Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՆՔՎԱԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ

ԱՆՔՎԱԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԷՐ ՀԱՂԹԱՆԱԿԻ
06.09.2011 | 00:00

Նախագահական ընտրություններն Աբխազիայում մնացին հետևում։ Ինչպես հայտնի է, ընտրություններն արտահերթ էին, քանի որ մայիսին մահացավ նախագահ Սերգեյ Բաղապշը։ Դրանց հենց առաջին փուլում հաղթեց Ալեքսանդր Անքվաբը` հավաքելով քվեների 54,9 տոկոսը։ Ընտրություններից առաջ նա երկրի փոխնախագահն էր, ապա` նախագահի պաշտոնակատարը։ Կառավարության ղեկավար, նախագահի թեկնածու Սերգեյ Շամբայի օգտին քվեարկեց 21,04 տոկոսը, նրանից մի փոքր հետ մնաց Ռաուլ Հաջիմբան, որը հավաքեց 19,83 տոկոսը։ Փորձագետների կարծիքով, ընտրությունների կարևորագույն արդյունքը եղավ այն, որ դրանք անցան բարձր մակարդակով, ինչի մասին վկայում է միջազգային տասնյակ դիտորդների, այդ թվում այն երկրների ներկայացուցիչների արձագանքը, որոնք Աբխազիայի անկախությունը չեն ճանաչում։ Մյուս երկու թեկնածուները համերաշխորեն շնորհավորեցին Անքվաբին համոզիչ հաղթանակի առթիվ։ Այսպիսով համարվում է, որ Աբխազիան սեփական ընտրական օրենսդրության շրջանակներում հանգիստ իշխանության հաջորդափոխություն կատարեց և սահմանակարգային հասունության քննություն հանձնեց։ Ինչպես պետք էր սպասել, Ռուսաստանը պաշտոնապես շնորհավորեց Անքվաբին` ընտրությունների հաջորդ օրը վերջինս ընդունեց Դմիտրի Մեդվեդևի բարյացակամ հեռախոսազանգը։ Նախ Վրաստանը, ապա Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, ինքնըստինքյան հասկանալի է, ընտրություններն անվանեցին անօրինական։ Մնացածները, կարծես թե, դրանք առանձնապես չնկատեցին էլ։ Արևմտյան առաջին կառույցը, որ հայտարարեց աբխազ ժողովրդի կամքի ազատ արտահայտման արդյունքները չճանաչելու մասին, ՆԱՏՕ-ն էր, որը, չգիտես ինչու, խախտեց իր իսկ ավանդույթը և սկսեց նման հարցեր մեկնաբանել։
Սրանք են լրատվական գործակալությունների ժլատ հաղորդումները։ Այսինքն, ընտրությունները, դատելով ըստ ամենայնի, բավական տխուր են եղել, հանգուցալուծումը` առանց առանձնակի աղմուկի և մոտավորապես այնպես, ինչպես բոլորն սպասում էին։ Բայց այստեղ կա մի շատ հետաքրքիր առանձնահատկություն։ Դա այն է, որ Աբխազիայի այս նախագահական ընտրությունները, փաստորեն, առաջինն էին, որին Կրեմլի միջամտությունը նվազագույնի էր հասցվել։ Հասկանալի է, որ 2009-ի (Ռուսաստանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից մեկ տարի անց) ընտրությունների ելքը կանխորոշված էր ոչ միայն գլխավոր թեկնածուի դիրքով (Բաղապշն արդեն երկրորդ ժամկետին էր գնում, և որևէ մեկը չէր կասկածում նրա հաղթանակին), այլև հանձնարարված էր Մոսկվայից։ Այնինչ 2004-ին Աբխազիայում նախագահի առաջին այլընտրանքային ընտրությունները քիչ մնաց ավարտվեին քաղաքացիական պատերազմով։ Այն ժամանակ, հիշեցնենք, Ռաուլ Հաջիմբան նույնպես