ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԴՐՄԱՆԸ

ԱՄՆ-Ի ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԴՐՄԱՆԸ
23.09.2011 | 00:00

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը զգալի ազդեցություն է գործում երկրի արտաքին քաղաքականության ձևավորման վրա։ Արտաքին քաղաքականության մեջ Պենտագոնի դերը երկրի տարբեր առավել ազդեցիկ քաղաքական շրջանակների, Կոնգրեսի ու վարչակազմի շահերի հավասարակշռումն է։ Վերջին ժամանակներս Պենտագոնը երկակի դիրք է գրավել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նկատմամբ։ Պաշտպանելով ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության ընդլայնման և արտասահմանում ամերիկյան զորքերի լայնընդգրկուն վերաբաշխման մտադրությունը, Պենտագոնը չի ձգտում մասնակցել զինված հակամարտություններին, նախընտրելով զբաղվել արդյունավետ կանխիչ միջոցների ձեռնարկում ապահովող անվտանգության համակարգերի ձևավորմամբ։ Իրաքում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, Իրանի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու վարչակազմի ցանկությունը, սահմանում տեղաբաշխված ամերիկյան զորքերի գործողությունների ռազմական նպատակահարմարության ենթարկումը քաղաքական նպատակներին, ՆԱՏՕ-ի պառակտումը և փլուզումը կասեցնելու կամ զսպելու ԱՄՆ-ի անընդունակությունը, զինված ուժերում կուտակված չլուծված խնդիրներն առաջ են բերում գեներալական կազմի և շարային սպաների հարաճուն դժգոհությունը։
Արտաքին քաղաքականության մեջ Պենտագոնի ակտիվությունը երկու հակասական պատճառ ունի. ռազմական գերատեսչության քաղաքականացումն ու Դ. Ռամսֆելդի-Դ. Չեյնիի խմբավորման արտքաղաքական հավակնությունները, ապա արտաքին քաղաքականության մեջ զինված ուժերի գործադրման անհամարժեքությամբ գեներալակազմի մտահոգությունն ու ռազմական խնդիրների հետ կապված արտքաղաքական լուծումները ճշգրտելու ձգտումը։ Ջորջ Բուշի առաջին նախագահական ժամկետում (2000-2004 թթ.) արտաքին քաղաքականության մեջ Պենտագոնի դերը շատ ավելի կարևոր էր, քան պետդեպարտամենտինը, իսկ Մերձավոր Արևելքի և այլ տարածաշրջանների խնդիրների առնչությամբ Պենտագոնն առհասարակ թույլ չէր տալիս արտքաղաքական գերատեսչությանը «ի պաշտոնե» որոշումներ ընդունել։ Շարային գեներալները, այնուամենայնիվ, կարողացան «համոզել» Բուշին, որ անհրաժեշտ է ռազմական գերատեսչությանը զերծ պահել արկածախնդրությունից և պաշտպանության կառավարումը վերադարձնել պատասխանատվության զգացումով օժտված և բանիմաց մարդկանց, ինչի շնորհիվ էլ Գեյթսը դարձավ պաշտպանության նախարար։ Պետք է նշել, որ դա երկրորդ ճեղքումը դարձավ գեներալների հայացքների ու դիրքերի պաշտպանության գործում։ Առաջին փուլը եղել էր, այսպես կոչված, նոր պահպանողականների` Ռ. Փեռլի, Փ. Վուլֆովիցի, Դ. Ֆայթի և այլոց խմբի վերացումը։ Միգուցե գեներալները հարկադրված էին օգտվելու Իրաքում թույլ տրված սխալներից ու անհաջողություններից և չսկսեցին առարկել Պենտագոնի խիստ քաղաքականացված ղեկավարության այս կամ այն մտադրությանն ու գործողությանը։ Առանց մեծ աղմուկի, փաստորեն, փակվեց պաշտպանական գերատեսչության համար այնպիսի «ավելորդ» մի կառույց, ինչպիսին էր «Defense Policy Board» մտավոր կենտրոնը, ուր ժողովված էին վարչակազմի, Կոնգրեսի ու մասնավոր հատվածի նախկին աշխատակիցներից