«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ

ՎՐԱՑ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ՄԱՍԻՆ
17.09.2010 | 00:00

Վրաստանը մտել է քաղաքական նոր փուլ, երբ արտաքին քաղաքական հարաբերությունների տևական ցուցադրական ռեժիմից հետո «վրացական փորձը» վերափոխվել է «վրացական հարցի»։ Մյուս «պատմական հարցերի» նման, «վրացական հարցն» ունի միջազգային նշանակություն և կոչված է դառնալու միաժամանակ թե՛ գործոն, թե՛ առիթ` կովկասյան գործերին շահագրգիռ պետությունների քիչ թե շատ կանոնավոր միջամտության համար։ Առայժմ չկան բավականաչափ նշաններ, որոնք թույլ կտային հասկանալ, թե որքանով է վրացական վերնախավը (քաղաքական տարբեր կողմնորոշման) ընկալել այդ հեռանկարը և որքանով է հասկանում դրա առավելությունները, ինչպես նաև սպառնալիքներն ու վտանգները։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահագրգռության նվազումը պայմանավորված է ոչ միայն ընդհանուր արտաքին քաղաքական առաջնայնություններով և միջազգային հարաբերությունների որոշ ուղղություններում արված դադարով։ Հարավային Կովկասն «օբյեկտիվորեն» մասամբ կորցրել է իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գործառույթները, այն է` վառելիքափոխադրական և ռազմատարանցային խնդիրները։ Վրաստանի այժմյան վիճակը (կորցրած տարածքներ, ոստիկանական, մասամբ ժողովրդավարական պետություն, ոչ հավակնոտ տնտեսական մոդել, հարևանների հետ, բացի Ռուսաստանից, համեմատաբար հարթ, ինչպես Արևմուտքում են գնահատում, հարաբերություններ, լիբերալ, արևմտամետ վերնախավի առկայություն, որը պատրաստ է սերտորեն համագործակցելու Արևմտյան ընկերակցության ուժի ցանկացած կենտրոնի հետ) Արևմուտքի պետությունների` ԱՄՆ-ի և եվրոպական առաջատար երկրների, Հարավային Կովկասի, ինչպես նաև Թուրքիայի և Իրանի համար դարձել է իդեալական դաշտ` «վրացական հարցի» օգտագործման համար։ Կարելի է ընդունել, որ նախագահ Մ. Սաակաշվիլու կառավարող թիմը, ինչպես նաև մյուս քաղաքական խմբավորումները հասկանում են, որ դա Վրաստանի համար երկարատև գոյության վատագույն մոդելը չէ, և հնարավորինս աշխատում են հարմարվել այդ վիճակին։ Բայց ինչ թիմ էլ գտնվի երկրի իշխանության ղեկին, նա փորձելու է բարելավել դրությունն անվտանգության, պաշտպանության և տնտեսության ոլորտում։ Հարավկովկասյան միջանցքի կայուն երթուղու հաստատման շատ հույսեր այդպես էլ չարդարացան, որտեղ Վրաստանը պետք է առանցքային դեր ունենար։ Թեև քիչ բան չի արվել, նախ և առաջ, վառելիքատարանցման հարցում։ Բայց այս հեռանկարը, որի հետ կապվում էին ոչ միայն երկրի տնտեսական առավելությունները, այլև անվտանգությունը, սահմանափակ է` հիմնականում Ռուսաստանի հետ առճակատման հարաբերությունների պատճառով, ինչպես նաև Թուրքիայի արտաքին քաղաքական կողմնորոշման ու խնդիրների փոփոխման կապակցությամբ։ Ըստ էության, թուրք-ամերիկյան հարաբերությունների արմատական վատացումից հետո այդ «միջանցքը», իրոք, դարձավ միջանցք` ընկած երկու տերության միջև։ Վրաստանը չի կարող նպաստավոր ակնկալիքներ ունենալ ՆԱՏՕ-ին անդամակցության առնչությամբ և, առավել ևս` Եվրամիությանը։ Վրաստանի աշխարհաքաղաքական վիճակը նկատելիորեն փոխվել է և` բացահայտորեն դեպի վատը, ինչը նրան ստիպում է առավելագույնս օգտվել այն սահմանափակ արտաքին քաղաքական հնարավորություններից, որոնք, վրացական ղեկավարության կարծիքով, դեռ կան Հարավային Կովկասում։ Նախկինում Վրաստանն աշխատում էր օգտվել ՎՈՒԱՄ նախագծից, բայց այդ նախագծի ձախողումից հետո վերջին ժամանակներս սկսել է խոսել ՎՈՒԱՄ-ի փոքր տարբերակի, այսինքն, Ադրբեջանի հետ ինչ-որ համադաշնություն ստեղծելու մասին։
