ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Որտեղի՞ց լույս աշխարհ եկավ «ադրբեջանցի» կեղծանվան տեր ժողովուրդը

Որտեղի՞ց լույս աշխարհ  եկավ «ադրբեջանցի»  կեղծանվան  տեր ժողովուրդը
17.04.2012 | 00:00

(սկիզբը` նախորդ համարներում)

1796 թվականի նոյեմբերի 6-ին վախճանվեց Եկատերինա կայսրուհին: Նրան փոխարինած Պավելի կարգադրությամբ ռուսական զորքերը դուրս են գալիս Անդրկովկասից: Եվ քանի որ Արղությանի շնորհիվ հայերը ևս դարձել էին պատերազմող կողմ, մահմեդականների հաշվեհարդարից խուսափելու համար Դերբենդի ու Մուսկուրի կողմերից 500 հայ ընտանիք ևս նահանջող զորքի հետ գաղթեց Ռուսաստան:

Ռուսական զորքերի այդ նահանջը առավել ևս օրհասական դարձրեց Վրաստանի վիճակը: Դեռևս 1795 թ. Աղա Մահմադ խանի արշավանքն ու Թբիլիսիի ավերումը այնպիսի հարվածներ էին, որոնցից չկարողացավ ուշքի գալ վրաց պետականությունը: 1798-ի հունվարի 11-ին վախճանվեց Հերակլ թագավորը, գահն անցավ նրա առաջին կնոջից ծնված Գեորգիին, իսկ Հերակլի մյուս կնոջից` Դարեջան թագուհուց ծնված 6 որդիները հետևողականորեն աշխատում էին գահը խլել նրանից: Դրան գումարվում էր նաև պարսկական հերթական արշավանքի սպառնալիքը: Ռուսաստանի հպատակության տակ մտնելու Գեորգիի խնդրանքներին ընդառաջելով` Պավել ցարը Թբիլիսի ուղարկեց մի զորագունդ` գեներալ Լազարևի գլխավորությամբ, և մի քաղաքացիական պաշտոնյա` Կովալենսկի, որոնք, փաստորեն, իրենց ձեռքը վերցրին Վրաստանի ողջ կառավարումը:

Պավելը վճռում է առանց պայմանների ու տատանումների Վրաստանը միացնել Ռուսաստանին, այն դարձնել Ռուսաստանի նահանգներից մեկը: Նա տեսնում է, որ անցել են այն ժամանակները, երբ Պետրոսը կամ Եկատերինան իրենց նվաճողական ծրագրերը քողածածկում էին փոքր ժողովուրդներին ազատագրելու, քրիստոնեական պետություններ վերականգնելու լուսապսակով: Պավելը մի մասնավոր զիջում է անում միայն. հիվանդոտ Գեորգին թագավոր կմնա մինչև իր մահը, իսկ նրանից հետո վերանում է այդ անվանական թագավորությունը: Այդ բովանդակությամբ 1800 թ. դեկտեմբերի 22-ին Պետերբուրգում հայտարարվեց թագավորական հրովարտակ, որը թատերական հանդիսավորությամբ հրապարակվեց Թբիլիսիում 1801 թ. փետրվարի 17-ին: Մինչդեռ դեկտեմբերի 28-ին արդեն մահացել էր Գեորգի թագավորը, և ցարական կարգադրությամբ այլևս նոր թագավոր չնշանակվեց:

Բայց այնքան էլ հեշտ չէր վերացնել մի թագավորություն, որը ծանր զոհողություններով անցել էր հազարամյա ճանապարհ: Համընդհանուր բողոքներին ու անկայունությանը վերջ տալու համար 1803 թ. փետրվարի 2-ին Թբիլիսի է հասնում կովկասյան նորանշանակ կառավարչապետ գեներալ Ցիցիանովը, որն անմարդկային դաժանությամբ իրականացնում է ցարական նվաճողականությունը` առաջին հերթին թագավորական գերդաստանի անդամներին աքսորելով Ռուսաստան: Գերդաստանի 26 անդամից միայն 4-ին է հաջողվում փրկվել փախուստով և տասնամյակներ շարունակ անհույս պայքար մղել հայրենի թագավորության վերականգնման համար:

