ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՀԱԿ

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ. ՀԱԿ
18.11.2011 | 00:00

Մեզանում ավանդաբար լիբերալիզմի արժեկիր է համարվել ՀՀՇ-ն, որն այսօր երկգլխանի Յանուս է դարձել` ՀԱԿ-«Ազատ դեմոկրատներ» կոնֆիգուրացիայով:
«ԿՐԵՄԼՈՒՄ ՈՏԵՐԻՑ ԿԱԽԵԼ, ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ, ՔԱՌԱՏԵԼ»
Սակայն վերը նշված երկատումը չէ լիբերալ այս ուժի բուն «ողբերգությունը»: Վերջինիս «ողբերգությունը» նույնիսկ այն չէ, որ արևմտյան արժեկիրը դանդաղորեն և մեկընդմիշտ հայտնվում է ռուսական «շինելում», որի մերժմամբ էլ կայացավ ժամանակին:
Այս ուժի «ողբերգությունն» այն է, որ ՀՀԿ-ն է փորձում վերցնել լիբերալիզմի գավազանը` Մովսեսի գավազանի հանգով կուլ տալով այլ գավազան-օձերին: Շատ յուրօրինակ արձագանք քամելով լիբերալ լիդեր Տեր-Պետրոսյանի շուրթերից. ՀՀԿ-ն ֆաշիստիկ ուժ է, որովհետև Նժդեհն աղերսվում է Նիցշեին, իսկ Նիցշեն ֆաշիզմի գաղափարախոսությանը… գիտեք: Եվ գիտեք սա դեռ 96-ից` վասն ԱԺՄ-ի արտասանված «նույնանուն» ելույթից, ուր նույն պատճառաբանությամբ հնչեցրել էր Տեր-Պետրոսյանը` վասն արտաքին ականջի, վասն յուրյանց հակառակորդների` մտածելով, որ լիբերալների աշխարհում աշխատող տարբերակ է, այդով սուրբ տեղ-լիբերալ դաշտը ոչ այլ մեկը, իրենից բացի, չի զբաղեցնի:
Բայց ոնց երևում է` Լևոնն իրեն կրկնում է, իսկ թե սա ինչ է, ըստ Կոելյոյի «նշանների լեզվի», չասենք` ի խոր հարգանք ու պատկառանք` հանդեպ Տեր-Պետրոսյան:
Հետո էլ, Նիցշեն` չգիտեմ ինչպես, բայց որ Նժդեհը երկնից լսում է սա ու «շուռ գալիս» երկնքում իր նկատմամբ դրսևորված անարդարությունից, հաստատ է, որովհետև երկրային ուղում Նիցշե ընթերցած Նժդեհը գուցե քննարկման առարկա կարող է լինել շատերի, բայց հաստատ ոչ Մատենադարանի փոշիների մեջ կայացած մտավորական Լևոնի համար, այնուհանդերձ, այնկողմնային կրումը, որն ունի Նժդեհն այլևս, «չափագրման» ենթակա չէ, ու թե շատ եք ուզում, հենց սա է ՀՀԿ-ի գոյատևման ու «պոդիումին» մնալու հզոր բանալին, որին, եթե էլի անկեղծ` ինքը ՀՀԿ-ն ո՛չ տեղյակ է, ո՛չ էլ կարծես հաղորդ:
Անցանք առաջ։
Այսպիսով, որպեսզի չմեղադրվենք մեր լիբերալներին, Չուբայսի ձևակերպմամբ, «գնդակահարելու, քառատելու, աղաթթու խմեցնելու, Կրեմլում ոտքերից կախելու. եղբայրական գերեզմանում թաղելու» մեջ, արձանագրենք մեր լիբերալների երեկվա օրը ևս. աշխարհը 1990-ականներին հրճվանքով էր նայում տոտալիտար սիստեմի դեմ կռված այդ տղերքին, որոնք կարողացան ստեղծել անկախ պետականություն, արտաքին աշխարհին ինտեգրվելու լայն հնարավորություն, ժողովրդավարական ինստիտուտներ, շուկայական հարաբերություններ, Ղարաբաղն ազատագրեցին և նման այլ «պրելեստներ»:
Միևնույն ժամանակ թույլ տվեցին լիքը սխալներ:
Առաջին մեծ սխալը, որն ուղեկից դարձավ նաև մեր ողջ հետագա ընթացքին, անհանդուրժողականության բարդույթն էր: ՀՀՇ-ի դեպքում` բոլորի և սեփական շարքերի նկատմամբ: Դառնալով նեոդաշնակիզմի դրսևորում: Չկար գոնե մարդկանց մի փոքրիկ խումբ այդ կուսակցության ներսում, որ տեսականորեն ընդդիմանալու հնարավորություն ունենար. բոլոր այդ կարգի մարդիկ փոխարինվում էին «պոլի փետով». ըստ հայտնի ասույթի:
Անհանդուրժողականության այս «բրենդը» փոխանցվեց իրենցից հետո եկածներին` արգասաբեր պտուղներ «պարգևելով» բազմաչարչար հայ հասարակությանը:
Պատճառը միակն էր` լիբերալ գաղափարների դավանումը մեզանում այն և այս օրերին ոչ թե ներքին զարգացման ու հասունացման, այլ քաղաքական կոնկյունկտուրայի արդյունք էր` արտաքին ռեֆլեկտիվ բնույթի: Թումանյանի ասածով, երբ.
