ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄՆ-Ի ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՉԻՆԱՍՏԱՆԸ ՎԻՃԱՐԿՈՒՄ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄՆ-Ի ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
22.04.2011 | 00:00

Օրերս ռուսական շատ հրատարակություններ, հատկապես «վեհապետական» ուղղության, գրեթե անսքող ուրախությամբ աշխարհով մեկ տարածեցին, թե Չինաստանն ու ԱՄՆ-ը թևակոխել են եթե ոչ առճակատման, ապա միմյանցից լուրջ դժգոհության ժամանակաշրջան։ Դրա համար առիթ է ծառայել ՉԺՀ-ի արձագանքը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցի առնչությամբ, որտեղ ամերիկյան կողմը կոշտ քննադատել է մարդու իրավունքների վիճակը Չինաստանում։ Դրան չինացիները շատ օպերատիվ կերպով արձագանքել են «հիմարն ինքդ ես» ոճով։
Ամերիկյան արտքաղաքական զեկույցից բառացիորեն մի քանի օր անց չինական թերթերը հրապարակեցին ՉԺՀ-ի Պետխորհրդի «Մարդու իրավունքների վիճակն ԱՄՆ-ում 2010 թվականին»։ Զեկույցում ասվում է, թե «ուրիշ պետությունների մեղադրելով մարդու իրավունքների խախտման մեջ, Վաշինգտոնն աչք է փակում իր սեփական երկրում այդ բնագավառում տիրող աղաղակող իրադրության վրա»։ Ամերիկյան կառավարությունը կոպտորեն խախտում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, «քիթը խոթում» քաղաքացիների մասնավոր կյանքի մեջ։ Չինական կողմն առանձնապես նշել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն աջ ու ահյակ խախտում են մասնավոր կյանքի գաղտնիքները պահելու ամերիկացիների իրավունքը։ Նկատենք, որ նման զեկույցն ինչ-որ նոր բան է մարդու իրավունքների գծով երկու երկրների վաղեմի փոխհանդիմանության պրակտիկայում։ Որպես կանոն, արդեն սովորական դարձած և բավականին ալարկոտ մեղադրանքներին Պեկինից հետևում էին բողոքի նոտաներ Չինաստանի ներքին գործերին ամերիկյան միջամտության առնչությամբ։ Այս անգամ ընտրվել էր այլ պատասխան։ Եվ հիմա, ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, «ամերիկացի իմպերիալիստներին չինական կոմունիստների կոշտ շշպռանքից» հետո Չինաստանը, փաստորեն, վիճարկում է աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունը, «այն էլ բացահայտ ծաղրական ոճով»։ Նրանց համոզմամբ` «Միացյալ Նահանգները չինական զեկույցն աննախադեպ լկտիություն է համարում, և հիմա խոսել ինչ-որ գործընկերության մասին, թերևս, հնարավոր չէ»։ Թեմային արձագանքել են տարբեր փորձագետներ, հավաստիացնելով, թե «իհարկե, հոգու խորքում չինացիներն Ամերիկան չեն սիրում»։ Նախ «սերը», անկասկած, քաղաքական կատեգորիա չէ, հատկապես արտաքին քաղաքական կամ տնտեսական փոխհարաբերություններում։ Երկրորդ, հազիվ թե չինական իշխանությունները որևէ մեկին խոստովանեն իրենց հույզերն ու զգացմունքները։ Իսկ ինչ վերաբերում է շարքային քաղաքացիների վերաբերմունքին, ապա նկատեմ, որ օտարերկրացիները (իսկ միայն Շանհայում մշտապես բնակվում է մոտ երկու միլիոն օտարերկրացի, ընդ որում, գերակշռում են ամերիկացիները) Չինաստանում իրենց շատ հարմարավետ են զգում։ Ավելին, չինական մամուլում բառացիորեն օրերս հաղորդվել է, որ Վաշինգտոնը, Պեկինի հետ պայմանավորվածության գալով, մտադիր է մոտ ապագայում չինական բուհեր ուղարկել ևս 100 հազար ամերիկացի ուսանողի (պակաս մեծաքանակ ուսանողներ չի ուղարկում Չինաստանն ԱՄՆ-ի բուհերում սովորելու)։ Միառժամանակ առաջ Շանհայում շատ հանդիսավոր պայմաններում երկու երկրների ներկայացուցիչները մասնակցեցին ամերիկյան նոր համալսարանի հսկայական շենքի հիմնարկեքին, որը բացվելու է 2013-ին, և որտեղ զուգակշռության սկզբունքներով կսովորեն չին և ամերիկացի ուսանողներ։ Իսկ երեխաներին, ինչպես հայտնի է, աշխատում են թշնամիների մոտ չուղարկել։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա հարկ է արձանագրել, որ վերջին ժամանակներս այդ թեման ժամանակավրեպ է դարձել նաև ամերիկացիների «ռեալ քաղաքականության» մեջ, խաղում է միայն օժանդակ դեր, այն էլ` երբ անհրաժեշտ է։ Տվյալ դեպքում կողմերից յուրաքանչյուրը հաջողությամբ խաղում է իր սովորական դերը։
