«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԼԵՌՆԵՐԸ ԵՐԿՆՈՒՄ ՈՒ ՄՈՒԿ ԵՆ ԾՆՈՒՄ

ԼԵՌՆԵՐԸ ԵՐԿՆՈՒՄ ՈՒ ՄՈՒԿ ԵՆ ԾՆՈՒՄ
04.02.2011 | 00:00

Գերմանիայից հետո, փետրվարի 12-ին, Սերժ Սարգսյանը Մոսկվայում կհանդիպի Ալիևին՝ Մեդվեդևի «ուղեկցությամբ»: Նույն օրը՝ փետրվարի 12-ին, տեղի կունենա ԲՀԿ համագումարը:
ԱՍԱ` ՈՒՄ ՀԵՏ ԵՍ ՔՆՈՒՄ, ԱՍԵՄ` ՈՎ ԵՍ ԴՈՒ
Ինչ-որ մի նուրբ ձեռք կանխորոշե՞լ է այս երկու իրադարձությունները՝ մանավանդ ՀՀԿ-ԲՀԿ վերջին զարգացումների ֆոնին: Թե՞ համընկնումը լոկ պատահական է: Դժվար է ասել: Չնայած պատահականությունը նույն օրինաչափության հաստատումն է, և հետո՝ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում:
Բոլոր դեպքերում, թե՛ արտաքին քաղաքական, թե՛ ներքաղաքական առումներով տարին «նախաձեռնողական» է ստացվում: Ներքաղաքական «թատրոնի» այս մի փուլը, ինչպես տեսաք, ավարտվեց: Ավարտվեց այնպես, ինչպես ցանկանում էին Բաղրամյան 26-ում:
Արտաքին քաղաքականը շարունակվում է, և ներքաղաքական բոլոր զարգացումներն ուղիղ կախվածության մեջ են այս «գետնին» վրա տեղի ունեցողից: Ինքնին հասկանալի էր, որ ԲՀԿ վերջին վարքագիծը ոչ այնքան ներքին, որքան ռուսական «օգտագործման» էր, որոշ փորձագետների գնահատմամբ՝ մեր շատ ռազմավարական գործընկերոջ կողմից խիստ նպատակային ուղղորդված՝ Մոսկվայում տեղի ունենալիք «ղարաբաղյան» հանդիպման ֆոնին:
Այո, մեր պարագայում և ինչպես միշտ, արտաքին խաղաքարտը մեկն է՝ Ղարաբաղ: Դրանից արտածված՝ Հայաստանի կողմնորոշման դիլեմա:
Այդ «պակետում» իր մշտական և ուրույն տեղն ունի Ռուսաստանի կենսաբանական վախը Հայաստանի հանդեպ: Ռուսաստանը երբեք չի դադարում իր իսկ հորինած հողմաղացների դեմ պայքարելուց, որովհետև, հասկանում եք, Հայաստանում, ըստ նրա, առկա է «թաքնված ամերիկանիզմ», և ընդհանրապես, Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է նմանվում կլիմաքսի մեջ հայտնված պառավի, որն իր օրն անցկացնում է այլոց (ասենք՝ Ադրբեջանի) հետ. քնում, խմում, հարբում, զենք է տալիս նրան, սակայն «տուն վերադառնալուն» պես աղմուկ-աղաղակ է բարձրացնում, պահանջում է «տանը նստած», համարյա տեղ չգնացած իր «ռազմավարական կողակցից» հավատարմության անսանձ երդումներ տալ, ասել, որ իր ոտն «օրհնված է», ինքը միակն ու անփոխարինելին է, ինչն էլ, անկեղծ ասած, արդեն պաթոլոգիայի է վերածվում և նույնիսկ հայաստանյան համոզված ռուսոֆիլների մոտ առաջացնում է «ծերուկն անտանելի է դառնում» արձանագրումը:
ՈՒՄ ԳԱՎԱԶԱՆՆ ՈՒՄ ՕՁԵՐԻՆ ԿՈՒՏԻ
Սակայն ռուսական «դիվոտության» միակ պատճառը հայաստանյան, և այն էլ «փակված» (ասես՝ իրենց Մեդվեդևին էլ ենք մենք սովորեցրել մոդեռնիզացիոն և մնացած «զացիոն» գործընթացները) չէ: Անհանգիստ լինելու պատճառներից հաջորդն էլ, որքան էլ զարմանալի, Եգիպտոսն է: ՈՒ ինչքան էլ Եգիպտոսը, նրա բուրգերը, էդ կողմերում թափառող փարավոնների ոգին և «մետեժնի դուխը» Հայաստանից ու տարածաշրջանից հեռու են, Եգիպտոսն աշխարհի քաղաքակրթական, քրիստոնեական «նախահայրենիքն» է, ու բոլորս այնտեղից ենք գալիս, անգամ Ձկան էրան նախանշած Քրիստոսն իր պատանեկությունն անցկացրեց Մովսեսի ոտնատեղերում՝ տևական ժամանակ գտնվելով Եգիպտոսում՝ իր էներգետիկան հաղորդեց Եգիպտոսին, այնտեղից ստացավ նախնիների ոգին:
