Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«ԽՈՐԱՄԱՆԿ ԹՅՈՒՐՔԵՐԸ» ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ԱՐԹՆԱՑՆԵԼ ՔՆԱԾ ԱՐՋԻՆ»

«ԽՈՐԱՄԱՆԿ ԹՅՈՒՐՔԵՐԸ» ՉԵՆ ՈՒԶՈՒՄ «ԱՐԹՆԱՑՆԵԼ ՔՆԱԾ ԱՐՋԻՆ»
07.02.2012 | 00:00

Աշխարհում տեղի ունեցող կարևոր, հաճախ նաև արյունալի իրադարձությունների մեջ առաջին հայացքից լիովին մոռացվել ու անգամ հրատապությունը կորցրել է այնպիսի լուրջ և, անշուշտ, հեռագնա հետևանքներով հղի թեմա, ինչպիսին «թյուրքական աշխարհի միասնությունն» է։ Ավելին, չնայած այդ գաղափարի ջատագովների բոլոր ջանքերին, ՈՒզբեկստանը դեռևս համառորեն «թյուրքական խաղեր» չի խաղում, իսկ գազով հարուստ Թուրքմենստանի համար էթնիկ եղբայրների հետ աննշան ինտրիգներն առայժմ ժամանակավոր քմայքից այն կողմ չեն անցնում։ Իրոք, թյուրքախոս պետությունների ու մի շարք այլ խոշոր տերությունների միություն ստեղծելու նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ոմանց համար միասնական դաշնախմբի մեջ միավորումը հակասում է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական սեփական շահերին։ ՈՒրիշները համարում են, որ նման միավորումը կապահովեր տարածաշրջանի կայունությունը և յուրատեսակ բաժանարար գոտի կդառնար մի կողմից Չինաստանի ու Հնդկաստանի, մյուս կողմից` Եվրոպայի ու Ռուսաստանի միջև։ Բայց ինչ էլ լինի, «թյուրքական գործը» տեղում չի դոփում և ամեն պահի կարող է պահանջարկված լինել, այդ թվում` համընդհանուր աշխարհաքաղաքական խաղերում։
Իսկ առայժմ նախկին խորհրդային տարածությունում, որտեղ դեռ չեն լռում մեկնաբանություններն ԱՊՀ-ում ազատ առևտրի մասին «պատմական» համաձայնագրի, Մաքսային միությունից Միասնական տնտեսական տարածության անցնելու և այդ ամենը Պուտինի առաջարկած Եվրասիական միության վերափոխվելու հեռանկարների առթիվ, հանգիստ, առանց առանձնակի աղմուկի, ինքնըստինքյան տեղի է ունենում ոչ պակաս «պատմական գործընթաց»։ Այսպես, Ղազախստանում, թյուրքախոս պետությունների համագործակցության` Թյուրքական խորհրդի վերջին հավաքում Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Թուրքիայի ղեկավարները մի շարք նշանակալի որոշումներ ընդունեցին այդ նոր տարածաշրջանային կազմակերպության կարգավիճակի վերաբերյալ և նշեցին Թյուրքական խորհրդի մեջ մտնող պետությունների առևտրատնտեսական և մշակութային-հասարակական միավորման գերակայությունները։ Թուրքիային հաջողվեց հասնել այն բանին, որ Թյուրքական խորհրդի քարտուղարության նստավայրը լինի Ստամբուլում։ Խորհրդի գլխավոր քարտուղար դարձավ Ռուսաստանում Թուրքիայի նախկին դեսպան Խալիլ Աքընջին։ Առաջին երեք տարում քարտուղարության ֆինանսավորումն ստանձնեց Թուրքիայի կառավարությունը։ Գագաթնաժողովի որոշմամբ` պաշտոնապես կազմավորված Թյուրքական խորհուրդն ստացավ ղեկավար մարմիններ` Պետությունների ղեկավարների խորհուրդ, Արտաքին գործերի նախարարների խորհուրդ, Ավագանի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կոմիտե։ Բացի այդ, որոշվեց կազմակերպել Թյուրքական գործարար խորհուրդ, որի գործունեությունը նպատակամղված կլինի տնտեսական և առևտրական կապերի ընդլայնմանը։ Դրանով թյուրքական միավորման գաղափարախոսներն առաջին անգամ ստացան իրագործման համար անհրաժեշտ սահմանակարգեր։ «Թյուրքական ներմիավորման» զարգացման գործում Ղազախստանի առանձնահատուկ ծառայությունները կարևորվեցին նրանով, որ Աստանան հռչակվեց «Թյուրքական աշխարհի 2012 թվի մայրաքաղաք»։
