«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ

ԿՈՒԼԻՍՆԵՐՈՒՄ ԵՎ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈՒՄ
01.06.2010 | 00:00

Ինչպես և սպասվում էր` Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը դարձավ այն գայթաքարը, որի վրա առաջին հերթին պլստացին հայաստանյան «հայտնի ուժերը»: Բայց ամեն բան հերթով:
ՄԵԴՎԵԴԵՎԸ ԿԳԱ՞
Այն, որ այդ այցը դառնալու էր թիվ մեկ «թոփը» Ռուսաստանի որոշակի ուժերի և նրանից արտածված «հայկականների» համար, հե՜չ զարմանալի չէր:
Ըստ մեր ունեցած տեղեկության` ռուսաստանյան այդ ուժերը ահավոր անհանգստացած են Հայաստանի դիվանագիտական «նոու-հաուից», բավականին գրագետ դեմարշից և ուղիներ են փնտրում այն կասեցնելու համար: Որոշ գնահատումներով` Ռուսաստանն ինչ-որ չափով նույնիսկ վախեցած է ու մինչ փորձում է փոքրիկ Հայաստանի, իսկ իրականում ղարաբաղյան երկու շրջանների հաշվին և՛ կույս մնալ, և՛ հաճույք ստանալ, ձեռք գցել թե՛ «Հարավային հոսքը», թե՛ իր խաղաղապահներին տեղակայել ղարաբաղյան գոտում` Իրան-Թուրքիա-Աֆղանստան «օսի» վրա, և թե՛ տարածաշրջանից ամերիկացիներին մեկընդմիշտ դուրս հրել, ահա այդ նույն պահին ակնհայտ է դառնում ոչ միայն Իրան-Վրաստան ամերիկյան քավորությամբ մեղրամսի, այլև Վրաստանում, Ադրբեջանում (նաև ՈՒզբեկստանում) ամերիկյան գաղտնի ռազմաբազաների տեղակայման փաստի մասին: Գումարած` Սերժ Սարգսյան-Հայաստանի մանևրը` եվրոպական-հյուսիսատլանտյան «գետնին» վրա:
Պարտիան բաց է, և հունիսը խիստ որոշիչ է լինելու մի շարք առումներով: Ըստ ռուսական աղբյուրների` հունիսի 8-ին սպասվում է Պուտինի այցը Թուրքիա: Հիշենք` Պուտինը հետո «գնալու» էր Սոչի, Էրդողանն էլ է գնալու այնտեղ, ու բոլորով միասին սպասելու են Սերժ Սարգսյանին, որից հետո էլ Մեդվեդևն է գալու Հայաստան: Այդ ամենը բարով-խերով երեկ վերջնականապես ջրվեց, ինչպես և կանխատեսել էինք։
Մինչ կտեղեկացնենք, որ ներիշխանական «հայտնի ուժերը», որոնք երեկ դիմավորեցին հարգարժան Գրիզլովին, ԱԺ «միջանցքներում» և ԱԺ-ից դուրս` «կուլիսներում», պնդում են, թե որոշակի «կորեկտիրովկաներ» են տեղի ունեցել Մեդվեդևի` Հայաստան այցի հետ կապված, ասենք, որ Մեդվեդև-Պուտին տանդեմում պայքարը շատ հետաքրքիր ստադիա է թևակոխել, և գոսպոդին Պուտինը փորձում է ներռուսաստանյան իր ֆիասկոները, կարծես թե, «փոխհատուցել» Թուրքիա-Սոչի սպասվելիք «օսով», որովհետև, ըստ նրա, Հայաստանը, թերևս, այն օղակը կարող էր լինել, որը պետք է ապահովեր իր «միահեծան-գոռոզ» հաղթանակը` բոլոր «գետինների» վրա, որովհետև այդպես է եղել անցնող տասը տարիներին, երբ Հայաստանում իշխանության էր Քոչարյանը, որն էլ սկուտեղի վրա մատուցեց Հայաստանը պարոն Պուտինին:
Այսպիսով, մեդվեդևյան ադմինիստրացիան որոշում է կայացրել, որ պուտինյան կառավարության բոլոր որոշումները պետք է անցնեն պրեզիդենտական «գրաքննության» սրի տակով ու նոր վերածվեն որոշման:
Դո՛ւ ասացիր:
Բայց սա միակ «ասումը» չէ: Պուտինի կուսակցության` «եդինոռոսների» ակտիվի հետ հանդիպման ժամանակ (Պուտինը չկար հանդիպմանը։ Ի դեպ, չգիտես մտածվա՞ծ, թե՞ ինչպես, այդ հավաքի ժամանակ «եդինոռոսներից» մի մանկահասակ տիկին ելավ ու ասաց, որ Մեդվեդևը «ուժեղացրել» է ծնելիությունը Ռուսաստանում, իր հանդիպակաց խոսքում էլ Մեդվեդևը, թե` հա, բա ո՞նց, սրանից հետո ավելի եմ ուժեղացնելու ծնելիությունը. խոսքը մանկապարտեզների լավ վիճակի մասին էր ընդամենը) պարոն Մեդվեդևը բավարար չափով «շտրիխավորելով» պարոն Գրիզլովին (ինչքան էլ հետաքրքիր ազգանուն է), որին անհամբեր երեկ դիմավորել է պարոն Հովիկ Աբրահամյանը, տեղն է դրել սույն Գրիզլովին` գիտությանը չտիրապետելու հաշվով ու անչափ հետաքրքիր միտք առաջ քաշել մեծամասնության պատգամավորների համար. աշխարհն այլևս մտածում է այլընտրանքային էներգետիկ աղբյուրների մասին (նա չտվեց թերթաքարային էներգետիկայի անունը, բայց հասկանալի է` Ռուսաստանին անչափ շատ է անհանգստացնում այդ հումքից ամերիկյան տեխնոլոգիաներով էներգիա ստանալու խնդիրը).
«Ո՞Ւր կգնանք մենք ընդամենը մեր նավթով ու գազով». հարցրեց պուտինական կուսակցությանը Մեդվեդևը և խորհուրդ տվեց նրանց` «աշխատել, աշխատել, աշխատել», այլապես նրանց փոխարինողներ կգտնվեն:
Եվ ուրեմն, այդ նույն պահին «բոլշևիկ տատիկի սենյակում» հետախույզ Պուտին Վլադիմիրը հանդիպում էր ռուս մտավորականության հետ, որն էլ (Բասիլաշվիլու ու Շևչուկի դեմքում) մի լավ «քլնգեց» յուր չեկիստին` ազատ խոսքի, չեղած լիբերալիզմի, կոռուպցիայի ու ավտորիտարիզմի հաշվով:
Դուք էլ, ահա, ասացիք:
ՈՒ այս ֆոնին էլ Պուտին Վլադիմիրը որոշել է մեկնել Թուրքիա, որպեսզի Ղարաբաղի երկու շրջանը «տալով», ստանա «խաղաղապահներ»` ռուսական դեմքով, նաև «հոսք»` Հարավային, ասել է` լրումին հասցնի այն, ինչ չէր կարողացել անել Դիման` Թուրքիո «գետնին» վրա: Կոպիտ ասած, սա էլ առանձին է ուրախացրել հայոց ռուսամետներին, որոնց մի մասը Գրիզլովի «впечатление»-ների տակ կհայտնվի այսօր:
ԿԳԱ՞ ՄԵԴՎԵԴԵՎԸ
Եվ ուրեմն, պարոնայք, Գրիզլովի այցից առաջ «մեսիջներ» են, որ շրջում են ԱԺ «միջանցքներում» և ԱԺ-ից դուրս` «կուլիսներում»` ուղղված ի ծագս աշխարհի. բա չե՜ք ասի` «երկու շրջանի վերադարձի հարցը լրջորեն դրված է, վարիանտ չունեն, պիտի տան, որ էնտեղ ռուս խաղաղապահները կանգնեն». շշնջում են բոլորը` Գրիզլովի ֆոնին:
«Ռուսաստանը շատ կատաղել է Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցից, էնքան է կատաղել, որ հեչ է արել Մեդվեդևի այցը Հայաստան, ահագին ռուս կոնտինգենտ պետք է գար Հայաստան` ապահովելու Մեդվեդևի այցի անվտանգությունը, չի եկել», շշնջում են ԱԺ միջանցքներում և դրսի կուլիսներում` Գրիզլովի ականջի տակ:
Քիչ է մնում հիշես Սերժ Սարգսյանի մայիսքսանության «րեչը»` հինգերորդ շարասյան մասին, բայց դե, համ ժամանակ չունենք, համ էլ, ինչպես ասաց մեր ռուս «բարեկամներից» մեկը, Գրիզլովի կշիռն էնքան չնչին է ռուս քաղաքական բեմահարթակում, որ չարժե ոչինչ հիշել, և չարժե կարծել, թե ՀԱՊԿ-ի «գծով» Հայաստան եկած Բորիսն ինչ-որ մեսիջ կարող էր բերել կամ տանել այստեղից:
«Բորիս, ты не прав», ասացինք մեր ռուս «բարեկամին» ու սկսեցինք «հիշել» (չէ, ֆորպոստը չէ), որ պարոն Գրիզլովը ՌԴ հայտնի հետախույզի արժանավոր զավակը լինելու տիտղոսին կարող է հավակնել: Բանն այն է, որ ՌԴ Պետդումայի «սփիքեր» Գրիզլովն օրերս Մեդվեդևի հետ իր «սպիքում» ռուս լրագրողներից մեկի հոդվածն անվանել է «սարտիրից ծնունդ առած»:
«Սարտիրը» որպես ուղիղ ճանապարհ դարձրած ռուս ընտրախավի ներկայացուցչի և նրա ղեկավարած Պետդումայի գործունեության որոշ մանրամասներին էլ ծանոթանալով, ուզում ես ուղղակի ոտքի կանգնել ու հարգել` անսահմանորեն հարգել հայաստանյան մայր-խորհրդարանին ու գլուխ խոնարհել նրա բարձր իմիջի առաջ, ուր պատգամավորները, առավելագույնը, կարող են քնել իրենց աթոռներին նստած` փորները դուրս, պլստալ-ընկնել միջանցքներում` սիմվոլիկ անկումների տեսքով, կարող են սեղմել իրենց հարևան պատգամավորի, ընկերների մեկ-երկու կոճակները, բայց այն, ինչ «նախորդ» օրը տեսանք պարոն Գրիզլովի (ինչ էլ ազգանուն է) ղեկավարած խորհրդարանում, վեր էր մարդկային բոլոր պատկերացումներից. օղու և խմելու դեմ պայքարի օրինագծի քվեարկության ժամանակ Պետդումայի դահլիճում ներկա էր 88 պատգամավոր, օրինագիծն ստացավ 400-ից ավելի ձայն. պատկերը նույնիսկ զավեշտական չէր. պատգամավորներից երկու-երեքը վազեվազ, շնչակտուր անցնում էին շարքերով ու արագ-արագ` «նոն ստոպ տարբերակով», սեղմում քվեարկության կոճակները:
Իսկ դուք ասում եք` գիտահետազոտակա՜ն-իմիջահետազոտակա՜ն-Սերժ Սարգսյանի դեմ դավադրապայքարողակա՜ն:
Հա, ի դեպ, արևմտյան մամուլն այդ դեպքից հետո գրել էր, որ եթե մինչև հիմա Դումայի պատգամավորներին կարելի էր համարել «իշխանության շնիկներ», ապա հիմա նույնիսկ «դրան» նրանք ընդունակ չեն:
ՄԵԴՎԵԴԵՎԸ «ԿԱՐԱ ԳԱ,ԿԱՐԱ ՉԳԱ», ԲԱՅՑ ԳԱԼՈՒ Է
Կգա Մեդվեդևը պաշտոնական Երևան, թե ոչ, նույնիսկ էական էլ չէ` մի շարք առումներով: Բայց որ ԱԺ «միջանցքներից» և «դրսի կուլիսներից» այս պահին նման կարգի (Մեդվեդևի չգալու, Ռուսաստանի շատ ջղային լինելու) լուրեր են սպրդում, դա առավել քան հետաքրքիր է, որովհետև «սպրդացնողներն» ուզում են «լավ», բայց նրանց մոտ ստացվում է այնպես, ինչպես Չեռնոմիրդինի:
Բայց եթե անգամ ելնենք իրենց տրամաբանությունից, ապա Մեդվեդևը Հայաստան էր գալու «երկու շրջանների հետևից», բայց հիմա ջղայնացել ու չի գալիս: Չի գալիս, որովհետև Սերժ Սարգսյանը, հասկանո՞ւմ եք, գնացել է «Զանգեզուր, լեռների գրկում, սիրուն աղջիկների հետ քեֆ անելու», իմա` Բրյուսել: Հետո էլ` Մեդվեդևը չի գալու, որովհետև այդ շրջաններից հաստատապես ոչ մեկը նրան ու Ռուսաստանին չի տալու, այդ մասին «սևով-սպիտակի» վրա ու շատ հասկանալի ասաց Սերժ Սարգսյանը թե՛ Արևմուտքին, թե՛ Ռուսաստանին, էլ առավել` Թուրքիային ու Ադրբեջանին, այո, ՆԱՏՕ-ի և ԵՄ «բարձրակայաններից»: Իմա` Բրյուսելից: Եվ եթե այդ շրջանների հետևից ՌԴ նախագահը չի գալու, ուրեմն դա ինքնին լավ է ու լավ: Իսկ թե ինչու են ԱԺ միջանցքներում և դրսի «կուլիսներում» դրա համար այդպես «ուրախացել», իրենք կիմանան (մի քիչ էլ մենք կիմանանք):
Եվ այնուհանդերձ, տխրեցնենք մի քիչ ԱԺ «միջանցքներին» և «կուլիսներին». ՌԴ նախագահ Մեդվեդևի այցը Հայաստան կայանալու է: Անպայման: Հարցը լոկ ժամկետներին է վերաբերում։ Ի վերջո ոչ ոք այցի ժամկետ չի ֆիքսել, եղել են լոկ ենթադրություններ լրատվամիջոցներում` հունիսի սկիզբ - հունիսի վերջ: Սա է պատճառը, որ «միջանցքների» ու «կուլիսների» նշած ՌԴ անվտանգության համապատասխան աշխատակիցները չեն «ժամանել» Հայաստան` «անվտանգելու» Հայաստանը:
Եվ հետո չմոռանանք` այցը պարիտետային է, Մեդվեդևը այցելելու է նաև Ադրբեջան, իսկ սա լրացուցիչ «ժամկետային» պայմանավորվածություններ է պահանջում:
Եվ վերջում. ճիշտն ասած, մի պստիկ լիկբեզ էլ պետք է բոլոր կարգի «միջանցքավորներին» ու «կուլիսավորներին», որոնց թվում է, թե` պըրծ, երկինքը փուլ է եկել Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցով, մի կտոր էլ ընկել է իրենց պոչիկին:
Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, հաստատ համոզված ենք, համաձայնեցված է եղել ռուսական կողմի, դե գոնե` «անհրաժեշտների» հետ (ուստի խորհուրդ կտանք շատ ռուսասերներին` շատ բուռն չմղկտալ այդ առիթով):
Փոփոխվող աշխարհում ինքը` Ռուսաստանը, մոդիֆիկացիայի է ենթարկվում, կուլտուրական ասած` մոդեռնիզացվում է:
Գերմանիա-Ռուսաստան տանդեմը նոր տիպի Եվրոպայի առանցքը դառնալու շատ ռեալ ու աշխատող շանս է: Չմոռանանք` Գերմանիան ՆԱՏՕ-ի առանցքային երկրներից է: Ընդ որում, ԱՄՆ-ը ևս եվրոպական այդ նոր առանցք-մոդիֆիկացիային դեմ չէ, որովհետև Գերմանիա-Ռուսաստան տանդեմը փոխում է ոչ միայն գլոբալ գաղափարախոսությունը, այլև ուղղված է Արևելքի դեմ` Չինաստանի։
Այնպես որ, Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը ևս այդ կոնտեքստում է, և ուզում-չեն ուզում «միջանցքները», Սերժ Սարգսյանն այս անգամ ևս, կարծես, ճիշտ է հաշվել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