ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ՄԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՍԵՅՍՄԻԿ ՎՏԱՆԳՆԵՐԸ
16.03.2012 | 00:00

Ընթացիկ տարվա փետրվարի 11-ին «Armenia Today»-ում տպագրվեց «ԱՄՆ-ը սուպերռումբ է նախապատրաստում» վերնագրով հոդվածը, ըստ որի` օրեր առաջ ամերիկյան Կոնգրեսը հավանության է արժանացրել ամերիկյան ռազմաօդային ուժերի արսենալում ամենամեծ ավիառումբի [13,5-տոննանոց հակաբունկերային` Massive Ordnance Penetrator (MOP)] բնութագրերի բարելավման նպատակով 81,6 մլն դոլար լրացուցիչ գումարի արտահերթ հատկացմանը: Պենտագոնի ներկայացուցիչ Է. Ռոբբինսն այս կապակցությամբ հայտարարել է, որ աշխարհում ամենամեծ ոչ միջուկային այդ ռումբը կարող է ոչնչացնել ստորգետնյա բունկերներում կամ լեռնային թունելներում գտնվող Իրանի միջուկային կենտրոններն ու պահեստարանները (օրինակ, Իրանի Կում քաղաքի մոտ գտնվող լեռներում քողարկված լաբորատորիան և Ֆորդոուի ուրանի հարստացման գործարանը): MOP ռումբի պայթյունի ուժը տրոտիլային համարժեքով 11 տոննա է, ինչի հետևանքով կործանարար ավերումներ են տեղի ունենում պայթյունի էպիկենտրոնից 1,5 կմ հեռավորության վրա: Ռումբն ապահովված է անհատական և արբանյակային նավիգացիայով: Ներկայումս ԱՄՆ-ի ռազմական արսենալում այս տիպի 15 միավոր հակաբունկերային MOP ռումբ է առկա:
Փետրվարի 24-ին «Los Angeles Times»-ում տպագրվեց «ԱՄՆ-ի հետախուզության կարծիքով` Իրանը չի պատրաստվում ատոմային մարտագլխիկ ստեղծել» տեղեկատվությունը, որում, հղում անելով ամերիկյան 16 հետախուզական ծառայությունների կազմած Իրանի միջուկային ծրագրի մասին զեկույցին, ասվում է. «Իրանը ջանում է ստեղծել միջուկային ռումբ, սակայն առայժմ չի պատրաստվում դա անելու, և այդ ոլորտում ուսումնասիրությունները դադարեցրել է 2003-ին»: Ըստ այդ տեղեկատվության, Իսրայելը համամիտ է «Զեկույցին», սակայն կարծում է, որ ամեն գնով անհրաժեշտ է հասնել Իրանի միջուկային հետազոտությունների դադարեցմանը, և, եթե պատժամիջոցներն ու դիվանագիտական ճնշումները չկանգնեցնեն Թեհրանին, միակ ելքը կմնա Իրանի միջուկային օբյեկտների ռմբահարումը, ինչն Իսրայելը կարող է ինքնուրույն իրականացնել 2012-ի գարնան վերջին կամ ամռան սկզբին: ԱՄՆ-ի փորձագետների կարծիքով` Իրանի դեմ պատերազմը կարող է ձգձգվել` հանգեցնելով անկանխատեսելի ծանր հետևանքների:
«Armenia Today»-ը ներկայացրեց «The Washington Post»-ում տպագրված Ջոբի ՈՒորիկի` (Joby Warrick) «ԱՄՆ-ում մարտի 4-ին մտածում են, թե ինչպես ոչնչացնեն Իրանի միջուկային օբյեկտները» հոդվածը, ըստ որի, ամերիկյան փորձագետները համոզված չեն, որ Պենտագոնի արսենալում առկա ժամանակակից, հակաբունկերային հզոր MOP ավիառումբերը մի հարվածով կհասնեն Իրանի տարածքում առկա ուրանի հարստացման ստորգետնյա բունկերներին, սակայն կարծում են, որ մի քանի օր տևողությամբ ամերիկյան անընդհատ ռմբահարումների արդյունքում այդ կենտրոնները կդառնան օգտագործման համար ոչ պիտանի` կփլուզվեն թունելները, անդառնալի վնաս կհասցվի ուրանի հարստացման ցենտրիֆուգներին, խողովակաշարերին, էլեկտրական ու էլեկտրոնային համակարգերին և այլն, որոնք անհրաժեշտ են ստորգետնյա այդ գործարանների աշխատանքի համար:
