ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ԿԱՐՈՂ Է «ՃՇԳՐՏՎԵԼ» ԿՐԵՄԼՈՒՄ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ ԿԱՐՈՂ Է «ՃՇԳՐՏՎԵԼ» ԿՐԵՄԼՈՒՄ
29.11.2011 | 00:00

Վերջին իրադարձությունների և փորձագիտական գնահատականների համաձայն, Բաքուն «հրաժարվում է» աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև «տխրահռչակ հավասարակշռությունից» և, վերջապես, սկսում է լիովին գիտակցել, որ, «բացի Թուրքիայից, ուրիշ ոչ մի երկիր չի կարող դառնալ իր ռազմավարական դաշնակիցը կամ ռազմավարական գործընկերը»։
Նկատենք, որ որոշակիությունն ինքնըստինքյան միշտ էլ շատ լավ բան է, և այն առանձնապես կարևոր է «բաքվեցի քաղաքական ակրոբատների» առնչությամբ։ Բայց միաժամանակ պարզ է, որ կատարելով վերջնական ընտրություն և, բացի այդ, այն վավերացնելով տնտեսական պայմանագրերով, ադրբեջանական իշխանությունները ժամանակի տեսանելի հատվածում թե՛ իրենց երկիրը, թե՛ ամբողջ տարածաշրջանը դատապարտեցին նոր վերաբաժանման և, շատ հնարավոր է, նոր ծանր կացության։ Երբ Ալիևն Անկարայի հետ ստորագրեց ոչ միայն գազամատակարարման համաձայնագիր, այլև կանաչ լույս վառեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ի շրջանցումն Ռուսաստանի, նոր խողովակաշարի շինարարության ճանապարհին, երբ հայտարարեց, թե «Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը հիմնված է ոչ թե հավասարակշռության, այլ երկրի շահերի վրա», նա, կարծես, գործի դրեց թմբիրի մեջ գտնվող ավերիչ ուժերը։ Ակներև է, որ Մոսկվայում, ուր վերջին ժամանակներս բառացիորեն հնարավոր ամեն բան արել են քմահաճ հարևանին գոհացնելու համար, չեն կարողանում կուլ տալ նենգամիտ «ռազմավարական գործընկերոջ» հասցրած վիրավորանքը։ Առավել ևս, որ այդ ամենը Կրեմլի գլխավոր գործոնին` «Գազարդին», Կասպից ծովից լրիվ դուրս մղելու կայուն միտում է նշանակում, ընդ որում, հեռագնա հետևանքներով։ «Ազգային հարստության» պարտության հետ հաշտվել ներկա վիճակում ռուսները, հասկանալի է, չեն կարող և չեն էլ ուզում։ Այդ պարագայում նրանց զինանոցում համոզելու միջոցներ` որքան ուզեք։ Եվ դրանց մեջ գլխավորն Ադրբեջան կոչված մինիկայսրությունում ազգային փոքրամասնությունների բավականին ցավոտ հարցն է։ Նկատենք, որ մոտավորապես նույնպիսի տրամադրություններ, ճիշտ է միանգամայն այլ դրդապատճառներով, նկատվում են նաև Իրանում։ Ընդ որում, եթե ադրբեջանական հյուսիսի և լեզգի բնակչության «պայթուցիչը» գտնվում է Մոսկվայում, ապա երկրի հարավում էլ թալիշների վրա է Թեհրանի ազդեցությունն աճում ամեն հակաիրանական քայլի հետ, և ոչ միայն Բաքվից կատարվող։ Խիստ հատկանշական է, որ ռուսական «Ռոսբալտ» լրատվական գործակալությունում «Հասարակական-քաղաքական կյանքի վիճակն Ադրբեջանում» թեմայով վերջերս տեղի ունեցած կլոր սեղանի առիթով փորձագետները նկատեցին, որ ազգային փոքրամասնությունների հետ կապված իրավիճակը հրատապություն է ստանում Իրանին հնարավոր հարվածի լույսի ներքո, և այնտեղ «առանձնակի սրություն է ստանում թալիշական հարցը»։
Հանուն արդարության պետք է նշել, որ Կրեմլն արդեն տևական ժամանակ է, ինչ ոչ միայն չի ակտիվացրել խնդիրը, այլև ծուլորեն է պատասխանել կամ նշանակություն չի տվել անգամ այն հարցերին, որոնք ուղղակիորեն վերաբերել են Ռուսաստանի ու նրա քաղաքացիների շահերին։ Այսպես, լիակատար տեղեկատվական դատարկության պայմաններում երկար ժամանակ ադրբեջանական զորամասերը, փաստորեն, մարտեր են մղել Հազրա, Ավարան և Խուրել գյուղերի լեզգի բնակչության դեմ, որոնք գտնվում են Դաղստանի սահմանի մոտ։ Որոշ տվյալների համաձայն, այդ գործողություններին զոհ է գնացել մոտ 100 լեզգի ընտանիք, շատերը ձերբակալվել են, կալանավորման փորձի ժամանակ ոմանք սպանվել են։ Բացի այդ, Բաքուն սկսել է լեզգիներին «խաղաղեցնել», ընդ որում ոչ միայն իր տարածքում, տարածաշրջանի լիակատար քրեականացման միջոցով։ Ամբողջ Լեզգիստանում, սահմանի երկու կողմում էլ, փաստական իշխանությունն անցել է քրեական հեղինակությունների ձեռքը, որոնցից գլխավորը Կուրբանովների (ազգությամբ` ադրբեջանցի) ընտանիքն է։ Նրանք ոչ միայն վերահսկում են բոլոր տնտեսական, քաղաքական, ազգային դրսևորումները, այլև, փաստորեն, Դաղստանի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության իրագործողներն են։
