Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ Է ՏՐՎԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ԵՎ ՈՒՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՑՈՒՅՑ Է ՏՐՎԵԼ, ԹԵ ՈՎ ՈՒՄ ՀԵՏ ԵՎ ՈՒՐ Է ԸՆԹԱՆՈՒՄ
29.11.2011 | 00:00

(սկիզբը` նախորդ համարում)

Այս տրամադրությունները Մոսկվայում փորձում են ներկայացնել որպես հարավային ռազմավարական ուղղությունում սպառնալիքի շատ լուրջ ահազանգ, ինչը հետևանք է, ըստ էության, «երթուղային քաղաքագետների» (ի դեպ, մեծ մասամբ Ռուսաստանում կրթություն ստացած) մամուլ նետած կցկտուր և խիստ մակերեսային մեկնաբանությունների և ոչ թե խորաքնին վերլուծության։ Եթե ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարցն արդեն «քաղաքացիություն» ստացած լիներ, ապա դրա շուրջ առարկայական քննարկում կծավալվեր։ Ելնելով կիրառվող ստանդարտներից, Հայաստանը ՆԱՏՕ-ին միանալու ընթացքում նախապատվելի դիրքերում կլիներ իր հարևանների համեմատ, մանավանդ որ դաշինքին անդամակցել են նաև իրենց զինված ուժերի կառավարման և վիճակի տեսակետից միանգամայն անհամարժեք պետություններ։ Բայց ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ի մեջ նոր անդամների ընդունման հարցերի լուծումը լիովին կախված է քաղաքական խնդիրներից, որոնք Հարավային Կովկասում հեռու են հանգուցալուծումից, թեև ՆԱՏՕ-ին Հարավային Կովկասի երկրների անդամակցության հարցն ամենից քիչ կախված է բուն տարածաշրջանում տիրող իրավիճակից։ Այդ հարցը կախված է շատ կոնկրետ խնդիրներից` կապված ԱՄՆ-ի սևծովյան ծրագրերի, թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարների, ինչպես նաև Արևմտյան ընկերակցության տարածական, ժամանակային և ինստիտուցիոնալ սահմանների ավելի սկզբունքային հարցերի հետ, որի մեջ կարող էին մտնել Թուրքիան և Ռուսաստանը, որպես այդ գերդաշինքի առավել արևելյան մասնակիցներ։ Մինչև հիմա ամենահզոր պետության, աշխարհի ամենաազդեցիկ քաղգործիչների` պաշտպանության և անվտանգության ոլորտներին առնչվող ոչ մի հայտարարություն և բանաձև որևէ այլ հնչողություն չունի, բացի քարոզչականից։ Դե, ուրեմն, արժե՞, արդյոք, այդքան շուտ խուճապ բարձրացնել ՆԱՏՕ-ի մեջ Հայաստանի մտնելու կապակցությամբ։ Հնարավոր է, որ դա որոշակի նպատակ է հետապնդում` կապված Մոսկվայում գաղափարների ու թղթերի պայքարի հետ, բայց ոչ մի արդյունքի չի հանգեցնի սկզբունքային որոշումների ընդունման ոլորտում։
Սակայն Մոսկվայում ծայր առած այդ իրարանցման առավել ճշմարտանման վարկածը Հայաստանում առկա ներքաղաքական շահերն են։ Քաղաքական պայքարը Հայաստանում կրում է շատ վտանգավոր և անկանխատեսելի բնույթ, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել արտասահմանյան, քաղաքական, դիվանագիտական և վերլուծական շրջանակներում։ Համարվում է, որ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից են մեծ մասամբ կախված լինելու Հարավային Կովկասում տեղի ունենալիք գործընթացները և Ռուսաստանի դերը տարածաշրջանում։ Այդ սպասումներն այնքան էլ համարժեք չեն և չեն արտացոլում իրական պատկերը, այլ ապավինում են, ավելի շուտ, այն դրույթին, որ Հայաստանում տիրող իրավիճակն ու առհասարակ քաղաքական դրությունը կայուն չեն, և երկիրը չի կարելի դասել կայացած հասարակություն ունեցող պետությունների թվին։ Այս ամենն է՛լ ավելի է բորբոքում Մոսկվայի հետաքրքրությունը տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ։ Մոսկվայում հնարքներ են փնտրում, թե ինչ կերպ ազդեն ընտրությունների ելքի վրա, ու երևի որոշ քաղտեխնոլոգներ, որոնց թվում քիչ չեն Հայաստանի անկեղծ բարեկամները, ոչ մի այլ բան չեն գտել, բացի այն բանից, որ ՆԱՏՕ-ի խնդիրն առանցքային դարձնեն Հայաստանում ուժերի դասավորության հարցում և քաղաքական պայքարում, ինչը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել Երևանի շահագրգիռ խմբերի «օրհնությամբ»։ Ընդ որում, այդ հարցի քննարկման համար ընտրվել է ոչ թե համացանցի ինչ-որ վերացական «էջ», այլ կոնկրետ աշխարհագրական վայր` Մոսկվան։ Բայց եթե այդ «էջում» իշխանությունների և գործուն ընդդիմության հակասությունները դիտարկվում էին որպես խիստ լուրջ ու սկզբունքային պայքար, ապա զարմանալին մեկ այլ բան է` այն, որ երկու քաղաքական խմբավորումներն էլ մեծ հաճույքով ընդունեցին այդ կանոնները։ Բայց եթե Սերժ Սարգսյանը, վայելելով Մոսկվայի շնորհները, փաստորեն, չարձագանքեց քաղաքական տեխնոլոգիայի այդ հնարքին, ապա նրա ընդդիմախոսները վճռեցին, թե իրադարձություններն իրենց համար շատ վտանգավոր հունով են ծավալվում և հարձակման անցան, վախենալով մոռացվելուց, ինչի մասին վկայում է ընդդիմության վարկանիշի կտրուկ անկումը։ Այս հանգամանքը հետաքրքիր է նրանով, որ խաղաթղթերն արդեն բացված են, և «երդվյալ հակառակորդներին»` ամերիկացիներին, ցույց է տրվել, թե ով ում հետ և ուր է ընթանում։ Իհարկե, ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ ընդդիմության առաջնորդների «ատլանտամետ» և «ամերիկամետ» ինքնաբավությունը նույնքան կասկածելի է, որքան և առհասարակ նրանց ընդունակությունը` վարելու համակարգված արտաքին քաղաքականություն, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին դարձրել են արևմտամետ ուղղության այլընտրանքային կամ, ավելի ճիշտ, անայլընտրանք քաղաքական դեմք, և նա խիստ գիտակցաբար է ընդունում այդ խաղը, քանզի այն ձեռնտու է իրեն։ Արհեստականորեն բուծվող կոմպլեմենտար տիպի «ատլանտական» քաղաքականությունը շատ է պետք նախագահի պոստի մյուս հավանական հավակնորդներին։ Բայց այդ իրավիճակում պետք է հիշել և նշել բոլոր նրանց, ովքեր եղել են ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ու Պենտագոնում, ձգտելով աջակցություն ստանալ այդ երկու «սրբազան» հիմնարկներում։ Հենց Լևոն Տեր-Պետրոսյանն էր վերջին տարիների հետնապահը Հայաստանի քաղաքականության ատլանտյան վեկտորում, թեև այդ ամենը, իհարկե, սարքված, հարմարեցված է արտաքին պահանջներին ու շահերին։ Չնայած ամերիկացիների հետ իր «նոր» հարաբերություններին, Սերժ Սարգսյանը միարժեքորեն կմնա բացառապես ռուսամետ ձգողականության դաշտում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը միարժեքորեն «ամերիկամետության» է դատապարտված։ Հարց է ծագում, ընդունա՞կ են, արդյոք, «գործուն» և «գործունացված» հայ քաղգործիչները լինելու «ատլանտականներ»։