Այնպես որ, տեղին է ասել` «վաղ ես ուրախանում, Իվան Ցարևիչ», և խորհուրդ տալ. անգամ եթե ցանկությունը շատ մեծ է, ցանկալին իրականություն չներկայացնել։ Ի դեպ, շատ ավելի հետաքրքրական ու նշանակալի է այս օրերին հնչած ևս մեկ տեղեկություն։ Այդ «սկանդալից» հետո Պեկինը կտրականապես հրաժարվեց ԲՌՀՉՀ (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) երկրների ղեկավարների առաջարկությունից` «առաջ մղել» դոլարը և յուանը դարձնել փոխարկելի արժույթ։ «Երևութական ընկերակցության» մնացած մասնակիցներին ոչինչ չէր մնում անելու, քան լռելյայն ենթարկվելը։ Հիշեցնենք, ԲՌՀՉՀ-ի հերթական ապրիլյան գագաթնաժողովում, որը տեղի ունեցավ չինական Հայնան կղզում, մասնակիցները դիմեցին Չինաստանին, առաջարկելով յուանը դարձնել փոխարկելի արժույթ, ինչը հնարավորություն կտար իրականացնելու վաղեմի երազանքը` ազատվել դոլարի թելադրանքից։ Բուն այն փաստը, որ եղած բոլոր դրամական միավորներից առավել գրավիչը յուանը դուրս եկավ, առանձնակի զարմանք չպատճառեց։ Փորձագետներն ուշադրություն են դարձրել հենց չինական արժույթի բոլոր առավելություններին, քանի որ աշխարհում երկրորդը հանդիսացող չինական տնտեսությունն է ցույց տալիս զարգացման տպավորիչ տեմպեր։ Թվում է` այդ ձեռնարկն իրականացնելիս ոչ մի ստորջրյա խութ չպետք է առաջանար, սակայն Չինաստանը, որն առաջ էլ ձգտում էր ազատվել դոլարի թելադրանքից, ԲՌՀՉՀ-ի այդ առաջարկից հրաժարվեց։ Ինչո՞ւ։ Այս հարցին տրվում են տարբեր պատասխաններ։ Որոշ փորձագետներ համարում են, որ այժմ Չինաստանի համար դոլարը, որպես վճարման միավոր, յուանով փոխարինելը ձեռնտու չէ, քանի որ համաշխարհային համապարփակ տնտեսության պայմաններում յուանը որպես միջազգային նոր վճարամիավոր, կարող է դառնալ բորսային սպեկուլյանտների գրոհի օբյեկտ` դրանից բխող բոլոր հետևանքներով։ ՈՒրիշները կարծում են, որ Չինաստանը զգուշացնում է այն հավանական վտանգներից, որոնք կարող են ի հայտ գալ, եթե յուանը համաշխարհային շուկաներում դառնա փոխարկելի միավոր։ Չէ՞ որ ֆինանսական ճգնաժամի երկրորդ ալիքի սպառնալիքը չի վերացել, և Պեկինը չի ուզում իր տնտեսությունը ենթարկել լրացուցիչ վտանգների։ Բայց ամեն ինչ հանգում է մեկ բանի. չինական վիթխարի տնտեսությունը, չնայած շուկաներում առկա հարաճուն մրցակցությանը, այնուամենայնիվ, միտված է դեպի Ամերիկա։ ՈՒ թեև չինական ղեկավարության ապրիլյան բոլոր գործողությունները վկայում են, որ Չինաստանն այժմ Նահանգների հետ խոսում է ինչպես հավասարը հավասարի հետ, սակայն նրա հակաամերիկյան դիրքորոշումն ունի հստակորեն նշված սահմաններ, և անհրաժեշտության դեպքում նա այդ բանը հայտարարում է իր բոլոր գործընկերներին։