մասնակցում էր ընտրություններին, և Մոսկվան միանշանակ համակրում էր հենց այդ թեկնածուին, հասկացնելով, որ շահագրգռված է հենց նրա հաղթանակով։ Սակայն անսպասելիորեն հաղթանակ տարավ Սերգեյ Բաղապշը, և ԿԸՀ-ն անմիջապես հայտարարեց ընտրարշավի ընթացքում տեղ գտած ճնշման փաստերի մասին։ Այն ժամանակ հանրապետության դեռևս գործող ղեկավար Վլադիսլավ Արձինբան որոշում ստորագրեց այդ ընտրությունների արդյունքները չեղարկելու և նոր ընտրություններ նշանակելու մասին։ Սակայն «պատահական» նախագահի կողմնակիցները դրան չհամաձայնեցին, զավթեցին հեռուստակենտրոնն ու կառավարական շենքերի համալիրը, և Աբխազիայում հրաշքով հաջողվեց խուսափել պետական հեղաշրջումից։ Այդ պարագայում, իհարկե, չի կարող չուրախացնել Մոսկվայի ներկա կշռադատված դիրքը, որն արտահայտվեց, ճիշտ է, վերջում` բոլոր երեք թեկնածուներին տրված հավանությամբ։
Այդուամենայնիվ, Անքվաբի հաղթանակը պաշտոնական Մոսկվայի քաղտեխնոլոգիական մեքենայի կողմից պետք է ընդունվի թեթև դառնությամբ համեմված։ Չէ՞ որ Կրեմլը բավականին երկար ժամանակ չէր թաքցնում իր համակրանքը Սերգեյ Շամբայի նկատմամբ, և կարելվույն չափ օգնում էր նրան։ Մասնավորապես, «իր թեկնածուին» ամրացվել էին մի շարք առաջատար «ամենափորձառու» ռուս քաղտեխնոլոգներ, որոնք իրենց փորձով «օգնում էին» նրան։ Օրինակ, ընտրությունների նախօրեին ռուսական լրատվամիջոցներում հայտնվեց Վրաստանի պաշտպանության նախկին նախարար, արդեն գրեթե մոռացված Թենգիզ Կիտովանին։ Նա պատմում էր, թե 1990-ականների սկզբին տեղի ունեցած վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Ալեքսանդր Անքվաբը, իբր, համագործակցում էր վրացական հետախուզության հետ։ Հաշվարկն ինչ էր` պարզ է։ Բայց քաղտեխնոլոգիական հնարքը հարվածեց ոչ այնքան Անքվաբին, որքան Շամբային։ Փոքրիկ հանրապետությունում, ուր բոլորը միմյանց ճանաչում են, շատերը, չգիտես ինչու, կասկածեցին, որ հենց նա է կանգնած կոպիտ կարկատած վարկաբեկիչ հարձակման հետևում։ Եվ առհասարակ, կասկածելի բաներ կայի՛ն։ Սերգեյ Շամբայի օգտին նախընտրական քարոզչությունն ասես ինչ-որ ռուսական գավառային ընտրությունների կրկնօրինակը լիներ։ Աներևակայելի անճաշակություն էր ամեն ինչում, սկսած թեկնածուի դիմանկարներով ամեն տեսակ մակուլատուրայի առատությունից ու հանդիպումներին երիտասարդության հարկադրական ներգրավումից և վերջացրած «Շամբան մեր նախագահն է» անհամ կարգախոսով։ Ընդհանրապես համարվում է, որ այդ չափազանց ագրեսիվ ընտրարշավը չար կատակ խաղաց։ Այստեղ գործ ունենք երկիրը չճանաչելու, ժողովրդի առանձնահատկությունները չիմանալու սովորական իրողության հետ։ Դա գուցե և ցավալի է ինչ-որ մեկի համար, բայց մեկ անգամ ևս ապացուցում է, որ որքան էլ ճանաչված ու տաղանդավոր լինեն քաղտեխնոլոգները, նրանցից ոչ բոլորն են պատրաստ աշխատելու այս կամ այն պայմաններում` առանց իրավիճակի հստակ իմացության։ Այնպես որ, Սուխումում շատերը կարծում են, որ Շամբան