ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳԱԼԻՍ ԿՐԵՄԼԻ «ՄԵԾ ՍԵՐԸ» ԲՈՒՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԳԱԼԻՍ ԿՐԵՄԼԻ «ՄԵԾ ՍԵՐԸ» ԲՈՒՏԻ  ՆԿԱՏՄԱՄԲ
18.11.2011 | 00:00

Եվ այսպես, շատ հավանական է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բուռն, բայց ոչ երկարատև, հերթական «սիրախաղում» եթե ոչ վերջակետ, ապա շատ սպառնալից հարցական նշան դրվի։ Եվ բանը միայն Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության ծրագրի հարձակողական ընթացքը չէ, ոչ էլ Վրաստանում արևմտյան «ֆորպոստի» շինարարության վերսկսումը։ Պատճառը Նյու Յորքի Դաշնային դատարանում տեղի ունեցած իրադարձությունն է և այն, որ ԱՄՆ-ի տասներկու շարքային քաղաքացիներ կարող են ի չիք դարձնել քաղգործիչների տիտանական ջանքերի արդյունքը։ Եթե ոչ առհավետ, ապա երկար ժամանակով։ Չէ՞ որ երդվյալ ատենակալների հանձնաժողովի միաձայն որոշումը, որը Վիկտոր Բուտին հանցավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքի բոլոր կետերով, լուրջ հարված կլինի ոչ միայն ռուսների հասարակական կարծիքին, այլև, որ շատ ավելի կարևոր ու բախտորոշ է, որոշ «լուրջ ընկերների» շահերին։
Ինչևէ, Բուտին մեղավոր ճանաչեցին ԱՄՆ-ի քաղաքացիների` պետծառայության մեջ գտնվող անձանց սպանության նպատակով նյութված դավադրության, զենիթային հրթիռների ձեռքբերման և վաճառքի, ահաբեկչական խմբավորումներին զենք մատակարարելու մեջ։ Ընդ որում, «հանցավոր խմբավորումներ» ասելով ամերիկյան դատարանը հասկանում է Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը։ Նկատենք, որ թեև ռուսական իրականության համար «հեղափոխական ուժեր» բառակապակցությունը շատ սովորական է և անգամ գրավիչ, այդ կազմակերպությունն ԱՄՆ-ի պահպանողական պետդեպարտամենտի կողմից (նաև ուրիշ երկրներում) ներառված է ահաբեկչական խմբավորումների ցուցակում։ «Ռուս բիզնեսմենն» իր մեղքը չի ընդունում, իսկ պաշտպանական կողմը պնդում է, որ իրենց «կլիենտը» պարզապես ցանկացել է ինքնաթիռների վաճառքի գործարք կնքել։ Մեղադրանքի յուրաքանչյուր կետի համար Բուտին սպառնում է 25 տարուց մինչև ցմահ բանտարկություն, թեև մինչև դեկտեմբերի 2-ը պաշտպանությունը կարող է բողոքարկել դատավճիռը, որը կհրապարակվի 2012-ի փետրվարի 8-ին։ Մեղմացուցիչ հանգամանքների բացակայության պատճառով Բուտին սպառնում է եթե ոչ առավելագույն, ապա շատ պատկառելի պատժաչափ։
Հիշեցնենք, խոսքը «զենքի բարոնի» և «մահվան վաճառականի» մասին է, ինչպես անվանում են նրան Արևմուտքում։ Վիկտոր Բուտը ձերբակալվել է Բանգկոկում` 2008-ի մարտին։ Մի շատ հետաքրքրական հանգամանք. դա տեղի է ունեցել Իսպանիայում ռուսական քրեական խմբավորման (որն զբաղվում էր Իրանին զենքի մատակարարմամբ) անդամների զանգվածային ձերբակալություններից և ոչ պակաս աղմկոտ` ռուսական «զինափոխադրանավի» հետ կապված պատմությունից անմիջապես հետո (ժամանակին մեր թերթն անդրադարձել է այդ թեմաներին)։ Բարձրակարգ հյուրանոցում Բուտը հանդիպում է ունեցել թմրամիջոցների դեմ պայքարի ամերիկյան գործակալության