Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

ԹԵԵՎ ՑԱՆԿԱՊԱՏԵՐԻՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԳՐՈՒՄ. «ՌՈՒՍՆԵ՛Ր, ԿՈՐԵՔ ՏՈՒՆ»

ԹԵԵՎ ՑԱՆԿԱՊԱՏԵՐԻՆ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ԳՐՈՒՄ. «ՌՈՒՍՆԵ՛Ր, ԿՈՐԵՔ ՏՈՒՆ»
06.12.2011 | 00:00

Այն, որ Ռուսաստանի «կովկասյան քաղաքականությունը» ոչ միայն տեղապտույտ է անում, այլև ճիշտ հակառակ արդյունքն է տալիս, միայն կույրը չի տեսնում։
Ասենք, ինչպես վկայում են վերջին հարյուրամյակները, Ռուսաստանը երբեք Կովկասում աչքի չի ընկել ո՛չ իրավիճակի ընկալման առանձին նրբությամբ, ո՛չ տեղաբնակների առանձնահատկությունները հասկանալու ցանկությամբ և մշտապես նախընտրել է հարցերը լուծել «սապոգի մեթոդով»։ Այլ բան է, որ դա մեծ մասամբ տրվել է դժվարությամբ։ Սակայն դեռ վերջերս դժվար էր պատկերացնել, որ Մոսկվային առավել հավատարիմ աբխազների ու օսերի շրջանում, հատկապես ռուս-վրացական պատերազմից հետո, կարող են բացասական տրամադրություններ երևան գալ Ռուսաստանի հանդեպ։ Բայց, ինչպես վկայում են փաստերը, Աբխազիայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սոցիոլոգների այն հարցին, թե կցանկանա՞ն, արդյոք, մտնել Ռուսաստանի կազմի մեջ, բացասական պատասխան է տվել։ Իսկ ավելի «փափուկ հարցի»` Հարավային Օսիայում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու առթիվ անցկացված հանրաքվեում, պաշտոնական տվյալներով, դեմ է քվեարկել մասնակիցների ավելի քան 16 տոկոսը։ Ընդ որում, Ցխինվալում բոլորը համոզված են, որ այդ թիվն էապես նվազեցված է և իրականում կազմում է ձայների մոտ մեկ երրորդը։ Իհարկե, ո՛չ Սուխումի, ո՛չ Ցխինվալի ցանկապատերին առայժմ չեն գրում. «Ռուսնե՛ր, կորեք տուն», բայց այն, ինչ Կրեմլի օրհնությամբ այդ հանրապետություններում տեղի է ունենում վերջին ժամանակներս, հիմք է տալիս ենթադրելու, որ հարաբերությունների վատացումը և ռուսամետ կողմնորոշումից հիասթափությունը կարող են կայուն միտում ունենալ` հատկապես մտավորականության ու երիտասարդության շրջանում։
Հիշեցնենք, որ այս տարվա ամռանն Աբխազիայում, այն բանից հետո, երբ մահացավ նախագահ Սերգեյ Բաղապշը, տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրություններ։ Առաջին իսկ փուլում հաղթեց Ալեքսանդր Անքվաբը` հավաքելով ձայների 54,9 տոկոսը, իրենից շատ հետ թողնելով Կրեմլի հովանավորյալ Սերգեյ Շամբային։ Կրեմլը չէր թաքցնում իր համակրանքը և ամեն կերպ օգնում էր նրան։ Մասնավորապես, իրենց թեկնածուին ամրացրել էին մի շարք առաջատար, «ամենափորձառու» ռուս քաղտեխնոլոգների, որոնք, ինչպես միշտ, ամենևին չճանաչելով երկիրը, չիմանալով ժողովրդի առանձնահատկությունները, սեփական փորձով ու խելքով սկսեցին նրան «օգնել»։ Փոքր հանրապետությունում, որտեղ բոլորը ճանաչում են միմյանց, և որտեղ ամուր են «համայնքային ժողովրդավարության» ավանդույթները, ռուսական ագրեսիվ ընտրարշավն ու Շամբայի անսքող պաշտպանությունն իրենց չար խաղը