Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԵՂԵՌՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ԳՈՆԵ ԿԵՍ ՄԻԼԻՈՆԸ ԶԵՆՔԸ ՁԵՌՔԻՆ ՄԵՌՆԵՐ

ԵՂԵՌՆԸ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ՄԵԿՈՒԿԵՍ ՄԻԼԻՈՆԻՑ ԳՈՆԵ ԿԵՍ ՄԻԼԻՈՆԸ ԶԵՆՔԸ ՁԵՌՔԻՆ ՄԵՌՆԵՐ
08.11.2011 | 00:00

Մամիկոն Ասատրյանի «Արջի ծառայության պաշտպանները» («Իրատես de facto», հ. 69) հոդվածի կապակցությամբ թերևս մեկ բանում կարելի է համամիտ լինել, որ «Մեծ եղեռնի դասերը» ոչ միայն այսօր, այլև այնքան ժամանակ կլինեն արդիական, քանի դեռ թուրքը չի բարձրացել մարդ արարածի աստիճանին: Խոսքս վերաբերում է թուրք կառավարողին, որովհետև ժողովուրդը որքան էլ լինի այլասերված, նրա մեջ կգտնվեն անհատներ, որոնք կկրեն համամարդկային գաղափարներ, բայց, ցավոք, դա դեռևս ազգը չէ: Ասում եմ` կառավարողին, որովհետև քանի դեռ ազգն ունի ալիևներ, էրդողաններ, դավութօղլուներ, միշտ էլ մենք պիտի հիշենք Մեծ եղեռնը: Չեմ ուզում մանրամասնել ասելիքս այդ երեքի օրինակով, բայց մտաբերենք Դավութօղլուի խոսքերը Վանի երկրաշարժից հետո Հայաստանի ցուցաբերած մարդասիրական օգնության առնչությամբ: Օգնելով տուժածներին, հայերս, հայ կառավարությունը երբեք չենք ակնկալել սահմանի բացումը: Ի՞նչ է, մենք չգիտե՞նք` ով է թուրք կառավարողը։ Ցավակցել հանգուցյալի հարազատներին, օգնել նրան դժբախտության մեջ, դա մարդկային է: Իսկ երբ մենք էինք դժբախտության մեջ Սպիտակի երկրաշարժից հետո, թուրք ազերին ոչ միայն փակում էր երկաթգիծը, այլև ցեմենտով բեռնված վագոնները մի լավ ջրում էր և նոր բաց թողնում Հայաստան: Գուցե հարգելի պրոֆեսորն այս խոսքերիս համար էլ կշտամբի, ասելով, թե պետք չէ այսօր նորեն գրգռել թուրքի մոնղոլական արյունը (ժամանակին ասված Ալիշանի խոսքերն են փոքր ինչ այլ տարբերակով- Ս. Հ.):
Հարգելի պրոֆեսոր, մինչև բուն հարցին անդրադառնալը, կուզեի իմանալ` ո՞րն է Ձեր հոդվածի իմաստը, որ մենք` հայերս, մեր վարքագծով, անհավատարիմ տարրի օրինակով, հավատալով Քրիստոս պաշտող ռուսին, բայց չտեսնելով նրա նվաճողական բնազդները, դուրս եկանք թուրքի դեմ և արժանիորե՞ն արժանացանք նրա սրին: Ասեմ, հարգելի պրոֆեսոր, որ սա թուրքավարի մտածողություն է, որը վերջին հաշվով ոչ միայն պառակտողական է, այլև պարտվողական։ Այն էլ ասեմ` որքան էլ պրոֆեսորը մատնանշի ազգի նախորդ դարի մեծերին և շեշտադրի, թե Բեռլինի կոնգրեսից հետո սկսվեց հայ ժողովրդի ողբերգությունը, ինձ համար ոչ միայն ընդունելի չէ, այլև վիրավորական է: Վիրավորական է, որովհետև նշանակում է դրանից հետո ազգի ազատության համար թափված սուրբ նահատակների արյունն անարգել:
Մեր դժբախտությունը ոչ թե Բեռլինի կոնգրեսն էր, այլ դրանից հետո ազգային գաղափարախոսության բացակայությունը, որը, ցավոք, չկա նաև այսօր: Հրեաները, չունենալով հայրենիք (իսկ փառք Աստծո, մենք ունեինք), չունենալով կոմպակտ ապրող հրեական համայնք, ստեղծեցին իրենց կուռ գաղափարախոսությունը` սիոնիզմը, որը և պայքարի ուղենիշ դարձավ իրենց պետության ստեղծման գործում: Աբդուլ Համիդին «հավատարիմ» չէինք, և նա 300 000 հայ կոտորեց, իսկ երիտթուրքերի՞ն ինչ կասեք, պրոֆեսոր: Այդ նոր թուրքերը դեռ չէին հասցրել պնդանալ իրենց տեղում, երբ 1909-ին կազմակերպեցին Ադանայի ջարդերը: Իսկ ո՞ւր էր հայ քաղաքական միտքը: Ախր դաշնակցական շատ պարոնների համար Ստամբուլում շատ տաք էր: Անհավատարմությունը չէր պատճառը, պարոն պրոֆեսոր, որ թուրքերը կոտորում էին հայերին: Բերեմ հավատարմության ևս մեկ օրինակ, և քննարկենք բուն պատճառը: Մուսալեռ բարձրացան մերձակա վեց գյուղերից հինգը, իսկ մեկը հավատաց թուրքին և գթաց նրա ողորմածությունը: Ի՞նչ եղավ: Այնքան մոլեռանդ էր մարդկային ցեղի այդ տականքը, որ գոնե հանուն դիվանագիտության, հանուն իր հետագա արդարացման չպահպանեց նրանց: Միանգամայն կիսում եմ պրոֆեսորի արտահայտած միտքը, որ դարեր շարունակ թուրքը կոտորել, սպանել, հարստահարել էր ոչ միայն հայերին, այլև այլ ժողովուրդների, բայց համամիտ չեմ այն մտքի հետ, թե բնաջնջման քաղաքականությունը նա ծրագրեց Բեռլինի կոնգրեսից հետո: Ասեմ, որ ոչ միայն թուրքի, այլև ցանկացած նվաճողի նպատակն է թալանը, հարկ հավաքելը: Նա նվաճող է, ստեղծագործող, արարող տարր չէ: Նա զենքի մարդ է: Նա խոփով չի աշխատում իր հացը, իր հարստությունը: Բայց վրա հասավ մի պահ, որ օսմանյան հզոր կայսրությունից այլևս ոչինչ չէր մնացել, և միայն Հայկական բարձրավանդակն էր վերջին հույսը: Եվ որպեսզի չկորչեր վերջին այդ հույսը, հարկավոր էր հարցի արմատական լուծումը` հայերի բնաջնջումը, և ինչպիսի՜ հաջողությամբ իրականացրին այն թուրքերը:
Այստեղ կցանկանայի հարցնել` հնարավո՞ր էր ոչ միայն խուսափել եղեռնից, այլև հաղթող դուրս գալ թուրքի հետ կռվում: Միանշանակ պատասխանում եմ` այո՛: Այո, եթե մենք ունենայինք ազգային գաղափարախոսություն, լինեինք միասնական, եթե հայ բուրժուան այս կամ այն երկրում չներդներ իր կապիտալը, օտար հողում հիվանդանոց կամ թատրոնի շենք չսարքեր, օտար հողում եկեղեցի չսարքեր (և շատ այլ օրինակներ), այլ ունեցած հզոր կապիտալը զենք դարձներ և զիներ ժողովրդին ապագա պայքարի համար: Բայց, ցավոք, հայ առևտրականը դրան ընդունակ չէր: Թող ներվի ինձ, բայց չեմ կարող չասել, որ մենք հանուն հայրենիքի անձնազոհության պատրաստ չենք, բայց սպանդանոց գնալու միշտ պատրաստ ենք: Որպեսզի ցույց տամ հայ առևտրականի ողջ էությունը, որը հատուկ է նաև այսօրվա այդ դասին, պրոֆեսորի հոդվածից նշեմ ոչ ճիշտ մի օրինակ:
Ահա մեկ փաստ Հրաչյա Աճառյանի հուշերից (գրում է պրոֆեսորը)։ Պոլսի վարժարանն ավարտելուց հետո նա Էրզրումի շրջանի գյուղերից մեկի դպրոցում (բայց ավելի լավ է բառացի մեջբերեմ Աճառյանի խոսքերը. «1894 թվականի հուլիսի 16-ին մեկնեցի Կոստանդնուպոլսից, Տրապիզոն հասա 19-ին և նույն օրը քարավանով ճանապարհ ընկնելով, հուլիսի 28-ին, կիրակի օրը, հասանք Կարին»- Ս.Հ.) հայոց լեզու է դասավանդել, երկու տարվա ընթացքում այնքան դրամ է հավաքել, որ կարողանա 5 տարի Փարիզի Սորբոնի համալսարանում սովորել: Հարգելի պրոֆեսոր, ի՞նչ է, այդքան կիսա՞տ եք կարդացել Աճառյանի հուշերը: Աճառյանն իր հուշերի 148 էջի վրա շարունակել է իր ասելիքը. «Մի տարի Կոստանդնուպոլսում և մի տարի Կարինում պաշտոնավարելով, բավական գումար ձեռք էի բերել, որով կարող էի Փարիզում ապրել երկու տարի»: Էլ ուր մնաց հինգ տարի: Աճառյանը Փարիզ է գնացել մեկ տարվա ապրուստի գումարով: Վաստակի կեսը տվել է Համբարձում Թոռնյանին, որպեսզի սա դնի առևտրի մեջ և մեկ տարի հետո վերադարձնի, բայց «Բանկ Օտոմանի» հայտնի դեպքերի օրը Թոռնյանը սպանվել է: Ինչու եմ այդքան մանրամասն նկարագրում. որպեսզի ընթերցողը չմտածի, թե Աճառյան ուսանողը փառավոր ապրել է Փարիզում: Սովից չմեռնելու համար ամիսներ շարունակ նա օրական մեկ գազար է կերել: Ճիշտ է, Կարինի Սանասարյան վարժարանում որպես գրաբարի ուսուցիչ աշխատելիս նա օրական ստացել է 8 ոսկի:
Աճառյանի օրինակով պրոֆեսորը հավանաբար ցանկացել է ևս մեկ անգամ հաստատել իր միտքը. տեսեք, համարյա դրախտ էր Թուրքիան հայ ուսուցչի համար, և ինչ էին ուզում հայերը: Երբ Աճառյանը, դեռևս 17 տարեկան, ցանկացել է գնալ Արափազար գյուղ հայերեն դասավանդելու համար, իր միտքը հայտնել է Սյուքերյանին, որը, քաջալերելուց բացի, մի նամակ է տվել Աճառյանին տեղում մի առևտրականի հանձնելու համար: Անծանոթ գյուղում նամակը տալուց հետո Աճառյանն օգնության ակնկալիքով սպասել է, թե ինչ կասի առևտրականը: Նրա հարցին, թե ինչ բանի համար եկել եք այստեղ, «մեջը գրված չէ՞»,- հարցրել է զարմանքով: «Ոչ, այստեղ ձեր մասին ոչինչ գրված չէ, սա մեր առևտրական գործերի վերաբերմամբ մի նամակ է»:
«Սյուքերյանը,- գրել է իր հուշերում Աճառյանը,- ութ կոպեկ խնայելու համար, չարաչար խաբել էր ինձ»: Տեղին է հարցադրել, ութ կոպեկ խնայող առևտրականը (մի՞թե այսօր մեր կյանքում դրանց պակաս կա) կարո՞ղ էր քսակը լայն բացել հանուն հայրենիքի պաշտպանության զենք գնելու համար:
Այո, կարող էր, եթե լիներ ազգային գաղափարախոսություն: Ըստ իս, ազգային գաղափարախոսությունը նաև պարտադրանք է: Օրինակիս հաստատումն է հարուստ հրեաների կողմից գումարների տրամադրումը սիոնիզմի ծրագրերի իրականացման համար:
Ոչ միայն արտառոց են, այլև բանականությունից զուրկ են պրոֆեսորի դատողությունները: «Մենք պետք է ուժեր կուտակենք, մոտավորապես 50 անգամ ուժեղանանք»,- գրում է նա: Հետաքրքիր է, 50 անգամ քանի՞ տարում պիտի ուժեղանանք և ինչ է, ես հիմա կամ ապագայում կռվի կո՞չ եմ անում: Այսօր, պարոն Ասատրյան, ուժեղանալն այն կլիներ, որ 90-ական թվականների վերջին Հայաստան եկած գաղթականների հոսքը ուղղվեր ոչ թե արտասահման, այլ ազատագրված տարածքներ: Բայց ո՞վ պիտի ուղղեր, երբ պետության ղեկին կանգնած մեկը հրապարակավ ժխտում էր «ազգային գաղափարախոսություն» հասկացությունը:
Ինչպես ասել եմ նախկին հոդվածներումս, այժմ էլ պնդում եմ, որ պետք չէ առանց պատերազմի պարտվել պատերազմում: Դա կարող եմ հաստատել չինացիների օրինակով: Բոլոր ժամանակներում չինացիները քանակով միշտ էլ շատ են եղել մոնղոլներից, ճապոնացիներից; Մոնղոլներից պաշտպանվելու համար չինական պատն են կառուցել: Ճապոնացիները հաղթել են չինացիներին, վերջիններիս շահագրգռելով, վճարելով հաշիշի արտադրության համար պլանտացիաներ ցանողին: Ափիոն ծխած չինացին նստած պատի տակ առանց կռվի պարտվում էր ճապոնացուն: Այսօր չինացին մարդկային զանգվածից վեր ածվել է կազմակերպված ազգի: Այսինքն, այսօր նրանք ունեն գաղափարախոսություն, թող որ կոմունիստական: Այսօր չինացին ոչ թե պատի տակ ուռած նարկոման է, այլ բարիք արտադրող գիտակից զանգված: Չեմ ցանկանում վերլուծել, թե անցած քսան տարիներն ինչ են տվել մեզ: Մեր եթերը բավական է մեր մասին պատկերացում կազմելու համար: Արևմուտքի քաոսի տեսությունը գործում է, որը և խաթարում է մեր ազգային միասնությունը; Ասել և պնդում եմ, որ ազգային միասնությունը կարող է սարեր շուռ տալ: Միասնության կամքին պրոֆեսորը հակադրում է, թե ութսունմիլիոնանոց Գերմանիայից ավելի միասնական ուժ չկար: «Ֆաշիզմ» բառը հենց միասնություն է նշանակում: Ասեմ պրոֆեսորին, ֆաշիզմ իտալական «ֆաշիո» բառից է, որը նշանակում է ջոկատ: Մուսոլինիստական ջոկատները դուրս էին գալիս Հռոմի փողոցներ և պարտադրում ժողովրդին իրենց կամքը: Այդ բառը շատ դուր եկավ Հիտլերին: Այստեղից էլ առաջացավ ֆաշիզմը: Պրոֆեսորը մոռանում է կամքի երկու արտահայտությունների տարբերությունը: Կամք` ապրելու, արարելու, չմեռնելու, և կամք` ուրիշին տիրելու, թալանելու, սպանելու, կործանելու համար:
Նշեմ ևս մեկ աղճատված միտք պրոֆեսորի հոդվածից. «Թուրքիան պարտվեց Առաջին համաշխարհայինում և զգալով, որ իր տեղը չէ մեծերի կռվում, Երկրորդ համաշխարհայինում չխառնվեց»,- գրում է պրոֆեսորը: Ասեմ, հարգելի Մամիկոն Ասատրյան, Թուրքիան պատրաստ էր, մեկ անգամ չի նրա կառավարողն ասել, թե թուրքական երկու միլիոն սվին պատրաստ էր Կովկաս ներխուժելու համար: Բայց այդ ներխուժումը կանխեց ֆոն Պապենի շատախոսությունը, որի համար վերջինս հետ կանչվեց Թուրքիայում Գերմանիայի դեսպանի պաշտոնից:
Ասեմ պրոֆեսորին, որ ես, հարգելի պրոֆեսոր, Ձեզ հանցագործ չեմ անվանել, որովհետև դուք մտավորական եք, ինչպես և ես, որը կարող է ունենալ հանցավոր դատողություններ: Այժմ էլ եմ պնդում, այն դատողությունները, որոնք չեն նպաստում ազգային միասնությանը, ես հանցավոր եմ համարում: Պարտվողականության քարոզումը հանցագործություն է: Կռվի գնացող զինվորին ասել, թե ուր ես գնում, ախր ազերիները յոթ միլիոն են, իսկ մենք քիչ, ինչպես կարող ես կռվել, ստոր պարտվողականություն է:
Ասելիքս վերջացնեմ: Եղեռնը չէր լինի, եթե մեկուկես միլիոնից գոնե կես միլիոնը զենքը ձեռքին մեռներ:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