«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԱՆԴԱՂԿՈՏՈՒԹՅՈՒՆ

ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ԴԱՆԴԱՂԿՈՏՈՒԹՅՈՒՆ
11.03.2011 | 00:00

«Պիրատները» Հայաստանում իրենց լավ են զգում: Բազմիցս ասվել է, որ Հայաստանի CD/DVD-ների շուկայում «պիրատական» արտադրանքի ծավալը մոտ 95 տոկոս է, և որ սա խայտառակություն է մեր երկրի համար: Ասվել է, որ մեր մշակույթի գործիչները և համակարգչային ծրագրեր արտադրողները թալանվում են օրը ցերեկով, և որ այս ամենին պետք է վերջ տրվի: Անցյալ տարի կատարվեց առաջին կարևոր քայլը վիճակը շտկելու ուղղությամբ: ՀՀ ԱԺ-ն ընդունեց «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսա-ձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» օրենքը, որը պարունակում է աշխատող մեխանիզմներ «պիրատությանը» վերջ տալու համար: Օրենքը սահմանում է, որ վաճառվող CD/DVD-ների վրա պարտադիր պետք է փակցվեն դրոշմապիտակներ, որոնք կհաստատեն ապրանքի օրինականությունը: Օրենքը պարտադրում է նաև ունենալ պայմանագիր ստեղծագործության հեղինակի կամ իրավատիրոջ հետ: Սա թույլ կտա վերջապես վերացնել մեր մշակույթի գործիչների տքնաջան աշխատանքի երկարամյա թալանը: Օրենքն անցյալ տարվա դեկտեմբերին վավերացվեց ՀՀ նախագահի կողմից և այս տարվա մարտի 1-ից պետք է մտներ ուժի մեջ: Բայց, պարզվեց, որ բարի ցանկությունները միշտ չէ, որ իրականություն են դառնում, անգամ եթե դրանք ամրագրվում են օրենքով: Օրենքը չի կիրառվում, քանի որ կառավարությունը, անհասկանալի պատճառներով, դեռևս չի ընդունել կիրարկման կարգը: Եվ այս իրավիճակից հիանալիորեն օգտվում են «պիրատները»: Վերջերս մեր հեռուստաընկերություններից մեկով խտասկավառակներ վաճառող խանութներից մեկի տնօրենը բողոքում էր օրենքից և հայտարարում, որ իրենք, փաստորեն, այսօր օրենքից դուրս են աշխատում: Իրականում նրանք օրենքից դուրս չեն աշխատում, և այս խիստ շահավետ իրավիճակը նրանց համար ստեղծվել է կիրարկման կարգի բացակայության պատճառով: Ինչպես ասում են, նրանց բախտը խելքից առաջ է անցել` մեր կառավարության անհասկանալի դանդաղկոտության պատճառով: Ինչո՞ւ պետք է «պիրատը» գոհ լինի օրենքից: Նույն տրամաբանությամբ մաքսանենգը, գողն ու ավազակը կարող են գոհ չլինել քրեական օրենսգրքից: Իսկ ինչո՞ւ մեր հարգելի հեռուստաընկերությունները մյուս գողերին ու ավազակներին էլ եթեր չեն տրամադրում, որ նրանք էլ իրենց «դարդերը պատմեն» և ներկայացնեն, թե որքան խիստ ու անարդար է մեր քրեական օրենսգիրքը: Իրականում մեր «պիրատները» մարտավարական սխալ են թույլ տալիս` բարձրաձայնելով այս իրավիճակի մասին: Դրա արդյունքում մեր կառավարությունը հանկարծ կարող է քնից արթնանալ և շտապ ընդունել կիրարկման կարգը: Մամուլում վերջերս հրապարակվել էր այն փաստը, որ կիրարկման կարգի մասին կառավարության որոշման նախագիծն արդեն պատրաստ է և գտնվում է կառավարության աշխատակազմում: Այսինքն, մնում է միայն «սեղմել կոճակը», և օրենքը կսկսի գործել: Եթե օրենքն սկսեր գործել ճիշտ ժամանակին և ամենայն խստությամբ, ապա մեր «պիրատները» չէին ոգևորվի և չէին դառնա մեր հեռուստաընկերությունների գթասիրտ հոգածության առարկա: Անհասկանալի է մեր մշակույթի գործիչների պահվածքը: Չէ՞ որ այս օրենքն առաջին հերթին կոչված է պաշտպանելու նրանց շահերը, վերջ տալու թալանին, մինչդեռ նրանք համառորեն լռում են: Եվս մեկ հանգամանք. վերջերս կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի` դրոշմապիտակներ պետք է փակցվեն բազմաթիվ ապրանքատեսակների վրա` սննդից մինչև կենցաղային նշանակության տարբեր ապրանքներ: Եթե ընդամենը մեկ ապրանքատեսակի դեպքում կառավարությունը չի կիրառելու օրենքը, ի՞նչ է անելու բազմաթիվ ապրանքատեսակների դեպքում:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1050

Մեկնաբանություններ