Այս հոդվածով ուզում եմ բարձրաձայնել ԻԻՀ միջուկային պրոբլեմի լուծման ռազմական` հզոր թափանցող MOP ռումբերով խորքային ռմբահարումների տարբերակին անցման պարագայում տարածաշրջանային, հնարավոր գլոբալ բնապահպանական, սեյսմիկ, ռադիացիոն և այլ աղետների գեներացման անխուսափելիության, ինչպես նաև այս ծանր ու ծայրահեղ վտանգավոր իրավիճակից դուրս գալու հարցում ՀՀ կարևորագույն առաքելության մասին:
Այս հարցով ես, որպես ֆիզիկոս, ով զբաղվել է տեխնածին (մարդածին) երկրաշարժերի (նաև խորքային պայթեցումների արդյունքում) գեներացման ֆիզիկական մեխանիզմների ուսումնասիրմամբ, ահազանգում եմ 2003 թվականից, երբ Իրանի տարածքում ուրանի հարստացման ու պահեստավորման ստորգետնյա կենտրոնների MOP ռումբերով խորքային ռմբահարումների հնարավորության մասին ցանկացած հայտարարություն լուրջ չէր ընկալվում:
Ներկայումս Իրանի միջուկային ծրագրերը ռազմական ճանապարհով խափանելու հավանականությունը, ցավոք, իրատեսական և անխուսափելի է դարձել:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) միջուկային ծրագրերի շուրջ քաղաքական քննարկումների վերջնականապես սպառվելու պարագայում գործընթացները կտեղափոխվեն ռազմական փուլ, և ԱՄՆ-ի, Իսրայելի կամ միջազգային ձևաչափի այլ ռազմական ուժեր կռմբահարեն ԻԻՀ տարածքում առկա ուրանի հարստացման և պահեստավորման կենտրոնները` դրանք ոչնչացնելու նպատակով: Այդպիսի հայտարարություններ արդեն վաղուց ի վեր արվում են: ԻԻՀ ուրանը հարստացվում է լավ ամրացված ու էկրանավորված ստորգետնյա բունկերներում, երկրի մակերևույթից 0,5 կմ և ավելի խորությունների վրա: ՈՒստի, դրանք ոչնչացնելու միակ հնարավոր տարբերակը, եթե բացառենք հզոր ատոմային ռումբերի կիրառումը, հզոր թափանցող (penetration-MOP) ռումբերով ռմբահարումներն են, ինչն էլ անպայման կիրականացվի:
Հայտնի է, որ հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարման արդյունքում ռմբահարման կետի շուրջ որոշակի տարածաշրջանի` «վտանգավոր գոտու» սեյսմիկ ռեժիմը անոմալ մեծ շեղումների է ենթարկվում. գեներացվում են անոմալ մեծ թվով, մեծ մագնիտուդով (M=5) տեխնածին երկրաշարժեր, և բավականին երկար ժամանակ է անհրաժեշտ` մեկ տարի և ավելի («ռելաքսացիայի ժամանակ»), որպեսզի տարածաշրջանը դանդաղորեն վերադառնա իր հավասարակշիռ վիճակին: Փորձը ցույց է տալիս, որ «վտանգավոր գոտին» ռմբահարման կետի շուրջ 1000 կմ շառավղով պարփակված` Sօ=3,14 մլն քառ. կմ մակերեսով ահռելի տարածք է, որի սահմաններում, խորքային ռմբահարումից հետո, գրանցվում են հավասարակշիռ սեյսմիկ ռեժիմից անոմալ մեծ շեղումներ:
MOP ռումբերով խորքային ռմբահարման պահից սկսած, որոշակի ժամանակի` «գաղտնի փուլի» ընթացքում «վտանգավոր գոտում» մեծ մագնիտուդով տեխնածին երկրաշարժեր չեն գեներացվում, այդ ընթացքում գրանցվում են միայն թույլ տեկտոնիկ ցնցումներ: «Գաղտնի փուլը» մոտ 1-1,5 ամիս է տևում, որից հետո միայն «վտանգավոր գոտում» գեներացվում են տարբեր էպիկենտրոններով, մեծ թվով և մեծ մագնիտուդով ու բալայնությամբ տեխնածին (մարդածին) երկրաշարժեր: Փորձը ցույց է տալիս, որ MOP ռումբերով ռմբահարման արդյունքում մեծ մագնիտուդով (M=5) երկրաշարժերի գեներացման «առավել վտանգավոր ժամանակահատվածը» կախված է պայթյունի հզորությունից, պայթյունի կետից տվյալ տեղանքի հեռավորությունից, տարածաշրջանի երկրակեղևի ֆիզիկական պարամետրերից և այլն: Խորքային ռմբահարման կետի շուրջ 500 կմ շառավղով պարփակված տարածքներում (սեյսմիկ առումով առավել վտանգավոր տարածք` «I գոտի») տեխնածին ուժգին երկրաշարժեր գեներացվում են ռմբահարումից հետո 1-3 ամիսների ընթացքում, իսկ 500-1000 կմ շառավիղներով պարփակված տարածքում` «II գոտի», 1 ամսից մինչև 1 տարվա ընթացքում:
Դիտարկումները ցույց են տալիս, որ հզոր MOP ռումբերով ռմբահարումների արդյունքում գեներացվող մեծ մագնիտուդով տեխնածին երկրաշարժերի թիվը, գումարային մագնիտուդը, «գաղտնի փուլի» տևողությունը, գեներացվող ուժգին տեխնածին երկրաշարժերի հիպոկենտրոնների խորությունները, էկոհամակարգի «ռելաքսացիայի ժամանակը» և այլն, կախված են խորքային պայթյունների գումարային հզորությունից, պայթյունների խորություններից, երկրակեղևի ֆիզիկական և այլ պարամետրերից: Բերենք օրինակներ.
2001 թ. դեկտեմբերի առաջին օրերին ԱՄՆ-ի ռազմական ուժերն Աֆղանստանի Տորա-Բորա տեղանքում իրականացրին երեք ոչ հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումներ: Ռմբահարումից առաջ, 2001 թ. առաջին 11 ամիսների ընթացքում, «վտանգավոր գոտու» սահմաններում գրանցվել էր 2 մեծ բնածին երկրաշարժ` M1=5 և M2=6,5 մագնիտուդներով, ինչն այդ տարածաշրջանի սեյսմիկ հավասարակշիռ ռեժիմի նորմայի սահմաններում է: Խորքային ռմբահարման «գաղտնի փուլից» (1 ամիս) հետո, հետագա 11 ամիսներին «վտանգավոր գոտում» դիտվեցին մեծ թվով տեխնածին տեկտոնիկ թույլ ցնցումներ` M<5, նաև մեծ մագնիտուդով` M=5, լրացուցիչ 14 տեխնածին երկրաշարժ, 5-ը` Աֆղանստանի տարածքում 5,5-7,5 մագնիտուդներով, 2-ը` Տաջիկստանի տարածքում 5 մագնիտուդներով, 7-ը` Իրանի տարածքում, ռմբահարման կետից մոտ 1000 կմ հեռավորության վրա` 5-6,5 մագնիտուդներով: Միայն 2002-ի վերջին, խորքային ռմբահարումներից մեկ տարի անց, «վտանգավոր գոտու» սեյսմիկ ռեժիմը դանդաղորեն վերադարձավ հավասարակշիռ վիճակի:
2003 թ. մարտի առաջին կեսին ԱՄՆ-ի ռազմական ուժերի կողմից փոքր հզորությամբ MOP ռումբերով ռմբահարեցին Իրաքի տարածքը, որից 1,5 ամիս անց, 01.05.2003 թ., ռմբահարման կետից 300 կմ հեռավորության վրա («I գոտի»), Արևելյան Թուրքիայի Բինգյոլ քաղաքից 10 կմ դեպի հյուսիս գրանցվեց 6,4 մագնիտուդով, 10 կմ խորությամբ հիպոկենտրոնով տեխնածին առաջին ավերիչ երկրաշարժը, որի էպիկենտրոնում ուժգնությունը 9 բալ էր և այլն:
Նշենք, որ այս երկու դեպքում էլ խորքային ռմբահարումներն իրականացվել են փոքր թվով, փոքր հզորությամբ MOP ռումբերով:
Շատ ավելի բարդ, վտանգավոր և հնարավոր կանխատեսելի ու անկանխատեսելի ծանր հետևանքներով լի իրավիճակ կստեղծվի Իրանի տարածքը հզոր MOP ռումբերով ռմբահարելու պարագայում:
Իրոք, Իրանի տարածքում հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումները խիստ որոշակի նպատակ են հետապնդելու` ոչնչացնել կամ, առնվազն, շարքից հանել Իրանի տարածքում մեծ խորությունների վրա տեղաբաշխված լավ ամրացված և լավ էկրանավորված ուրանի հարստացման ու պահեստավորման ստորգետնյա կենտրոն-բունկերները: Սակայն`