Կշահի՞, արդյոք, խաղային այս իրավիճակում Ռուսաստանը և ի՞նչ հեռանկարում։ Ստացվում է, որ Ռուսաստանը Հայաստանում ձգտում է հստակության, կանխատեսելիության ու միաչափության և ջանքեր է գործադրում «ատլանտյան կուսակցություն» ստեղծելու համար` շեշտը դնելով ծայրաստիճան անպատեհ հնարքների վրա։ Բայց խաղային իրավիճակը, հավանականի չափանիշներով, կարող է շատ շուտով ու հեշտորեն վերափոխվել օրինաչափի և մնայունի։ Ժամանակն է միարժեքորեն հասկանալու, որ փաստորեն Հայաստանի ամբողջ քաղաքական վերնախավը դուրս է մնացել համաշխարհային քաղաքականությունից և չի կարող ուժի համաշխարհային կենտրոնների կողմից ընդունվել որպես գործընկեր։ Դա վերաբերում է ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև քաղաքական խավին, գործարար շրջաններին, վարչակազմին, որոնք ընկալվում են սոսկ որպես սպասարկու գործիչներ, առանց որևէ դիրքորոշման։ Բայց, այդուամենայնիվ, չնայած Ս. Սարգսյանն ու Լ. Տեր-Պետրոսյանը քաղաքական հակառակորդներ են, ոչ մի հիմք չկա պնդելու, որ նրանք սկզբունքորեն տարբեր նպատակներ են հետապնդում։ Նրանք երկու խմբավորման առաջնորդներ են, որ ձգտում են իշխանության, և հենց այդպես էլ ընկալվում են ամերիկացիների կողմից։ Այժմ, ներքաղաքական դիմակայության լարված իրադարձություններից հետո, ԱՄՆ-ը հանգել է հետևության, որ պետք է աշխատել այն խմբավորման հետ, որը կգա իշխանության, և պետք չէ, որ ինքը բացահայտորեն և լրջորեն աջակցի ընդդիմությանը։ Առայժմ ԱՄՆ-ը Հայաստանում չի տեսնում իր համար մի ինչ-որ «իդեալական» քաղաքական խմբավորում, որը կարողանար ամերիկամետությունը կամ ԱՄՆ-ի հետ շատ ավելի սերտ գործակցության պատրաստակամությունը համատեղել ժողովրդավարական կանոնների պահպանման հետ։ Ներկայումս ԱՄՆ-ը փորձում է Հայաստանի ներքաղաքական դաշտում գերակա գործընկեր համարել Րաֆֆի Հովհաննիսյանին, որի նախապատվություններն ու նպատակները խիստ շահադիտական են և ամբոխավարական։ Նա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն է և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ-ի տարբեր աղբյուրներից։
Այսպիսով, առավել իրատեսական հավակնություններ ունեցող հայ քաղաքական գործիչները չդիմացան քաղաքական պայքարի տեմպին ու ռիթմին, խիստ բացահայտորեն տեսան վտանգները, որ սպառնում են իրենց նախընտրական պայքարում, վճռեցին օգտվել արտաքին քաղաքական հնարավորություններից` ներթիմային հարաբերությունները պարզելու համար։ Ընդ որում, անգամ «տան կեղտոտ լվացքը» ցույց տալու ավանդական քայլեր արվեցին, քանի որ ստեղծված պայմաններում երկրում չի գործում անգամ այնպիսի մի փորձված ռեսուրս, ինչպիսին վարկաբեկումն է, կամ, ավելի ճիշտ, գլխավոր վարկաբեկությունները դարձել էին աշխարհաքաղաքական կողմնորոշումները։ Սա, անշուշտ, անհեթեթություն է, քանի որ այդ քաղգործիչների աշխարհաքաղաքական նախապատվությունները մտացածին բան են և ոչ ավելին։ Տպավորություն է ստեղծվում, որ «գառան մորթին չարչարանքին չարժե», քանի որ ամեն ինչ տեղը դնելու այդ փորձերը, ըստ էության, ոչինչ չեն տա և հետևանք են շփոթվածության ու անվստահության։
Իսկ ինչո՞վ է զբաղված ԱՄՆ-ը ստեղծված իրավիճակում։ Ամերիկացիները նախընտրում են աշխատել Հայաստանի նախագահի հետ, քանի որ համարում են, որ նա առայժմ իր ձեռքին է պահում իշխանության լծակները և լիովին ընդունակ է անցկացնելու հարաբերականորեն ազատ ընտրություններ և ներկայացուցչական ու գործադիր իշխանության շրջափոխություն կատարել։ Ամերիկացիներն արդեն երկու տարի է, ինչ ակտիվորեն զբաղված են Հայաստանի ընտրությունների նախագծմամբ` նախագահին մի քանի պայման առաջադրելով քաղգործիչների տեսակի, ընտրարշավի անցկացման եղանակների առնչությամբ, որոշ գնահատականներ տալով քաղգործիչներին և պաշտոնատար անձանց։ Առայժմ Հայաստանում ամերիկյան