«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ 11110, ԿԱՄ ՎԿԱՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐ ԹԻՎ 11110, ԿԱՄ ՎԿԱՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՉԵՆ ԱՊՐՈՒՄ
21.05.2010 | 00:00

Նախորդ հոդվածներում ես այնքան հաճախ եմ կրկնել` «ԱՄՆ-ի իրական տերը ԴՊՀ-ն հիմնադրած միջազգային հրեա բանկիրներն են», որ ընթերցողը լիակատար իրավունք ունի հարցնելու, ավելի ճիշտ, պահանջելու ասվածը հիմնավորող ապացույցներ։ ՈՒ թեև այս հոդվածից սկսած ներկայացվելիք իրադարձությունները կատարվել են միջին ու ավագ սերնդի մարդկանց աչքերի առջև, կարելի է ասել` «մեր օրերում», ինչը չի պարտադրում պատմությունից հիմնարար գիտելիքներ ունենալու անհրաժեշտությունը, բայց և այնպես, հարկ եմ համարում որոշ բացատրություններ տալ։ Թերևս երբեք ԴՊՀ-ի տնօրինած հնարավորությունների սահմանները կամ, ավելի ճիշտ, անսահմանությունն այդքան բացահայտ ու հանդուգն չեն դրսևորվել, ինչպես ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության հանգամանքների հետաքննության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ նպատակահարմար է այս և հաջորդ հոդվածում պատմել բացառապես այն դեպքերի մասին, որոնք միայն առաջին հայացքից չեն հատվում «տնտեսական ճգնաժամ» հասկացության հետ։ Եվ այսպես։
Նախագահը, Տեխասի նահանգապետը և նրանց կանայք իրենց ողջունող ամերիկացիներին ի պատասխան ձեռքով էին անում։ Հրաշալի արևոտ օր էր` գերազանց տեսանելիությամբ, իսկ առանց ծածկի նախագահական «Լինկոլն Կոնտինենտալ» ավտոմեքենան հրաշալիորեն համադրվում էր շրջակա միջավայրի հետ։ Կարելի էր չափազանց հաջող կադրեր լուսանկարել։ Եվ իսկապես էլ, դանդաղորեն շարժվող թափորը նկարահանում էին տասնյակ լուսանկարիչներ և օպերատորներ, որոնց մեջ շատ էին նաև «սիրողները»։ Մեքենայի հետևի նստատեղին նախագահական զույգն էր, առջևի ծալովի նստատեղին` նահանգապետականը։ Մարդիկ հրաշալի տրամադրություն ունեին, Դալասն էլ տոնականորեն զարդարված էր։ Ընդհանուր աղմուկին ավելանում էին նաև ողջույնի բազմաթիվ ձայները, այդ պատճառով էլ Ժակլին Քենեդին չլսեց չոր, ավտոմեքենայի արտաժայթքման տրաքոց հիշեցնող ձայնը։ Դեմքով դեպի ամբոխը` նա թափահարում էր ձեռքը և միայն շրջվելիս տեսավ, որ ամուսնու մարմինը սկսում է փուլ գալ իր ուսին։ Նրա դեմքը ցավից աղավաղվել էր, աջ ձեռքով սեղմել էր վիզը, որտեղից հորդում էր արյունը։
«Աստված իմ, այս ի՞նչ արեցին,- հուսահատ ճչաց Ժակլինը։- Աստված իմ, նրանք սպանեցին ամուսնուս»։
Գովազդային վահանակի մոտ կանգնած անհայտ անձը հենց այդ պահին բացեց հովանոցն ու սկսեց դրանով տարբեր շարժումներ անել։ Երկնքում ամպի հետք անգամ չկար, օդի ջերմաստիճանը +20 էր, այսինքն, ամենևին էլ շոգ չէր։ Թե ում և ինչ նշաններ էր անում այդ անձը, ոչ ոք այդ պահին ուշադրություն չդարձրեց։
Առջևում կնոջ ձեռքերի վրա ընկավ նահանգապետ Ջոն Կոնելին, արյունոտ բիծը սկսեց արագորեն տարածվել նրա հագուստի վրայով։ Այդ շարժումը, թերևս, փրկեց նրա կյանքը։ Հաջորդ գնդակը, բառիս բուն իմաստով, ցրիվ տվեց ԱՄՆ-ի նախագահի գլուխը։ Ժակլին Քենեդին տեսավ, թե ինչպես իր ամուսնու գանգից մի կտոր թռավ ու ընկավ «Լինկոլնի» հետևի ծածկոցի վրա։ Ինքն էլ չհասկանալով, թե ինչ է անում, նա թողեց մահացող ամուսնուն ու նետվեց դեպի ծածկոցը` ամուսնու գլխի արնաշաղախ կտորը բարձրացնելու մտադրությամբ...