այդքան քիչ քվեներ ստացավ հենց այն պատճառով, որ աբխազները վախենում են «Աբխազիայում Ռուսաստանի մեծ չափաբաժիններից»։ Վերջում Կրեմլում որոշեցին 2004-ի սխալը չկրկնել և «չգրգռել աբխազներին»։ Առավել ևս, որ Սուխումում դեռ թարմ են հույզերը աբխազական եկեղեցու ինքնավարության գաղափարին նվիրվածության համար ռուս ուղղափառ եկեղեցու կողմից Նոր Աֆոնի եկեղեցու վանահայր Դորոֆեյ Դբարային պաշտոնանկ անելու առիթով։ Ճիշտ է, պաշտոնանկությունը ձևական բնույթ կրեց, իսկ «մերձմոսկովյան» պատրիարքի` Դբարային ուղղված խոսքերը, թե «Դուք պիտի հասկանաք, որ նորաֆոնյան վանքը սոսկ օլիմպիական օբյեկտ է», անեկդոտ են դարձրել։ Եվ եթե որոշ աբխազ փորձագետներ Դբարային համարում են ծնունդ առնող աբխազական վերնախավի նախատիպ` միանգամայն հստակ ազգային կեցվածքով, ապա Անքվաբն էլ եզակի վարկի տեր քաղգործիչ է։ Իհարկե, ռուսական կողմնորոշումից Աբխազիայի հրաժարման ոչ մի ռազմավարական շրջադարձ նա չի կատարի։ Նրա ամբողջ կենսագրությունը խոստանում է, որ նա Ռուսաստանում շատ անհարմար կլինի բոլոր նրանց համար, ովքեր Աբխազիան և նրան հատկացվող ռուսական օգնությունը համարում են հարստանալու աղբյուր։ Նշանակում է, անգամ եթե այս ամենը հարաճուն նյարդայնության ձև ընդունի էլ, աբխազական նոր վերնախավը դատապարտված կլինի պատշաճ հեռավորություն պահպանելու Մոսկվայից։
Իհարկե, տեղի ունեցածը Մոսկվայի պարտություն համարել չարժե։ Սուխումն առայժմ նրանից տեղ չունի փախչելու, և Աբխազիան ինչպես եղել է, այնպես էլ մնում է ռուսական ազդեցության ծիրում (դանդաղ, բայց հաստատաքայլ աճող թուրքական ազդեցությունը, դրանում աբխազական սփյուռքի դերը և այն, որ այդպես է եղել ու կմնա Աբխազիայի ցանկացած նախագահի օրոք, առանձին խոսակցության առարկա է)։ Սակայն այսօրվա դրությամբ հասկանալի է դառնում, որ մինչև հիմա միակ նմուշը, որ Ռուսաստանը կարողացել և առաջարկել է նախկին խորհրդային աշխարհին, համաճարակ կոռուպցիան է։ Եվ մարդիկ, դրանից հոգնած, ձգողության այլ կենտրոններ են փնտրում։ ՈՒ դրա համար էլ Անքվաբը, որն անկաշառ մարդու համբավ ունի, պարզապես «դատապարտված էր հաղթանակի»։ Նա մարմնավորում է առաջնորդի այն բաղձալի և ամբողջական կերպարը, որն ընդունակ է կարգուկանոն հաստատելու։ Մինչև օրս նրա ազգականներից և ոչ մեկը Աբխազիայում քաղաքականության ոլորտ չի խցկվել։ Ամբողջ երկիրն է հիշում այն դեպքը, երբ դեռ Գուդաուտայի միլպետ եղած ժամանակ, վրաց-աբխազական պատերազմից դեռ շատ առաջ, նա օրենքի թելադրանքով վարչական կալանքի ենթարկեց սեփական հորը։ Անքվաբն Աբխազիայում բիզնես և անգամ սեփական տուն չունի, փոխարենն ունի մի մարդու վարկանիշ, որն ամեն ինչ գիտի բոլորի մասին, ընդ որում, ոչնչից չի վախենում։ 2005-ից ի վեր Անքվաբին հինգ անգամ փորձել են սպանել, սակայն մահափորձերից և ոչ մեկը չի հետաքննվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ ինչ-որ երկուստեք շահ են ունեցել կրակողները և