ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐԻԶՄՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
02.12.2011 | 00:00

Վերջին երկու տասնամյակներին տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների արդյունքում Հայաստանը տարածաշրջանում զբաղեցրեց բավականին բարենպաստ դիրք, սակայն, միևնույն ժամանակ, խոցելի և լուրջ սպառնալիքների ենթակա։
Նախ, որ դարեր ի վեր կորցրած լինելով պետական ինքնիշխանությունը, սեփական երկրում գոյատևելով օտար կայսրությունների հովանու ներքո, մի զգալի հատվածն էլ սփռված լինելով օտար երկրներում, հայ ժողովուրդը մշտապես ենթակա է եղել ազգային ինքնության և մշակութային տոտալ ադապտացման, այդ իսկ պատճառով էլ ազգային հոգեբանության մեջ զարգացել է իրողությունների գնահատումները հարաբերակցության մեջ ձևավորելու յուրահատկությունը։ Եվ հենց այս հարաբերականության մեջ էլ ներկայիս Հայաստանը գնահատում է մի կողմից իր ազդեցությունն արտաքին աշխարհի քաղաքականության վրա, մյուս կողմից էլ սեփական թուլությունը` ներքին քաղաքականության մեջ։ Հարաբերականության մեջ տարվող այդ դիտարկումների արդյունքում է, որ ձևավորվել է կոմպլեմենտարիզմը որպես «արդի» քաղաքականություն և որի մշակութային փիլիսոփայության վրա էլ կառուցվել է Հայաստանի անվտանգությունն իր երեք հիմնական սկզբունքներով.
1. Հայաստանն իր անապահովության, վտանգի ու սպառնալիքի պատկերացումը կառուցել է Բաքու-Անկարա և Թեհրան-Մոսկվա աշխարհաքաղաքական խաչմերուկի եզրույթով և, հակառակ Ադրբեջանի ու Վրաստանի ուղղահայաց սխեմայի, այն կառուցել է հորիզոնական սխեմայով։
2. Հայաստանի անվտանգության եզրույթը սահմանվում է տարածաշրջանում երկու գերակա ուժերի` ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների համատեքստում։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը հանգեցնում է Հայաստանի անվտանգության ռուսամետ ռազմավարությանը ճիշտ այնպես, ինչպես ռուս-ամերիկյան հարաբերությունների կայունացումը ստեղծում է լայն հնարավորություններ Հայաստանի անվտանգության խնդրի լուծման համար։
3. Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը ռուս-ամերիկյան գործընկերությունն է, սակայն անվտանգությունն ու սուվերենությունը ենթակա չեն որևէ սակարկման։
Անվտանգության, զարգացման, կայունության, սուվերենության և կոմպլեմենտար պահանջների միջև Հայաստանը դեռևս դեգերումների և անիմաստ փնտրտուքների շրջանում է, և հորիզոնական կոնցեպցիայի միակողմ ու բազմակողմ շարունակական զարգացումների արդյունքում առաջացող արևելումներն այս իրողությամբ հղի են մեծ ու փոքր ցնցումներով, առավել ևս մեկից մյուսին անցնելու ոչ այնքան էլ սահուն պարագայում։ Վերոնշյալ չորս պահանջները` անվտանգության, զարգացման, կայունության և սուվերենության միջազգային համակարգին ինտեգրվելու կարևորագույն տարրերն են։ Մինչդեռ Հայաստանը դեռևս պատրաստ չէ ինտեգրման` վերոնշյալ պահանջների ոչ լիարժեք ամբողջացման պատճառով։ Հարկ է նշել, որ Հայաստանի անվտանգությունն ուղղված է դեպի Ռուսաստան և սահմանվում է միայն հայ-ռուսական ռազմավարական դաշնագրով։ Հայաստանի զարգացումը տնտեսության արժեհամակարգի փոփոխման նպատակով փորձում է հիմնվել ԱՄՆ-ի և նրա տնտեսավարման սկզբունքների վրա։ Հայաստանի կայունությունը պայմանավորված է Եվրոպայով, որպես տարածաշրջանում անվտանգության երաշխավորով։ Եվ վերջապես Հայաստանի սուվերենությունը պայմանավորվում է Իրանով` որպես Հայաստանի տարածքային ամբողջության պահպանման երաշխավորով։