խաղացին։ Ավելին, Սուխումում շատերը համարում էին, որ նա չափազանց քիչ ձայներ ստացավ միայն այն պատճառով, որ աբխազները վախենում են «Աբխազիայում Ռուսաստանի մեծ չափաբաժիններից»։ Իհարկե, վերջում Ռուսաստանում վճռեցին չկրկնել 2004-ի սխալները։ Այն ժամանակ, Մոսկվայի կամքով, նախագահի առաջին այլընտրանքային ընտրությունները չեղյալ հայտարարվեցին, քիչ մնաց բանը հասներ քաղաքացիական պատերազմի, և, այդուամենայնիվ, իշխանության եկավ ոչ նա, ում ուզում էր Կրեմլը։ Այս անգամ Ռուսաստանը պաշտոնապես շնորհավորեց Անքվաբին և, չնայած նախապատվությանը, այնուամենայնիվ, հեռախոսազանգ եղավ Դմիտրի Մեդվեդևից։
Սակայն, դատելով ըստ ամենայնի, աբխազական տխուր փորձը, ինչպես միշտ, նորից դաս չեղավ «կրեմլյան խելոքների» համար։ Հարավային Օսիայի նախագահական ընտրություններում ևս Մոսկվայի դիրքորոշումն ընթացավ «մայր երկրի» ամբարտավանության սովոր ռելսերով։ Սկզբում փորձեր արվեցին պարտադրելու «յուրային» թեկնածուին` արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովին, որին քչերն էին ճանաչում, և որի ժողովրդականությունն ընդամենը 2 տոկոս էր, հետո եղան սպառնալիքներ և ուղղակի արգելք մի քանի ուրիշ թեկնածուների մասնակցության ճանապարհին, որոնք կարող էին լուրջ մրցակից լինել Բիբիլովին։ Կոկոյտայի հավաստիացումները, թե Կովկասում կինը չի կարող նախագահ դառնալ, իհարկե, ամենաանհեթեթն էին, բայց և ամենաանմեղը։ Իսկ երբ երկրորդ փուլում «կրեմլյան դրածոն» ընդդիմադիր թեկնածու, կրթության նախկին նախարար Ալլա Ջիոևայի ստացած 56 տոկոսի դիմաց հավաքեց 40 տոկոս քվե (մոտ հինգ հազար ձայնի տարբերությունը քիչ բան չէ Հարավային Օսիայի նման փոքր երկրի համար), իրավիճակն առհասարակ սպառնալից դարձավ։ Այն բանից հետո, երբ Գերագույն դատարանն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեց, նոր ընտրություններ հայտարարեց և Ջիոևային արգելեց մասնակցել դրանց, Ցխինվալում սկսվեց, ինչպես բլոգատերերն են կնքել, «ձյան հեղափոխությունը»։ Բազմահազարանոց միտինգներ տեղի ունեցան, կրակոցներ եղան, իսկ Ալլա Ջիոևան ստիպված էր իր կողմնակիցներին կոչ անել չանսալ կառավարության շենքը գրոհելու հորդորներին։ Ընդ որում, ինչը ամենացավալին է ռուսների համար, ինչպես ընդգծում են դիտորդները, «ընտրողները հիանալի են հասկանում, որ ընտրությունների արդյունքների չեղարկումը կատարվել է Մոսկվայի ազդեցությամբ (եթե ոչ ուղղակի ցուցումով), որը մտադիր է ամեն գնով «անցկացնել» Բիբիլովին»։
Եվ այդուամենայնիվ, բնավ հասկանալի չէ, թե ինչու էր Մոսկվան կտրականապես դեմ ժողովրդի ընտրությանը։ Օսիայում, ինչպես և Աբխազիայում, պարզապես առայժմ չկան հակառուսական թեկնածուներ և Կրեմլում սա, իհարկե, հասկանում են։ Այն բացատրությունը, թե դա պարտադրյալ հակազդեցություն է «հանցավոր խմբավորմանը», որն «ուզում է վերադառնալ իշխանության», Ջիոևայի կապերն են ՌԴ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Թեդեևի հետ, որին մոտ են համարում քրեական աշխարհին, Ռուսաստանի համար, որը, վերջին տվյալներով, կաշառասունության մակարդակով ՈՒգանդայի և Նիգերիայի հետ 143-րդ տեղն է զբաղեցնում 182 երկրների շարքում, առհասարակ ծիծաղելի է։ Անհեթեթ են թվում նաև ռուս քաղգործիչների հավաստիացումները, թե իրադարձությունների հետևում կանգնած են ինչ-որ «հզոր վրացական սատարորդներ» (լոբբիստներ)։ Ծայրաստիճան անմտություն է նաև այն, որ վրդովված ընտրողներին առաջարկում են «հարգել Հարավային Օսիայի իշխանության բարձրագույն մարմինների որոշումները»` նկատի ունենալով Գերագույն դատարանի որոշումը։ Ավելին, ակնհայտ էր Կրեմլի լիակատար շփոթվածությունն ու տարակուսանքը` «ինչպե՞ս են այդ ապերախտ «նացմենները» համարձակվում չլսել»։ Մոսկվան դեպքերի զարգացումից միայն երեք օր հետո սկսեց արձագանքել Ցխինվալի իրադարձություններին։ Ընդ որում, այդ ամենը, ինչպես եղել է ղարաբաղյան հակամարտության ժամանակ և նման այլ իրավիճակներում, հանգեցվում էր հին և ծայրաստիճան անարդյունավետ մի «դեղատոմսի»` «Մենք շահագրգռված ենք, որ իրավիճակը հարթվի խաղաղ ճանապարհով, և գտնվեն փոխզիջումային լուծումներ»։ Բայց ուշադրություն դարձնենք ևս մեկ առանձնապես հետաքրքրական հանգամանքի. ռուսական որոշ լրատվամիջոցներ սկսել են ամեն ինչում մեղադրել Վլադիսլավ Գասումյանովին, որը Ռուսաստանի նախագահի աշխատակազմի կովկասյան ուղղության պատասխանատուն է և, իբր, գործել է հանուն իր անձնական շահերի։ Նկատենք, որ այդ, ինչպես մամուլն է անվանում նրան, «նախագահի աշխատակազմում հայ «խլուրդի» շուրջ վերջին ժամանակներս վարկաբեկման ամենաիսկական արշավ է ծավալվել։ Այսպես, քաղաքական նորությունների գործակալությունը գրում է. «Կաշառասունության խճճված թելերի ցանցը սկիզբ է առնում Հայաստանից, Ադրբեջանից ու Վրաստանից (ներառյալ Աբխազիան ու Հարավային Օսիան) և ձգվում դեպի նախագահ Դմիտրի Մեդվեդևի աշխատակազմ։ Կաշառասունության հոսքի գերագույն կարգադրիչը Վլադիսլավ Գասումյանովն է` նախագահի աշխատակազմի միջտարածաշրջանային և արտերկրի հետ մշակութային կապերի վարչության պետի տեղակալը (վարչության պետը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինի վստահությունը վայելող Սերգեյ Վինոկուրովն է)»։ Ընդ որում, պնդում են, թե այդ «բաքվեցի հայը» «վրացի և հայ գործարարների ջանքերով սկսել է քաղաքական կարիերա անել։ Այդ կապերի շնորհիվ է նա հասել ներկա բարձր դիրքին, որտեղ «ակտիվորեն միջամտում է ադրբեջանական և հայկական հարցերին»։ Իսկ օսական իրադարձություններից հետո լրատվական մի շարք գործակալություններ հաղորդեցին, թե Գասումյանովը «տանիք» է դարձել մի խումբ ռուս պաշտոնյաների համար, որոնք կիսաքրեական սխեմայով կազմակերպել են Հարավային Օսիայի վերականգնման համար հատկացված 50 մլրդ ռուբլու յուրացումը, ինչի հետևանքով հանրապետություն է հասել հատկացված գումարի 30 տոկոսից էլ պակաս մասը։ Ինչն է այստեղ ճիշտ և ինչը սոսկ հաշիվների մաքրում ու իշխանական «խարդավանք», մեր