ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵԹԵ ԴՈՒՔ ԱՊՐՈՒՄ ԵՔ «ՔՈՒՉԵՔԻ», ՄԵՆՔ ԷԼ ԿԱՊՐԵՆՔ ԼԵՌՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ»

«ԵԹԵ ԴՈՒՔ ԱՊՐՈՒՄ ԵՔ «ՔՈՒՉԵՔԻ», ՄԵՆՔ ԷԼ ԿԱՊՐԵՆՔ ԼԵՌՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐՈՎ»
19.07.2011 | 00:00

19-րդ դարի բրիտանացի հայտնի պետական գործիչ Վիլյամ Գլադստոնը, խոսելով Բրիտանական կայսրության վերելքի մասին, ասել է. «Իմ արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքը լավ կառավարումն է երկրի ներսում»։ Հետևելով այն բանին, թե ինչ է այսօր տեղի ունենում Թուրքիայում, լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ համաշխարհային խնդիրների համապարփակ կարգավորողի դերին Անկարայի բոլոր հավակնությունները շուտով օճառի պղպջակի պես կպայթեն, իսկ երկրի հզորության ու իր իմաստուն կառավարման մասին Էրդողանի հայտարարությունները սոսկ բորբոքված ինքնահավանության արգասիք են։ Համենայն դեպս, բավական է հպանցիկ հայացք ձգել խնդիրների միայն մեկ ուղղության` քրդական հարցի վերաբերյալ նորությունների թողարկումներին, համոզվելու, որ խորհրդարանական ընտրություններից հետո իսլամականների համար «ուրախ օրերի» մասին կանխատեսումներն իրականանում են։ Հնարավոր է` անգամ ենթադրվող ժամկետներից ավելի շուտ։ Ի դեպ, ինչն ամենահետաքրքրականն է, հիմնավոր տպավորություն է առաջանում, թե իշխանությունները, հաղթանակի ինչ-որ թմբիրի մեջ ընկած, հենց իրենք էլ խթանում են սրվող գործընթացները։ Նշենք, որ խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո Աբդուլա Օջալանը, որ բանտում է, սպառնաց բռնության նոր ալիք սանձազերծել, եթե Թուրքիայի իշխանությունները բանակցություններ չսկսեն իր կուսակցության հետ։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ լինի, նա ոչ միայն պարզապես հայտարարել է զինադադարի ժամկետի երկարացման մասին, այլև քրդերին կոչ է արել աշխատել խորհրդարանում։ Մինչ այդ քուրդ պատգամավորները հրաժարվում էին երդմնակալությունից։ Դրանով նրանք բողոք էին հայտնում այն բանի դեմ, որ դատարանները չեն ուզում ազատություն շնորհել խորհրդարանական մանդատ ստացած իրենց վեց կուսակիցներին, որոնք մեղադրվում են անջատական գործունեության մեջ, ինչպես նաև բարձրագույն ընտրական հանձնաժողովի կողմից պատգամավոր Հաթիփ Դիջլեին պատգամավորական լիազորություններից զրկելու դեմ։ ՈՒ թեև բանակցություններից հետո քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները, այդուամենայնիվ, մասնակցեցին նիստին, քուրդ անկախ պատգամավորները շարունակեցին բոյկոտը և ժողով անցկացրին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքում, որն առավելապես քրդերով է բնակեցված։ Հիշեցնենք` Թուրքիայի օրենսդիր մարմնի ընդհանուր ընտրություններում քրդամետ շարժումը պատմության մեջ ամենալուրջ հաղթանակն է տարել` խորհրդարանում կուսակցության զբաղեցրած տեղերի քանակը 20-ից հասցնելով 36-ի։ Ինչպես նշում են դիտորդները, տարօրինակ է, բայց փաստ, որ կուսակցությունն այդ հաղթանակին հասել է հենց այն պահին, երբ քուրդ բնակչության պահանջների վերաբերյալ հարցի խաղաղ կարգավորման հույսերն օրը ցերեկով հօդս են ցնդում։
Այնուհետև իրադարձություններն սկսեցին ավելի լայն թափ առնել. Թուրքիայի Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց դեռևս 1934-ի մի օրենք, համաձայն որի` երկրի քաղաքացիներն իրավունք չունեն կրելու «օտար ազգանուններ»։ Այսինքն, այդ օրենքը արգելում է հայերին, քրդերին, ասորիներին, չերքեզներին ու հրեաներին կրելու իրենց ազգային անունները։ Օրինակ, քրդերի շրջանում տարածված են գետեր, սարեր, լճեր խորհրդանշող անձնանունները, ինչը կտրականապես արգելվում է, իսկ Քրդստան անվան համար առհասարակ կարելի է բանտ ընկնել։ Բացի այդ, նրանք չեն