ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵՐԲԵՔ ԱՅՆՔԱՆ ՉԵՆ ՍՏՈՒՄ, ՈՐՔԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՈՐՍԻՑ ՀԵՏՈ»

«ԵՐԲԵՔ ԱՅՆՔԱՆ ՉԵՆ ՍՏՈՒՄ, ՈՐՔԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՌԱՋ, ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՈՐՍԻՑ ՀԵՏՈ»
11.11.2011 | 00:00

Օտտո ֆոն Բիսմարկը, որն այդպես էլ մնաց բոլոր ժամանակների անգերազանցելի քաղաքական գործիչ, մի առիթով նկատել է. «Երբեք այնքան չեն ստում, որքան ընտրություններից առաջ, պատերազմի ժամանակ և որսից հետո»։ Եվ այս խոսքերը դեռևս նույնքան անվիճելի ճշմարտություն են, որքան մեկուկես հարյուրամյակ առաջ, հատկապես այն երկրներում, ուր «ընտրությունները», «պատերազմը» և «որսը» միաձուլվում, մեկ ամբողջականություն են դառնում։ Ահա հիմա էլ, երբ նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներ նախընտրական թոհուբոհի մեջ են, հանդիպում ենք ամենաաներևակայելի նախագծերի, ինչպես ասում են` ցանկացած ճաշակի։ Իսկ քանի որ տնաբույծ շատ ռազմավարներ դեռևս համոզված են, որ ընտրազանգվածի գլխավոր ցավն ու անձկությունը գալիս են ԽՍՀՄ-ի կարոտից, ապա հենց միասնության խոստումներն ու ծրագրերն էլ ամենահամեղ քաղցրավենիքն են ընտրողի համար։ Սակայն, ամենայն հավանականությամբ, «Ինտերնացիոնալ Ռուսաստան» միջազգային շարժում հնչեղ անվանումով նոր նախաձեռնությունը կարող է նաև գերազանցել անհեթեթության բոլոր սահմանները և անսպառ աղբյուր դառնալ մոսկովյան մետրոպոլիայի հովանու ներքո նոր միավորիչ սիստեմների քննադատների ու հակառակորդների համար, և ամենագլխավորը, ակնբախորեն ցույց տալ, որ «նոր մեծագործությունների» բուն նախաձեռնողների համար այս ամենը ոչ ավելի, քան վարկանիշային ձեռնարկ է։ Ընդ որում, ոչ այնքան կշռադատված ու հղկված։
Այս առումով խիստ հատկանշական է թվում շարժման համագումարը, որը, որքան էլ ծիծաղելի լինի, ինտերնացիոնալիստները վճռել էին անցկացնել «Նացիոնալ» հյուրանոցում։ Բացի այն, որ նրանք որոշեցին ստեղծել «Եվրասիական ժողովրդական ճակատ»` Հավանայից մինչև Ցխինվալ, մասնակիցների ելույթներն էլ շատ պերճախոս էին։ «Մեր կազմակերպությունը խոյանում է տիեզերք,- հայտարարեց համագումարի կազմակերպիչներից Տատյանա Պոլոսկովան։- Անդրոմեդայի միգամածությունը կլինի մեր համագումարի գաղափարախոսական հիմքը»։ «Չապաևը մի ժամանակ ասել է` ես ինտերնացիոնալի կողմն եմ։ Նա դեռ այն ժամանակ գիտեր, որ մենք այստեղ հավաքվելու ենք»,- ասաց խորհրդակցական խորհրդի պատասխանատու քարտուղար Յուրի Մոսկովին։ Իսկ մեզ քաջ ծանոթ Կառլոս Պետրոսյանը, որը ներկայացնում էր «Տերություն և օրինականություն» հիմնադրամը, ասաց. «Ընկեր ինտերնացիոնալիստներ, մենք առաջնորդ ունենք` Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Իսկ Պուտինի ակտիվում` երկարաժամկետ կողմնորոշվածություն։ Այն հնարավորություն է տալիս միասնությունը հասցնելու ժողովուրդների մեծ վերամիավորման մակարդակի» (լրատվամիջոցների հրապարակումներում մատնանշվում է, որ Կառլոս Պետրոսյանին ցնծալի ծափահարել են)։ Իսկ առավել պերճախոսը Մոսկվայի թաթարների միության նախագահ, ներքին ծառայության գնդապետ Գայար Շաբանովն էր, որը ոչ միայն առանձնակի կանգ առավ Ռուսաստանի պատմության մեջ թաթարների ստեղծարար դերի վրա, այլև հավաստիացրեց, որ «Ռուսաստանի և ամբողջ Եվրասիայի թաթարները կլինեն եվրասիական հողերի ամենաակտիվ տնօրինողները»։