Կարծիք կա, թե Բաքուն հենց Կուրբանովների միջոցով է իրականացնում հանրապետության պաշտոնյաների, ազգային գործիչների և գործարարների կաշառումն ու ֆիզիկական ոչնչացումը։ Բայց Մոսկվայում և Մախաչկալայում դրան, փաստորեն, չեն արձագանքում։ Եվ միանգամայն զայրացուցիչ էր վերջերս Մոսկվայի արած արքայական նվերը` Սամուր գետի ջրաբաշխիչի խայտառակ հանձնումն Ադրբեջանին` Դաղստանի Մաղարամքենդի շրջանի երկու գյուղով և 600 բնակչով հանդերձ։ Ընդ որում, Կրեմլը երկար ժամանակ «օլիմպիական հանգստություն» էր պահպանում` անգամ այն բանից հետո, երբ մի քանի ամիս շարունակ Ռուսաստանի այդ մի քանի հարյուր քաղաքացիներն իսկական հալածանքի էին ենթարկվում. նրանց հարկադրում են ադրբեջանական քաղաքացիություն ընդունել, հարազատներին տեսնելու նպատակով Ռուսաստան մեկնած գյուղացիներն իրավունք չունեն վերադառնալու իրենց տները, քանի որ ադրբեջանական սահմանապահներն արգելում են դա, Ադրբեջանի իշխանությունները նախկին ռուսական «կղզյակի» բնակիչներին դուրս մղելու նկատառումով փակել են տեղի դպրոցը և այլն։ Միևնույն ժամանակ, երկու երկրների «ծայրահեղականության և իսլամական արմատականության» դեմ պայքարի հարցով ծառայությունները համատեղ ակտիվ աշխատանք են ծավալել, ձերբակալվել և Բաքու են քշվել լեզգիական ազգային կազմակերպությունների շատ ակտիվիստներ։ Պատահական չէ, որ Մախաչկալայում և Դերբենդում տպավորություն է առաջացել, թե հենց Մոսկվան է ընդառաջում Բաքվին և ջանում է կոպտորեն խեղդել, ըստ էության, բարեհաճ ժողովուրդների առաջարկություններն ու պահանջները։ Կրեմլի հանդեպ դժգոհությունը նրանց մեջ ծառացավ հատկապես Աբխազիայի ու Հարավային Օսիայի ճանաչումից հետո, երբ նրանք համոզվեցին, որ երկակի ստանդարտներ են կիրառվում ռուսական պետության քաղաքական մեխանիզմներում։ Եվ ամենատհաճը` լեզգիները համոզված են, որ Մոսկվան պարզապես իրենց փոխանակել է գազի ու Բաքվի ողորմությունների հետ, առավել ևս, որ Կրեմլը երբևէ չի էլ թաքցրել, որ նպատակն արդարացնում է միջոցները։ Այնպես որ, այն պարագայում, երբ պաշտոնական Բաքուն միշտ էլ վախեցել է Մոսկվայից Դաղստանի ժողովուրդների հարցում և մշտապես զգացել է լեզգիական գործոնի հնարավոր վտանգը Ռուսաստանի ձեռքում, մի շարք «դիվանագիտական հաղթանակներից» հետո վերջապես համարձակություն ստացավ և շտապ սկսեց լուծել խնդիրները։
Այնտեղ, մասնավորապես, հալածանքներ սկսվեցին ավանդական իսլամի հողի վրա, երկրում քանդեցին մի քանի մզկիթ, որոնք պատմական նշանակություն ունեին և արտացոլում էին լեզգիների ու թալիշների պատմությունը։ Ազգային բոլոր փոքրամասնությունների համար ծայրաստիճան ցավագին է դարձել երկրի բանակում ծառայության հարցը, երբ Ղարաբաղում ունեցած զոհերի մեծ մասը եղել է ոչ անվանատու ազգի ներկայացուցիչ։ Լեզգիները ենթարկվում են հոգեբանական ծանր ճնշման, մտավորականությունը հիմնականում կա՛մ սկսել է հեռանալ երկրից, կա՛մ էլ ղեկավարության ձեռքին ձուլման գործիք դառնալ։ Համապատասխանաբար, վերջին մարդահամարի պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի ինը միլիոն բնակիչներից միայն 250 հազարն են Դաղստանի ժողովուրդների` լեզգիների, ավարների, ուտիների և այլոց ներկայացուցիչներ։ Այդ տվյալները վիճարկում