. մեծ խորության վրա տեղաբաշխված լավ ամրացված մեկ բունկերը ոչնչացնելու համար անհրաժեշտ կլինի կիրառել մի քանի հզոր MOP ռումբ: Բացի այդ`
. Իրանի տարածքում ուրանի հարստացման, պահեստավորման բունկերները լավ էկրանավորված են, ինչը կդժվարացնի դրանց հայտնաբերումը` կոորդինատների ճշգրտումը: ՈՒստի ստորգետնյա լավ ամրացված, լավ էկրանավորված մեկ բունկերի ոչնչացման համար անհրաժեշտ կլինի կիրառել առնվազն կրկնակի-եռակի ավելի թվով հզոր MOP ռումբեր: Բացի այդ,
. Իրանի տարածքում ուրանի հարստացման ու պահեստավորման լավ ամրացված և լավ էկրանավորված առնվազն մի քանի ստորգետնյա կենտրոն-բունկերներ կան, որոնք ԻԻՀ տարածքի տարբեր կետերում ու տարբեր խորությունների վրա են տեղաբաշխված, ինչը շատ ավելի կբարդացնի իրավիճակը, քանի որ անհրաժեշտ կլինի անհամեմատ ավելի մեծ թվով հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումներ իրականացնել, ինչը կհանգեցնի`
. «վտանգավոր գոտու» առանց այն էլ ահռելի չափերի կտրուկ մեծացմանը (S>S0)` ներառելով նորանոր տարածքներ,
. գեներացվող տեխնածին երկրաշարժերի թվի, դրանց մագնիտուդների, բալայնության, տարածաշրջանի էկոհամակարգի «ռելաքսացիայի ժամանակի» և այլնի կտրուկ աճին: Բացի այդ`
. Իրանի տարածքում ուրանի հարստացման ու պահեստավորման ստորգետնյա բունկերների հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումների արդյունքում անխուսափելիորեն տեղի կունենա ուրանի զանգվածի արտահոսք դեպի մթնոլորտ և երկրի մակերևույթ, բոլոր հնարավոր ծանր հետևանքներով` մթնոլորտի, հողի, ջրի ռադիացիոն աղտոտում, ռադիացիոն ամպեր, ռադիացիոն անձրևներ, ռադիացիոն քամիներ, հանգեցնելով «վտանգավոր գոտու» և դրանից շատ մեծ հեռավորությունների վրա գտնվող տարածաշրջանների ռադիացիոն, քիմիական և այլ ծանր աղտոտումների: Բացի այդ,
. Փորձը ցույց է տալիս, որ հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումների արդյունքում երկրակեղևում առաջանում են մեծածավալ տեխնածին խոռոչներ ու տեկտոնիկ խզվածքներ, որոնց փլուզման և այլ պրոցեսների հետևանքով էլ գեներացվում են անոմալ մեծ թվով, մեծ մագնիտուդով տեխնածին երկրաշարժեր: Իրանի տարածքը հարուստ է նավթագազային ստորգետնյա բնական պահեստարաններով: Հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումների հետևանքով խիստ հնարավոր են այդ նավթագազային ստորգետնյա բնական պահեստարանների պատերի վնասում, փշրում, ինչի հետևանքով առաջացած խզվածքներով, ահռելի ճնշման տակ գտնվող նավթի (գազի) հսկայական զանգվածները` վնասված շերտերի ողջ պարունակությունը, ահռելի արագությամբ կգահավիժեն դեպի երկրակեղևի ստորին ծավալներ` թողնելով վերին հսկայածավալ վնասված շերտերը դատարկ: Արդյունքում`
. Տարածաշրջանում կգեներացվեն բազմաթիվ լրացուցիչ մեծ մագնիտուդով ու բալայնությամբ տեխնածին երկրաշարժեր, կդիտվեն նավթագազային խորքային հզոր պայթյուններ ու հրդեհներ և այլն: Բացի այդ`
. Իրանի տարածքում արդյունահանվող նավթի և գազի մեծ ծավալի կորուստները կարող են հանգեցնել համաշխարհային էներգետիկ ու տնտեսական երկարատև ճգնաժամերի, այդ բնագավառներում առաջացնելով անկառավարելի, քաոսային իրավիճակ և այլն:
Ավելին.
