ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՍՊԱՌԵԼ ԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԻՐՏ ՁԵՎՈՎ ԿԵՂԾԵԼՈՒ ԼԻՄԻՏԸ»

«ՍՊԱՌԵԼ ԵՆՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԻՐՏ ՁԵՎՈՎ ԿԵՂԾԵԼՈՒ ԼԻՄԻՏԸ»
03.02.2012 | 00:00

«Դիրքային պայքար է գնում, կուսակցությունները նախապատրաստվում են: Ցավոք, շատ ավելի շեղվում ենք երկրորդական հարցերի վրա՝ ցուցակում ով որտեղ կլինի, ով ում հետ հանդիպեց և այլն: Այս շրջանում, այսպես ասած, «մուտիլովկաներով» զբաղվելն էլ է նորմալ: Կարծում եմ, արդեն սպառել ենք ընտրությունները բիրտ ձևով կեղծելու լիմիտը: Չեմ ասում, որ կեղծիքների փորձ չի լինի, իշխանությունն ամեն ինչ չի անի, որ վերընտրվի: Սակայն այսօր այդ ամենն ավելի բարդ է, քան մի քանի տարի առաջ էր: Մեր ուժերի ներածի չափ պիտի սահմանափակենք կեղծելու բոլոր հնարավորությունները»,- երեկ «Իրատես de facto» ակումբում բնութագրելով նախընտրական զարգացումները, հայտարարեց նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ: Անցնելով վերջին օրերին մամուլով ամենից հաճախ քննարկվող թեմային՝ Վարդան Օսկանյանի հետ հանդիպմանն ու հնարավոր համաձայնություններին, բանախոսն արձանագրեց. «Իմ հրաժարականից հետո Վարդան Օսկանյանի հետ երբևէ չեմ հանդիպել: Մեկ շաբաթ առաջ «Սիվիլիթաս» հիմնադրամն ինձ հրավիրել էր որպես բանախոս, և Օսկանյանը, որպես հիմնադրամի նախագահ, ինձ դիմավորել է: Շատ կզարմանայի, որ չդիմավորեր, կարծում եմ, պարտավոր էր դիմավորել: Ողջունել է, անցել ենք դահլիճ, այդքանով սահմանափակվել է իմ և նրա հանդիպումը»: Արզումանյանը վերստին հաստատեց այն տեսակետը, որ մարտի 1-ից հետո հնչեցրել էր Օսկանյանի հասցեին. «Նա մարտի 1-ի պատասխանատուներից մեկն է, ով ընդդիմության առնչությամբ տարածում էր ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր՝ նախապատրաստելով իշխանության կողմից սպանդի իրականացման ողջ գործընթացը»:
Անդրադառնալով նախընտրական շրջանում հնարավոր դաշինքներին ու մասնավորապես «Ժառանգության» հետ համագործակցությանը, ակումբի հյուրը նկատեց. «Մենք նախընտրում ենք ընտրություններին մասնակցել որպես գաղափարական միավորում, այդ դաշտում ցանկացած ուժի հետ կհամագործակցենք, իսկ նման գաղափարախոսության կրողն այսօր «Ժառանգությունն» է, որի հետ ունենք բարեկամական, գործընկերային հարաբերություններ: Տարբեր հարցերի շուրջ նրանց հետ համագործակցում ենք: Ո՛չ մենք, ո՛չ էլ «Ժառանգությունը» չենք բացառել, որ նպատակահարմար լինելու պարագայում միասնական թիմով հանդես կգանք: Առայժմ դեռ քննարկման փուլում ենք, ու նպատակահարմարությունը կորոշի համագործակցության ձևը»: Ինչ վերաբերում է մեծամասնական-համամասնական ընտրակարգին անցնելու ընդդիմության պահանջին, նախկին արտգործնախարարը թերահավատ է այս առնչությամբ, քանի որ իշխանական մեծամասնությունը դեմ է դրան, չնայած, ըստ նրա, կարևոր էր այս քննարկումն այնքանով, որ նոր ֆորում ձևավորվեց, և ակնհայտ դարձավ, որ հասարակության մեջ կա «կոնսենսուս-1», որովհետև միայն ՀՀԿ-ն է դեմ այդ ընտրակարգին:
«Հաջորդ խորհրդարանը, ինչպիսին էլ լինի, մի քայլ առաջ կլինի նախորդից, որովհետև նախորդում կար ընդամենը վեց ընդդիմադիր: Այս անգամ ընդդիմադիր դաշտն ավելի մեծ ներկայություն է ունենալու: Կա ինստիտուցիոնալ ընդդիմություն՝ ՀԱԿ-ը, մենք, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն: Ցավալի իրողություն է, բայց յուրաքանչյուր ձայնի համար պիտի պայքարենք, պահենք, ստիպենք հաշվառվի, որ լավագույնս ներկայացված լինենք»,- շեշտեց Ալեքսանդր Արզումանյանը՝ հընթացս նշելով, որ և՛ իշխանությունում, և՛ ընդդիմությունում ընդունված է ավտորիտար գործելաոճը: ՀԱԿ-ի հետ հետագա համագործակցության առումով էլ նախկին արտգործնախարարը վստահեցրեց. «Նույն գետը երկու անգամ չեն մտնում: Սակայն ընտրությունների վերահսկման, կեղծիքները բացառելու համար համագործակցությունը հնարավոր է ինչպես ՀՅԴ-ի, այնպես էլ ՀԱԿ-ի ու այլ կուսակցությունների հետ»: ՀՀՇ-ի վերաբերյալ մոտեցումները ևս անփոփոխ են. «Որպես երկրի ստեղծման հիմքում կանգնած կուսակցություն, ՀՀՇ-ն այլևս այդպիսին չէ, այլ ՀԱԿ-ի միավորման համար օժանդակ կառույց է»:
Արզումանյանը հավաստիացրեց լրագրողներին, որ «Ազատ դեմոկրատները» հաջորդ խորհրդարանում պարտադիր լինելու է, սակայն ինքն անձամբ շտաբ ղեկավարելու ցանկություն չունի: «Մեր կուսակցությունը նոր, 21-րդ դարի կուսակցություն է, մի անձի շուրջը չենք հավաքվել, թիմ ենք, որտեղ հավասար են բոլորը, հարցերը լուծվում են փոխհամաձայնությամբ: Սա, կարծում եմ, լավ նորամուծություն կլինի հայ քաղաքական այս ճահճում,- ընդգծեց Ալեքսանդր Արզումանյանը, հավելելով, որ ընտրացուցակների հարցում դեռ հստակեցումներ չկան։- Մենք ազատ մտածող մարդիկ ենք, կարող ենք իրար համոզել, վստահ եմ, տեղերի համար չենք վիճելու: Առաջին, երկրորդ կամ երրորդ տեղը չէ, որ ինձ Ալեքսանդր Արզումանյան է դարձնելու, այլ Ալեքսանդր Արզումանյանը կամ Րաֆֆի Հովհաննիսյանն են տեղին գին տալու»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