նրանք, ովքեր չեն ցանկացել կամ չեն կարողացել հետաքննել։ Դեռ ընտրություններից առաջ նա շատերին խոստացել էր կազմակերպել «ծովային տեսարանով երկիր», ընդ որում առանց աշխատավարձերը և կենսաթոշակները բարձրացնելու մասին ամբոխահաճո հայտարարությունների, առանց ապագա պաշտոնների բաշխման շուրջ ավանդական ոչ պաշտոնական բանակցությունների։ «Անքվաբից ակնկալում են պատերազմ քրեական խմբերի դեմ,- ենթադրում է աբխազ փորձագետ Ախրա Սմիռը։- Վլադիսլավ Արձինբան Աբխազիային անկախություն բերեց, Բաղապշը` քաղաքացիական համերաշխություն և ազատություն, իսկ Անքվաբը պետք է դաշտը մաքրի քրեականությունից և Աբխազիան բոլոր իմաստներով ապահով երկիր դարձնի»։ Մինչդեռ, ընտրություններին հաջորդած գիշերը Սուխումում տեղի ունեցավ մի դեպք, որը կարելի է գնահատել որպես պատասխան Անքվաբի հաղթանակին։ Ծովափնյա սիրված սրճարանում անհայտ անձինք գնդակոծեցին մի խումբ երիտասարդների` վիրավորելով երեքին և պատանդ վերցնելով Մոսկվայում ապրող աբխազ հայտնի մի գործարարի զարմիկին։ Շատերը տեղի ունեցածը համարում են «Անքվաբին առաջադրված առաջին խնդիրը» և կարծում, որ «նրանք շատ կփոշմանեն»։
Մի կարծիք էլ է շրջանառվում նոր նախագահի մասին. «Նրա օրոք հազիվ թե բարեփոխումներ լինեն, բայց նա ի վիճակի է պայմաններ ստեղծելու, որ դրանք սկսվեն»։ Ընդ որում, նոր իշխանությունները խոստանում են, որ շուտով կավարտվի երկաթուղու նորոգումը Ռուսաստանի սահմանից մինչև Սուխում, և որ Աբխազիան պատրաստ է բացելու երկաթուղային տարանցումը դեպի Հայաստան, բայց դա կախված է ոչ միայն Աբխազիայից։ Պարոն Անքվաբը հիշեցրել է, որ Սուխումի օդանավակայանը լավագույնն է եղել ԽՍՀՄ-ում, և հիմա այստեղ պատրաստ են ինքնաթիռներ ընդունելու։ ՈՒ թեև միջազգային ճնշումների պատճառով խոշոր փոխադրողները չեն կարողանում պայմանագրեր կնքել, փոխարենն Անքվաբը խոստացել է շարունակել Սերգեյ Բաղապշի կուրսը և ցույց տալ, որ իզուր չեն ճանաչել Աբխազիան։ Անքվաբը ցանկություն չունի Սաակաշվիլու հետ նստելու բանակցությունների սեղանի շուրջ, միևնույն ժամանակ շփումներ Վրաստանի ապագա նախագահի հետ հնարավոր են։ «Բայց նախ մեզ հաշտության և չհարձակվելու մասին պայմանագրեր են պետք»,- ամփոփում է Աբխազիայի նոր ղեկավարը։
«Աբխազիայում տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունները բավականին անսովոր երևույթ էին ԽՍՀՄ նախկին տարածաշրջանների համար։ Դրանց ելքը կանխավ հայտնի չէր, իսկ ժողովրդավարության սկզբունքները, երևում է, պահպանվել են»,- գրում է «Նյու Յորք թայմսը»։ Ի՞նչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Մի կողմից` առանձնակի ոչինչ։ Առավել ևս, որ Ռուսաստանը մեկ անգամ ևս ստիպված է խոստովանել, որ թեև Աբխազիան (ինչպես կարծում են ամբողջ աշխարհում) իրենից 100 տոկոս կախում ունի, սակայն Կրեմլը, այնուամենայնիվ, իր նախագահին Սուխումում չի կարող նշանակել։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