. Ներկայումս Իրանի տարածքը հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարումների ենթարկելը տարածաշրջանում լրացուցիչ, անհամեմատ ավելի վտանգավոր, կանխատեսելի ու անկանխատեսելի ծանր հետևանքների է հանգեցնելու, ինչի պատճառը 2011 թ. մարտի սկզբից սկսած, Ադրբեջանի տարածքի երկրակեղևում 15 կմ խորության վրա տեղի ունեցած նոր վտանգավոր, տեկտոնիկ խզվածքի առաջացումն է (տե՛ս «Իրատես de facto»-ում տպագրված հեղինակի «Կասպից ծովը մեր տարածաշրջանի տակ դրված գերհզոր, անկառավարելի ռումբ է» հոդվածը):
Չափումները ցույց են տվել, որ այդ նոր տեկտոնիկ խզվածքի բացվածքը երկրակեղևի խորքում 2 մ և ավելին է ու, արդեն 5 մ խորության վրա երկրակեղևի կառուցվածքի ավերված մասի լայնությունը 4 մետր է:
Այդ նոր, վտանգավոր տեկտոնիկ խզման պրոցեսը սկսվել է Ադրբեջանի Սալյանի շրջանից և ընթացել երկու ուղղությամբ`
. դեպի Ադրբեջանի ծայր հյուսիս-արևելյան Խաչմազի շրջան և Կասպից ծով: Մյուս կողմից`
. դեպի Ադրբեջանի ծայր հարավ-արևելյան Լենքորանի շրջան և Կասպից ծով, անջատելով ու դեպի Կասպից ծով տեղաշարժելով Ադրբեջանի տարածքի երկրակեղևի մի զգալի հատված:
Ադրբեջանի տարածքի երկրակեղևում գոյացած այս նոր, վտանգավոր տեկտոնիկ խզվածքի առաջացման հիմնական, առաջնային պատճառը տեխնածին է, պայմանավորված Ադրբեջանի տարածքում ու Կասպից ծովի ադրբեջանական հատվածում երկարաժամկետ, ինտենսիվ նավթարդյունահանմամբ (150 տարի) և գազարդյունահանմամբ, ինչպես նաև, արդյունահանման հետևանքով նավթագազային ստորգետնյա դատարկված բնական պահեստարանների կոնսերվացման աշխատանքների փաստացի բացակայությամբ:
2011-ի ընթացքում, ներկայում նույնպես, Ադրբեջանի տարածքում այդ նոր, վտանգավոր տեխնածին տեկտոնիկ խզվածքին հարող ցամաքային և Կասպից ծովի ադրբեջանական հատվածի տարածքներում գեներացվել ու գեներացվում են անոմալ մեծ թվով փոքր մագնիտուդով և բալայնությամբ բազմաթիվ տեխնածին երկրաշարժեր, ցեխային հրաբուխների հզոր ժայթքումներ, տեղի են ունենում մեծածավալ սողանքներ, փլուզումներ և այլն: Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ կենտրոնի ղեկավար Ղուրբան Եթիրմիշլիի 15.02.2012 թ. արած հայտարարության համաձայն, Ադրբեջանի տարածքում 2011-ի ընթացքում արտանետված սեյսմիկ էներգիան 2010-ի համեմատ ավելացել է 25 %-ով, իսկ երկրաշարժերի թիվը` 60 %-ով, ինչը խիստ մտահոգիչ ցուցանիշ է և, ինչպես վերը նշեցինք, տեխնածին բնույթ ունի:
Սեյսմիկ առումով ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված մեր տարածաշրջանում և հարակից տարածքներում պետք է բացառել անգամ ոչ հզոր MOP ռումբերով որևէ ռմբահարում:
Իրանի տարածքը հզոր MOP ռումբերով ռմբահարելու պարագայում մեր ողջ տարածաշրջանը, այդ թվում նաև Ադրբեջանի տարածքը, վտանգավոր տեխնածին տեկտոնիկ խզվածքով հանդերձ, կհայտնվի «վտանգավոր գոտում»: «Գաղտնի փուլից» հետո ողջ տարածաշրջանում, նաև ադրբեջանական տեխնածին տեկտոնիկ խզվածքին հարող տարածքներում, կգեներացվեն բազմաթիվ մեծ մագնիտուդով տեխնածին երկրաշարժեր: Արդյունքը կլինի այն, որ ադրբեջանական տեխնածին տեկտոնիկ խզվածքում կարագացվեն երկրակեղևի ավերման պրոցեսները, ի վերջո հանգեցնելով խզվածքից աջ, դեպի Կասպից ծով ընկած երկրակեղևի մասի, այդ թվում` մայրաքաղաք Բաքվի, ողջ Ապշերոնյան թերակղզու և այլն, փլուզմանը դեպի Կասպից ծով` իր բոլոր աղետալի ու կործանարար հետևանքներով: Այդ փլուզման հետևանքով կարտանետվի ահռելի` բազմաթիվ հզոր ատոմային ռումբերի պայթեցմանը համարժեք էներգիա, հանգեցնելով բազմաթիվ լրացուցիչ մեծ մագնիտուդով տեխնածին ավերիչ երկրաշարժերի գեներացմանը և տարածաշրջանը վերածելով ավերված ու աղտոտված, բնակության համար ոչ պիտանի ահռելի «փակ գոտու»:
Հայտնի է, որ ՀՀ և ԻԻՀ տարածքները, մեր ողջ տարածաշրջանը գտնվում են բարձր բալային վտանգավոր սեյսմիկ գոտում, որտեղ հաճախակի են մեծ մագնիտուդով և բալայնությամբ բնածին կործանարար երկրաշարժերը: Մեր տարածաշրջանի երկրակեղևը կտրտված է մայրցամաքային մեծ ու փոքր տեկտոնիկ խզվածքներով: ՀՀ տարածքում այդպիսի տեկտոնիկ խզվածքների վրա կամ դրանց շատ մոտ տեղաբաշխված են աշխարհի ամենաբարձր քաղցրահամ լճերից Սևանա լիճը (Երզնկա-Կարս-Ամասիա-Սևան-Զանգեզուր խորքային խզվածք), Մեծամորի ատոմակայանը և քաղաքամայր Երևանը (Էջմիածին-Դվին-Ջուլֆա խորքային խզվածք):
Իրանի տարածքը հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարելու պարագայում ՀՀ ողջ տարածքը, անկախ մեր կամքից, կհայտնվի «վտանգավոր գոտու» առավել վտանգավոր հատվածում` «I գոտում», տարածաշրջանային, հնարավոր գլոբալ սեյսմիկ, ռադիացիոն, կենսաբանական աղետների էպիկենտրոնում: ՀՀ տարբեր մասերում կգեներացվեն մեծ թվով, մեծ մագնիտուդով և բալայնությամբ տեխնածին ավերիչ երկրաշարժեր, կդիտվեն ռադիացիոն քամիներ, ռադիացիոն ամպեր, ռադիացիոն անձրևներ, հողի, ջրի, օդի ռադիացիոն աղտոտում: Եթե դրան գումարենք նաև Իրանի տարածքում հզոր MOP ռումբերով խորքային ռնբահարումների արդյունքում Ադրբեջանի տարածքում առկա վտանգավոր տեխնածին տեկտոնիկ խզվածքով անջատված երկրակեղևի մի զգալի մասի խիստ հավանական փլուզումը դեպի Կասպից ծով, ապա իրավիճակը բազմակի կվատթարանա: ՀՀ բնակչությունը կհայտնվի ծուղակում, աղետից տուժածներին տարհանելու, վերաբնակեցնելու ոչ մի հնարավորություն չի լինի, քանի որ աղետալի վիճակ կլինի ամենուր` ՀՀ տարածքում, ողջ տարածաշրջանում և դրանից դուրս: Սրան մենք որևէ կերպ և երբևէ իրավունք չունենք համաձայնելու և չենք համաձայնի:
ԱՄՆ-ի փորձագետների վերը ներկայացված հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք քաջ գիտակցում են, որ`
. Պենտագոնի արսենալում ներկայումս առկա 15 միավոր հզոր MOP ռումբերը բավարար չեն Իրանի տարածքի ուրանի հարստացման ու պահեստավորման ստորգետնյա լավ ամրացված և լավ էկրանավորված բունկերները ոչնչացնելու համար, սակայն բավարար են տարածաշրջանային, հնարավոր գլոբալ սեյսմիկ, ռադիացիոն, բնապահպանական, կենսաբանական և այլ մեծ աղետ գեներացնելու համար, հնարավոր անդառնալի վնաս հասցնելով մոլորակի ողջ էկոհամակարգին:
Հենց այդ պատճառով են ամերիկացի փորձագետները հայտարարում, թե պարտադիր չէ հասնել Իրանի տարածքում ուրանի հարստացման ստորգետնյա բունկերների լրիվ ոչնչացմանը, բավական է դրանք շարքից հանելն ու օգտագործման համար ոչ պիտանի դարձնելը:
Սակայն, այսպիսի մոտեցման պարագայում անգամ, որևէ չափով չեն մեղմվելու տարածաշրջանային, հնարավոր գլոբալ բնապահպանական, սեյսմիկ, ռադիացիոն, կենսաբանական և այլ աղետների չափերն ու կործանարար հետևանքները, եթե ԻԻՀ տարածքը ռմբահարվի հզոր MOP ռումբերով:
Մենք` հայերս, իրավունք չունենք համաձայնելու մեր բարեկամ երկու երկրների` ԱՄՆ-ի և ԻԻՀ աշխարհաքաղաքական ինչ-ինչ նպատակների համար մեզ և մեր հայրենիքից մեզ մնացած այս փոքրիկ հողակտորը` Հայաստանի Հանրապետությունը զոհաբերելուն:
ՈՒստի`
. ՀՀ-ն կարևորագույն առաքելություն ունի ԱՄՆ-ԻԻՀ հակամարտության խաղաղ կարգավորման դժվարին խնդրում և «դատապարտված» է բարեհաջող լուծելու այն:
. Հենց ՀՀ-ն կարող է և պետք է հանդես գա որպես խաղաղարար միջնորդ հակամարտող կողմերի, մեզ բարեկամ երկու երկրների` ԱՄՆ-ի և ԻԻՀ-ի միջև` առաջարկելով այդ բանակցություններն իրականացնել ՀՀ տարածքում և ՀՀ անմիջական միջնորդությամբ:
. ՀՀ ղեկավարությունը պետք է հասնի նրան, որպեսզի հակամարտող կողմերն ընդունեն, որ այսպես շարունակելու պարագայում առջևում անդունդ է բոլորիս համար: ՈՒստի բոլոր վիճելի հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով` բացառելով հարցի լուծման կործանարար ռազմական տարբերակը, գործընթացներում ներգրավելով համաշխարհային գիտական, քաղաքական, հոգևոր և հասարակական ողջ առաջադեմ ներուժը:
. Այս կարևորագույն առաքելությունը ՀՀ-ն իր վրա պետք է վերցնի ոչ որպես բարի կամքի տեր երրորդ երկիր, այլ որպես երկիր, որի ողջ տարածքը, ողջ բնակչությունը, ԻԻՀ տարածքը հզոր MOP ռումբերով խորքային ռմբահարելու պարագայում, իր կամքից անկախ, կհայտնվի ծանր տարածաշրջանային, հնարավոր գլոբալ բնապահպանական, սեյսմիկ, ռադիացիոն, կենսաբանական և այլ աղետների էպիկենտրոնում, վերածվելով բնակության համար երկարաժամկետ ոչ պիտանի «փակ գոտու», ինչին ՀՀ-ն որևէ կերպ համաձայն չէ:
. Հենց միայն ՀՀ-ն պետք է և կարող է մեզ բարեկամ ԻԻՀ-ի համար դառնալ պատուհան դեպի աշխարհ և աշխարհի համար` պատուհան դեպի ԻԻՀ:
Սա է ՀՀ կարևորագույն առաքելությունը, որը պետք է դառնա երկրի արտաքին քաղաքականության կարևորագույն դոկտրինը` Հայաստանի Հանրապետությունը վերածելով Արևելք-Արևմուտք քաղաքակրթական, քաղաքական երկխոսությունների կենտրոնի այս աշխույժ, բայց առայժմ խիստ վտանգավոր համաշխարհային աշխարհաքաղաքական բանուկ խաչմերուկում:
Մանե ՀԱԿՈԲՅԱՆ
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դիտվել է՝ 1241

Մեկնաբանություններ