դատելու բանը չէ։ Շատ ավելի հետաքրքրական է այն, որ, համենայն դեպս, արդեն «սլաքավար» գտել են, իսկ ինքը` Մեդվեդևը, պարզվում է (դրանում համոզված է նաև Ալլա Ջիոևան), սխալ է տեղեկացված։ Սակայն, անկասկած, այդ փաստարկը շատ թույլ է։ Ռուսաստանում պետք է հասկանան, որ այսօր անհնար է ավերմունքի ու քաոսի մեղքը բարդել Վրաստանի կամ Արևմուտքի վրա։ Ավելին, չէ՞ որ հիմա հենց Ռուսաստանի Դաշնությունն է միջազգային ընկերակցության կողմից ընկալվում որպես Հարավային Օսիայի միահեծան խնամակալ, և ռուսական իշխանությունն ուղղակի պարտավոր է «իմանալ»։
Այս պարագայում դժվար է չհամաձայնել ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցևի` «Ռեգնում» գործակալության տարածած կարծիքին. «Ռուսական իշխանությունների շահագրգռությունը Բիբիլովով հասկանալի է. այդ թեկնածուի հետ Կրեմլի համար ավելի հարմար կլինի աշխատել, քանի որ աջակցություն չունի հանրության շրջանում, ուստի լիովին Կրեմլի հսկողության տակ կլինի ու կխաղա նրա կանոններով»։ Իսկ այդ կանոնները, ինչպես վաղուց հայտնի է, բնավ էլ միշտ չէ, որ զուգադիպում են ժողովրդի շահերին։ Բայց Հարավային Օսիայում, ինչպես ավելի վաղ Աբխազիայում, ի դառնություն մոսկովյան ընկերների, ոչ միայն կռահել են այդ նենգ-պարզունակ մոտեցումը, այլև կարողացել են ընդդիմանալ դրան։
Կանի՞, արդյոք, Ռուսաստանը հետևություններ, և կփոխվե՞ն, արդյոք, մոտեցումները։ Ցավոք, խիստ կասկածելի է։ Բայց այդ դեպքում, վաղ թե ուշ, Մոսկվային սպասում է ամենավտանգավորն ու անցանկալին` բնակչությունը կմտածի, որ այդ հողերը Ռուսաստանին պետք են սոսկ որպես ռազմահենահրապարակ, ընդ որում ավելի լավ կլինի` առանց տեղի բնակչության կամ բնակչության նվազագույն քանակի։ Սա մենք տեսել ենք դեռ անցյալ դարի սկզբին` «Վանի կազակության» և «Կազակներով կբնակեցնենք» կարգախոսի օրինակով։ Ճիշտ է, այսօր կազակները չեն հերիքում նույնիսկ Ռուսաստանին, բայց այդ խնդիրը, կարծես, քիչ է հուզում «վեհապետականներին»։ Ի՞նչ է լինելու հետո։ Ինչպես վկայում է Կովկասի պատմությունը, Ռուսաստանի համար ոչ այնքան լավ բան։
Իհարկե, պետք չէ կատարվածը որպես Մոսկվայի վերջնական պարտություն գնահատել։ Ցխինվալը, ինչպես և Սուխումը, առայժմ ոչ մի տեղ չեն փախչի, ու երևի կմնան ռուսական ազդեցության ծիրում։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ այնտեղ մի առանձնակի իրավիճակ է առաջանում, որին ուշադրությամբ հետևում են բոլորը, այդ թվում` աշխարհաքաղաքական ազդեցության հարցում բացահայտ մրցակիցները, որոնց համար Ռուսաստանի յուրաքանչյուր վրիպում ոչ միայն ուրախություն է, այլև գործողության ուղեցույց։ Այնպես որ, իրավիճակը, կարծես, պահանջում է ոչ թե ռուսական իշխանության համար սովորական` ուղղակի ուժային միջամտություն կամ տիրական ահեղ գոռոց, այլ դիվանագիտական նուրբ գործելակերպ։ Բայց սա արդեն ռուսական դիվանագիտության ուժեղ կողմը չէ։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