Վրացական, ադրբեջանական և թուրքական տարբեր հեղինակների մեկնաբանություններում շատ կասկածելի գնահատականներ են տրվում վրաց-ադրբեջանական դաշնության ստեղծման հեռանկարներին, ինչը, որպես կանոն, բացատրվում է Ադրբեջանի ու Վրաստանի շահերի անհամատեղելիությամբ և վատ համադրելիությամբ, արտաքին քաղաքական իրադրության խնդրահարուցության առումով միմյանց հանդեպ երկու կողմերի ունեցած երկյուղներով, բարդ «հանգույց» ստեղծելու առումով արտաքին կողմերի համար անհարմար հանգամանքներով, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Վրաստանին սպառնացող ժողովրդագրական վտանգով։ Միաժամանակ, կան շատ գործոններ ու հանգամանքներ, որոնք նպաստավոր են երկու երկրների մերձեցման, ինչ-որ դաշինքի, գուցե և համադաշնություն ստեղծելու համար` թեկուզ և անավարտ, թույլ համախմբված ձևաչափով։ Վրաստանի ու Ադրբեջանի իրադրությունը շատ նմանություններ ունի քաղաքական և աշխարհատնտեսական իմաստով, և համադաշնության գաղափարը պատահական չի ծնվել, թեև ակնհայտ է, որ երկու երկրների քաղաքական խավին ու հասարակությանն ամենևին էլ հասկանալի չեն այդ մոգոնվածքի նպատակները։ Իհարկե, պատահական չէ և այն, որ համադաշնության գաղափարն առաջադրել է հենց Վրաստանը, որն ավելի խոցելի վիճակում է։ Կասկած չկա, որ երկկողմ համադաշնության գաղափարը երկու երկրներում շատ մանրամասնորեն քննության կառնվի, և երկու նախագահները չեն կարողանա այդ նախագիծը լիակատար վստահությամբ ավարտին հասցնել, առանց հաշվի առնելու արտաքին քաղաքական պայմանները։
Իհարկե, այնպիսի պետություններ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Թուրքիան ու Ռուսաստանը, ինչպես նաև եվրոպական կառույցներն իրենց կարծիքը կհայտնեն այդ առնչությամբ, և շատ շուտով կպարզվեն այն խնդիրները, որոնցով հղի է այդ գաղափարը։ Այժմ կարելի է լիակատար վստահությամբ պնդել, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանն ամենևին շահագրգռված չեն նման սցենարի զարգացմամբ, քանի որ դա անպայման կհանգեցնի լարվածության սրմանը տարածաշրջանում և ոչ մի լավ բան չի խոստանում անվտանգության ու կայունության ոլորտում։ ԱՄՆ-ին լիովին բավարարում է այն իրավիճակը, որն այս փուլում առկա է Հարավային Կովկասում, և նա չէր ցանկանա Ռուսաստանին առիթ տալ տարածաշրջանի երկրների վրա ճնշման արմատական հնարքներ գործադրելու համար։ Թեև, որոշակի պատկերացմամբ, լարվածության սրումը, եթե այն հանգեցնելու է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատացմանը, կարող է շատ ընդունելի լինել ԱՄՆ-ի համար։