ՈՒ գնալով կենացները քաղցրանում են։ Եվ ահա արդեն շատ արագ ու կանոնավորապես, շարժման սպասարկման համար հավատարմագրված ռուսական լրատվական գործակալություններում սկսում են երևալ հաղորդագրություններ, թե շարժման մեջ մտել են մի ամբողջ շարք «հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ, մշակույթի և արվեստի գործիչներ, ձեռնարկատերեր մերձավոր ու հեռավոր արտասահմանից, Ռուսաստանի ավանդական ազգային փոքրամասնությունների և ձևավորված ազգային սփյուռքի, արտասահմանում ապրող ռուս հայրենակցական միությունների ներկայացուցիչներ»։ Այսինքն, քիչ է մնում ասեն` ողջ առաջավոր մարդկության ընտրանին։ Ավելին, գրեթե ամեն օր «ինտերնացիոնալիստներն» ակտիվ կողմնակիցներ են գտնում Եվրոպայի ու ԱՄՆ-ի հեռաստաններում։ Աշխատանքային խորհրդաժողովում շուտով ընդունվեցին ծրագրային թեզիսներ։ Նշվում էր, որ պաշտպանելով Պուտինի` նախկին խորհրդային տարածությունը համակցելու և Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու կոչը, նրանք դրան, բնականաբար, կմիանան։ Բայց «Ինտերնացիոնալ Ռուսաստանին» ուղղվելիք հարցերը, այս ամենով հանդերձ, ավելի շատ են, քան պատասխանները։ Այն հարցը, թե ինչու, հակառակ իրենց ծրագրած Միության տնտեսական դերի մասին վարչապետի հաստատակամ հավաստիացումներին, նրանք կարծում են, թե «տնտեսական ինտեգրացիան չի կարող արդյունավետ լինել առանց Պատմական Ռուսաստանի մաս կազմած ժողովուրդների հոգևոր և հասարակական կապերի վերականգնման ու զարգացման», թողնենք «ազգառաջնորդին»։ Առավել ևս, հնարավոր է, նրանք նկատի ունեն այն, ինչի մասին առայժմ չեն խոսում, բայց ինչը գաղտնի երազում են ռուսական իշխանությունները։ Իսկ մենք տանք այնպիսի հարցեր, որոնք մակերեսին են։
Նախ, ինչո՞ւ են նրանք որոշել վերակենդանացնել անցյալ և անգամ նախանցյալ դարի տերմինաբանությունը։ Ինչո՞ւ, երբ ամբողջ աշխարհում, հատկապես Ռուսաստանում, ազգայնականությունն ու ազգային ինքնագիտակցությունը (ընդ որում, դրա բացասական նշանակությամբ) թափ են առնում, նրանք որոշեցին աճպարարություն անել այնքան էլ ժողովրդականություն չվայելող բառով։ Նրանք գաղափարակա՞ն են, պարզապես սահմանափա՞կ, թե՞ դա ցինիկ, բայց, նրանց կարծիքով, արդարացված իրատեսություն է։ Բայց այդ դեպքում նրանց չի՞ թվում, արդյոք, որ նախկին խորհրդային երկրներում արդեն աճել ու ակտիվացել է մի սերունդ, որի համար Ռուսաստանը ոչ մի կերպ չի ձգում «ինտերնացիոնալ» բառիմաստին։ ՈՒ ինչպե՞ս է հնարավոր Միություն հրապուրել այն երկրները, որոնք չեն ուզում, որ ուրիշներն իրենց Ռուսաստան անվանեն։ Եվ հենց այդպես էլ աշխարհում անվանում էին ԽՍՀՄ-ը, և, հավաստիացնում ենք, հենց այդպես էլ կմեծարեն նոր ինտեգրացիան։ Ավելին, ինչո՞ւ նրանք հաշվի չեն առնում նրանց, այդ թվում` բուն Ռուսաստանում, ովքեր հիշում են խորհրդային «ինտերնացիոնալիզմի» բոլոր «հրապույրները», ում համար այդ տերմինը համահունչ է կոմունիստական քարոզչությանն ու պատերազմներին, հատկապես աֆղանական։