են նրանց շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները։ Նրանք պնդում են, որ Ադրբեջանում էթնիկ դաղստանցիների թիվն արդեն անցել է մեկ միլիոնից։ Համեմատության համար` սկսած 1820 թվականից և ընդհուպ մինչև Ադրբեջանական ՍՍՀ կազմավորումը, այդ տարածքում ավարների, լեզգիների և մյուսների թիվը կայուն աճել է, և նրանք կազմել են բնակչության մոտ երկու երրորդը։ Սակայն հիմա, պաշտոնապես հրապարակված տվյալների համաձայն, «առանձին ազգություններ առհասարակ վերացել են», իսկ «վերջին 60 տարում լեզգիների թիվն ավելացել է ընդամենը 2,5 անգամ»։ Այսինքն, այն, ինչ հռչակվում էր Հեյդար Ալիևի ժամանակներից, երբ բոլոր պետական պաշտոնյաները միաբերան հայտարարում էին, թե «մեզանում լեզգիական խնդիր չկա, մենք մեկ ժողովուրդ ենք և մեկ մշակույթ ունենք», իշխանությունների համար, կարծես, բաղձալի իրողություն է դարձել։ Ինչպես միշտ, դրանից հետո Բաքվում սկսվեցին «ծիսական պարեր» ադրբեջանական բազմամշակութայնության շուրջ, բոլորին հիմարի տեղ դրած պնդելով, թե «Ադրբեջանում առկա հանդուրժողականությունն ամբողջ աշխարհի համար օրինակ է հանդիսանում», իսկ խորհրդային տարիներից ի վեր նրանց ունեցած անհագ ծարավը` ձուլելու Ադրբեջանում ապրող բոլոր ժողովուրդներին և վերջապես ստեղծելու «ադրբեջանական ազգ», պսակվեց հաջողությամբ։
Եվ ահա հիմա լրատվամիջոցները վերստին սկսել են խոսել լեզգիական խնդրի մասին և հարց տալ` «լեզգիները, արդյոք, ուզո՞ւմ են ադրբեջանցի դառնալ»։ Դաղստանցի փորձագետ Կուրբանովը պնդում է, թե ազգային ինքնագիտակցության վերածնության ժողովուրդների ձգտումն Ադրբեջանում մշտապես ճնշվում է։ Սակայն ադրբեջանաբնակ լեզգիների ներկայացուցիչները, ովքեր ավելի վաղ գաղթել են Ռուսաստան, վերջին ժամանակներս սկսել են հանդես գալ ցուցադրական հայտարարություններով։ Այսպես, նրանք պնդում են, թե Կովկասի պատմության արդի փուլում լեզգի ժողովրդի հարցը բազմադարյա հիմք ունեցող ազգային հարցերից ամենաբարդն է։ Ավելին, Ադրբեջանում «մարդիկ չեն ուզում թուրք դառնալ, բայց նրանց փաստի առաջ են կանգնեցնում, և դա տեղի է ունենում նրանց պատմական հողում»։ «Թուրքերը ձգտում են չնկատել կամ անզոր են որևէ բան անելու, տեսնելով, որ երիտասարդությունն Ադրբեջանում սկսել է շրջել «Լեզգիստան» գրառությամբ շապիկներով», որ լեզգիներն իրենց անվանում են «ցապաշ», «մուղալ», «ազեր», «կաջարներ», բայց ոչ երբեք «ադրբեջանցիներ» կամ «թուրքեր»։ Այնպես որ, նրանց կարծիքով, լեզգիական հարցի սրումը կարող է կործանարար դառնալ Ադրբեջանի համար։ Ավելին, լեզգիներն ու Դաղստանի մյուս ժողովուրդները լիովին կարող են հավակնել Ադրբեջանի տարածքի մեկ երրորդին` սկսած Նուխի քաղաքից մինչև Կասպից ծով և հյուսիսային սահմանից մինչև Կուր գետ։ ՈՒ թեև Բաքվում հոռետեսորեն են վերաբերվում նման հեռանկարին, այդուամենայնիվ, բացառված չէ, որ լեզգիական հարցի սրման պատճառով, երբ պահը գա, Ադրբեջանի քաղաքական քարտեզը Կրեմլից «ճշգրտվի» հենց այդ ուրվագծով։
Այս ամենին մնում է միայն ավելացնել, որ «ազգային հարցը» միշտ գտնվել և գտնվում է ուժի կենտրոնների զինանոցում և անհրաժեշտ պահին դառնում է կիրառության արդյունավետ գործիք։ Այդ է վկայում ամբողջ նորագույն պատմությունը, և ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրների։ Նորերս ձևավորված, այսպես ասած, «ադրբեջանցի» ազգի ձգտումը` ներառելու բոլոր ազգերին ու ժողովուրդներին, մարդկայնորեն, գուցե և, հասկանալի լիներ, բայց պարզ է նաև, որ տեղի է ունենում առանց հետևանքների, սոսկ կա՛մ համատարած գերիշխանության, կա՛մ, ինչպես է՛ր խորհրդային 70 տարիներին, մետրոպոլիայի հավանության պայմաններում։ Այսօր Բաքուն չունի ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3424

Մեկնաբանություններ