ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՑ ԴԵՆԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՑ ԴԵՆԸ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ
01.04.2011 | 00:00

Մարտի 26-ին Հայաստանի ոտբոլի (ոտբոլ - ֆուտբոլ. անգլերեն «ֆուտը» ծագում է «ոտք»-ից, «բոլ» նշանակում է գնդակ, կլոր, հայերեն «բոլ» նշանակում է «լրիվ». լիալուսինը բոլորել է, Արցախի բարբառով հիմա էլ գնդակին ասում են կլոր` «պյուլ-բոլ»։ Առաջարկում եմ գործածել զուտ հայերեն բարդ բառը` ոտբոլը, ֆուտբոլի փոխարեն) հավաքականի խաղը ՌԴ հավաքականի հետ աննախադեպ աշխուժություն, ոգևորություն և հաղթանակի տրամադրություն էր ստեղծել ողջ հանրապետությունում։ Գուցե նաև ողջ հայության մեջ, չգիտեմ։
Զարմանալի է ու անհասկանալի։

Երկու տարի առաջ «ֆուտբոլային դիվանագիտության» «քողի» տակ, երբ հայերը հանդիպեցին թուրք ոտբոլիստների հետ, Հայաստանում ազգային ինքնագիտակցության և հաղթելու նախանձախնդրության այսպիսի հորդում չեղավ։ Ինչո՞ւ։ Նույնիսկ հրահանգ էր եղել մեր ոտբոլիստներին, որ նրանք չափից ավելի աշխուժություն և եռանդ չդրսևորեն։ Իսկ մեր ոտբոլիստները խաղում էին այնպիսի «ակադեմիական հանգստությամբ», ասես իրենցից տարիքով փոքր, անփորձ և բարեկամ երեխաների հետ էին խաղում, և առանձնապես կարիք չկար ջիգ ու ջանք թափելու։
Եվ ամենասև զավեշտն այն էր, որ ողջ մարզադաշտը` նախագահի գլխավորությամբ, ծափողջյուններով շնորհավորեց թուրքերի հաղթանակը։
Թուրքիայում կայացած պատասխան խաղի մասին չեմ ուզում նույնիսկ հիշել։
Հայի իմ արժանապատվությունը չի կարողանում «մարսել» դիվանագիտական այդպիսի ճաշը։
Բառացիորեն տասն օր առաջ Թուրքիայի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը դիվանագիտական ակնհայտ մտածված քայլով «վավերացրին» 90 տարի առաջ իրենց երկրների կնքած մոսկովյան ապօրինի պայմանագիրը, ապօրինի, քանի որ 1921-ին ո՛չ Խորհրդային Ռուսաստանը, ո՛չ քեմալական Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտ չեն եղել, այսինքն, ճանաչված չէին այլ պետությունների կողմից որպես անկախ պետություն։
Հեղափոխական երկու բախտախնդիրներ` Լենինը և Մուստաֆա Քեմալը, «ղումար» խաղացին հայկական տարածքների վրա, այսինքն, երկու պետություններ մի երրորդ պետության հողերը բաժանեցին իրար մեջ։
90 տարի է անցել, և մենք համարձակություն չունենք չեղյալ հայտարարելու միջազգային ակնհայտ խախտումներով ստորագրված ռուս-թուրքական Մոսկովյան պայմանագիրը։
Գոնե փորձ արվի արտաքին գործերի նախարարության անունից քաղաքական գնահատական տալու այդ պայմանագրին, որ մեզ այլևս չարհամարհեն քաղաքական և դիվանագիտական ասպարեզներում։
Տարածականության գաղափարախոսության հիմնադիր Հայկ Ասատրյանն իր հոդվածներից մեկում ցավով, բարդ ու սթափ գնահատողությամբ է կարծես վերաբերվում գերմանացի մարդաբան ֆոն Լուչանի գնահատականին. «Խնամքով և բարյացակամորեն նա ուսումնասիրեց մեր ցեղային պատկանելության հարցն ու ապրող ժողովրդի կյանքը և մեզ որակեց «քաղաքականապես հիմար», ապա Հայկ Ասատրյանը շարունակում է խորհրդածել. «Քաղաքական ամեն հիմարություն կպայմանավորվի նախ և առաջ պատմական զգացումի բացակայությամբ։ Այդտեղ է մեր ինքնախաբեություններու, սխալանքներու և, վերջին հաշվով, աղետավոր ձախորդություններու պատճառը»։
Ավելի քան համոզված եմ, որ մեր պետական և քաղաքական այրերից ոչ ոք ծանոթ չէ ֆոն Լուչանի որակավորմանը, հակառակ դեպքում իշխող քաղաքական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն «ակադեմիական հանգստությամբ» չէր հայտարարի, թե «դա Ռուսաստանի ներքին գործն է»։
Մեկնաբանություններն իմ կողմից ավելորդ եմ համարում։
Ինչ վերաբերում է ոտբոլային այս «տոն-խրախճանքին», այն ևս վերոնշյալ քաղաքական որակավորման լավագույն դրսևորումն էր։ Մարտի 26-ին «խոհեմաբար» լռեցինք, անհարմար վիճակի մեջ չգցեցինք «ռազմավարական մեր «բարեկամին», փոխարենն ազգովին որոշեցինք մի լա՛վ դաս տալ ռուսներին, որ նրանք իմանան, թե «որտեղ են խեցգետիններն իրենց ձմեռն անցկացնում» («չՊպ ՐՈՍՌ ջՌՎց՚Ց»)։ Բայց դե, բան դուրս չեկավ` 0-0 (գոնե թուրքերի հետ էլ այսպիսի պայմանավորվածություն ունենայինք, ինչքան չլինի` դիվանագիտություն էլ կար էդ ֆուտբոլի մեջ)։
Բայց, դե, մենք հո մեր բարեկամի խաթրին չէի՞նք կպչի (դե, ռուսներն էլ, պարզ է, որ պիտի գնահատեն, էլի, մեր քաղաքական նվիրվածությունն ու հուսալիությունը)։ Հողը թող խաբարը տանի ու քեզ հասցնի, ֆո՛ն Լուչան...
Իսկ վերջին զավեշտն էլ այն էր, որ խաղի ցուցադրման և հեռարձակման իրավունքի «փոդրատչիկ» գերմանացիները մեծահոգաբար «գործ էին տվել» իրենց վաղեմի «քաղաքական բարեկամ և գործընկեր» վրացիներին։ Իսկ վրացիներին, կարծես թե, լավ ենք ճանաչում. նրանք էլ անդավաճան մնացին իրենց բնույթին։ Այն, ինչ հայերն իրենցից լավ են անում, վրացիները կա՛մ խափանում են, կա՛մ սեփականացնում, կա՛մ նսեմացնում։ Իսկ մենք ամեն տեղ հիացած ասում ենք, որ վրացիները մեր եղբայրն են ու բարեկամը։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ. -Կարծում եմ, չէ՛, համոզված եմ, ոտբոլային այս տոն-խրախճանքի ոգևորության չափով, բայց լուրջ և լրջորեն մենք պիտի հակազդեինք մարտի 26-ին ռուս-թուրքական նոր դավադրությանը։
Ճիշտն ասած, չեմ ուզում կրկին հիշել ֆոն Լուչանին։

Դիտվել է՝ 1330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