կարող իրենց զավակներին որոշ տառեր, ասենք, W պարունակող անուններով կնքել։ Այլ արգելքներ էլ են գործում։ Առանձնակի արձագանք է առաջացրել նաև այն, որ ստամբուլյան ջազ-փառատոնի ժամանակ քուրդ երգչուհի Այնուր Դողանին, որը փորձ է արել հանդես գալու քրդական երգով, մեղմ ասած, ստիպել են դադարեցնել ելույթը և շտապ հեռանալ։ Իսկ հունիսի 30-ին քրդերը զանգվածային և շատ ագրեսիվ ձևով նշեցին մահապարտ Զեյնաբ Կընաջըի հերթական տարելիցը, որը հղի կնոջ տեսքով թափանցել էր ռազմական արարողության վայր և պայթեցրել իրեն, ինչի հետևանքով թուրքական բանակի 8 զինվոր էր զոհվել, 29-ը` վիրավորվել։ Համապատասխանաբար երկրի քրդական շրջաններում ռազմական դրություն էր հայտարարվել։ Սակայն դա չկարողացավ ճնշել հուզումները, շատ չանցած 13 թուրք զինվոր սպանվեց, վեցը վիրավորվեց Դիարբեքիրի նահանգում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Հետաքրքրական է, որ դա տեղի է ունեցել բառացիորեն այն նույն օրը, երբ Ստամբուլում Լիբիայի հարցով միջազգային կոնտակտային խումբը հանդիպում էր թուրքական իշխանության հետ։ Այս միջադեպը դարձավ վերջին երեք տարում քրդական խմբավորումների և թուրքական բանակի ամենախոշոր բախումը տարածաշրջանում։ Անհապաղ դեպքի վայր ուղարկվեցին Թուրքիայի զինված ուժերի լրացուցիչ զորախմբեր, նպատակ ունենալով վերջնականապես ճնշելու հուզումները։ Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ քրդերը երկու զինծառայող և մեկ պաշտոնյա են պատանդ վերցրել, և նրանց ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Եվ ամենագլխավորը` բախումից ընդամենը մի քանի ժամ հետո քուրդ առաջնորդների միավորումը, որի մեջ մտնում են ինչպես քաղաքական կուսակցություններ, այնպես էլ պատգամավորներ, Դիարբեքիրի նահանգը հայտարարեց Քրդական Ժողովրդավարական Ինքնավարություն։ Ենթադրում են, որ քրդերը պատրաստվում են նաև սահմանելու թուրքական պետությունից անկախ սեփական հաստատությունները, այդ թվում` կրթության և իրավունքի ոլորտում։ Անկախության հռչակման հայտարարությունը շոկի մեջ գցեց Անկարային, ու հիմա թուրքական դատախազությունը քննարկում է այդ կազմակերպության պարագլուխներին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը։ Այսինքն, դժվար չէ նկատել, որ շրջանը դրանով փակվում է, և, բացի զինված հակամարտության վտանգից, երկրին սպառնում են նաև քաղաքացիական անհնազանդության ու բողոքների լայնածավալ գործողություններ։ Նորերս ընտրված քուրդ պատգամավոր Ալթան Թանն արևմտյան մամուլում պարզաբանում է ստեղծված իրավիճակը. «Մենք ասում էինք, որ ինքնավարություն ենք ուզում։ Վարչապետ Էրդողանը պատասխանեց` ոչ։ Մենք ասում էինք, որ ուզում ենք կրթություն ստանալ մեր մայրենի լեզվով։ Նա պատասխանեց` ոչ։ Այսպիսով նրա համար Եվրամիության չափանիշներ գոյություն չունեն։ Նա ապրում է թուրքական «քուչեքի» չափանիշներով, ուստի մենք էլ ասացինք. «Եթե դուք ապրում եք «քուչեքի», մենք էլ կապրենք լեռների չափանիշներով»։
Նկատենք` քրդերի հիասթափությունը հետևանք է կառավարող կուսակցության կողմից մի ամբողջ շարք խոստումների չկատարման։ Ավելին, Էրդողանը նախընտրական ծրագիրը կառուցել էր մշակութային ազատությունների ընդլայնման վերաբերյալ քրդերի պահանջները բավարարելու անհրաժեշտության վրա։ Ընտրություններն ավարտվել են, և ոչինչ չի վկայում, որ վարչապետը նման երկխոսության հնարավորություն կընձեռի։ Հայտարարելով, որ երկրում «այլևս քրդական խնդիր չկա», նա, փաստորեն, մերժեց քրդերի առանցքային պահանջները` քաղաքական ինքնավարություն տրամադրելու և քրդերեն առարկաների դասավանդմամբ դպրոցներ բացելու վերաբերյալ։ Համապատասխանաբար, այդ ի դերև ելած հույսերը նոր առճակատման կհանգեցնեն։ Թուրք քաղաքագետ Չենգիզ Աքթարը զգուշացնում է. «Մինչև հիմա թուրք քաղգործիչները միայն մեկ պայման էին առաջադրում բանակցությունների համար` դադարեցնել զինված գործողությունները։ Քրդերն այդպես էլ վարվեցին, բայց փոխարենը ոչինչ չստացան։ Մինչև քաղաքական գործընթաց չլինի, զինված պայքարը կշարունակվի, և քանի դեռ երկիրը չի կարգավորել քրդական հարցը, կարող է տեղի ունենալ ինչ ասես։ Թուրքիան կդառնա մի մեծ հարցական նշան»։
