ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՆՐԱՆՔ ՍՊԱՆՎԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՆՐԱՆՔ ՍՊԱՆՎԵՑԻՆ ՄԻԱՅՆ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
17.02.2012 | 00:00

1988-ի փետրվարը արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ նշանավորվեց սումգայիթյան եղեռնագործությամբ: Քսանչորս տարի առաջ, փետրվարի 28-ին, Բաքվից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հայաշատ Սումգայիթ քաղաքում, Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ ու խորհրդային կենտրոնի թողտվությամբ, ադրբեջանական խաժամուժն իրականացրեց սարսափելի ոճրագործություն հայ բնակչության նկատմամբ:
Որպեսզի չխաթարվեր «ազգերի բարեկամության» մասին տասնամյակներ շարունակ խորհրդային ժողովուրդների ուղեղը բթացրած սին գաղափարախոսությունը, մոսկովյան կենտրոնը խուսափեց հրապարակելուց ադրբեջանական վայրենի խրախճանքին զոհ գնացած հայերի իրական թվաքանակը: Պաշտոնապես շրջանառության մեջ դրվեց մի խղճուկ թիվ` սպանվել է 27 հայ: Մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներն այլ պատկեր արձանագրեցին. սպանվել էին հարյուրավոր, թալանվել ու խոշտանգվել հազարավոր հայեր: Սումգայիթյան ոճրագործությամբ Ադրբեջանը բացեց 20-րդ դարավերջի ցեղասպանությունների մի նոր շղթա, տարածաշրջանի բնիկ հայ բնակչության նկատմամբ անպատիժ չարիքը շարունակվեց` ընդլայնելով իր մասշտաբները: Սումգայիթում հայերի կոտորածների անմիջական և տրամաբանական շարունակությունը եղան 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը: Սցենարը դարձյալ նույնն էր` խորհրդային կենտրոնի թողտվություն, Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության հովանավորություն: Եթե Սումգայիթում խորհրդային «ինտերնացիոնալ» զորքերն «ուշացան» 3 օր, ապա Բաքվում` մի ամբողջ շաբաթ. քաղաք մտան միայն այն ժամանակ, երբ այնտեղ գրեթե հայ չկար:

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ ԴԱՐՁԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ
Ադրբեջանը սկզբից ևեթ ամեն ինչ արեց` քողարկելու սումգայիթյան ողբերգության իրական նպատակն ու զարհուրելի չափերը: Ադրբեջանի ԽՍՀ դատախազ Ի. Իսմայիլովը, որը Սումգայիթի ջարդերի օրերին զբաղեցնում էր հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը, սումգայիթյան եղեռնագործության առիթով հարուցած գործերից մեկի մեղադրական եզրակացությունում գրում է. «Սումգայիթ քաղաքում տեղի ունեցածը զանգվածային անկարգություններ են, խուլիգանություն»: Այսինքն, Ադրբեջանի իրավապահների կողմից բացահայտորեն քողարկվում էր սպանությունների կազմակերպված լինելը, հետևապես, անտեսվում էին այն բազմաթիվ փաստերը, որոնք հաստատում էին ջարդերի նախապես ծրագրված բնույթը: «Մոռացվեց» ու այդպես էլ Ադրբեջանի իրավապահների եզրակացություններում տեղ չգտավ այն կարևորագույն փաստը, որ ադրբեջանցի ոստիկանական ուժերն ու հատուկ ջոկատայինները, լինելով զարհուրելի ջարդերի ականատեսը, ոչ միայն չկանխեցին, այլև հակառակը, հետ քաշվելով կենտկոմի շենք, հայ բնակչությանը անպաշտպան թողեցին գազազած, զինված ոհմակի դիմաց:
Դեպքից անմիջապես հետո, Բաքվի իշխանությունները տարածում են պաշտոնական հայտարարություն, համաձայն որի, դեպքերի գլխավոր հեղինակներ են հայտարարվում ինչ-որ խուլիգաններ, նախկին ոճրագործներ, ովքեր, իբր, բանտից ազատ են արձակվել և Սումգայիթ ուղարկվել` հանքերում աշխատելու նպատակով: Բայց իրականում նրանք բանտերից ազատվել էին հենց Ադրբեջանի իշխանությունների հրահանգով` հայերին սպանելու հատուկ առաջադրանքն ստացած:
Բաքվի իշխանությունները դեպքերի պատասխանատվությունն իրենց ուսերից գցելու նպատակով կազմում են Սումգայիթի դեպքերը քննող և մեղավորներին պատժող հատուկ հանձնախումբ: Այն ղեկավարում էր վարչապետ Հասան Սեյիդովը: Քննության ընթացքն իսկական ներկայացում էր` աչքկապոցի: Ինչ-որ բան արածի տպավորություն թողնելու նպատակով, Ադրբեջանի իշխանություններն աշխատանքից ազատեցին 12 ոստիկանի, բայց սրանցից և ոչ մեկն իրականում չենթարկվեց համարժեք պատասխանատվության: Մոսկովյան Կենտրոնն էլ կրքերը հանդարտեցնելու նպատակով Սումգայիթ ուղարկեց քննիչների մի խումբ, ովքեր քննեցին 700 մարդու, որոնցից 430-ը, ընդամենը, մեկշաբաթյա բանտարկության դատապարտվեցին: Կրեմլի որոշմամբ` պաշտոնանկ արվեցին ևս մի քանի բարձրաստիճան չինովնիկներ: Այսքանով սարսափելի ոճիրն իրականացրածների գործը համարվեց փակված: Իսկ անկախության հռչակումից անմիջապես հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն ազատ արձակեցին դատապարտված հիմնական մարդասպաններին, այլև նրանց հրապարակայնորեն ազգային հերոսներ հռչակեցին: Ադրբեջանի գլխավոր դատախազ Իլյաս Իսմայիլովը հպարտորեն հայտարարեց. «Սումգայիթի ջարդերի իրագործողներն այժմ պատգամավորական մանդատներ ունեն և խորհրդարանում տեղեր են զբաղեցնում»:
Սումգայիթի, Բաքվի, Գանձակի, Մարաղայի, Արցախի բազմաթիվ շեների եղեռնագործությունների հեղինակ թուրքը, միջազգային հանրության ներողամիտ հայացքի ներքո, ոչ միայն մարսեց իրականացրած ոճիրը, այլև մինչ օրս շարունակում է քարոզչության դաշտում արդարացնել իրականացրածը` կեղծելով իրականությունը: Միջազգային ատյաններում չեն դադարում Ադրբեջանի ցեղասպան իշխանության սրբապիղծ հայտարարությունները, որոնցում իրեն բնորոշ ցինիզմով ցեղակիցները ներկայացվում են «ագրեսիայի զոհեր», իսկ հայերը` «արյունարբու նվաճողներ»:
Ադրբեջանի քարոզչական հնարքներից մեկն էլ Սումգայիթում և ամբողջ Ադրբեջանում հայության դեմ իրականացված ցեղասպանությունների հակակշռի ստեղծումն է: Ալիևյան վարչախումբը փորձում է այդ նպատակին ծառայեցնել, այսպես կոչված, «Խոջալուի դեպքերը», որն իրականում իրենց իսկ կողմից սեփական ժողովրդի նկատմամբ կազմակերպված ջարդ էր: Ժամանակին թե՛ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը, թե՛ ադրբեջանական տարբեր աղբյուրներ հայտարարում էին` այն, ինչ տեղի ունեցավ Խոջալուում, Ադրբեջանի «Ժողովրդական ճակատի» սադրանքն էր ընդդեմ նախագահ Այազ Մութալիբովի: Քաղաքական նպատակներով սեփական ժողովրդի դեմ իրականացրած կոտորածի փաստը, այսօր, սակայն Ադրբեջանի ղեկավարությունը ծառայեցնում է բոլորովին այլ նպատակների, իսկ իրենց կեղծ քարոզչությունն առավել ազդեցիկ դարձնելու համար` դիմում տարբեր հնարքների: Հայ փորձագետները, օրինակ, ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ադրբեջանցիների կողմից աշխարհով մեկ տարածվող զոհված երեխաների լուսանկարները կամ տեսանյութերը, որոնք ներկայացվում են իբրև Խոջալուում տեղի ունեցած դեպքեր, ոչ մի առնչություն չունեն Խոջալուի հետ: Դրանցում իրականում պատկերված են Թուրքիայում կազմակերպված ջարդերի պատճառով սպանված քրդեր, Սերեբրենիցայի (Բոսնիա և Հերցեգովինա) ջարդերի զոհեր, տարբեր երկրներում տեղի ունեցած երկրաշարժերից մահացած երեխաներ:
Ադրբեջանի քարոզչամեքենայի` փաստերը կուրորեն կեղծելու ավանդույթը շատ հաճախ ծիծաղելի վիճակում է դնում հենց իրենց: Հայտնի կեղծիքներից մեկի համաձայն էլ, իբր հայկական սփյուռքն է Գորբաչովին բերել իշխանության` ադրբեջանցիների կողմից հայկական ջարդեր կազմակերպելու, ադրբեջանցիներին թուլացնելու և Ղարաբաղը հետ խլելու նպատակով: Աբսուրդի հասնող նման զավեշտալից պատմություններ կարելի է կարդալ Ադրբեջանի նախագահ Ալիևի, նախարարների և ԱԱԾ պաշտոնական կայքերում:

ԿԱՏԱՐՎԱԾԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Սումգայիթյան ոճրագործությունը, ապա Բաքվի ջարդերը, հետագայում Գանձակում, Մարաղայում, ԼՂ-ի և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրերում հայերի բնաջնջման փաստերը վկայում են, որ դրանք պատահական դրսևորումներ չէին կամ որոշակի իրադարձությունների հետևանք, այլ պետականորեն մշակված, կազմակերպված, մեծամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականություն: Հարկ է հստակ ընդգծել այն փաստը, որ զանգվածային սպանությունները, թալանն ուղղված էին միայն հայերի դեմ և մի քանի խուլիգանական խմբերի ձեռքի գործը չէին, ինչպես առայսօր փորձում է ներկայացնել Ադրբեջանը: Այն հայ էթնոսի դեմ ուղղված գործողություն էր: Ընդգծում ենք` անմեղ մարդիկ սպանվեցին միայն այն բանի համար, որ ազգությամբ հայ էին:
Տեղի ունեցածը շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ադրբեջանական կանխամտածված ու ծրագրված հանցագործությունների, իսկ նպատակը` պատմական հայրենիքից բնիկ ժողովրդի՝ հայերի բնաջնջումն ու արտաքսումը։ Ռուս քաղաքագետ Վ. Զախարովը հետագայում անդրադառնալով ադրբեջանցիների կազմակերպած ջարդերին` գրեց. «Ադրբեջանական քաղաքներում իրականացված ջարդերի արմատները 20-րդ դարասկզբի Օսմանյան Թուրքիայում են, երբ իշխանության էին եկել պանթյուրքիզմով առաջնորդվող ուժերը: Հենց նրանք էլ մշակեցին հայ ժողովրդին բնաջնջելու հրեշավոր ծրագիրը, որը լայն տարածում գտավ նաև կովկասյան թաթարների շրջանում, որոնց, 1918 թվականին, թուրքերն ադրբեջանցիներ անվանեցին»:
Այսպիսով, 1988-92 թթ., ադրբեջանական ղեկավարության թողտվությամբ ադրբեջանցի խուժանի ձեռքով հայության դեմ իրականացված ջարդերն իրենց բնույթով, առկա հատկանիշներով լիովին համապատասխանում են 1948 թվականին ՄԱԿ-ի ընդունած Ցեղասպանության կոնվենցիայի դրույթներին: Տեղի ունեցածը ցեղասպանություն է:
Հետևաբար, Ադրբեջանը պե՛տք է պատասխանատվության ենթարկվի` իրավական, քաղաքական, ֆինանսական, բարոյական առումով: Բազմիցս է ասվել, որ եթե ժամանակին միջազգային հանրության կողմից Սումգայիթի ոճրագործությանը տրվեր համարժեք գնահատական, ապա տեղի չէին ունենա Բաքվի ու ադրբեջանական այլ բնակավայրերի հայ բնակչության կոտորածները, իսկ 21-րդ դարում ադրբեջանցի ճիվաղը Բուդապեշտում չէր կացնահարի խաղաղ քնած հայ սպային: Այդ նույն անպատժելիությունն էր պատճառը, որ քստմնելի հանցագործը Ադրբեջանում հայտարարվեց ազգային հերոս, իսկ այդ երկրում չգտնվեց սթափ մտածող գեթ մեկը, որ հրապարակավ դատապարտեր զարհուրելի մարդասպանությունը:
2010 թվականին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամներից մեկը հայտարարություն էր տարածել, ուր նշված էր. «Սումգայիթի ջարդերի կազմակերպիչներն առայսօր անպատիժ են մնացել, ավելին՝ նրանք Ադրբեջանի խորհրդարանի անդամներ են»: Բայց որպեսզի կատարված ոճիրը միջազգայնորեն ճանաչվի ու որակվի որպես ցեղասպանություն, որպեսզի հանցագործն ստանա իր արժանի պատիժը, կարևոր գործ ունի անելու Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ արտաքին գործերի նախարարության անգործությունն ու անհետևողականությունը չե՞ն պատճառը, որ ուշանում է միջազգային հանրության համարժեք գնահատականը: ՈՒ պետք չէ սեփական անգործությունը, որը նման դեպքում հավասարազոր է դավաճանության, արդարացնել միայն նավթային գործոնով:
Ադրբեջանի իրականացրած հրեշավոր ոճիրը պե՛տք է ստանա իր համապատասխան գնահատականը: Այլապես «բաքուները», «սումգայիթները», «կիրովաբադները» կշարունակեն մնալ պաշտոնական Բաքվի քաղաքական օրակարգում:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