Մահացու վիրավոր նախագահին հասցրին հիվանդանոց, որտեղ էլ նա 35 րոպե անց մահացավ առանց ուշքի գալու։ Դա տեղի ունեցավ 1963 թվականի նոյեմբերի 22-ին` Տեխասի նահանգի Դալաս քաղաքում, ժամը 12-ն անց 35 րոպեին։ Արդեն անցել է շուրջ 47 տարի, բայց մինչ օրս էլ «Ո՞վ սպանեց Սպիտակ տան 35-րդ ղեկավարին» հարցը մնացել է անպատասխան։ Կա պաշտոնական վարկած, ըստ որի, Ջոն Քենեդուն իտալական արտադրության «Մանլիխեր-Կառկանո» դիպուկահարային հրացանից սպանել է Լի Հարվի Օսվալդը` միայնակ մարդասպանը։ Մարդասպանը կրակել է դպրոցի շենքի 6-րդ հարկում գտնվող գրապահոցից, որտեղ և աշխատում էր։ Սակայն այդ պատմության մեջ այնքան շատ առեղծվածային պահեր կան, որ ամերիկացիների մեծամասնությունը նախագահի սպանության պաշտոնական վարկածն ուղղակի լուրջ չի ընդունում։ Եվ պետք է խոստովանել, որ բոլոր հիմքերը կան այդպես մտածելու։
Տարօրինակությունները սկսվեցին ողբերգությունից անմիջապես հետո։ Տեղանքի զննում անցկացնող ոստիկանությունն անմիջապես գլխի ընկավ, որ դիպուկահարը պետք է կրակած լիներ հենց դպրոցի շենքից։ Ոստիկաններն այնտեղ հայտնաբերեցին բաց պատուհան, երեք պարկուճ և հրացան, որը գրանցված էր Լի Հարվի Օսվալդի անունով և, ինչպես պարզվեց ավելի ուշ, զենքի վրա առկա էին անգամ նրա մատնահետքերը։ Քենեդու մահից ընդամենը 40 րոպե անց ոստիկանությունն արդեն գիտեր ենթադրյալ մարդասպանի անունը, արտաքին նշանները և բնակության վայրը։ Դարի հանցագործության բացահայտումն այլևս ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Մարդասպանը չէր փոխել արտաքինը, չէր թաքնվել, սակայն ոստիկանությունը, քաջատեղյակ, թե որտեղ է ապրում Օսվալդը, չգիտես ինչու, գործակալներ չուղարկեց այդ հասցեով։ Նրան պատահաբար տեսան... փողոցում։ Ոստիկանության սերժանտ Ջոն Տիպիտը, նկատելով արտաքին նշաններով նման մի մարդու, փորձեց բռնել նրան։ Վերջինս անսպասելիորեն հանեց ատրճանակն ու գնդակահարեց նրան։ Դալասում գործում էին ոստիկանական նույն կանոնները, ինչ և մնացած Ամերիկայում` ոստիկանական մեքենայում պարտադիր պետք է գտնվեին երկու ոստիկան, իսկ Տիպիտը գործում էր միայնակ։ Հետո Լի Հարվին թաքնվեց «Տեխաս» կինոթատրոնի շենքում, որն անմիջապես շրջապատեց ոստիկանությունը և առանց կրակոցի ձերբակալեց նրան։ Պաշտոնական վարկածի համաձայն, Օսվալդի ատրճանակի գնդակը լռվել էր փողում։ Ոստիկանի սպանության մեղադրանքով ձերբակալված անձնավորությունն էլ հենց դարձավ նախագահի սպանության միակ կասկածյալը։