Մի խոսքով, տղերք, Եգիպտոսը նուրբ գործ է, և ուզում-չենք ուզում, պետք է բաց թողնի, թույլտվություն տա բոլորին նոր՝ Ջրհոսի էրա սկսելու համար: Ռուսաստանին էլ: ԱՄՆ-ին էլ:
Եվ այդ երկիրը շարժելուց առաջ մեծ զգուշություն էր պետք: Ձկան դարաշրջանից դեպ Ջրհոսի դարաշրջան տանելու համար: ՈՒ դժվար թե միստիկ և սիմվոլիկ «օբրյադներով» առաջնորդվող, աշխարհի զարգացման կոդերին տիրապետող անգլոսաքսոնական վեկտոր-ԱՄՆ-ը, այդ ամենին ուշի ուշով հետևող Ռուսաստանը սա չգիտակցեին:
Բայց, միևնույն է, բլիցկրիգն արաբական աշխարհում չստացվեց: Այն պարզ պատճառով, որ սա Եգիպտոսն է, այստեղ «նրանք տանը չեն», և բացի դրանից, որ արաբները շատ կազմակերպված են և իրենց «տան համար են կռվում», այլ որ այնտեղից դուրս գալ նույնիսկ Աստծո ընտրյալ Մովսեսին շատ դժվարությամբ հաջողվեց:
Այսօր էլ փարավոնների «դուխը» շրջում է անապատների վրա, և պետք է ունենալ մեծ իմաստնություն և աստվածային առաջնորդություն՝ որևէ բան փոխելու համար:
Մի խոսքով, աշխարհը շունչը պահած հետևում է՝ ինչ է լինելու:
Լուծումը բանալի է դառնալու նաև մեր տարածաշրջանի համար: Եվ այդ պարագայում Թուրքիայի՝ արաբական աշխարհն Էրդողանով վերցնելու «ափալթափալությունն» առ ոչինչ է ռուսական առկա անհանգստությունների ու պատրաստությունների կողքին, որովհետև Եգիպտոսում ամերիկյան սցենարի հաջողության դեպքում դոմինոյի էֆեկտով «ամերիկանիզմը», որը, ըստ էության, «վերցրել» է արդեն Միջին Ասիան, արդեն իսկ արաբական աշխարհից կտեղափոխվի ի ծագս աշխարհի, այդ թվում և վերափոխելով «իրերի ընթացքը» Հարավային Կովկասում: Եվ շատ արագ:
Ինչն էլ կարծես թե սկսվել է: ԱՄՆ-ն իր կոոդինատոր-էմիսարին՝ Սաակաշվիլուն, ուղարկել էր Հայաստան. ասում են՝ հատուկ հանձնարարությամբ (առայսօր բոլորի համար զգլխիչ է, թե ինչ են խոսել, ի վերջո, «անվտանգության հարցերով» այս պահին Գերմանիա մեկնող Սերժ Սարգսյանն ու Սաակաշվիլին. չմոռանանք՝ արտահոսք եղավ, որ ԱՄՆ-ը «որոշել» է, որ էս մեծ խաղում Հայաստանն ու Վրաստանը պետք է լինեն Մեծ Մերձավոր Արևելքի քրիստոնեական ֆորպոստը տարածաշրջանում՝ իր «հետևանքներով» հանդերձ):
Մեկ բան այս փուլում աներկբա է. տարածաշրջանային երկրների վրա կրկին առկա է ռուսական և ամերիկյան հզոր ճնշումը: Արդյունքում ստացված նեղ միջանցքով փորձում են անցկացնել Ադրբեջանն ու Հայաստանը (Իրանի ճակատագիրն արաբականին զուգահեռ կդասավորվի):
Ընդ որում, անգամ դժվար է ասել՝ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի վրա է առավել մեծ «պրեսինգը» (Արևմուտքից Հայաստանի մասով. ԵԽԽՎ բանաձևը, «Ֆրիդոմ հաուզի»՝ Ղարաբաղն անազատ երկրների մեջ ներառելու անհեթեթ փաստը, տարբեր զեկույցներում Հայաստանի «մասով» արձանագրումները, Վրաստանով անցնող գազամուղի «վաճառքի» շուրջ սակարկությունները, ներքաղաքական «կաստինգները», Ադրբեջանի մասով՝ ընդդիմադիր «Մուսավաթի» աշխուժացումը, ԱՄՆ-ի կողմից՝ ահաբեկչության իրականացման զգուշացումը… այնքա՜ն կարելի է թվել. ընդ որում, այդ «պրեսինգն» այնքան խաչաձև է, որ շատ դեպքերում չես էլ հասցնում արձանագրել):