Թուրքիան բացահայտորեն անպատրաստ է նման հեռանկարի ընկալմանը, որը կարող է տարածաշրջանում նրա քաղաքականությունը դարձնել ադրբեջանական կամակորությունների ու սադրանքների պատանդ։ Թուրքիան ոչ մի երաշխիք չունի, որ այդ համադաշնության ստեղծման շնորհիվ իր դիրքերը Հարավային Կովկասում կամրանան, թեև, հետևելով տրամաբանությանը, հենց այդպես էլ պետք է լինի։ Բանն այն է, որ տվյալ իրավիճակում շատ դժվար է հաշվարկել ուժերի ապագա դասավորությունը, համենայն դեպս, Թուրքիան դրանով լուրջ դիմակայության մեջ կմտնի Ռուսաստանի հետ։ Կարող է առաջանալ բավականին հակասական դրություն, երբ ստեղծված համադաշնությունը կդառնա փակուղի կամ «կողպեք»` Հարավային Կովկասում Թուրքիայի ինտեգրման ճանապարհին։ Ավելի հավանական է, որ Թուրքիան, այնուամենայնիվ, շահագրգռված է Վրաստանի ու Ադրբեջանի մերձեցմամբ, նրանց հարաբերությունների զարգացմամբ, բայց չէր ցանկանա, որ ստեղծվի այնպիսի վիճակ, երբ երկու երկրներն անմիջական փոխադարձ պատասխանատվություն կրեն պաշտպանության ու անվտանգության առումով։ Թուրքիայի ու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի և Վրաստանի ու Ադրբեջանի միջև եղած ներկա պայմանագրերը լիովին համապատասխանում են անվտանգ համագործակցության անհրաժեշտ մակարդակին, նախ և առաջ, ելնելով Թուրքիայի շահերից։ Կարելի է ենթադրել, որ Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կարող են հասնել այնպիսի համաձայնության, որը հնարավորություն կտա զերծ մնալու պաշտպանության և անվտանգության հարցերի լուծումից, թեև այդ դեպքում էլ ի՞նչ կմնա համադաշնության գաղափարից։ Փաստ է այն, որ Վրաստանն ու Ադրբեջանը երկուստեք շահագրգռված են այդ նախագծի իրագործմամբ, և ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց` այն որպես կոնկրետ քաղաքական քայլերի առարկա դիտարկելու ճանապարհին։
Կովկասյան երկու պետությունների համադաշնության ստեղծման նպատակն ամենևին էլ տնտեսության ոլորտում նրանց հարաբերություններն ավելի սերտացնելը չէ, այլ այդ երկրների կյանքում առանցքային դեր խաղացող մի շարք հարցեր լուծելու ցանկությունը։ Ադրբեջանը կցանկանար կանխապահովել Վրաստանի աջակցությունը Հայաստանի հետ պատերազմի ժամանակ, այսինքն` շրջափակել նրան ու մեծ վնաս պատճառել տնտեսությանը և կենսագործունեությանը։ Վրաստանը կկարողանար «տարածքային ամբողջականության» սկզբունքի պաշտպանության առթիվ միջազգային ասպարեզում նախաձեռնություններ ծավալելու համար օգտվել Ադրբեջանի հետ համերաշխ գործողություններից։ Վրաստանը հասկանում է, որ եթե հիմա չլուծի Ջավախքի հայ բնակչության խնդիրը, ապա հետագայում հարկադրված կլինի հաշվի նստել այդ բնակչության սոցիալ-մշակութային և կրոնական իրավունքների հետ։ Խնդրահարույց է մնում միայն այն, թե որքանով է Ադրբեջանի համար ընդունելի կոշտ առճակատումը Ռուսաստանի հետ, նրա ինչին կարող է պետք լինել դա, ինչ արդյունքներ կարող է սպասել դրանից։ Բայց քաղաքական շանտաժի և նոր փաստարկների առաջացման առումով Ադրբեջանի մասնակցությունն առճակատմանը միանգամայն արդարացված է և հնարավոր։ Պետք է ասել, որ Հայաստանը շրջափակելու Վրաստանի ցանկացած փորձ հաղորդուղիների առումով կընկալվի որպես պատերազմի հայտարարում, և հայկական բանակը ստիպված կլինի հսկողության տակ առնել վրացական հաղորդուղիները, որոնցից կախված է Հայաստանի կենսագործունեությունը։