ընտրված խորհրդականներ։ Այդ կառույցը, փաստորեն, դարձել էր ԱՄՆ-ի այնպիսի աջ պահպանողական «ուղեղային» կենտրոնների ազդեցության «գործակալ», ինչպիսիք էին «Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտը» կամ «Ժառանգություն» հիմնադրամը։ Չնայած ԱՄՆ-ի զինվորականությունն ավանդաբար համակրանքով էր լցված աջ և պահպանողական հայացքների հանդեպ և հանրապետականների կողմն էր, բայց դա չէր բացառում նաև քննադատական վերաբերմունքն այդ կուսակցության նկատմամբ։ Հարկ է նշել, որ ԱՄՆ-ի բանակի առավել հեղինակավոր գեներալներից մեկը` ՈՒ. Քլարկը, Սպիտակ տան ղեկավարի պոստին էր հավակնում դեմոկրատական կուսակցության կողմից, և հենց հանրապետական կուսակցության նվիրյալ գեներալ Ք. Փաուելը կոշտ ընդդիմություն դարձավ Բուշի վարչակազմի հանդեպ։ Նոր դեմոկրատ նախագահը, որը ձգտում է զերծ մնալ ավելորդ «հեղափոխականությունից» և ազատական ու կենտրոնամետ դիրքեր գրավել, ավելի հարմար գործընկեր պիտի որ լինի Պենտագոնի համար, որին մի լավ ձանձրացրել էր Բուշի ծայրաստիճան լուսանցքային վարչակազմը։ ԱՄՆ-ի զինվորական շրջանակները կարողացել էին, հնարավոր է Բուշի որոշ աջակցությամբ, պաշտպանել Գեյթսի դիրքերը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում և նորընտիր նախագահ Օբամայի հետ երկխոսությունում։ Եվ դա կարելի է գնահատել որպես ամերիկյան զինվորականների նշանակալի հաջողություն։ Հնարավոր է, որ Պենտագոնի այդ ջանքերն իրենց շարունակությունը գտնեն` հետագայում գերատեսչության շահերի պաշտպանության իմաստով։
Պենտագոնի փորձագետների և ԱՄՆ-ի «Ատլանտյան խորհրդի» հովանու ներքո աշխատող փորձագետների կարծիքով, Բուշի վարչակազմի օրոք (երկրորդ ժամկետով ընտրվելուց հետո) ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացը ձգձգվեց, և հիմա դժվարություններ կան կադրերի ընտրության և տեղավորման հարցում, խնդիրներ են առաջանում արտաքին քաղաքականության գերակա ուղղությունների ու մոտեցումների ընտրության առումով, լուծված չեն անգամ հայեցակարգային հարցերը։ Քաղաքական շրջանակներում և ամերիկյան հասարակական միջավայրում աճում են, այսպես կոչված, «մեկուսականության» տրամադրությունները։ Դա պաշտպանում են ոչ միայն աջ պահպանողական ուժերը, այլև, այս կամ այն ձևով, ազատական և ձախ-ազատական թեքման տարբեր քաղաքական ու հասարակական խմբեր, որոնք ավանդաբար ձգտում են ակտիվացնել արտաքին քաղաքականությունը` ժողովրդավարական տարբեր գաղափարների տարածմամբ հանդերձ։ «Մեկուսականության գաղափարախոսության» առաջագծում կանգնած է ԱՄՆ-ի քաղաքական հարավը, որի ներկայացուցիչն է Բուշի ընտանիքը։ Չնայած այդ «մեկուսականությունը» շատ հարաբերական է իրական քաղաքականության մեջ, մի շարք տարածաշրջաններում (առաջին հերթին Եվրասիայի ներքին տարածաշրջաններում) առկա է ամերիկացիների կողմից քաղաքական դիրքերի զիջման սպառնալիք, անգամ եթե նախապես «ֆիքսված» մտադրություններ են եղել տեսանելի ապագայում վերադարձնելու այդ դիրքերը։