Այո, ինչպես միշտ, ղարաբաղյան հիմնախնդիրը դարձել է բանալի, որով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը փորձում են փակել-բացել տարածաշրջանը:
ՈՒստի հարց. ի՞նչ խնդիր է լուծելու փետրվարի 12-ին Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպումը: Նույն խնդիրը, ինչ ցայս. Ռուսաստանն այս բարդ փուլում փորձելու է ցույց տալ, որ «ինքը պապա՜ է, պապա»՝ էս կողմերում, ու ԱՄՆ-ը պիտի ընդունի՝ ձեռներդ հեռու տարածաշրջանից պոզա:
Ռուսաստանն այս պարագայում ունի մաքսիմում և մինիմում խնդիրներ: Մինիմումն արդեն ասացինք: Մաքսիմումը Ադրբեջանին ամբողջովին իրենով անելն է, որպեսզի վերջինս իսպառ պոկվի ամերիկյան գրկից, առ ոչինչ դարձվի վերջերս «Նաբուկոյի» վերաբերյալ ստորագրված պայմանագիրը:
Հայաստանի հաշվին: Իհարկե, այս պահին շատ դժվար է մատնանշել այն մեխանիզմը, որով կառաջնորդվի Ռուսաստանն այս անգամ՝ նպատակին հասնելու համար, այնուհանդերձ, որ Ռուսաստանը խիստ «հիմնահատակ» փորձում է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, ինչն էլ կանխելու համար Էդիկ Նալբանդյանն ու Սերժ Սարգսյանը «նոն ստոպ» տարբերակով հարցազրույցներ են «հղում» դեպ Ռուսաստան, խիստ աներկբա է:
Ավելին, Ռուսաստանը փորձում է իրականն ու անիրականն այնպես խառնել իրար, որ շատ դժվար է գլխի ընկնել, թե ի վերջո, ինչ է ուզում այս մայր-Ռուսը մեզնից:
Ի դեպ, շատ հետաքրքիր բարտեր է տեղի ունեցել նաև գերտերությունների ռիտորիկայի ոլորտում: ՈՒ թե մինչև հունվար Արևմուտքն էր Հայաստանին «հասկացնում», որ Ռուսաստանը մտադիր է բլիցկրիգ իրականացնել ղարաբաղյան ֆրոնտում, ապա վերջին շրջանում Ռուսաստանն է արևմտյան բլիցկրիգից խոսում (Զախարով, Զատուլին):
Թե մինչ այս Ռուսաստանն ու հարգարժան Ռեշետնիկովն էին մեր ականջին փսփսում, որ Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը՝ մեկ էլ տեսար, ասենք, եթե պատերազմ լինի, օրերս նույն ռուս էմիսարիատը ասում էր, եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա Արևմուտքը վռազ կճանաչի Ղարաբաղի անկախությունը, Ստեփանակերտի օդանավակայանն էլ կօգտագործի որպես Իրանի դեմ հարձակման «պլատֆորմ»:
Ի՞նչ է այս ամենը նշանակում:
ՈՒղիղ հաշվով՝ առ ոչինչ: Կամ հավաստումն է, որ նույն մոսկովյան հանդիպումից ոչինչ էլ սպասել պետք չէ, որովհետև ոչ միայն հակամարտող կողմերի միջև համաձայնության մասին խոսք լինել չի կարող, այլև համաձայնության որևէ եզր չկա նաև գերտերությունների միջև:
Իսկ պատերազմի մասին խոսելը Եգիպտոսի պես մի բան է՝ Ավետյաց մեր երկրի դեպքում (մի մոռացեք՝ Դրախտը եղել է այստեղ, իսկ Նոյի նավը՝ հանգրվանել Արարատի վրա):
Բոլոր դեպքերում, փոփոխվող այս աշխարհի ֆոնին, ուղղակի սրբազան ջիհադի պես մի բան կլինի, երբ ուրիշին պայթեցնելու համար ինքդ ևս պետք է պայթես:
ՈՒստի փետրվարի 12-ի մոսկովյան հանդիպումից շատ բան սպասել պետք չէ. ոչինչ տեղի չի ունենա ճիշտ այնպես, ինչպես ոչինչ տեղի չի ունենա ԲՀԿ համագումարում:
Որովհետև ցանկանում են` լավ, ստացվում է՝ ինչպես միշտ. լեռները երկնում ու մուկ են ծնում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