ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈ՞ՒՄ ՊԵՏՔ Է 50 ԱՆԳԱՄ ՈՒԺԵՂԱՆԱՆՔ

ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈ՞ՒՄ ՊԵՏՔ Է 50 ԱՆԳԱՄ ՈՒԺԵՂԱՆԱՆՔ
15.11.2011 | 00:00

Հավանաբար ոչ մի գիրք այնքան մեծ դաս չի տալիս ընթերցողին, որքան անվանի մարդկանց ինքնակենսագրական վեպերը, նոթերը, կյանքի հուշերը: Այդ գործերի մեջ հեղինակը երևում է իր ողջ էությամբ` մտածելակերպով, աշխարհաքաղաքական հայացքներով, այս կամ այն պատմական երևույթի նկատմամբ իր դատողություններով, խոշոր մտածողների, պատմական դեպքերի հետ ունեցած հանդիպումներով և այդ հանդիպումներից ստացած տպավորություններով: Իմ կարծիքով, այս կարգի ստեղծագործությունները կարելի է գնահատել որպես պատմական ժամանակաշրջանի վկայություններ: Օրինակ, երբ կարդում ես Իսահակյանի հուշերը, իմանում ես նրա ոչ միայն Չարենցին` որպես բանաստեղծի, տված գնահատականը, այլև եվրոպական չափանիշներով հանճարի բնութագրումը:
Եվրոպան ընդամենը 25-30 բանաստեղծի, գրողի է ընդունում որպես հանճարի, անգամ Հյուգոյի նման տաղանդին չի ընդգրկում նրանց շարքում և նման գնահատականից հետո կարծես հեգնում է Չարենցի ինքնագնահատականը` բայց հոկտեմբերը քեզ կոչեց հանճարեղ բանաստեղծ:
Խորհրդային անվանի զորավարների հուշերը կարդալիս քո առջև հառնում է Ստալին անհատի, զորավարի, քաղաքական, ռազմական գործչի` երկրի լրջագույն պահերին դրսևորած ողջ զսպվածությունն ու հավասարակշռությունը: Ի դեպ, այդ գրքերի մեծ մասը գրվել է Ստալինի մահից տասնյակ տարիներ հետո:
Վահրամ Փափազյանի «Կյանքիս հուշերից» փոքրիկ գրքույկում ջերմ սիրով է խոսվում դերասան, թատերական աշխարհում ոչ այնքան հայտնի արևմտահայ դերասանի, ըմբոստ ու հանդուգն հայի մասին, որից Ստամբուլում թուրք ոստիկանն էր անգամ վախենում: Եվ նրա անունն էր Ենոք Շահեն:
Կարելի է անվերջ շարունակել վառ, տաղանդավոր անհատների կյանքի էջերը:
Բայց ասելիքիս հետ կապված միտքն առաջացավ ճիշտ և ճիշտ այն պահին, երբ ինչ-որ առիթով ևս մեկ անգամ աչքի անցկացրի Հր. Աճառյանի «Կյանքիս հուշերից» գիրքը: Հատկապես այս հատվածը, իմ կարծիքով, արդիական է նաև այսօր և ընդմիշտ: Փարիզում ուսանող էր Աճառյանը, երբ «1895 թվականին բռնկվեց Զեյթունի ապստամբությունը: Այդ միջոցին հնչակյան կուսակցությունը պրոպագանդա էր վարում և փող հավաքում Զեյթունի օգտին,- գրում է Աճառյանը:- Ընդհանուր ժողով գումարեցին Փարիզում, բոլոր հայերս ներկա էինք: Նախագահը ազդու ճառ խոսեց (կարծես մեր օրերում ազդու ճառ ասողները քիչ են- Ս. Հ.) և առաջարկեց տեղնուտեղը հանգանակություն սկսել:
Ես, բոլորովին աղքատ դրության մեջ, պատառ հացի կարոտ, 20 ֆրանկս նվիրեցի, խնդրելով, որ իմ անունը չտան: Զեյթունի ապստամբությունը հաջող կերպով վերջացավ: Ի թիվս մի շարք զիջումների, թուրք կառավարությունը արտոնեց ապստամբապետերից 6-ին մեկնել Եվրոպա»:
Ապստամբապետերից մեկը` Աղասին, որը կենտրոնականի Աճառյանի ընկերներից էր, Փարիզում պատմում է Աճառյանին, որ ամբողջ ապստամբության ընթացքում դրսից ոչ մի կոպեկ օգնություն չի ստացվել: Պարզվում է, որ «հանգանակված ամբողջ գումարը մտել է «Հնչակի» խմբագրի անձնական հաշիվների մեջ: Նրա կինը (Մարո) այնքան ազգասեր էր, որ իր մի ծակ գուլպան անգամ չէր նվիրել ազգին: Իմ նվիրած դժբախտ 20 ֆրանկն էլ Մարոյի գրպանն էր մտել»,- գրում է Աճառյանը:
Կարդում էի այս տողերը, երբ բջջայինիս վրա հաղորդագրություն եկավ. «ՈՒղարկեք Ձեր անուն-ազգանունը 7733 կարճ համարին և նվիրաբերեք 500 դրամ մեր գյուղերի ջրի խնդրի լուծման գործին. ջուր տուր - կյանք պարգևիր»:
500 չէ, հինգ հազար էլ կտայի, եթե ծանոթ չլինեի այսօրվա մեր հանրապետությունում ջրօգտագործողների նկատմամբ ջրի պաշտոնյաների անհոգի վերաբերմունքին: Նրանք լափեն, սեփական միջոցներից ներդրումներ չանեն, կողքից էլ «Հնչակի» լիդերի պես հայրենասիրական ճառերով գումարներ դիզեն և… մեկնաբանել պետք չէ: 500-ը կփոխանցեմ, բայց ո՞րն է այն կազմակերպությունը, որ պետք է հսկի: Ինչո՞ւ «Լինսի» հիմնադրամը դադարեցրեց իր աշխատանքները Հայաստանում: Բազալտե մայթեզրերի քարերի մեկ գծամետրն ի՞նչ արժեր: 30 դոլար, հավանաբար կլինի պատասխանը: Իսկ ես կհարցնեմ` իրականում որքա՞ն էիք վճարում արտադրողին: Երևի 18 դոլար: Իսկ որտեղ էր հանգրվանում 12 դոլարը: Երևի այդ մութ 12 դոլարների պատճառով Քըրքորյանը դադարեցրեց «Լինսի» ֆինանսավորումը: Դե եկ ու մի հարցրու պարոն պրոֆեսորին` Մամիկոն Ասատրյանին` այս պայմաններո՞ւմ պետք է 50 անգամ ուժեղանանք:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