Պենտագոնում կարծում են, որ պետական դեպարտամենտը «համարժեք» չի գործում, և ձգտում է ակտիվացնել իր արտաքին քաղաքականությունը։ Ակտիվ արտաքին քաղաքականություն վարելու համար Պենտագոնն ունի զգալի հնարավորություններ և քաղաքական ռեսուրսներ, որոնցից են այդ գերատեսչության հեղինակությունը, արտաքին զինվորական ներկայության ավանդույթը, շփման փորձը և լայն կապերը շատ պետությունների զինվորական ու քաղաքական գործիչների հետ, տարբեր պետությունների հետ համաձայնության և քաղաքական համակարգման փորձը` մեծ վտանգի և ռազմական գործողությունների իրականացման պայմաններում, ի վերջո, այն կարևոր դերը, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ խաղում է ռազմական բաղադրիչը։ Բացի այդ, գաղտնիք չէ, որ ամերիկյան զինվորականներն ունեն իրենց ավանդական ներքաղաքական և արտքաղաքական համակրանքներն ու հակակրանքները, ինչը պայմանավորում է նրանց ընտրությունն ու այս կամ այն քաղգործչին կամ պետությանը ցուցաբերվող աջակցությունը։ Տվյալ պարագայում, չնայած ամերիկյան զինվորականները նախապատվությունը տալիս են պահպանողական ուժերին ու հանրապետական կուսակցությանը, Պենտագոնը մտահոգված է արտաքին քաղաքականության մեջ հնարավոր անարդյունավետ որոշումներով։ Տպավորություն է ստեղծվում, թե Պենտագոնում լուրջ սպառնալիք են համարում թանկարժեք ժամանակի կորուստը ԱՄՆ-ի արտաքին ռազմական քաղաքականության պլանավորման ու արմատավորման գործում։ ԱՄՆ-ի զինվորական շրջանակներում համարում են, որ Իրաքի ռազմական գործողությունը վերափոխվել է ոստիկանական գործողության, Իրաքում զինված ուժերի խնդիրներն այլ մեթոդներ են պահանջում, որոնց կիրառումն անհնար է Իրաքում քաղաքացիական բնակչության և կառավարության հետ հարաբերություններում ձևավորված կանոնների պահպանմամբ։ Զինվորականներն անհանգստացած են Իրաքում զորքերի գտնվելու որոշակի ժամկետների բացակայությամբ։ Ներկայումս կարելի է տարբերություններ նկատել արտաքին քաղաքականության ոլորտում պետդեպարտամենտի և Պենտագոնի դիրքերում։ Այդ տարբերությունները, կախված իրավիճակից, կարող են նվազել կամ ավելանալ, սակայն, փաստորեն, միշտ կան։
Պենտագոնի ռազմավարական խնդիրներից մեկն անդրատլանտյան հարաբերությունների ամրապնդումն է, ՆԱՏՕ-ն նոր գործառույթներով ու խնդիրներով օժտելը, ինչի առնչությամբ հատկանշական է նրա դիրքորոշումը եվրոպական պաշտպանական նախաձեռնության կամ եվրոպական զինված ուժերի նկատմամբ։ Բիլ Քլինթոնի վարչակազմը շատ զգուշավոր ու երկյուղով էր վերաբերվում արագ արձագանքման եվրոպական ուժերի ստեղծմանը, համարելով, որ այդ նախաձեռնությունը կարող է խարխլել ՆԱՏՕ-ի ամբողջականությունը։ Դեմոկրատական վարչակազմն այդ հարցում եվրոպական առաջատար պետությունների վրա ճնշում գործադրելու տարբեր եղանակներ է կիրառել։ Բուշի վարչակազմը նույնպես զգուշավորություն էր ցուցաբերում, այդուամենայնիվ, նման ագրեսիվ մոտեցում չուներ եվրոպական ուժերի ստեղծման նկատմամբ։ Նոր վարչակազմն իր եվրոպական դաշնակիցներից պահանջում է կատարել ՆԱՏՕ-ի գծով ստանձնած պարտավորությունները և ձգտում է հասնել ռազմական ծախսերի ավելացման։ Բուշն ավելի հանդուրժողական վերաբերմունք ուներ եվրոպական ուժերի կազմավորման նկատմամբ։ Հանրապետական վարչակազմում կարծում էին, որ եվրոպական ուժերի ստեղծումը սահմանափակ հնարավորություններ ու նպատակներ ունի և դրանք չեն կարող սկզբունքորեն, անգամ մասամբ, փոխարինել ՆԱՏՕ-ի դերին ու գործառույթներին։