«Թյուրքական ներմիավորման» մասնակից երկրները, ինչպես և պետք էր սպասել, ունեն նաև քաղաքական ընդհանուր շահեր։ Պատահական չէ, որ նրանց հաջողվում է միասնական դիրքորոշում մշակել միջազգային շատ հարցերում, այդ թվում` Մերձավոր Արևելքի, Լեռնային Ղարաբաղի և Կիպրոսի խնդիրների կարգավորման առնչությամբ։ Նույնը վերաբերում է համագործակցության տնտեսական, ավելի ճիշտ, աշխարհատնտեսական բաղադրիչին։ Այսպես, ելույթ ունենալով Ալմաթիում, Նազարբաևն առաջարկեց, որ Թյուրքական խորհուրդը «աշխարհագրական և էներգետիկ առումով կապող օղակ դառնա Արևելքի ու Արևմուտքի միջև»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հավելեց, որ, բացի պատմական և հոգևոր-մշակութային կապերից, թյուրքախոս պետությունները վերջին տարիներին սերտորեն շաղկապված են նաև էներգետիկ նախագծերով, որոնք ապահովում են Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի էներգապաշարների մղումը դեպի Թուրքիա, ապա և Եվրոպա։ Այս պայմաններում միանգամայն տրամաբանական է թվում ընդունված հռչակագրի հետևյալ հատվածը. «Պետությունների ղեկավարները հավաստեցին Կասպյան տարածաշրջանի էներգապաշարների հարաճուն դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, վստահություն հայտնեցին, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան ռազմավարական նավթամուղը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը ոչ միայն նպաստում են համընդհանուր էներգետիկ անվտանգությանը, այլև ապահովում են տարածաշրջանի երկրների կայուն տնտեսական զարգացումը»։ ՈՒ թեև, ընդհանուր առմամբ, հենց նավթի-գազի պաշարների արտահանումը, որոնցով այնքան հարուստ է Կենտրոնական Ասիան, առավել մեծ հնարավորություններ ունի դառնալու «թյուրքական ներմիավորման» առանցքային օղակը, օրակարգում կդրվի նաև թյուրքական երկրների է՛լ ավելի սերտ տնտեսական ներմիավորման նախագիծը, ներառյալ ապրանքների, ծառայությունների (մաքսային միություն) և աշխատուժի (անհրավեր այցեկարգ) ազատ շարժը։
Սակայն, շատ փորձագետների կարծիքով, տեսանելի ապագայում «թյուրքական ներմիավորումը» հազիվ թե դառնա Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միության նմանակն ու առավել ևս` այլընտրանքը։ Բացի այդ, «թյուրքական աշխարհի հիմնական կենտրոնների տարածքային տարանջատվածությունը մեծապես խանգարում է համատեղ տնտեսական նախագծերի իրականացմանը»։ Հասկանալի է, որ նկատի է առնվում Հայաստանի` խոչընդոտ լինելու հանգամանքը։ Այնպես որ, առայժմ գործը դեռևս հեռու է հայտարարություններից ու մտադրություններից։
Եվ այդուամենայնիվ, մի հետաքրքրական պատմական փաստ։ Պարզվում է, «Մեծ Թուրան» նախագիծը, որ «լույս աշխարհ էր եկել» անցած դարի սկզբին, ամենևին էլ թուրքական ծագում չունի։ Առաջին երկիրը, որ ծրագրված ձևով սկսեց մշակել պանթյուրքիզմի խնդիրը, Ռուսական կայսրությունն էր։ 1905-1907 թթ. ռուս-ճապոնական պատերազմի սկզբին, երբ երիտթուրքերն իրենց կոնգրեսում որոշեցին, թե «Թուրքիան պետք է պանիսլամիզմի եռանդուն քարոզչություն ծավալի», ռուսների գործողություններն սկսեցին ընթանալ պանիսլամիզմն ազգային հատկանիշներով մասնատելու ուղղությամբ։ Նկատենք` փաստաթղթերը վկայում են նաև, որ ոչ առանց Պետերբուրգի մասնակցություն են մշակվել նաև թյուրքիզմի փաստաթղթերը, որոնք հսկայական դեր խաղացին 1908 թ. երիտթուրքական հեղափոխության գործում։ Իսկ արդեն Առաջին աշխարհամարտի նախօրեին ռուսական վերլուծական հաշվետվություններում արձանագրվում էր «պանիսլամիզմի նկատմամբ պանթյուրքիզսի հաղթանակը»։ Եվ հիմա, մեկ դար անց, չի կարելի բացառել, որ հարկավոր պահին և ուժի շահագրգիռ կենտրոնների «հավանությամբ», պատմությունը կարող է կրկնվել։ Ավելին, այժմ արդեն պարզորոշ ուրվագծվում է, որ պանթյուրքիզմի ու պանիսլամիզմի փոխհարաբերությունները մի շարք չափանիշներով ոչ միայն ակտիվանում են, այլև վերստին դառնում աշխարհաքաղաքական վերաբաժանման հարցերի իրական գործիքներ։