ծառայողների հետ, որոնք ներկայացել են որպես կոլումբիական ապստամբական կազմակերպության անդամներ։ Խոսակցությունը ձայնագրվել է։ Պետք է նկատել, որ Բուտի մեղքի գլխավոր ապացույցը հենց այդ այցելությունն է Թաիլանդ` կարծեցյալ գրոհայինների հետ հանդիպման նպատակով։ Այդ մասին դատախազն է հայտարարել դատարանում։ «Եթե խոսք լիներ սոսկ ինքնաթիռներ վաճառելու մասին, նա այդ բանը կարող էր անել` գտնվելով Մոսկվայում, անվտանգության մեջ։ Բայց, քանի որ խոսքն ահաբեկչական խմբավորման հետ բազմամիլիոնանոց ու երկարաժամկետ գործարքի մասին է եղել, նա որոշել է, որ անձամբ պետք է հանդիպի պատվիրատուի հետ»,- ճշգրտել է դատախազը։ Մինչդեռ, «ձեռներեց» փաստաբանի կարծիքով, ներկայացված հանցանշանները ոչինչ չեն ապացուցում։ Պաշտպանությունը պնդում է, որ բանակցությունները եղել են մշակված «խարդախության պլանի» մի մասը միայն։ Իրականում նա մտադիր էր վաճառելու երկու ինքնաթիռ, որոնք «վաղուց փոշու մեջ կորած, լռվել-մնացել էին Կոնգոյի անգարում», և ստանալով 5 մլն դոլար, «քցել» հավանական գնորդներին։
Այդուամենայնիվ, Բուտի նոութբուքի կայքերն այլ բան են վկայում։ Պարզվում է, նա փորձել է ժողովել ամբողջ մատչելի տեղեկույթը Կոլումբիայի ապստամբների, բանակի սպառազինության մասին։ Ավելին, ըստ մեղադրող կողմի վարկածի, բիզնեսմենը հիանալի գիտեր, թե հատկապես ում հետ գործ ունի, հավատում էր, որ նրանք ներկայացնում են Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերը, և անգամ ասել է, որ ինքը խմբավորման հետ ընդհանուր թշնամի ունի` գրինգոն։ «Սա իմ պայքարն է»,- ավելացրել էր Բուտը։ Բանգկոկի հյուրանոցում տեղի ունեցած հանդիպման հենց սկզբում նա ցավակցություն էր հայտնել հավանական գործընկերներին` առանցքային հրամանատարներից մեկի մահվան կապակցությամբ, և արդեն մի քանի րոպե հետո առաջարկել էր էապես ընդլայնել գրոհայիններին անհրաժեշտ զենքի ցուցակը։ «Նրանք խոսում են «Իգլա» տիպի 100 շարժական զենիթահրթիռային համալիրի մասին, նա առաջարկում է նրանց վաճառել 800-ը։ Նրանք հարցնում են հինգ հազար «Կալաշնիկով» ավտոմատի մասին, նա ասում է, որ պատրաստ է մատակարարելու 20-30 հազար և դեռ ավելացնելու գիշերային տեսունակությամբ նշանոցներ և փողատակի նռնականետներ»,- նշել էր մեղադրողը։ Հյուրանոցի բանակցությունների ձայնագրությունը, դատախազի կարծիքով, վկայում է, որ Վիկտոր Բուտը պատրաստ է եղել ապստամբներին առաջարկելու հինգ տոննա պայթուցիկ նյութ, բեկորային նռնակներ, գերթեթև ինքնաթիռներ, անօդաչու ինքնաթիռներ, ականներ և այլ զինատեսակներ։ «Խոսակցությանը մասնակցող գործակալներից ոչ մեկը ոչ մի անգամ չի հիշատակել այդ զինատեսակները, այնպես որ նոր ցուցակի ի հայտ գալը Բուտի անձնական նախաձեռնությունն է»,- կարծում է դատախազը։ Բանակցությունների` երդվյալ ատենակալներին տրամադրված վերծանումները վկայում են նաև այն մասին, որ ռուս ձեռներեցը պատրաստակամություն է հայտնել մշակելու բեռների առաքման համակարգ և ապահովելու անվտանգ փոխադրում` օրինական փաստաթղթեր ստանալով «եվրոպական երկրներից մեկում»։ Միաժամանակ Բուտը հիշատակել է, որ հնարավոր գործընկերներին կարող է օգնել թմրամիջոցների վաճառքից ստացված փողերը լվանալու և կարգավորելու նորակոչիկների ուսուցման գործը։ «Նա գիտեր, որ կազմակերպությունը կռվում է կառավարության դեմ, և պատրաստ էր ահաբեկիչների ուսուցման համար տրամադրելու մի խումբ զինվորական հրահանգիչների»,- հայտարարել է դատախազը։