Սակայն ամեն ինչ ամենևին էլ այդքան պարզ չէր։ Գոյություն ունի նախագահի սպանության` 26 վայրկյան տևողությամբ կինոժապավեն, նկարահանված ոմն Աբրահամ Զապրուդերի կողմից, որի օգնությամբ Քենեդու մահվան տեսարանը կադր առ կադր ուսումնասիրության ենթարկվեց։ Ըստ պաշտոնական վարկածի` արձակվել էր երեք գնդակ, առաջինը` շեղ, երկրորդը խոցել էր նախագահի վիզն ու վիրավորել նահանգապետի կուրծքը, դաստակն ու ազդրը, երրորդը դիպել էր Քենեդու ուղիղ գլխին։ Ժապավենի վրա պարզ երևում էր, որ նախագահի մարմինը երկրորդ կրակոցի ժամանակ նետվել է հետ, իսկ գրապահոցը գտնվում էր շարժվող թափորի հետևում, և այնտեղից արձակված գնդակը պետք է որ մարմինը նետեր առաջ։ Դա պարզապես ֆիզիկայի օրենք է, և անգամ նախագահների համար դրանք փոփոխել հնարավոր չէ։ Զապրուդերի նկարահանած ժապավենի ուսումնասիրման ժամանակ ծագում են է՛լ ավելի անհարմար հարցեր։ Ստացվում էր այնպես, որ բոլոր 3 կրակոցների վրա մարդասպանը ծախսել էր մոտ 5 վայրկյան։ Տվյալ տեսակի կիսաավտոմատ հրացանի պարագայում դա թվում էր բացարձակապես անհավանական մի բան, քանի որ յուրաքանչյուր կրակոցից հետո անհրաժեշտ էր նորից քաշել փակաղակը։ Երեք կրակոց արձակելու համար անհրաժեշտ նվազագույն ժամանակը գերազանցում էր Օսվալդի «չափորոշիչը»։ Հատուկ հրավիրված երկրի լավագույն դիպուկահարները չկարողացան տեղավորվել 5 վայրկյանում, որոնց ընթացքում հասցրել էր շարժվող թիրախի վրա 2 դիպուկ կրակոց կատարել ամենևին էլ ոչ դիպուկահար Օսվալդը, որը թեև ծառայել էր ծովային հետևակում, բայց բոլորովին անպետք հրաձիգ էր։
Բայց ի՞նչ կարող էին անել հետաքննություն վարողները, եթե գրապահոցում ընկած էր 3 պարկուճ։ Այդ տարօրինակ անհամապատասխանության վրա պարզապես աչք փակեցին։ Ինչպես և շատ այլ բաների վրա։ Մենք հաճախ ենք լսել «փարավոնի անեծքի» մասին, ըստ որի, բոլոր նրանք, ովքեր մասնակցել են Թութանհամոնի դամբարանի հայտնաբերման գործին, առեղծվածային հանգամանքներում արագորեն մահացել են։ Ջոն Քենեդին դամբարան չուներ, բայց բոլոր նրանք, ովքեր դժբախտություն են ունեցել այս կամ այն չափով առնչվելու նրա մահվան հետ, մահացել են նույնքան առեղծվածային հանգամանքներում։ Մի մանրախույզ գիտնական հաշվել է անգամ, որ բոլոր այդ մահերի շղթայի մաթեմատիկական հավանականությունը կազմում է հազար տրիլիոնի 1/100-ը։ Այսինքն, համարել դրանք իրադարձությունների բնական ընթացք, բացառվում է։
«Քենեդու անեծքի» առաջին զոհը դարձավ նրա «պաշտոնական» մարդասպան Լի Հարվի Օսվալդը։ Փաստորեն, ձերբակալված լինելով հենց հանցագործության վայրում, նա, այդուհանդերձ, ժխտում էր իր դեմ հարուցված մեղադրանքը. «Ես նախագահ Քենեդուն չեմ սպանել։ Ես ոչ մեկի չեմ սպանել։ Ես չգիտեմ, թե ինչ է այս ամենը նշանակում»։ Ի դեպ, փաստաբան հրավիրել նրան այդպես էլ թույլ չտվեցին։ Իսկ նախագահի մահից երկու օր անց, մի բանտից մյուսը տեղափոխելու ժամանակ, Օսվալդին դիմահար գնդակահարեցին։ Մարդասպան Ջեկ Ռուբինշտեյնը (Ջեկ Ռուբի) ոստիկանության վարչություն մտնելու թույլտվություն չուներ։ Ասենք, դա նրան պետք էլ չեկավ։