Այսպիսով, դեռ իրականության մոտավոր տարր անգամ չդարձած, համադաշնության գաղափարը դարձել է որոշակի բանավեճի առարկա, առնվազն տարածաշրջանային նշանակության, դարձել է լարվածության սրման գործոն, և , անշուշտ, իր վրա է հրավիրում տարբեր երկրների քաղաքական նախագծողների ուշադրությունը։ Բացառված չէ, որ այդ բանավեճի ծավալմանը զուգընթաց առաջանում է տարածաշրջանային բարդ իրավիճակ, որտեղ կլինեն հաջողակ կողմեր, բայց կլինեն նաև պարտվողներ։ Դա դարձել է ևս մեկ օրինակ, թե վճռական նախաձեռնությունն ու համապատասխան գաղափարն ինչպես կարող են դառնալ քաղաքական նոր գործընթացի տանող ուժ։ Տվյալ նախաձեռնությունն ուղղված է երկու պետության` Ռուսաստանի ու Հայաստանի դեմ, ինչպես նաև, որոշ իմաստով, մարտահրավեր է և՛ Արևմտյան ընկերակցությանը, և՛ Թուրքիային, որոնք Վրաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կարծիքով, անտեսել են իրենց շահերը ճգնաժամային իրավիճակների և տարբեր հարցերի շուրջ բանակցությունների ընթացքում։ Հայաստանին բախում է սպասում երկու ճակատով, փաստորեն, լիակատար մեկուսացման պայմաններում, և նա պետք է անպայման հաղթի այդ լայնածավալ պատերազմում։ Այդ պատերազմի արդյունքում Հայաստանի առջև չեն կարող կանգնած լինել սահմանափակ խնդիրներ, որ կային ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ։ Չնայած ուժերի բացահայտ գերազանցությանը, պատերազմը պետք է հանգեցնի Վրաստանի ու Ադրբեջանի փլուզմանը` որպես պետությունների, և սահմանների վերաձևմանը։ Վրաստանն ու Ադրբեջանն ընդունակ չեն կազմակերպելու քիչ թե շատ մարտունակ բանակներ, նրանք կարող են միայն պաշտպանական բնույթի կազմավորումներ ստեղծել։ Ռազմական առումով երկու պետությունները դատապարտված են, և ոչ մի հեռանկար չունեն որոշ, գոնե մարտավարական, հաջողության հասնելու համար։ Հայաստանը պետք է հասկանա, որ հարկ կլինի ի մի բերել բոլոր պաշարները և նվաճել այնպիսի սահմաններ, որոնք Սև և Կասպից ծովերը միացնեն մեկ միասնական «միջանցքով»։ Անկախ Ռուսաստանի ու Հայաստանի փոխօգնության պայմանագրի գոյությունից, ինչպես նաև այնպիսի երևութական դաշինքի գոյությունից, ինչպիսին ՀԱՊԿ-ն է, Ռուսաստանը, անկասկած, կմասնակցի այդ պատերազմին, և Հայաստանի խնդիրն է թույլ չտալ Ռուսաստանին սահմանափակվելու տեղային, աննշան մարտավարական գործողություններով, այլ մասնակցելու լիապարփակ պատերազմի։ Ռուսաստանը չպետք է պատրանքներ ունենա, թե կկարողանա մնալ գործողությունների սահմանափակ մասնակցի դերում, կամ էլ Վրաստանի և Ադրբեջանի դեմ կգործադրի միայն մարտական ավիացիա կամ Սև և Կասպից ծովերի նավատորմերը։
Այդ պատերազմում կարևոր դեր կխաղա Իրանը, որը հազիվ թե անմիջական մասնակցություն ցուցաբերի մարտական գործողություններին, բայց բոլոր հնարավորությունները կգործադրի Հայաստանին աջակցելու համար, այդ թվում նաև` ռազմավարական նյութերի ու զինամթերքի մատակարարումներով։ Այս ամենի շուրջ հարկավոր է պայմանավորվել արդեն հիմա, և որքան շուտ, այնքան լավ։ Հայաստանի համար այդ պատերազմը պետք է «գյուտ» լինի` Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման, տարածաշրջանի առանցքային պետություն դառնալու առումով, որի օգնությամբ Ռուսաստանն ու Իրանը կկարողանային լուծել 21-րդ դարի իրենց բոլոր խնդիրները ռազմավարական այդ ուղղությամբ։ ՈՒստի այդ իրադարձությունները համարել ինչ-որ դրվագային, պատմական հեռանկարի տեսակետից, պարզապես հանցավոր կլինի։ Այդ պատերազմը կխառնի ոչ միայն Թուրքիայի և մեր կովկասյան հարևանների, այլև Ռուսաստանի և Իրանի խաղաթղթերը, որոնք հույս ունեն լուրջ խաղ խաղալ Հայաստանի մեկուսացման և շրջափակման շնորհիվ, այսինքն, այն վիճակի, որում հիմա գտնվում է Հայաստանը։ Չի կարելի թույլ տալ, որ Ռուսաստանը հաջողությամբ նոր խաղ սարքի Ադրբեջանի ներկլանման նպատակով։