նախաձեռնությունների տրամաբանությունն է իրացվում, ոչ թե ռուսական։ Բայց ի՞նչը կարող է հանգեցնել այս կամ այն տերության ազդեցության ուժեղացմանը Հայաստանում, ուր քաղաքական խավը և հանրային ակտիվ շերտերը ծայրաստիճան հեղինակազրկված են, բայց, այնուամենայնիվ, հասարակական քաղաքական կայունությունը պահպանվում է։ Հայաստանի առնչությամբ ԱՄՆ-ի նպատակը ոչ միայն հայկական գործոնի օգտագործումն է որպես Թուրքիայի զսպման լծակի, այլև Ռուսաստանի կողմից Հայաստանը, որպես դաշնակցի, օգտագործելու իրողությունը թույլ չտալը, նրան ռուսական քաղաքական խաղից դուրս բերելու փորձերը։ ԱՄՆ-ը հայ-թրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կառուցում է ոչ միայն Թուրքիայի արտքաղաքական նկրտումների դեմն առնելու, այլև Հայաստանն այդ գործընթացի ու խնդիրների մասնակից դարձնելու նպատակով, ինչը նշանակում է նրան դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից։
Այդ մոտեցումներն ու դիրքորոշումներն ամենևին կախված չեն ներքաղաքական կյանքի վրա ազդեցությունից։ Ներքին քաղաքական գործընթացների վրա ազդեցություն գործելու ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ ռուսական ջանքերը չեն կարող հանգեցնել ո՛չ քաղգործիչների, ո՛չ էլ հասարակության կողմից երկու տերությունների քաղաքականության նախապատվության ուժեղացմանը։ Եթե մի պետություն շահագրգռված է մեծացնելու ազդեցությունը Հայաստանում, ապա պետք չէ, որ նա պնդի ու պահանջի ղարաբաղյան խնդիրը կարգավորել այն անիրագործելի սխեմաների շրջանակներում, որոնք քաջ հայտնի են։ Պետք չէ, որ արտաքին քաղաքականության և աշխարհատնտեսական ոլորտներում ընտրովի մոտեցում ցուցաբերի։ Անհնար է Հայաստանին զրկել տնտեսական և անվտանգության խնդիրներում, հատկապես կոնկրետ հարցերում, ընտրության իրավունքից։ Արտաքին ուղղությունների ներքաղաքական նախապատվություններն անշեղորեն հանգեցնում են կոշտ արձագանքի և ոչ մի արդյունք չեն տալիս։ Գործընկերը, հատկապես ռազմավարական, չպետք է շարունակ կասկածի գործընկերոջ «հավատարմությանը» և սահմանափակի նրա արտաքին հնարավորությունները, ինչը կհանգեցնի նրա թուլացմանը։
Պետք է ուշադրության առնել, որ Ռուսաստանի ներկա քաղաքական ղեկավարները մարդիկ են, որոնք բավականաչափ քաղաքական փորձ չունեն, գտնվում են այս կամ այն սատարող (լոբբիստական) խմբի ուժեղ ազդեցության տակ։ Չնայած իշխանությունը կենտրոնացած է նախագահի աշխատակազմի շրջանակներում, բայց դա սոսկ պաշտոնական իշխանությունն է, իսկ Ռուսաստանում, բացի պաշտոնականից, չի թուլանում առևտրային ընկերությունների իշխանությունն ու ազդեցությունը, ինչը մեծ է ներքին ու արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի վրա։ Համաշխարհային տնտեսությունը ճարակած ճգնաժամը միգուցե մեղմացնի ընկերությունների ազդեցությունը, սակայն մի ընկերությանն ու խմբավորմանը փոխարինելու կգան ուրիշները։ Ռուսաստանում մշակել են մի շարք ծրագրային փաստաթղթեր, որոնք հայեցակարգային նշանակություն ունեն, սակայն այդ ծրագրերը դեռևս չեն գործում։ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մեծ մասամբ կրում է արտաքին մարտահրավերներին արձագանքի բնույթ, ինչի պատճառով էլ, ըստ էության, Ռուսաստանի քաղաքականությունը չի տարբերվում ԱՊՀ պետությունների արտաքին քաղաքականությունից, որոնց դերն աշխարհում անհամեմատելի է Ռուսաստանի դերի