Նույն դիրքորոշումն էր ձգտում Պենտագոնում սերմանել Դ. Ռամսֆելդը, որը խիստ բարեհաճ էր նոր վարչակազմի մտահղացումների հանդեպ և պաշտպանության բնագավառի լավ մասնագետ էր։ Դրա հետ մեկտեղ, Պենտագոնում կան ազդեցիկ շրջանակներ, որոնք կարծում են, թե եվրոպական ուժերի խնդրի առնչությամբ վարչակազմի քաղաքականությունն այնքան էլ չի արտացոլում այն ռիսկերի չափը, որոնք ծառանալու են ԱՄՆ-ի առջև` այդ կառույցի հաջող զարգացման դեպքում։ Ամերիկյան զինվորականներն այդ մտահղացումը բավականին վտանգավոր են համարում ՆԱՏՕ-ի հեռանկարների առումով։ Որոշ բարձրաստիճան զինվորականների կարծիքով, եվրոպական ուժերի ստեղծման այդ որոշումները կդառնան ՆԱՏՕ-ի պառակտման սկիզբը։ Այդ կառույցի զարգացմանը զուգընթաց ՆԱՏՕ-ն կդառնա սակավարդյունավետ, վատ կառավարվող կազմակերպություն, զգալի հակասություններ կառաջանան ՆԱՏՕ-ի և եվրոպական ռազմական կառույցի միջև։ Եթե վարչակազմը կարծում է, թե ԱՄՆ-ին կհաջողվի եվրոպացիներին պարտադրել իր տեխնոլոգիաներն ու զինահամակարգերը, ապա ամերիկյան զինվորականները միանգամայն այլ են տեսնում հեռանկարները։ Նրանց կարծիքով, եվրոպական պետությունները հաստատ մտադրված են ստեղծելու իրենց ոչ պակաս հետաքրքրական զինահամակարգերը, և ռազմատեխնիկական համագործակցության անդրատլանտյան տարբեր նախագծեր կմնան սոսկ ցանկություններ։ Զինվորականները համարում են, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա վարչակազմերի գործունեությունը բավականաչափ արդյունավետ չի եղել, և նրանք չեն կարողացել կանխել եվրոպական ուժեր ստեղծելու վերաբերյալ Եվրոպայի պետությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության ամենատհաճ հետևանքները։ Եվրոպայի որոշումները կարող էին լինել այլ, ՆԱՏՕ-ի համար ավելի նպաստավոր։ Քլինթոնի վարչակազմը որոշ չափով շփոթվեց եվրոպական ուժերի կազմավորման ընթացքում։ Վարչակազմը վստահ էր, որ եվրոպացիներին դեռ շուտ չի հաջողվի պայմանավորվածության գալ, բայց, երևում է, իրավիճակը Եվրոպայում արմատապես փոխվել է, և բալկանյան իրադարձությունների պատճառով առաջատար եվրոպական պետությունները զգացին իրենց խոցելիությունը։ Ամերիկյան զինվորականների կարծիքով, ՆԱՏՕ-ի դժվարությունների աճի պատճառները եվրոպացիների կողմից ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը չըմբռնելն է, ամերիկյան քաղաքականության ժողովրդականություն չվայելելը, ինչը պայմանավորված է ԱՄՆ-ի փորձերով` լուծելու հակամարտությունների և անկայունության հետ կապված բառացիորեն բոլոր հարցերը։ Ըստ նրանց, անհրաժեշտ է եվրոպացիներին հնարավորություն ընձեռել ավելի շատ ու ավելի ակտիվ մասնակցելու այդ խնդիրների լուծմանը։ Միաժամանակ, արագ արձագանքման եվրոպական ուժերի ստեղծման գաղափարի նկատմամբ ավելի բարեհաճ վերաբերմունքի հետ միասին ամերիկացիները հույսեր են կապում ընդհանուր եվրոպական քաղաքական համերաշխության թուլացման հետ, ինչը չի կարող չազդել այդ եվրոպական ուժերի զարգացման ու կիրառության ուղղությամբ որոշումների ընդունման վրա։ ՈՒստի, ԱՄՆ-ի քաղաքականությունը, առաջվա նման, միտված է եվրոպացիների պառակտումն ուժեղացնելուն, եվրոպական երկրների «ակումբներ» ստեղծելուն, արևմտյան և արևելաեվրոպական պետությունների հակադրմանը։ Այդ նպատակների համար Պենտագոնը զգալի օգնություն է ցուցաբերում ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցած Արևելյան Եվրոպայի երկրներին։ Պենտագոնը վարում է Արևելյան Եվրոպայի երկրների բանակների կադրային կազմի «հրապուրման» հատուկ քաղաքականություն` ավելի