Նկատենք, երբ մի քանի տարի առաջ Բժեզինսկին խոսք բացեց G-2-ի (ԱՄՆ, Չինաստան)` որպես համընդհանուր աշխարհակառուցվածքի նոր հեռանկարի մասին, շատ հավակնոտ երկրներ նախ մի լավ ցնցվեցին, հետո սկսեցին բարձրաձայնել, թե դա բացառվում է, իսկ հետո առհասարակ սկսեցին դավեր նյութել։ Այն բանից հետո, երբ գարնան սկզբին համաշխարհային արդյունաբերական արտադրության մեջ ՉԺՀ-ի բաժինը կազմեց 19,8 տոկոս` ամերիկացիների 19,4 տոկոսի դիմաց, սկսեցին խոսել այն մասին, թե արժե, որ ԱՄՆ-ը մտահոգվի այդ առիթով, ոչ թե մտածի այն մասին` ինչպես չինացիների հետ բաժան-բաժան անել աշխարհը։ Ընդ որում, լրիվ մոռանում էին, որ արդյունաբերական արտադրության ռեկորդային ծավալի համար Չինաստանը մեծապես պարտական է ԱՄՆ-ի ընկերությունների տրամադրած դրամական օժանդակություններին։ Էլ չենք խոսում այն մասին, որ շատ գործարաններ, հատկապես էլեկտրատեխնիկա արտադրողները, աշխատում են ամերիկյան տեխնոլոգիաներով։
Ի դեպ, դատելով ըստ ամենայնի, այդ գործընկեր-մրցակիցները քիչ ուշադրություն են նվիրում ուրիշների կարծիքներին ու կանխատեսումներին և ընթանում են իրենց ճանապարհով։ Իսկ երբ իշխանության եկավ Բարաք Օբաման, ամերիկա-չինական գործընկերության գաղափարն առհասարակ դարձավ համաշխարհային քաղաքականության գլխավոր թեման։ Ասում են` երբ Օբաման ժամանել էր Պեկին, Չինաստանին առաջարկել էր բաժանել աշխարհի ճակատագրի համար պատասխանատվության ոչ պաշտոնական բեռը։ ՈՒ թեև Չինաստանը հասկացրեց, որ նախընտրում է ընթանալ իր սեփական հունով, այս տարվա հունվարին Միացյալ Նահանգներ ՉԺՀ նախագահի 21-րդ դարում առաջին պետական այցը շատ փորձագետներ համարում են չին-ամերիկյան 30-ամյա հարաբերությունների ամենակարևոր իրադարձություններից մեկը։ Ի միջի այլոց, Օբաման շոշափեց ամերիկացիների համար ավանդական դարձած մարդու իրավունքների թեման Չինաստանում, ընդ որում, շատ նրբանկատորեն։ Հու Ցզինտաոն նույնպես բավականին մեղմորեն խոսեց ամերիկացիների հետ իրենց տարակարծությունների մասին։
Ինչ էլ լինի, համաշխարհային լրատվամիջոցների վերջին տվյալների համաձայն, Չինաստանն ԱՄՆ-ի պետական փոխառություններում ունի 1,16 տրիլիոն դոլար։ Այսպիսով, Չինաստանն ասես ֆինանսավորում է ամերիկյան տնտեսությունը, գնելով պարտատոմսեր, պահելով դրանք և չնետելով շուկա։ Միացյալ Նահանգները Չինաստանի համար արտադրանքի վաճառահանման հսկայական շուկա է, և այդ շուկան շատ դժվար է որևէ մեկով փոխարինելը, թեև Չինաստանը ձգտում է իր արտադրանքն ու ապրանքները վաճառել աշխարհի տարբեր շուկաներում` թե՛ Եվրոպայում, թե՛ զարգացող երկրներում, իսկ ավելի պակաս չափով` Ռուսաստանում։ Եվ, այնուամենայնիվ, ամերիկյան շուկան նրանց համար ամենաշահավետն է ու գլխավորը։ Մյուս կողմից, միայն Միացյալ Նահանգներն ու ինչ-որ չափով նաև Եվրոպան ունեն ժամանակակից և բարձր տեխնոլոգիաներ, որոնք Չինաստանին պետք են համաշխարհային տերություն դառնալու համար։ Եվ այն հանգամանքը, որ վերջին ժամանակներս համաձայնագիր էր կնքվել Չինաստանի կողմից ամերիկյան բարձրտեխնոլոգիական ապրանքների ներմուծումն ավելացնելու մասին, շատ բան է վկայում։ Չէ՞ որ բառացիորեն վերջերս Ամերիկան չէր ուզում վաճառել այն բարձրտեխնոլոգիական ապրանքները, որոնք Չինաստանին շատ են հետաքրքրում։ Շատ հատկանշական է և այն, որ վերջերս ԱՄՆ-ի առևտրի նախարարության ղեկավար Հերի Լոկկի (չինական ծագմամբ ամերիկացի, որի պապը Չինաստանից է գաղթել ԱՄՆ) նշանակումը ՉԺՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, Պեկինն անկեղծորեն ողջունեց և հայտարարեց, որ դա կնպաստի երկկողմ հարաբերությունների հետագա առաջընթացին։
Այնպես որ, փոխկախվածություն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, իրոք, կա, ինչպես կա նաև մրցակցություն։ 1972-ին, երբ Ռիչարդ Նիքսոնը Չինաստանում էր, և Մաո Ցզեդունի հետ նրանք «պինգպոնգային դիվանագիտության» հիմքը դրեցին, աշխարհում ոչ մեկի մտքով չէր անցնի, թե փոքրիկ գնդակն այդքան հեռու կթռչի։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