Վրաստանում գործերը կարգավորելուց և մինչև Սև ծովի ափերը խաղաղ պարտադրանքներով Ռուսաստանին ենթարկելուց հետո Ցիցիանովը ցարին ներկայացրեց Անդրկովկասը մինչև Կասպից ծով Ռուսաստանին կցելու ծրագիրը և, օգնական զորք ստանալով, գործի անցավ: Առաջին հերթին զենքի ուժով լուծեց Բելաքանի ու Զառի լեզգիների հարցը, ապա Գանձակի Ջավադ խանից պահանջեց «իբրև պատասխան երկու խոսք ձեր ընտրությամբ` այո կամ ոչ, այսինքն` հանձնում եք, թե չեք հանձնում» (Լեո, հ. 4, էջ 186): Ջավադ խանի «ոչ»-ի արդյունքը լինում է այն, որ նրան կտոր-կտոր են անում Գանձակի պաշտպանության ժամանակ` 1804 թ. հունվարի 3-ին: Գանձակի անկումը հարցականի տակ է դնում հարևան Շաքիի ու Ղարաբաղի խանության հետագա գոյությունը:

Գանձակը նվաճելուց վեց օր հետո Ցիցիանովը նամակ է գրում Իբրահիմ խանին, ուր իր զարմանքն է հայտնում, թե խանը չի գալիս իրեն շնորհավորելու և ավելացնում. «Ես հույս ունեմ, որ չեք կամենա նմանվել նրան (Ջավադ խանին- Ա. Հ.) և կհետևեք ընդհանուր կանոնին, որով թույլը հպատակվում է ուժեղին և չի երազում չափվել նրա հետ»: Իսկ Իբրահիմի տված պատասխանի առնչությամբ իր երկրորդ նամակում Ցիցիանովը գրում է. «Ձեր հնազանդությունն ու հպատակությունը չեմ ուզում և չեմ էլ ուզել... Լսվա՞ծ բան է աշխարհի վրա, որ ճանճը բանակցի արծվի հետ, ուժեղին հատուկ է հրամայել, իսկ թույլը ծնվել է նրա համար, որ հպատակվի ուժեղին: ...Հրավիրում եմ ձեզ ապաշավության և ոչ թե հպատակության, դա ինձ հարկավոր չէ և եթե ուզում եք լինել կենդանի ու հանգիստ, այս նամակի մեջ իմ պահանջը կատարեցեք» (Լեո, հ. 4, էջ 24): Երևանի խանության դեմ ձեռնարկած անհաջող արշավանքը Ցիցիանովի այս հոխորտալից պահանջը հետաձգեց մի տարով ևս` իր վերջնական լուծումը ստանալու համար:

Անհրաժեշտության թելադրանքով շեղումներ կատարելուց հետո վերջապես հասանք բազմաչարչար Քյուրաքչայի գետափը: Մեզ մնում է ուշադիր հետևել, թե ինչ տեղի ունեցավ պատմական դարձած այդ գետի ափին: Մեկ տարի ու հինգ ամիս տևած ծանրագույն ու հայհոյախառն սպառնալիքներից ու դիվանագիտական շողոքորթություններից հետո Կովկասի կառավարչապետ Ցիցիանովն ու Շուշու Ղարաբաղի խան Իբրահիմը 1805 թ. մայիսի 14-ին հանդիպեցին Քյուրաքչայի ափին և վավերացրին. «Մենք, այսինքն` Շուշու և Ղարաբաղի խան Իբրահիմ և համառուսական հետևակազորի գեներալ... Պավել Ցիցիանով... ձեռնարկեցինք, Աստծու օգնությամբ, Շուշու և Ղարաբաղի խանի` իր բոլոր ընտանիքով, ժառանգներով և երկրներով` համառուսական կայսրության... անմիջական հպատակության մեջ մտնելու գործին, կնքեցինք, որոշեցինք և ստորագրեցինք հետևյալ հոդվածները» (Լեո, հ. 4, էջ 245):

Այդ հոդվածները ներկայացնող երկու աղբյուր կա մեր տրամադրության տակ: Առաջինը Ահմեդբեկ Ջավանշիրի «Ղարաբաղի խանությունը» գիրքն է` տպագրված 1883 թ., երկրորդը Լեոյի «Հայոց պատմության» 4-րդ հատորը: Երկու աղբյուրներն էլ բարեխղճորեն ներկայացնում են պայմանագրի հոդվածները` մեկ տարբերությամբ միայն: Եթե Ահմեդբեկը հոդվածները դասավորում է ըստ կողմերի ստանձնած պարտավորությունների, առանձնացնում դրանք իրարից, Լեոն նույնը ներկայացնում է համատեղ, ըստ հոդվածների փոխադարձ կապի: Մենք կհետևենք Ահմեդբեկի մոտեցմանը:

Եվ այսպես, Շուշու և Ղարաբաղի Իբրահիմ խանը պարտավորվում է.