Բայց դա, ինչպես ասում են, «նուրբ հաշվարկի» և ճաշակի հարց է։ Շատ ավելի լուրջ հարցեր են առաջանում շարժման փաստաթղթերն ընթերցելիս։ Այսպես, դրանցում խոսվում է «Պատմական Ռուսաստանի» ինչ-որ «միասնական բազմազգ ժողովրդի» մասին։ Եվ ամենևին հասկանալի չէ, թե «Պատմական Ռուսաստանի» ո՞ր ժամանակաշրջանի մասին է խոսքը։ Խորհրդայի՞ն, ցարակա՞ն, միգուցե ավելի վաղեմի՞, երբ իրոք բազմազգ հիմքի վրա էլ ձևավորվել է ռուս ազգը։ Ի՞նչ սահմաններում են տեսնում «ինտերնացիոնալիստները» պատմական Ռուսաստանը` Կիևյան Ռուսիայի՞, ռուսական կայսրությա՞ն` Ֆինլանդիայով, Լեհաստանով և ժամանակակից Թուրքիայի մի մասով հանդերձ, նախապատերազմական կամ հետպատերազմական ԽՍՀՄ-ի՞։ Այնուհետև կարդում ենք. «Պատմական Ռուսաստանի ժողովուրդների բազմադարյան կապերն ու շփումները ռուս ժողովրդի` Ռուսական աշխարհի քաղաքակրթական հիմքեր ստեղծողի հետ, որի մաս է իրեն զգում նախկին խորհրդային տարածության երկրների բնակչության մեծ մասը, չնայած արհեստականորեն մեզ բաժանող սահմաններին»։ Այդ ի՞նչ «ռուսական աշխարհի» մասին է խոսքը։ Եթե, ինչպես նշվում է, դա «այն մարդկանց միջազգային հանրագումարն է, որոնք մտածում, խոսում են ռուսերեն», ապա այդ թվին պատկանո՞ւմ են, արդյոք, շատ իսրայելցիներ, կամ հայկական սփյուռքի զգալի մասը։ Եվ ի՞նչ են նրանք ուզում նրանց հետ անել։ Ավելին, ակներև է, որ ժամանակակից Ռուսաստանում առայժմ միշտ չէ, որ հաջողվում է մեկ ամբողջական օրգանիզմում կազմակերպել անգամ ռուսական վտարանդիությունը։ Իհարկե, անմիջապես էլ նշվում է, որ այդ աշխարհը «հեռանկարում ռուսական շուկայի համար սպասարկումների ու արտադրության արտասահմանյան փորձի մատակարարն է լինելու»։ Ահա այսպիսի, թվում է, գլխավոր նպատակ է հետապնդվում։ Իսկ «մշակութային և պատմական ընդհանրության» գիտակցման մասին բոլոր այդ խոսակցություններն ավելին չեն, քան վայրենի ցեղերին ցույց տրվող ուլունքները։ Եվ այստեղ ինչպե՞ս չհիշես լրագրողների ձեռքը «պատահականորեն ընկած» և դեռ մի երկու տարի առաջ հրապարակված` ռուսական արտգործնախարարության մշակումները, ուր ուղղակիորեն առաջարկվում էր այն բարձր տեխնոլոգիաները, որոնք Արևմուտքը չի շտապում տրամադրել Ռուսաստանին, ստանալ հայկական սփյուռքի միջոցով։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ են հատուկ կառույցների ներկայացուցիչները, որոնք էլ հենց կազմում են այդ ինտերշարժման կորիզը, որոշել սովորական լրտեսական գործողությանը վառ գաղափարախոսական թիկնոց հագցնել։ Ի՞նչ է, նրանք կարծում են, թե այդպես ավելի արդյունավե՞տ կլինի։