Ինչպես և ենթադրվում էր, արձագանքը Ռուսաստանում բուռն էր, հուզախռով։ Այնտեղ ամենաբարձր մակարդակում հայտարարում էին, թե Բուտի «իբր հանցավոր գործողությունները» չեն կատարվել Նահանգների տարածքում, և դրանք ամերիկյան արդարադատությանն ընդդատյա չեն, ուստի և Ռուսաստանի քաղաքացու հանձնումը, որը «կատարվել է Վաշինգտոնի աննախադեպ ճնշման ներքո` զենքի պայմանագրերի դիմաց, արդարադատության հետ ոչ մի առնչություն չունի»։ Բազմիցս խոսվել է այն մասին, որ «Բուտի գործը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ամերիկացիներն առաջվա նման չեն ուզում հաշվի նստել այն բանի հետ, որ իրենց երկրի օրենքները չեն կարող լինել ունիվերսալ, իսկ ամերիկյան պետական մարմինների որոշումները պարտադիր չեն այլ պետությունների կողմից կատարման համար»։ Դեռ մինչ երդվյալների դատավճռի կայացումը, Բուտի ձերբակալությանը և դատին մասնակցած անձինք արդեն տեղ էին գտել ամերիկյան այն քաղաքացիների «սև ցուցակում», որոնց մուտքը տվյալ երկիր արգելված է (հետաքրքիր է, թե Կրեմլն ինչպես է մտադիր հաղթել միջազգային թմրամաֆիայի դեմ Մեդվեդևի հայտարարած պատերազմում, եթե թմրամիջոցների դեմ պայքարի ամերիկյան գործակալության առաջատար աշխատակիցները հայտնվեն «Բուտի ցուցակում»)։ Ավելին, Ռուսաստանի փորձագիտական լրջախոհ ընկերակցությունում սկսել են պնդել, թե «ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը ենթակա` թմրամիջոցների դեմ պայքարի վարչությունը խոշոր գումարներով վարձում է նախկին հանցագործ փորձագետների, և սրանք, օգտագործելով իրենց քաղաքական կապերն ու փորձը, աշխարհի ցանկացած կետում դուրս են գալիս զոհերի վրա և նրանց անլեգալ գործարք առաջարկում»։ Նրանց կարծիքով, այսպես Իսպանիայում ձերբակալվեց, ԱՄՆ տարվեց և զենքի վաճառքի մեղադրանքով 30 տարով դատապարտվեց Սիրիայի քաղաքացի Մոնզեր ալ Կասարը (ռուսական ԽՏՎտՐՏՎՈՑ.Րց-ի տվյալներով, նա վաղուց էր աշխատում սովետական, իսկ ավելի ուշ` ռուսական հատուկ ծառայությունների հետ)։ Նույն կերպ Լիբերիայում կալանավորվել, ԱՄՆ է ուղարկվել և թմրավաճառության մեղադրանքով 20 տարվա ազատազրկման դատապարտվել ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոն։ Նույն «ծովահենությունն» արվել է նաև «ձեռներեց Բուտի» նկատմամբ։