Հասկանալի է, որ այս ամենը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ սպառնալիք է ստեղծվում էներգապաշարների առաքման շուկայում նրա գերիշխող դիրքերի համար։ Եվ առհասարակ, կասկածի տակ է դրվում նրա դերը որպես նախկին խորհրդային տարածության գլխավոր «ներմիավորողի», Թյուրքական խորհրդի` լիարժեք միջպետական միավորման վերածվելն օբյեկտիվորեն հակասության մեջ է մտնում Մաքսային միությանը Ղազախստանի` թյուրքական աշխարհի խոշորագույն տարածքն ունեցող երկրի, անդամակցության հետ։ Մեկ այլ նրբին հարց. բուն Ռուսաստանի տարածքում թյուրքական ծագում ունեցող մեծ թվով ժողովուրդներ են ապրում, որոնցից շատերն ունեն իրենց ազգային հանրապետությունները։ ՈՒստի «թյուրքական ներմիավորման» հաջող զարգացումը որոշակի հանգամանքներում կարող է դառնալ «դամոկլյան սրի» պես մի բան, որն ամենևին չի նպաստելու Ռուսաստանի պետական միասնության ամրապնդմանը։ Չէ՞ որ Ռուսաստանում, Անկարայի հետ ամեն տեսակի սիրախաղերին զուգընթաց, չեն մոռացել, որ «Թաթարներ. պատմություն և քաղաքակրթություն» գրքի շնորհանդեսին, որին ներկա էր Թուրքիայի դեսպանը, Թաթարստանի նախկին նախագահ Շայմիևը հայտարարեց, թե «թյուրք-թաթարական քաղաքակրթությունը ձգվել է Իրտիշի ափերից մինչև Ղրիմ, Կազանից մինչև Կասպից ծով», և որ ինքը հիմա մտադիր է «լրջորեն զբաղվել պատմագիտությամբ» և «Կազանի հազարամյակով»։ Այնպես որ, միանգամայն տրամաբանական է, որ որոշ ռուս փորձագետներ Թյուրքական խորհուրդն անվանում են «տարրական սադրանք, որը նպատակ ունի նոր բաժանարար գիծ ստեղծելու Կենտրոնական Ասիայում բազմաթիվ ազգերի ու ազգությունների միջև, որոնք կողք կողքի ապրում են հազարամյակներ», և հայտարարում են, որ Կրեմլն այլևս չպետք է անուշադրության մատնի թյուրքական ներմիավորման վերսկսված գործընթացը, այլապես կարող է շատ ուշ լինել, իսկ գործընթացը` անշրջելի։
Ամեն դեպքում պարզ է մի բան. «թյուրքական ներմիավորման» զարգացումը վկայում է, որ, բացի հիմնական պետություններից` ԱՄՆ-ից, Չինաստանից ու Ռուսաստանից, ամբողջ նախկին խորհրդային տարածությունում և Կենտրոնական Ասիայում իրենց մասին ավելի ու ավելի ակտիվորեն են հայտարարում քաղաքական այլ խաղացողներ։ Այսպիսով, Ռուսաստանը, որը երկար ու համառորեն խոսում էր «բազմաբևեռության» մասին` որպես համապարփակ զրահի, և որը դեռ իրեն երևակայում է որպես «աշխարհի բախտը վճռող» ու ձգտում է վերականգնել «մայր երկրի» գերիշխող դիրքերը, իրականում պիտի մրցակցի իր ծայրամասերում գլուխ բարձրացնող իրական «բազմաբևեռության» հետ։ Պետք է նշել, որ առայժմ «խորամանկ թյուրքերը» չեն ուզում «արթնացնել քնած արջին» և գործում են շատ զգույշ։ Մինչդեռ ինքնավստահ ռուսական իշխանությունները, փողի և իշխանության վաղանցիկ խնդիրների հետևից ընկած, ասես անխռով նայում են դեպքերի ընթացքին։
Տեսնես` դեռ որքան ժամանակ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1038

Մեկնաբանություններ