Շատ հետաքրքիր է, որ շարժման նախաձեռնողները երևի մի քիչ «մտահան են արել», որ դեռ վերջերս եղել են իշխանական կառույցներում ու հիմա ամենաաղքատներից չեն իրենց երկրներում, և սկսել են պնդել, թե «նախկին խորհրդային տարածությունում ձևավորված պետությունների ազգային վերնախավերը» ոչ միայն շահագրգռված չեն միասնացմամբ, այլև «ընդունակ չեն միավորելու սեփական բնակչության տարբեր խավերը»։ ՈՒստի և, ինչպես միշտ, նպատակին կարելի է հասնել «բացառապես Պատմական Ռուսաստանի ժողովուրդներին միավորող միասնական քաղաքական հասարակության վերակերտման միջոցով»։ Ովքե՞ր են մտնելու, կամ ո՞վ է կազմակերպելու և գլխավորելու այդ «քաղաքացիական հասարակությունները»։ Այդ մասին ծպտուն չկա, բայց արդեն դրանց անունից հայտարարվում է, որ «ժողովուրդը միասնության կորուստը ցավագին է տանում արդեն 20 տարի», թեև սոցիոլոգիական հետազոտությունները նույնիսկ «ամենասովետական երկրում»` Բելառուսում, հակառակն են վկայում։ ՈՒ էլի մի «հրաշալի» թեզիս. պարզվում է, որ այդ շարժման փորձագետները պետք է «գցեն մեր երկրների համաձայնեցված արտաքին քաղաքականության հիմքերը, դրանով իսկ հիմք ստեղծեն մեր երկրների արտաքին քաղաքականությունների միավորման համար»։ Հետաքրքիր է, ինչպե՞ս են այդ միասնական քաղաքականության մեջ տեղավորվելու ղարաբաղյան խնդիրը, ցեղասպանության ճանաչման հարցը կամ թյուրքական «գլխավոր ժողովողների» շահերը։
Իսկ հետո «Ինտերնացիոնալիստները», այնուամենայնիվ, բերաններից թռցնում են իսկական շարժառիթները` «Ռուսաստանում արդյունավետ արդիական տնտեսության ստեղծման ծրագրերը կարող են իրական լինել միայն նախկին խորհրդային պետությունների շուկաների միավորման դեպքում` որպես պայմանականորեն ձևավորված, բնական աշխարհատնտեսական, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական տարածություն»։ Թեև, նկատենք, մեծ թվով ռուս տնտեսագետներ նախազգուշացնում են, որ եթե միավորում տեղի ունենա թույլ տնտեսությունների հետ, ապա ոչ մի արդյունք Ռուսաստանի ՀՆԱ-ի ավելացման տեսքով չի լինի։ Սակայն նախաձեռնողների համար դա հոգ չէ։ «Ռուսաստանը կարող է խաղալ համաշխարհային տերության դեր, հարգանք վայելելով ինչպես միջազգային ընկերակցության գծով գործընկերների, այնպես էլ սեփական ժողովրդի կողմից, և դառնալ Պատմական Ռուսաստանի ցրիվ եկած ժողովրդի ժողովման կետ». սա՛ է նրանց բուն նպատակը։ Այսինքն` վերստին կայսրություն։ Եվ «նոր ինտերնացիոնալի այդ ասպետների» համար, թերևս, կարևոր չէ, որ, ի վերջո, այդ աշխարհագրական տարածությունում արդեն կառուցել են «ազատագրված ժողովուրդների» ինտերնացիոնալ միություն, որն օրենքով ամրագրված «ազատ ինքնորոշման», բաժանվելու իրավունքով է օժտված և ունի ինքնակառավարվող ազգային ինստիտուտներ։ Իսկ այս ամենի նպատակը ռուսական մի երկրորդ կայսրության ստեղծումն է։ Միգուցե ա՞յդ են ուզում նրանք։ Բայց այդ դեպքում այս ամենը մի վատորակ ու խաբուսիկ փայլ է, իսկ ծերուկ Բիսմարկը, ինչպես միշտ, ճիշտ է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