«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՉԿԱ ԼԵԶՈՒ, ՉԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»

«ՉԿԱ ԼԵԶՈՒ, ՉԿԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
11.06.2010 | 00:00

«Անկախ պետության սիմվոլներն են գերբը, դրոշը, բանակը և լեզուն։ Եթե այդ սիմվոլներից մեկի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում, ուրեմն գործող վարչախմբի համար այս երկրի անկախությունը, ապագան ոչ մի արժեք չունեն»,- երեկ «Իրավունք de facto» ակումբում, անդրադառնալով օտարալեզու դպրոցների բացմանն առնչվող օրինագծին, ասաց ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ և հավելեց, որ ամեն կերպ պետք է խափանել դրա ընդունումը։ «Մեր Ազգային ժողովը գոնե մի անգամ իմաստություն պիտի ունենա։ Չնայած խորհրդարանում չեմ տեսնում քաղաքական խմբավորումներ, որոնք չեն ուղղորդվում հենց ԱԺ նախագահի կողմից»,- փաստեց Լյուդմիլա Սարգսյանը։
«Նրանք ուզում են ունենալ մի էլիտար սերունդ` օտարալեզու, օտար մտածող, որն ապագայում պիտի ապահովի մեր երկրի շարունակականությունը։ Չկա լեզու, չկա պետություն։ Ժողովրդին ձուլելու ամենահեշտ ձևը լեզուն խլելն է»,- ընդգծեց ակումբի հյուրը` շեշտելով, որ ՍԴՀԿ-ն սա համարում է «դավաճանություն պետականության նկատմամբ»։ Ավելին, ՍԴՀԿ ատենապետը վստահեցրեց, որ նույն կարծիքին են նաև Հայ ազգային կոնգրեսում ընդգրկված մյուս քաղաքական ուժերը, ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Տիկին Սարգսյանն անդրադարձավ վերջերս «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի այն առաջարկին, ըստ որի, պետք է ստեղծել «այլընտրանքային խորհրդարան»։ «Մեծ հավատ չունեմ, որ դա նրանց կհաջողվի, քանի որ համապատասխան ներուժ չունեն։ Ողջ ընդդիմադիր պոտենցիալը կենտրոնացված է ՀԱԿ-ում, ու նման նախաձեռնություն հնարավորություն ունի իրագործելու միայն կոնգրեսը, որտեղ ընդգրկված է 18 կուսակցություն»,- նշեց բանախոսը` բարեփոխում իրականացնելու հանգամանքն անհնարին համարելով այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ձևավորվել քաղաքացիական հասարակություն։
«Մենք այսօր գնում ենք սահմանադրական ճանապարհով։ Երբ այն կսպառի իրեն, կմտածենք ռազմավարության փոփոխության ու այլ ճանապարհների մասին»,- նկատեց ընդդիմադիր գործիչը` կանխատեսելով քաղաքական թեժ ամառ։ Արտահերթ ընտրությունների հնարավորությունը հավանական համարելով, ՍԴՀԿ ատենապետը պնդեց, թե իշխանությունը խնդիր ունի ՀԱԿ-ը պառակտելու։ Ըստ ակումբի հյուրի, սրանով են պայմանավորված լիդերափոխության գաղափարն ասպարեզ նետելն ու նմանատիպ խոսակցություններ տարածելը։
ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ առաջնահերթություն է համարվում նոր իշխանության ձևավորումը, համընկնում է ՀԱԿ-ի նպատակի հետ, այսինքն` հնարավո՞ր է ինչ-որ պահի երկու ուժերը համագործակցեն։ Այս հարցին ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանն արձանագրեց. «Ոչինչ չի բացառվում քաղաքական դաշտում, բայց ՀՅԴ-ի պարագայում բարդ է նման բան ասելը։ Երբ ասում են` պատրաստ ենք համագործակցության, բայց նախագահը մեզնից պիտի լինի, արդեն իսկ ծիծաղելի է։ Որոշել են, որ ժողովուրդն իր ձայնը պիտի տա նախագահի դաշնակցական թեկնածուին, իսկ մեր ժողովուրդը հիշում է անցյալը և հասկանում, որ սա էլ կարող է իշխանական նախաձեռնություն լինել։ Վստահ չեմ, որ ՀՅԴ-ի ու ՀԱԿ-ի նպատակները կարող են նույնը լինել»։
Ի դեպ, ՍԴՀԿ-ի շուրջ ստեղծված թնջուկը ևս չշրջանցվեց։ «Եթե մի թևում չկա նույնիսկ մեկ մարդ, որը համարվում է առաջինը, այնտեղ ոչինչ չի ստացվի»,- հավաստիացրեց կուսակցության ատենապետը, այդուհանդերձ, չբացառելով, որ ինչ-որ պահի հնարավոր է երկու թևերի միավորում։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1185

Մեկնաբանություններ