սերտ հարաբերություններ հաստատելով այդ երկրների զինվորական շրջանակների հետ, խորհրդարանական խմբակցությունների, գիտության ու մտավորականության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով ապահովել հասարակության աջակցությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, այդ թվում` արտաքին քաղաքականության ռազմական կողմին։ Դրա համար Պենտագոնն ունի համապատասխան միջոցներ ու ծրագրեր։ Արևելյան Եվրոպայում Պենտագոնի օգնությունը համարվում է ԱՄՆ-ի հետ առանձնակի բարեկամական հարաբերությունների նշան և առավել ծանրակշիռ վերաբերմունք։
Թուրքիայի հետ ԱՄՆ-ը, ըստ էության, ոչ մի խնդիր չունի եվրոպական ուժերի ստեղծման «բոյկոտի» առումով։ Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի վաղեմի անդամ, անշեղորեն հանդես է գալիս եվրոպական ուժերում ՆԱՏՕ-ի պաշտպանական միջոցների օգտագործման դեմ։ Թուրքիան դա հիմնավորում է նրանով, որ ինքը լուրջ ավանդ ունի ՆԱՏՕ-ի մարտունակության բարձրացման գործում, սակայն իրեն Եվրամիություն չեն ընդունում։ Ընդ որում, Թուրքիայի այդ դիրքորոշումն ապահովվում է ոչ այնքան պետդեպարտամենտի ջանքերով, որքան Պենտագոնի, որը մեծ ճնշում է գործադրում թուրքական զինվորական շրջանակների վրա։ Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթը, լինելով ձախ ազգայնականների վառ ներկայացուցիչ, ավելի ու ավելի է ամրապնդում իր հարաբերությունները զինվորական շրջանակների հետ։ Էրդողանի-Գյուլի կառավարությունը վերանայեց դիրքորոշումը, քանի որ Թուրքիան արդեն չէր կարող խոչընդոտել արագ արձագանքման եվրոպական ուժերի կազմավորմանը, որովհետև դրանք արդեն ստեղծվել են և գործում են։ Ներկայումս Թուրքիան նախընտրում է խոչընդոտներ չհարուցել եվրոպական նախագծերի ձևավորման գործում, ընդհակառակը` ձգտում է նպաստել դրանց իրականացմանը, նպատակ ունենալով լուծել Եվրամիությանն անդամակցելու խնդիրը։ Ի դեմս Թուրքիայի, Պենտագոնը կորցրել է եվրոպական ռազմական քաղաքականության կազմալուծման մի կարևոր քաղաքական ռեսուրս։ ԱՄՆ-ի լուրջ երկյուղներից մեկը Ռուսաստանի զինված ուժերի հետ արագ արձագանքման եվրոպական ուժերի շատ հնարավոր համագործակցությունն է, մասնավորապես ծանր փոխադրական ինքնաթիռների և հետախուզական արբանյակների օգտագործման առումով։ ՈՒստի, ի տարբերություն պետդեպի, որը շարունակում է պառակտում մտցնել եվրոպական պետությունների շարքերում, Պենտագոնն ավելի ու ավելի է նախաձեռնություններ հանդես բերում ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս արագ արձագանքման եվրոպական ուժերի հետ համագործակցության ուղղությամբ։ Այս նոր նախաձեռնությունը լուրջ տարակույսներ է առաջացնում ամերիկյան քաղգործիչների շրջանում, բայց չի վկայում ԱՄՆ-ի զինվորական շրջանակների ավելի հեռահար նպատակների մասին։ Այդ հանգամանքը վկայում է ավելի արդյունավետ, համարժեք դիրքորոշում առաջադրելու Պենտագոնի ձգտման մասին։ Ռազմական փորձագետների մտահղացմամբ, ՆԱՏՕ-ն չի կարող միակ դաշինքը մնալ անդրատլանտյան հարաբերություններում և ձգտում է նախաձեռնություններ առաջադրել Հյուսիսային Ատլանտիկայում նոր հարաբերությունների ձևավորման ուղղությամբ, երբ իրողությունը միտված է քաղաքականության ու պաշտպանության մեջ երկու «բևեռի» կազմավորմանը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