Թուրքիան փորձ կանի ներգործելու Հայաստանի վրա, հնարավոր է ռազմական գործողություններ սկսի, ինչը կհանգեցնի տարածաշրջանային մեծ պատերազմի։ Սկզբնական շրջանում Թուրքիան կփորձի Հայաստանի վրա ազդել ոչ լայնածավալ գործողություններով, աշխատելով հակամարտության մեջ չներքաշել Ռուսաստանին։ Բայց իրադարձությունների զարգացումը կհանգեցնի կամ Ռուսաստանի և Թուրքիայի բախմանը, կամ պատերազմական գործողությունները կասեցնելու փոխպայմանավորվածության, բայց ամեն պարագայում Հայաստանը կջանա առավելագույն վնասը պատճառել Վրաստանին ու Ադրբեջանին և տիրանալ նրանց, որքան հնարավոր է, մեծ տարածքների, այդ թվում` ծովային նավահանգիստների։
Եթե որևէ մեկը չի պատկերացնում, թե այդ իրադարձություններին ինչպես կարձագանքի ԱՄՆ-ը, ապա իզուր է կարծում, թե դժվար է դա հասկանալ։ Այդ պատերազմը, ինչ ձևաչափով էլ այն ընթանա, ինչ արդյունք էլ տա, ԱՄՆ-ի համար պատրվակ կլինի փորձել զորքերը մտցնելու տարածաշրջան, քանի որ այստեղ իրավիճակի արմատական փոփոխությունն առանց ամերիկացիների մասնակցության կհանգեցնի տարածաշրջանային և միջտարածաշրջանային խաղերի հիմնական դերակատարների թվից նրանց բացառման։ ՆԱՏՕ-ն ևս կմասնակցի այդ իրադարձություններին, բայց հազիվ թե եվրոպացիները ցանկանան արագորեն հայտնվել Հարավային Կովկասի շրջանում, նրանք կգան միայն «ծեծկռտուքի» հիմնական մասից հետո։ Այս ամենն Արևմուտքի առջև լուրջ ընտրության խնդիր կդնի տվյալ իրավիճակում, և ՆԱՏՕ-ն «պաշտոնապես» պետք է հոգ տանի իր անդամի` Թուրքիայի, անվտանգության մասին։ Բայց ինչպե՞ս կարձագանքեն ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը, եթե Թուրքիան միակողմանի դիրք բռնի և հանդես գա ի պաշտպանություն Ադրբեջանի, հնարավոր է և` Վրաստանի։ Բայց շատ հնարավոր է մեկ այլ սցենար. Թուրքիան ու Ռուսաստանը շատ բարդ վիճակում հայտնվեն և, հնարավոր է, Արևմտյան ընկերակցությունը շահագրգռված լինի նրանց բախմամբ։
Պետք է հասկանալ, որ ներկա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրադրությունը ծայրաստիճան աննպաստ է Հայաստանի համար, որը հարկադրված է գտնվել սպասողական վիճակում` հավերժորեն պաշտպանվող ու արդարացող, այդպես էլ չլսելով միջազգային ընկերակցության կողմից Ադրբեջանի գործողությունների արդար և գործուն գնահատականները։ Վերջին ժամանակներս հայկական վերնախավը, նախ և առաջ զինվորականները, սկսել են հասկանալ այս իրողությունը և ակտիվորեն մտորում են այդ թեմայով։ Որքան էլ երկիրը լավ պատրաստված լինի պատերազմի, մարդը դրան լիովին պատրաստված լինել չի կարող։ Սա հասկանալի է, և ոչ մի վնասակար բան չկա այն բանում, որ հայկական գիտակցությունը ռազմատենչ չէ։ Հայ հասարակությունը պատրաստ է արագացված կարգով ընդունելու հավաքական և անհատական որոշումները։
Համադաշնության գաղափարը մի մարտահրավեր է, որը պատշաճ միջազգային գնահատական չի ստանալու, ուստի և պետք է այդ մարտահրավերը պատասխան ստանա։
Եթե վրաց-ադրբեջանական համադաշնության այդ գաղափարը չլիներ, հարկ կլիներ հնարել այն։
Հ. Գ. -Խնդրի առնչությամբ «Իրատես de facto»-ն հրավիրում է բանավեճի և պատրաստ է տպագրելու այլ կարծիքներ ևս։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