1. Իբրահիմ խանն ընդմիշտ հրաժարվում է պարսկական կամ ուրիշ մի տերության վասալական կախվածությունից և ընդունում է ռուսական կայսրության հպատակությունը:

2. Խանը պարտավորվում է հարևան տերությունների հետ չունենալ որևէ առնչություն: Նրանցից ստացած նամակներից կարևորները պարտավորվում է ուղարկել Կովկասի գերագույն հրամանատարությանը, քիչ կարևորություն ունեցողները հանձնել Շուշիում տեղավորվելիք զորքի հրամանատարին:

3. Ռուսական զորքերի համար իր տիրույթներում ապահովում կենսապայմաններ գերագույն հրամանատարության կողմից հաստատված գներով:

4. Զորքին տրամադրում է բնակության շենք և վառելափայտ:

5. Ելիզավետպոլից մինչև Շուշի ճանապարհ է բացում սայլերի տեղաշարժի համար:

6. Ավագ որդուց ծնված թոռանը պատանդ է տալիս` մշտապես Թիֆլիսում ապրելու պայմանով:

7. Պարտավորվում է տարեկան 8000 չերվոնեց հարկ վճարելու երկու դրվագով` փետրվարի 1-ին և սեպտեմբերի 1-ին:

Այս ամենի դիմաց, ցարի անունից, Ցիցիանովը պարտավորվում է.

1. Խանի տիրույթների ամբողջականության պահպանությունը, ժառանգականությունն ըստ ավագության` կայսեր հաստատումով, խանության տիրապետումը` ներքին կառավարման ու եկամուտների տնօրինման լայն իրավունքներով:

2. 500 զինվորից բաղկացած, հրանոթներով զինված զորքի տեղադրում Շուշիում` խանության տիրույթների պաշտպանության համար:

3. Ռուսական գերբով դրոշի նվիրում` տիրակալի տանը մշտապես պահպանվելու համար: Պատանդ տրված խանի թոռան համար նշանակվում է ամենօրյա խնամք` 10 ռուբլի գումարի չափով (Լեո, հ. 4, էջ 248-251, Ահմեդբեկ Ջավանշիր, Ղարաբաղի խանությունը, 1961, էջ 95-96):

Ինչպես առանց ակնոցի օգնության դիմելու էլ կարող է տեսնել ընթերցողը, Իբրահիմ խանը իր հանձն առած պարտավորություններով զրկվում է քաղաքական ամեն մի իրավունքից. նույնիսկ պարտավոր է իր ստացած նամակները հանձնել վերադաս իշխանություններին` փոխարենը ստանալով օդից կախված խոստումներ և ամենակարևորը` ռուսական գերբով դրոշակ, որի դիմաց պետք է գիշեր-ցերեկ նամազ աներ:

200 տարվա հնություն ունեցող այս դաշնագիրը թուրքամեթոդ նենգափոխումներով խրախճանքի առարկա դարձնելով, ազերթուրքերն այսօր լուծված են համարում ելակետային մի հարց: Հերթական աղմուկն են բարձրացնում ղարաբաղյան հիմնահարցի շուրջը, «ապացուցում», թե Ղարաբաղը միշտ էլ եղել է իրենց «իսկոննի» հայրենիքը, որի վկայությունն է Քյուրաքչայի դաշնագիրը, որով ագրեսիվ հայերին նստեցրին իրենց տեղը: Հետևապես ներկա հակամարտության մեջ ևս նույնը պետք է կրկնել:

Բայց մենք պարտավոր ենք հետևելու դեպքերի հետագա ընթացքին Քյուրաքչայի դաշնագրի կնքումից հետո ևս: Դաշնագրի կնքումից հետո Իբրահիմի հետ Շուշի մտավ 300 զինվորից կազմված մի ջոկատ` մայոր Լիսանևիչի հրամանատարությամբ` գրեթե ամբողջովին իր ձեռքը վերցնելով կառավարման լծակները: «Հին աղվեսը», ինչպես բնութագրում էր Իբրահիմին Ցիցիանովը, անմիջապես զգաց, թե ինչ է նշանակում ռուս պաշտոնյայի հսկողության տակ ապրելը և սկսեց պարսիկների կողմն էլ նայել, շահին չգրգռելու համար «անկատար թողնելով ռուսական պահանջներից որքան կարելի է շատ բան» (Լեո, 254):

Լիսանևիչը դեռ նոր էր տեղավորվել Շուշիում, երբ լուր հասավ, թե պարսից զորքը հարձակվում է Ղարաբաղի վրա: Իր գնդով նա հասավ Խուդափերինի կամրջի մոտ, Փիր Ղուլի խանին հետ մղեց Արաքսի մյուս ափը, հունիսի 9-ին Ջեբրայիլի այգիների մոտ ընդհարվեց պարսից մեծաքանակ զորքի հետ, բայց տեսնելով, որ կարող է շրջափակման մեջ ընկնել, վերադարձավ Շուշի:

Դեռ այն ժամանակ, երբ պարսից զորքը չէր մտել Ղարաբաղ, Իբրահիմ խանը դիմեց Ցիցիանովին՝ խնդրելով զորք ուղարկել Ղարաբաղը պաշտպանելու համար` դաշնագրով ձեռք բերված պարտավորվածության համաձայն: Հունիսի 13-ին ստացած նամակին Ցիցիանովը պատասխանում է, թե խանը չի կատարել որևէ պարտավորություն, թոռանը չի ուղարկել պատանդ, և զորք կուղարկի միայն պատանդին ստանալուց հետո, հակառակ դեպքում եղածն էլ հետ կվերադարձնի: Բայց երբ հունիսի 16-ին Լիսանևիչը հայտնեց Ցիցիանովին, թե պարսից առաջավոր զորքերը հասել են Ասկերանի մոտ, թե Փիր Ղուլի խանը ամեն կերպ աշխատում է Իբրահիմ խանին իրենց կողմը գրավել, Ցիցիանովը հունիսի 18-ին Գանձակից ուղարկեց 493 հետևակային և 2 թնդանոթ ունեցող մի զորաջոկատ` գնդապետ Կարյագինի գլխավորությամբ, որը շրջափակման մեջ ընկավ Աղդամի մոտ և ստույգ ոչնչացումից փրկվեց հունիսի 27-28-ի գիշերը` Վանի Յուզբաշու ջանքերով: Իսկ Իբրահիմ խանը ոչ միայն ոչինչ չձեռնարկեց ջոկատը փրկելու համար, այլև սպառնում էր Լիսանևիչին, թե զորքը Շուշիից հանելու դեպքում հայերն ու մուսուլմաններն ապստամբելու են: Հուլիսի 11-ին Ցիցիանովը զորքով դուրս եկավ Գանձակից Կարյագինին օգնության հասնելու համար: Ֆաթալի շահը, խուսափելով Ցիցիանովի հետ ընդհարումից, զորքերով վերադարձավ Արաքսի մյուս ափ. Ցիցիանովը հուլիսի 20-ին բանակը կանգնեցրեց Ասկերանի մոտ, խանի որդիները նրան խոստացան 600 զինվոր տրամադրել, բայց չկատարեցին խոստումը, իսկ Իբրահիմ խանը 4 օր հետո միայն ներկայացավ Ցիցիանովին՝ այն էլ վերջինիս հրամանով:

1806 թ. փետրվարի 8-ին Ցիցիանովը սպանվեց Բաքվի բերդի պարիսպների տակ, և ամենուր, սկսած Սև ծովի ափից՝ Իմերեթից մինչև Շամախու խանություն, մոռացան երեկվա հավատարիմ հպատակության երդումներն ու փութացին վերականգնել իրենց անկախությունը: Իբրահիմ խանը գաղտնի բանակցություններ է սկսում Ֆաթալի շահի հետ, հայտնում, որ եթե շահը մոռանա անցյալը և իրեն ներում շնորհի, ինքը պատրաստ է նրան հանձնելու Շուշու բերդը՝ Ղարաբաղից դուրս վռնդելով ռուսաց զորքը: Շահը ոչ միայն ներեց նրա մեղքերը, այլև խոստացավ օգնական զորք ուղարկել, տրամադրել 120 հազար ռուբլուն համարժեք պարսկական դրամ, բացի դրանից, խոստացավ Ղարաբաղի խանությունն էլ տալ նրա որդի Աբուլ Ֆետին, որը շահի մոտ պատանդ էր եղել և շահական զորքերի կազմում միշտ կռվել ռուսների դեմ իր ապստամբ ջոկատներով: Միաժամանակ փոխվստահություն ապահովելու համար պայմանավորվում են, որ խանի 2 աղջիկները կամուսնանան շահի 2 տղաների հետ:

Շահի զորքերին մոտիկ լինելու և նրան միանալու նպատակով Իբրահիմ խանը մայիսի վերջերին դուրս է գալիս Շուշու բերդից իր մի կնոջ, 2 անչափահաս որդիների և 2 դուստրերի հետ, տեղավորվում Կարկառ գետի ափին գտնվող «Խանեն Բաղ» կոչվող վայրում: Նրան հետևում են Շուշու բեկերից մի քանիսը ևս, և կազմվում է 4-5 հարյուր հոգուց բաղկացած զինված մարդկանց մի խումբ: Երբ Աբաս Միրզան արդեն Ղարաբաղ էր մտել, Լիսանևիչը պահանջեց խանից, որ Շուշի վերադառնա: Խանը հայտարարեց, թե, բացի շահի իշխանությունից, իր վրա չի ճանաչում ոչ մի այլ իշխանություն: Նույնիսկ իր մոտ ուղարկված իր որդի Մեհտի Ղուլի աղային և թոռ Ջաֆար Ղուլիին առաջարկեց, որ ձերբակալեն Լիսանևիչին ու հանձնեն իրեն: Այս մասին լսելով, Լիսանևիչը 100 զինվորով գիշերը գրոհեց «Խանեն Բաղի» վրա, սպանեց Իբրահիմ խանին և ուրիշ շատերի այդտեղ ապաստանածներից:

Քյուրաքչայի պայմանագրի համաձայն Իբրահիմ խանին պետք է հաջորդեր նրա ավագ որդուց ծնված Ջաֆար Ղուլին: Ցիցիանովին փոխարինած Գուդովիչը, խախտելով պայմանագրի պահանջը, խան նշանակեց Իբրահիմի որդի Մեհտի Ղուլի աղային, հոր պես խորամանկ ու երկերեսանի մի անձնավորության, որն իր պաշտոնավարման ողջ ընթացքում պարսից շահի մոտ պատանդ եղած Աբուլֆեթ եղբոր միջոցով գաղտնի հարաբերությունների մեջ է եղել Աբաս Միրզայի հետ: Գուդովիչի այդ որոշումը պատճառ դարձավ, որ խանական ընտանիքում ծայր առնեն փոխադարձ թշնամանքն ու պայքարը խանական թախտին տիրելու համար, որի հանգուցալուծումը դարձավ Ղարաբաղի խանության վերացումը:

Անզիջում էին մրցակցությունն ու թշնամանքը խան նշանակված Մեհտի Ղուլիի և պայմանագրի համաձայն խանության ժառանգորդ Ջուֆար Ղուլիի միջև: 1812 թ. հունվարին առգրավվում է Ջաֆար Ղուլիին հասցեագրված Աբաս Միրզայի նամակը, որով շահզադեն խոստանում է Ղարաբաղի խանությունը հանձնել նրան և 15 հազար թուման գումար տրամադրել: Անմիջապես ձերբակալում են Ջաֆար Ղուլիին, հատուկ ջոկատի հսկողությամբ ուղարկում Թիֆլիս՝ դատելու: Ճանապարհին Ջաֆար Ղուլին կարողանում է փախչել և Մուղանի դաշտում միանալ Աբաս Միրզային: Հետագայում նա կարողանում է արդարանալ և վերադառնալ Շուշի:

(շարունակելի)

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