«ՈՉ ԹԵ ԳԱՂԱՓԱՐՆ Է ՄՏՆՈՒՄ ԳԼԽԻ ՄԵՋ, ԱՅԼ ԳԼՈՒԽԸ` ԳԱՂԱՓԱՐԻ»
Ընդ որում, որքան էլ ցավալի և ՀԱԿ-ի համար անընդունելի, ՀԱԿ-ն ու իր լիդերը, ի տարբերություն ՀՀԿ-ի, լիբերալիզացիայի (որը, հիշենք` «ամենալավիկ» դիկտատուրան է) խնդրին մոտեցան հակառակ կողմից: Բառ-եզրութային իմաստով անգամ: Սերժը թափանցեց «տրասնֆորմացիոն» (կուլտուրական ասած` փոխակերպման) ոլորտներ, Լևոնը, որպեսզի մնա «պոդիումին», ամբողջապես տրվեց ռուսիզմին: Ինչը հաստատ չէր հասկացվելու Արևմուտքի` լիբերալիզմի «հայրերի» կողմից: Արձագանքները չուշացան (տե՛ս ՀՀ-ում Գերմանիայի դեսպանի և ընդհանրապես ԵՄ դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև WikiLeaks-յան «սղագրությունները»):
Այո, ՀԱԿ-ն իր լավագույն օրերը չի ապրում: Ճիշտ է, «Հերոսական սիմֆոնիան» իր գործն արեց, և ՀԱԿ-ն անցնող չորս տարիների ընթացքում հզորագույն «выдержкаՈ» դրսևորեց` եղած բոլոր ընդդիմությունների մեջ ուղղակի «на бис» կարողանալով անել անհնարինը` մնաց «պոդիումին», սակայն կորուստներն էլ քիչ չէին: Օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ-ամբիցիոզ պատճառներով:
Նախընտրական փուլ ՀԱԿ-ը, այսպիսով, հասավ ահագին «խոշտանգված» ու հոգնած, համաձայնելով նախ` երկխոսությանը, հետո հերթական ընտրություններին, հետո անսաց իշխանության կոչերին` արդար-ազատ ընտրությունների «մոմենտով», փաստորեն` ձեռի հետ էլ խլելով ՀՅԴ-ի «հացը»` ընտրական օրինականության «մոմենտով» և այդպես շարունակ:
Ինչո՞ւ: Շատ պարզ:
ա) ՀԱԿ-ում հասկացան. իշխանության մոնոլիտացում է ընթանում, Սերժը տոտալ վերահսկողություն է հաստատում իշխանության երևացող և չերևացող «անհնազանդների» նկատմամբ, որոնց «վրա» էր ՀԱԿ-ի վերջին հույսը, որն էլ, փաստորեն, մեռավ: Իսկ թե որքան կորցրեց ՀԱԿ-ը նախ` ռուսաստանյան շինելում հարմարավետ ու անհեռանկար տեղավորվելու, հետո էլ` բոլոր իշխանական ուժերին դեպ իրեն խնդրարկությամբ մոտեցնելու, օլիգարխիայի մի մասին հավասար, իսկ մյուս մասին` ավելի հավասար (շա՜տ հավասար) վերաբերվելու արդյունքում, նույնիսկ պարոն Օրուելը չի կարող արձանագրել:
Հետո էլ գաղտնիք չէ. ՀԱԿ-ականներն անվերջ հույսեր էին փայփայում, որ Սերժը կտրվի ազարտին, սխալ քարտ կնետի խաղատախտակին, իրենք կշահեն այս մեծ պարտիայում: Այո, շունչները պահած չորս տարի դրան էին սպասում:
Չեղավ, փաստորեն:
բ) Հասկացվեց` ֆորս մաժոր գոնե Ղարաբաղի հարցում չի լինելու (այս խնդրին մենք անդրադառնալու ենք առանձին` Ռուսաստան-ԵՄ-ԱՄՆ համաձայնությունների, Սիրիա-Իրան-Եվրասիական միություն խնդիրների կոնտեքստում):
գ) Միջազգային հանրությունը ՀԱԿ-ի հետ առանձնապես հույսեր չի կապում, ու թե Ռուսաստանը ՀԱԿ-ին նստեցրել է պահեստայինի նստարանին, ապա այնտեղ այս պահին Արևմուտքի համար բարով-խերով նստած է «Ազատ դեմոկրատները»` ժառանգականների մի մասի հետագա պասաժի սպասումով:
դ) Այդ իսկ պատճառով ՀԱԿ-ն սկսեց խելամտորեն մանևրել` խուսափելու ապագա տրոհումից, որովհետև հարկավոր «իքս» պահին նրանից, նույն Արևմուտքի (ու էլի մեկի ձեռով, ինչպես անջատվեց ՀՀՇ-ի մի մասը) կողմից «Հանրապետություն» կուսակցությունը ևս կհայտնվի արևմտականների նստարանին, իսկ դա արդեն, ինչպես ասում են` վերջն է. և ՀԱԿ-ն այդ պահից սկսած կարող է իզգոյացվելու մասին մտածել, քանզի ՀԺԿ-ի այնտեղ լինել-չլինելու հեռանկարը նույնպես հարցականի տակ կհայտնվի:
ե) ՀԱԿ-ում այսօր, բացի այս և այլ կարգի հարցերից, կա նաև համամասնական ցուցակի խնդիր: Անցողիկ տեղերը շատ չեն, իսկ ՀԱԿ-ը բացառապես և հիմնականում բաղկացած է ահավոր ամբիցիոզ այրերից և «այրուհիներից», որոնց հենց նեղացրիր, «լիբերալ» այլ ուժ կնախընտրեն` հայտնվելով «Ազատ դեմոկրատների» նստարանի վրա: Էլ չենք ասում, թե մեկը «մույսին» ոնց է արհամարհում ու ատում, իրենից ցածր ու «ցածրագույն-թույլիկ» համարելով, մուտիլովկաների ինչ բառապաշար և «այլ» պաշարներ են միմյանց նկատմամբ բանեցնում (իշխանական մուտիլովշչիկները ղալաթ են արել. սա Վանոյի ասած ղալաթը չէ, սա այլ «ղալաթ» է):
զ) ՀԱԿ-ը սեփական մարմնին զսպաշապիկ հագցրեց նաև, որ` չունի «աղջիկ վախտվա էնտուզիազմը»: Այսպես. 2008-ին, երբ Տեր-Պետրոսյանը մտավ քաղաքական ասպարեզ, սև շենքում անցկացրած նրա տասը տարիները նրան պատել էին միստիկ-լինգվիստիկ-էզոթերիկ, այլ «թերիկ» և «թագավորիկ» արքայական ծիրանիներով:
Այլ կերպ ասած` նա շատ հետաքրքիր էր, սպասելի, և նույնիսկ ցանկալի («զիս` քո գերիս, ողորմելիս, զիս` քո գերիս, խը՜ղ-ճա՜-լի՛ս, ցանկալի՛ս»):
Վերադարձի էֆեկտն անկասելի էր: Գումարած դրսի և ներսի «ուրույն» աջակցությունը. Լևոնն սկսեց ԿԳԲ մուտքով` սպորտային «կուրտկայով զինված» Տեր-Պետրոսյանը մուտք գործեց Գորիկ Հակոբյանի «ռեզիդենցիա»` առանց դույզն-ինչ արգելքի, և ազատեց այնտեղից յուր կողմնակիցներին:
Փորձագետներն ասում են` Լևոնն այն ժամանակ (2008-ին) ուժային կառույցներում` բանակում, ոստիկանությունում, ԱԱԾ-ում ուներ մոտ քսան տոկոս «բնակչություն»: Ասել է` մարդիկ, ովքեր իր ժամանակներից էին գալիս, հավատում էին իրեն, առաջին` հիմնադիր նախագահի նկատմամբ ունեին կարծրացած լավատեսություն, որ նա կգա և կփոխի «ավերակները» Հայաստանում:
Հա, ԱԳՆ-ն մոռացանք: ԱԳՆ-ում էլ Լևոնը պինդ կադրեր ուներ:
Սակայն նրանք (մի մասին ազատեցին, հիշում եք) բոլորը խոր հիասթափություն ապրեցին: Երկու հանգամանք ևս մեծ դերակատարություն ունեցավ. այն օրերին Տեր-Պետրոսյանի որդու Ամերիկայում գտնվելը (ի դեպ, նույն ՀԱԿ-ից մեզ տեղեկացնում են, որ Դավիթ Տեր-Պետրոսյանն այսօր շատ լուրջ դերակատարություն ունի ՀԱԿ-ում, և նույնիսկ չեն բացառում, որ Լևոնը ՀԱԿ-ի «իշխանությունը» հանձնի ոչ թե Լևոն Զուրաբյանին, այլ հենց իր որդուն):
Մյուս հանգամանքը Մյասնիկյանի արձանի մոտ Տեր-Պետրոսյանի բացակայությունը, սեփական «սարատնիկների» ձերբակալության և «այլնի» նկատմամբ դրսևորած անտարբերությունն էր:
Ինչը, սակայն, «քաղաքական կատեգորիա» չէ:
Բոլոր դեպքերում, ՀԱԿ-ը վերադասավորումների փուլում է, և ի տարբերություն մնացածների` այդ «դասավորությունն» ուղիղ համեմատական է դառնում ոչ միայն արտաքին, այլև ներքին, ամենաչնչին դետալների հետ:
Ինչ խոսք, ծանր է Հիպոկրատի գլխարկը:
Մանավանդ երբ այն առաջին նախագահի գլխին է:
Ընդդիմադիր առաջինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