Հայաստանի զարգացմանն ուղղված և նոր որակական հատկանիշներ ձեռք բերելու նպատակով գործադրված կոմպլեմենտար «արդի» քաղաքականությունն ամենաարատավոր միջոցներով պղծեց և ձևախեղեց նախ ժողովրդավարությունն ու նրա արժեհամակարգը, ապա ազատության կարևորությունն ածանցյալացրեց անվտանգությանն ու հրաժարվեց պահանջատիրության իրավունքից։ Վերջինս դիտարկվեց որպես մի լամինար համակարգ, որը կասեցնում է երկրի զարգացումն ու հատկանշում պատերազմի տրամաբանությունը։ Հայաստանն ազատական բարենորոգումներ իրականացնելու` արտաքին շպարման թվացյալ ճանապարհով փորձեց ինտեգրվել միջազգային ու տարածաշրջանային տնտեսական, աշխարհաքաղաքական գործընթացներին։ Ձախողված փորձեր իրականացրեց մաս կազմելու նոր ձևավորվող դաշինքներին` նպատակ հետապնդելով նախ պահպանելու սեփական սուվերենությունը և ապա Հարավային Կովկասում ապահովելու իր դիրքերի ամրապնդումը։ Հայաստանն իր այս կոմպլեմենտար «արդի» քաղաքական գործընթացների դիմաց ստիպված եղավ վճարել հայոց պահանջատիրության իրավունքի, զարգանալու ձգտման, հայ ժողովրդի պայքարելու և հատկապես ազգային նպատակներ հետապնդելու իրավունքի ոչնչացմամբ։ Եվ հենց սա է պատճառը, որ ՀՀ իշխանական վարչակարգը սկսած 1992-ից առայսօր ձևավորվել և իրականացնում է քաղաքական վերահսկման մի համակարգ, որը թույլ է տալիս կայունություն հաստատել իրենց գործընթացների միջավայրում։ Վերահսկումն իրականացվում է նոր գաղափարների, ինտելեկտուալ փորձառությունների, անհատ մտավորականների ու ազգային նոր խմբավորումների ձևավորման պարագայում։ Թե՛ իշխանական, թե՛ որպես ընդդիմություն ճանաչված բոլոր ուժերը զբաղեցնում են նույն քաղաքական համակարգում իրենց դիրքերը և առաջնորդվում են վերահսկման համակարգի կանոնների համաձայն։ ՈՒստի, ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը պայքար են մղում ազգային մոտեցման և բոլոր տեսակի ավանդական դրսևորումների նկատմամբ։
Վերահսկումն ինքնին պետության սուվերենության պահպանման երաշխիքն է։ Մինչդեռ երբ վերահսկումը պարտադրում է քաղաքակրթության լճացում, ապա ազգն անհանդուրժողականություն է դրսևորում վերահսկման համակարգի նկատմամբ։ Այստեղից էլ բխում է հեղափոխության գաղափարի առաջին և կարևորագույն էլեմենտը, եթե անգամ հաշվի չառնենք տնտեսական, կրթական, գիտական, մտավոր ներուժի և մշակույթի անդառնալի կորուստների վտանգը։ Սակայն հեղափոխության պարտադրանքի չափորոշիչները ձևավորվում և հստակեցվում են տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։ Իսկ այն գրեթե էապես ենթարկվել է արմատական և քաղաքականորեն տրամաբանական փոփոխությունների` ձեռք բերելով մի նոր որակական կատեգորիա։
Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ-Իրան նոր որակական հարաբերություններ են զարգանում, որի եզրույթը սահմանվում է նախ և առաջ թուրք-ամերիկյան վատթարացող հարաբերությունների և ապա «Մեծ Մերձավոր Արևելքի» տարածաշրջանում լուրջ այլընտրանքային ալյանսների ձևավորմամբ։ Ռուսաստանի հետ կապված խնդիրների լուծման կարևորությունն ԱՄՆ-ը տեսնում է ռազմավարական նոր դաշնակիցների ձեռքբերմամբ տարածաշրջանում նվազեցնելով Թուրքիայի դերն ու նշանակությունը։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ երկու զուգահեռներով ընթացող հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի տակ «Հայկական հարցը» ձևավորվեց որպես հայկական ազդեցիկ գործոն ընդդեմ Թուրքիայի և որպես նրա «զսպման» միջոց, այն Թուրքիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի վարած քաղաքականության մեջ դարձավ «զսպման» կարևորագույն էլեմենտ։
Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի ռազմավարության մեջ սահմանվում է Սևծովյան ավազանում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայությունն ընդունելու դեմ, թեկուզ և ռուս-թուրքական այս նոր հարաբերությունների դիմաց Ռուսաստանի վճարումը կսահմանվի հայկական տարածքների հանձնման իրողությամբ։ Ռուսաստանի նոր ակտուալ քաղաքականությունը ձևավորվեց արդեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ ընթացող փոխհարաբերությունների մակարդակով, որի ռազմավարության մեջ հստակ ուղղվածությունը տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերում իր գործուն մասնակցությունն ապահովելն է։
ԱՄՆ-ը բավականին լավ է գիտակցում, որ մինչ այժմ իր քաղաքական և տնտեսական շրջանակներում ծայր առած անարդյունավետ գործընթացները մի կողմից ժամանակի անիմաստ կորուստ էին, մյուս կողմից էլ` անուղղակիորեն ընձեռած հնարավորություն` հայկական և ռուսաստանյան քրեապետական կոռումպացված էլիտայի ազատ գործունեության համար։ ՈՒստի ԱՄՆ-ը տարածաշրջանային նոր գործընթացներում հակված է բացարձակապես ակտիվացնելու իր ազդեցությունն ու մասնակցությունը, ձգտելով նոր աշխարհառազմավարական ուղեգիծ ձևավորել` դրանում ընդգրկելով Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընկած երկրները, այդ թվում նաև` Հայաստանը։ ԱՄՆ-ի աշխարհառազմավարության մեջ Թուրքիային այսուհետ փոխարինելու է Հարավային Կովկասը։ Եթե հարցը դիտարկենք այս համատեքստում, ապա և այն հանգամանքը, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների գործընկերության ձևաչափի սահմանը Ռուսաստանը նախընտրեց ձևավորել Հարավային Կովկասում զուգակշիռ քաղաքականության տրամաբանութամբ, ինչը հիմք դրեց Հայաստանի հետ հարաբերությունների խաթարմանն ու պարտադրեց դրանց վերանայման և վերարժևորման անհրաժեշտությունը։
Հայաստանում քաղաքական պայքարն աստիճանաբար ստանալու է անկանխատեսելի բնույթ և ձեռք է բերելու ուժային կենտրոնների աննախադեպ շահագրգռություններ։ Ներքաղաքական նախապատվությունները, որոնք արտացոլվում են արտաքին շահագրգիռ կողմերի այս կամ այն ազդեցություններով, հակված են առաջացնելու խիստ կտրուկ հակազդեցություն, որի արդյունքում հայ հանրությունը միանշանակ մերժելու է որևէ տերության քաղաքականության նախապատվելիությունը։ Եթե Ռուսաստանն այսօր հիմնվելով տարածաշրջանում առկա նոր աշխարհաքաղաքական զարգացումների իրողության վրա` անթաքույց փորձեր է իրականացնում արտաքին քաղաքականության առաջնայնությունների նորովի վերագնահատման նպատակով, ապա ԱՄՆ-ը ձեռնամուխ է եղել Հայաստանում ընտրությունների իրականացման ճանապարհով հասնելու ներկայացուցչական և գործադիր իշխանության լիարժեք փոփոխման։
Հայաստանի խորհրդարանական և ապա դրան հաջորդող նախագահական ընտրությունների արդյունքները խորապես պայմանավորված են տարածաշրջանում առկա գործընթացներով։ ԱՄՆ-ի ներկայիս ուղղվածությունը, որը հակված է Սև ծովում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու իրողությամբ, ինչը, ըստ էության, կհանդիսանա տարածաշրջանում որպես «երրորդ ուժ», ապա Հայաստանի արտաքին քաղաքական նախապատվությունը կդառնա հաստատակամ։
Մինչդեռ Հայաստանը դեռևս իներցիոն ուժով փորձում է իրականացնել կոմպլեմենտար «արդի» քաղաքականությունը, որը եթե դիվանագիտության դասագրքային օրինակով ընկալվում է որպես բազմաճյուղ և ճկուն քաղաքականություն, ապա ընթացող պրակտիկ քաղաքականության մեջ այն ոչ բոլոր պարագաներում է արդարացվում։ Տարածաշրջանային նոր գործընթացների արդյունքում հայկական կոմպլեմենտար «արդի» քաղաքականությունն այլևս դատապարտված է...
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ-«Դրո» գործով մահվան դատապարտված
20 նոյեմբերի, 2011 թ.

Դիտվել է՝ 959

Մեկնաբանություններ