 10 լրատվամիջոց, իսկ հետազոտման համար ընտրվել են 2008 թ. օգոստոսից մինչև 2010 թ. սեպտեմբեր և 2011 թ. հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածները: ՈՒսումնասիրության արդյունքում արձանագրվել է հետևյալ փաստը. «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները Հայաստանի ԶԼՄ-ներում արժանացել են ավելի մեծ ուշադրության, քան թուրքական լրատվամիջոցներում: Դրանք հայկական լրատվամիջոցներում որոշ դեպքերում ավելի են կարևորվել, քան նույնիսկ երկրի ներքաղաքական խնդիրները»,- ասված է հրապարակված զեկույցում: ՈՒսումնասիրությունը նաև պարզել է, որ Հայաստանի և Թուրքիայի ԶԼՄ-ները հաճախ օգտվում են միայն իրենց երկրում գտնվող տեղեկատվության աղբյուրներից, փոխարենը շատ քիչ են դիմում օտարերկրյա տեղեկատվական աղբյուրներին: «Սա չի նպաստում մյուս երկրում տեղի ունեցող գործընթացների հավասարակշիռ և բազմակողմանի լուսաբանմանը»,- արձանագրում են փորձագետները: Երկու երկրներում դիտարկված մամուլի հրապարակումների ու հեռուստահաղորդումների բնույթը թույլ է տվել եզրահանգել, որ առավելապես իշխող է դառնում երկկողմ հանդուրժողականության նվազումը:

«ԱՄՆ-Ը ՄԵՂՔԻ ԻՐ ԲԱժԻՆՆ ՈՒՆԻ»

Հասարակական քննարկումների շարքում ոչ պակաս հետաքրքրական էր ամերիկացի փորձառու դիվանագետ-փորձագետ, Հայաստան-Թուրքիա հաշտեցման հանձնաժողովի (TARC) նախաձեռնող Դևիդ Ֆիլիպսի հրապարակած մենագրությունը` նվիրված հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Այն օրերս ներկայացվեց հայ հանրությանը: Ֆիլիպսն իր գրքում հանգել է արժեքավոր հետևությունների, միաժամանակ վերհանել է հետաքրքրական փաստեր: Դիվանագետը գրում է, որ դեռ գործընթացի սկզբում` 2009 թվականի մայիսին, անգամ թուրք պաշտոնյաների համար է անսպասելի եղել Բաքու այցելած Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը, այսպես կոչված, «գրավյալ տարածքների» մասին: Դ. Ֆիլիպսը գրում է. «Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն և այլ թուրք պաշտոնյաներ, ովքեր ներգրավված էին գործընթացում, զարմացել էին «գրավյալ տարածքներից» հայկական ուժերի ամբողջական դուրսբերման մասին Էրդողանի պահանջից: Էրդողանի Բաքու այցելությունը ցույց տվեց Աբդուլլահ Գյուլի հետ նրանց մոտեցումների տարբերությունը»,- եզրահանգում է դիվանագետը: Ապա հավելում, որ կատարվածը հայ պաշտոնյաներին առանձնապես չի էլ զարմացրել. «Նախագահ Սարգսյանը դեռ ապրիլի 22-ի խոսակցության ժամանակ Բայդենին (ԱՄՆ-ի փոխնախագահ) ասել էր, որ Թուրքիան կարող է հետ կանգնել պայմանավորվածություններից: Հայերը երբեք չեն հավատացել, որ Անկարան մինչև վերջ լուրջ է տրամադրված կարգավորման գործընթացի վերաբերյալ»:

Փորձառու դիվանագետը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ջանքերի ձախողման հարցում մեղադրում է նաև Միացյալ Նահանգներին, գրելով. «ԱՄՆ-ը մեղքի իր բաժինն ունի»: Ֆիլիպսի գնահատմամբ` Օբամայի վարչակազմը բավարար քայլեր չի ձեռնարկել կանխելու հայ-թուրքական արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ շաղկապելու Թուրքիայի դիրքորոշումը: Հետևապես, դիվանագետն ԱՄՆ-ի իշխանական վերնախավին կոչ է անում հայ-թուրքական հարաբերությունների հարցում վերանայել սեփական քաղաքականությունը, «ինչը հնարավորություն կտա 1915 թ. Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունները պաշտոնապես որպես ցեղասպանություն դիտարկելու»:

Ավարտելով իր արժեքավոր մենագրությունը, ամերիկացի դիվանագետը հանգում է այսպիսի հետևության. «Պատմական հնարավորությունը բաց թողնվեց արձանագրությունների վավերացման մերժմամբ, իսկ արձանագրությունները, մեծ հաշվով, արդեն պետք չեն, քանի որ, եթե Թուրքիան ցանկանա, ապա կարող է բնականոն հարաբերություններ հաստատել և բացել սահմանը Հայաստանի հետ առանց արձանագրությունների»:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