հետ։ Այս պայմաններում Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող կրել բավականաչափ համակարգային և հետևողական բնույթ։ Ղարաբաղյան խնդրի «կարգավորման» «ռուսական նախագիծը», որը հակամարտության կողմերին առաջարկվեց 2008-ի աշնանը, այնպիսի պետության քաղաքականության դասական օրինակ է, որը տարածաշրջանների առնչությամբ այդպես էլ քաղաքականություն չունի մշակած կամ էլ ընդունակ չէ լուծելու տարածաշրջանային շատ խնդիրներ։ Սակայն ռուսական քաղաքական ղեկավարության բնույթը, այն հանգամանքներն ու պայմանները, որոնցում մշակվում է արտաքին քաղաքականությունը, թեև առանցքային են, այնուամենայնիվ, երկրորդական նշանակություն ունեն քաղաքական կուրսի իրականացման գործում։ Ռուսաստանը բացահայտորեն ձգտում է վերանայել արտաքին քաղաքականության գերակայությունները` հաշվի առնելով աշխարհում և տարածաշրջաններում նկատվող նոր միտումները։ Ըստ երևույթին, Մոսկվայում շատ քաղգործիչների թվում է, թե աշխարհում և տարածաշրջաններում նպաստավոր պայմաններ են առաջացել նոր հարաբերություններ կառուցելու այն պետությունների հետ, որոնք նախկինում երբեք չեն եղել Ռուսաստանի գործընկերներն ու դաշնակիցները, նախ և առաջ, իհարկե, Թուրքիայի հետ։ Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները վերստին կկառուցվեն միայն փոխզիջումների պարագայում, և այդ հեռանկարում ակնհայտ է դառնում Հայաստանի շահերը ոտնատակ անելու գայթակղությունը, ընդ որում, արմատական ազգային շահերը։
Արդեն այժմ հասկանալի է դառնում, որ Թուրքիայի հետ ռազմավարական բնույթի հարաբերությունների հաստատումն այնքան էլ հեշտ բան չէ, նույնիսկ փոխշահագրգռության դեպքում։ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմաբարդ է դարձել և կախված է զանազան հանգամանքներից, տարբեր գործընկերների խաչաձև շահերից։ Ղարաբաղյան հարցի առնչությամբ 2008-ի նոյեմբերի 2-ին ստորագրված բանաձևը դարձավ Հայաստանի շահերն անտեսելու ցանկացած փորձի ձախողման օրինակ, բայց դեռևս անհասկանալի է մնում, թե որքանով է Մոսկվան ըմբռնել իր հայացքների արատավորությունը։ Հայաստանի շահերը «հանձնելու» այդ փորձերից հետո Թուրքիան շտապեց ցուցադրել իր պատրաստակամությունը կարգավորելու հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, և անգամ բանակցություններ սկսվեցին Թուրքիայի սևծովյան ափին ԱՄՆ-ի նոր հենակետ ստեղծելու հարցի շուրջ։ Բացի այդ, 2009-ի հուլիսին Մեդվեդևի այցը Բաքու (նվիրված էր գազամատակարարման հարցերին) ձախողվեց, ինչը սպասելի էր։ Սակայն սրանք սոսկ առանձին կտորներ են, իսկ ընդհանուր առմամբ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններն այն ռազմավարական հանգրվանն ունեցան, ինչի հույս էր փայփայում Մոսկվան։ Այդ իրադարձությունները, անտարակույս, Ռուսաստանի հետ Հայաստանի նոր հարաբերությունների ձևավորման մեկնակետ եղան, որոնք արդեն դժվար կլինի անվանել դաշնակցային, առավել ևս, ռազմավարական։ ՈՒստի միանգամայն բացատրելի է Հայաստանի արտաքին քաղաքականության և նախապատվությունների առնչությամբ Մոսկվայի անհանգստությունը։ Դա չի կարող չանդրադառնալ երկրի ներքին իրադրության վրա և, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի այդ վերաբերմունքը կհանգեցնի Հայաստանում քաղաքական ուժերի վերադասավորման։

(շարունակելի)
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