Միայն պատկերացրեք` երկրի նախագահի սպանության մեջ կասկածվող միակ անձի կողքին թույլ տվեցին առանց որևէ դժվարության հայտնվելու, փաստորեն, փողոցում կանգնած կողմնակի մեկին, որն էլ սպանեց նրան։ Եվ ոչ թե հեռահար կրակոցով, այլ, բառիս բուն իմաստով, դիմահար գնդակահարեց նրան, 38 տրամաչափի ատրճանակի փողը հենելով նրա կողերին։ Եվ դա` հետաքննության հենց սկզբում, այն էլ մի երկրում, որտեղ գործում են, թերևս, վկաների և հենց մարդասպանի անվտանգությունն ապահովող աշխարհի ամենախիստ օրենքները։
Դա աներևակայելի էր, դա չէր կարող իրական լինել։ Բայց ամեն ինչ հենց այդպես էլ կար։ Մահափորձից հետո Լի Հարվի Օսվալդը դեռևս ողջ էր։ Նրան արագորեն տեղափոխեցին բանտի գրասենյակ։ Գաղտնի ծառայության գլխավոր գործակալ Ֆորեսթ Սորֆելըրզը արյունաքամ եղող Օսվալդի կողքին տեսավ «քաղաքացիական հագուստով անծանոթ մի ոստիկանի», որը ծնկի իջած արհեստական շնչառություն էր տալիս տուժածին։ Արհեստական շնչառության մի քանի փորձերից հետո վիրավորի որովայնից արյունը շատրվանի նման դուրս հորդեց, և Լի Հարվի Օսվալդը տեղում մահացավ։
Ջոն Քենեդին ԱՄՆ-ի 4-րդ նախագահն էր, որ դարձավ սպանության զոհ։ Մինչ այդ սպանվել էին նախագահներ Աբրահամ Լինկոլնը, Ջեյմս Գարֆիլդը և ՈՒիլյամ Մակքինլին։ Հենց միայն դա աչքի առաջ ունենալով` ամերիկյան հատուկ ծառայությունները պարտավոր էին մշտապես գտնվելու աչալուրջ վիճակում։ ՈՒ եթե արդեն իսկ անզոր գտնվեցին պաշտպանելու նախագահին մարդասպանից, գոնե կասկածյալի պահպանությունն ապահովելը նրանց համար պետք է պատվի հարց դառնար։
Սակայն արյունոտ «հրաշքները» հաջորդում էին մեկը մյուսին։ Ընդամենը երկու տարվա ընթացքում առեղծվածային հանգամանքներում կյանքից հեռացավ 62 կարևորագույն վկա, ովքեր կարող էին շատ բան պատմել։
Բերեմ ընդամենը մի քանի փաստ.
Ոստիկան Ջեկ Հանթերը, որն սպանությունից անմիջապես հետո եղել էր Օսվալդի բնակարանում, սպանվեց ոստիկանական բաժանմունքում։ Ըստ պաշտոնական վարկածի` իբր ինքնաբերաբար կրակել էր նրա ատրճանակը։
Լրագրող Ջեմ Կոսերը, որը Հանթերի հետ զննել էր Օսվալդի բնակարանը, գնդակահարվեց սեփական տանը։
Տաքսիստը, որը նախագահի սպանության օրն Օսվալդին գրապահոցից տուն էր տարել, մեկ շաբաթ անց զոհվեց ավտովթարից։
Առանցքային վկա Լի Բաուերեն, որը տեսել էր, թե ինչպես են ցանկապատի հետևից կրակում «երկու տղամարդ», դարձավ ավտովթարի զոհ։
Աշխարհի հնագույն մասնագիտության տեր Ռոուզ Հերամին, որը գիշերն անցկացրել էր ԿՀՎ-ի հարբած սպայի հետ, որն ասել էր նրան, թե «երկու օրից Քենեդուն կսպանեն», նույնպես մահացու ելքով ավտովթարի զոհ դարձավ։ Ընդ որում, ավտովթարի պատճառ դարձած մեքենայի վարորդին այդպես էլ չգտան։
Վիրաբույժին, որը հերձել էր նախագահի մարմինը և նկարահանել դրա ընթացքը ժապավենի վրա, գտան իր տանը` ինքնասպան եղած։ Լինելով ձախլիկ` նա ատրճանակը սեղմել էր աջ ձեռքում։ Նկարահանված ժապավենն անհետացել էր։
Իսկ թե ինչ խորհրդավոր կապ գոյություն ունի այս ամենի և ԴՊՀ-ի միջև, կփորձեմ ներկայացնել հաջորդ հոդվածում։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1387

Մեկնաբանություններ