Այս իրավիճակում ինչ է մնում անելու դեռ վերջերս «պատմական հաղթանակ» նշող Էրդողանին։ Առայժմ նա գործում է փորձարկված, բայց ոչ արդյունավետ սխեմայով։ Նա, ինչպես և ենթադրվում էր, արտակարգ խորհրդակցություն անցկացրեց երկրի բարձրագույն զինվորական հրամանատարության և հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, իսկ մի շարք բարձրաստիճան սպաներ անմիջապես ուղարկվեցին հակամարտության գոտի։ Նախագահ Գյուլը դատապարտեց «ահաբեկչական արարքը», Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, թե «Թուրքիան կկարողանա հաղթահարել ահաբեկչությունը և կձգտի կայունություն և խաղաղ կյանք ապահովել երկրում», իսկ կառավարող կուսակցության պատգամավորները սպառնացին. «Մեզնից յուրաքանչյուրը պատրաստ է շեհիդ դառնալու ահաբեկիչների դեմ մղվող պայքարում» (համաձայնեք, շատ նման է Ալ Քաիդայի ոգուն)։ Իր հերթին Ստամբուլ ժամանած ԱՄՆ-ի պետքարտուղար Քլինթոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը պաշտպանում է Թուրքիային «գրոհայինների և միջազգային ահաբեկչության դեմ» մղած պայքարում։
Սակայն թվում է, որ տվյալ իրավիճակում «Ահաբեկչությունը տեղ չունի» կարգախոսը թե՛ քիչ բան է լուծում, թե՛ քչերի կարող է խաբել։ Տպավորություն է ստեղծվում, որ քրդերի պարագլուխները ձգտում են անկյուն քշել Էրդողանի կառավարությանը։ Ընդ որում, հարկ է նշել, որ բուն կառավարության քաղաքականությունը, մասնավորապես վարչապետի վարքագիծը, շատ է նպաստում այդ նպատակի իրականացմանը։ Եվ բանը միայն այն չէ, որ նա չի փորձում տրամաբանական վախճանի հասցնել Թուրքիայի կենսականորեն կարևոր ներքաղաքական խնդիրների լուծման, այդ թվում` քրդական խնդրի կարգավորման նախագծերը։ Խնդիրն այն է, որ վարչապետը չի փորձում անգամ համապատասխան քաղաքական մթնոլորտ ստեղծել։ Գրեթե 50 տոկոս ձայն ստանալով խորհրդարանական ընտրություններում, նա, ըստ էության, ձգտում է ճզմել իր քաղաքական ընդդիմախոսներին։ Այսպես, արդեն այն բանից հետո, երբ հաջողվեց համոզել ընդդիմությանը` ընդգրկվելու խորհրդարանի օրենսդիր գործունեության մեջ, Էրդողանը ոչնչացնող գնահատական տվեց քրդական խմբակցության ղեկավար Քեմալ Կըլըչդարօղլուի կառուցողական դիրքորոշմանը. «Ասում էի, չէ՞, որ նա խոսքի տերը չի լինի և երդում կտա, չսպասելով պատգամավորների ազատ արձակմանը»։ Իսկ քրդերը ծաղրական խոսքին պատասխանեցին ահաբեկչական ակտով։ Բացի այդ, ակնհայտ է, որ քրդերի դեմ պայքարի սաստկացումը, այդ թվում նաև` ուժային եղանակներով, շատ դժվարին կացության մեջ է դնում իշխանություններին և մեծացնում կախումը զինվորականներից, որոնք առանձնակի համակրանք չունեն վարչապետի նկատմամբ։ Բայց դատելով այն բանից, որ թուրք և քուրդ քաղգործիչների միջև եղած անդունդն արագորեն խորանում է (թուրքերը կարծում են, որ եթե իրենք ընդունեն խնդրի լրջությունը, դա կլինի կապիտուլյացիա քրդերի պահանջների առջև), ապա կոշտ առճակատումից, ամենայն հավանականությամբ, անհնար կլինի խուսափել։
Ի միջի այլոց, վերջին տվյալների համաձայն, ներկայումս էթնիկ քրդերի քանակը միայն Ստամբուլում հինգ միլիոնից ավելի է և շարունակում է աճել։ Նրանք ապրում են մեկուսի, քրդական թաղամասերում դեռահաս-ները թուրքերեն ընդամենը մի քանի բառ գիտեն, իսկ եթե ոմանք էլ գիտեն թուրքերեն, ապա խուսափում են խոսելուց։ Եվ ամենահատկանշականն այն է, որ շատերն այդ քաղաքը համարում են «Քրդստանբուլ»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