Որտեղի՞ց է գալիս Կրեմլի «մեծ սերը» Բուտի նկատմամբ։ Համաձայնեք, դժվար է հիշել, որ ռուսական բարձրաստիճան պաշտոնյաները նույն ցասումով և ինքնամոռացությամբ պաշտպանած լինեն իրենց քաղաքացիներին արտասահմանում։ Այն օրվանից, ինչ նրան ձերբակալել են, Ռուսաստանը ջանք չի խնայել, որ նրան ազատի բանտից և կանխի նրա հանձնումը։ Ըստ լուրերի, նա դրա համար Թաիլանդի կառավարությանն առաջարկել է նավթի մատակարարման զեղչ, ոչ այնքան սքողված ձևով և՛ Թաիլանդին, և՛ Միացյալ Նահանգներին սպառնացել է վրեժխնդիր լինել։ Նկատենք, երկրների մեծ մասը, եթե անգամ փորձում է «պոկել» իր հանցագործներին, այդ բանն անում է կուլիսային դիվանագիտությամբ։ Իսկ Մոսկվայում, ինչպես երևում է, ամենևին չեն խորշում ի պաշտպանություն «մահվան վաճառականի» հրապարակային արշավ կազմակերպելուց։ Եվ բանը, երևի, միայն այն չէ, որ 80-ականներին պորտուգալերենի զինվորական թարգմանիչ մայոր Բուտը ծառայում էր Մոզամբիկում` Խթը-ի կադրային աշխատակից Իգոր Սեչինի ենթակայության ներքո, որը, ինչպես հայտնի է, վարչապետի տեղակալն է և, հավանաբար, կառավարությունում ամենաազդեցիկ մարդը Պուտինից հետո։ Ի դեպ, լրագրողները նշում են, որ երկար տարիներ ծառայակիցների հարաբերությունները եղել են ջերմ, և Սեչինին քանիցս նկատել են «զենքի բարոնի» հետ` տարբեր ընդունելություններում, թեև նա ինքը, հասկանալի է, այդ բանը կտրականապես հերքում է։ Սակայն ռուսական ամբողջ վերանախավն ապշեցրած հիստերիայի պատճառները, հավանաբար, թե՛ խոր են, թե՛ ավելի լուրջ։ Իզուր չէին, թերևս, ռուսական թերթերը հաղորդում, որ զենքի խոշորածավալ անլեգալ շուկան, որի շրջանառությունը մոտ հինգ մլրդ դոլար է, «վերահսկվում է մեր մարդկանց կողմից», իսկ նրանք, դե, հասկանալի բան է, բոլորը, Բուտի նման, չեն կարող աշխատել առանց «բարձր տանիքների»։
Հենվելով բացառապես ռուսական աղբյուրների տվյալների վրա, մենք Բուտի ձերբակալությունից անմիջապես հետո մեր թերթի էջերում մանրամասնորեն անդրադարձել էինք արկածաֆիլմ հիշեցնող նրա քրեական կենսագրությանը և վերևներում ունեցած կապերին։ Հենց այդ առիթով էլ մեջբերել էինք օտարերկրյա մամուլի կարծիքը, որ «զենքի բարոնն» ամերիկյան բանտում կնախընտրի «մնալ ռուս հերոս» և չի գործակցի քննչական մարմինների հետ։ Այդպես էլ, իհարկե, եղավ։ Այժմ Բուտի ընտանիքը հույս ունի, որ նրա ճակատագիրը, վերջին հաշվով, կորոշվի Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների ընթացքում։
Սակայն այս հարցը կքննարկվի (եթե առհասարակ քննարկվելու է) միայն այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը վճիռ կայացնի։ Իսկ որ այն առավելագույնս խիստ է լինելու, արդեն կասկած չկա։ Սակայն հիշեցնենք նաև, որ ձերբակալությունից անմիջապես հետո նրա կինը` Ալլա Բուտը, հայտարարեց, որ իր ամուսինը (այն բանից հետո, երբ Ռուսաստանը նրան, փաստորեն, «քցեց») լիակատար բարոյական իրավունք ունի վրեժխնդիր լինելու` ամերիկացիներին հայտնելով կարևոր գաղտնիքներ։ ՈՒ թեև այդ սպառնալիքները հետո մի քիչ մոռացվեցին, մինչև դատավճռի հրապարակումը դեռ շատ ջրեր կարող են հոսել, և շատ բան կարող է փոխվել։ Իսկ առայժմ, կարծես, միայն մեկ բան է պարզ` թեև երդվյալ ատենակալների հանձնաժողովի որոշումը միանգամայն սպասելի էր, Բուտի գործը դեռ երկար լուրջ պառակտում կառաջացնի ռուս-ամերիկյան հարաբերություններում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 954

Մեկնաբանություններ