ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԻՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
27.04.2012 | 00:00

Վերջապես: Ընտրարշավի 18-րդ օրը միայն: Թե չէ արդեն թվում էր` ազգովին ընտրվելու են նախապատրաստվում 131 առաքյալներ, որ ամբողջ կյանքում առաջնորդվել են 10 պատվիրաններով ու հիմա էլ մեն-միակ նպատակ ունեն` Աստծո խոսքը ժողովրդին փոխանցել: Անխաթար: ՈՒ ծառայել-ծառայել-ծառայել... Ինքնամոռաց-անձնուրաց-հինգ տարով: Բայց` կայացավ...

Թե չէ ինչքան կարելի էր քննարկել, թե որ կուսակցությունն ում և ինչու է դրվատում կամ դատափետում, ով ում հետ է իրականում, ով ում դեմ է վերջնականում: Ինչքա՞ն կարելի էր խոսել ՀԱԿ-ի գլխապտույտ անկումից ու 3-4 տոկոս հավաքելու հավանականությունից: Ինչքա՞ն կարելի էր հաստատել-հերքել, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանն է կամ չէ: Ինչքա՞ն կարելի էր հարցնել ու պատասխանել` ինչո՞ւ է ՀԱԿ-ը «ավազակապետության» տրիումվիրատից միայն ՀՀԿ-ՕԵԿ-ին քննադատում ու Կեսարի կնոջ կարգավիճակ է շնորհել ԲՀԿ-ին: Ինչո՞ւ է ընտրարշավի առանցքը դարձել Գագիկ Ծառուկյանի ոսկե զենքը, որ հեռախոս էր, բայց պարզվեց` զենք է: Ինչո՞ւ է պոտենցիալ ընտրյալն ընտրողի հետ զինված հանդիպում, որտեղի՞ց է սպասում հարվածի` դիմահա՞ր, թե՞ թիկունքից: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մենակ քարոզարշավում, չի՞ վստահում, թե՞ խնայում է կուսակիցներին: Ո՞Ւմ հետ են իրականում հանգուցյալ ընտրողներն այս անգամ: Ինչքա՞ն: Այս հարցերն ընդամենը մի քանիսն են երկար շղթայից, որ ընտրարշավի անցած երկու տասնօրյակում հանգուցվել-հանգուցալուծվել-քարկապվել-քակվել են: Ո՞Ւմ են այդ հարցերը պետք: Ի՞նչ են տալիս ընտրողին, ի՞նչ` ընտրվողին: Ընդհանրապես` այս օրերին հնչած բազմաշերտ ու բազմազան խոստումներից real politic-ն իր մասնաբաժինն ունի՞: Ընտրությունների արդյունքներն ի հայտ կբերե՞ն լեգիտիմ իշխանություն ու իրական ընդդիմություն: Այդ «լեգիտիմ»-ության ու այդ «իրական»-ության չափորոշիչները որո՞նք են: Մրցակից կուսակցությունների գնահատականնե՞րը: Միջազգային դիտորդների՞, որոնք երկու մասի են բաժանվում. ԱՊՀ-ի դիտորդները հետխորհրդային տարածքում միշտ ամեն ինչ համարում են օրենքի ու օրինականության համապատասխան, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԽԽՎ և այլն` տեսնում են բազում խախտումներ, որոնք չեն ազդում ընտրությունների արդյունքների վրա: Կամ` եթե անգամ ազդում են, երբեք անհրաժեշտ չեն համարում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելը: Ազատության հրապարա՞կը, որ կամ լցվելու է, կամ դատարկվելու է: Եթե մնա դատարկ` արդյո՞ք նշանակում է ժողովրդավարության հաղթանակ Հայաստանում: Եթե լցվեց` ո՞ր ուժերն ինչ են պահանջելու, ու ժողովուրդը լինելո՞ւ է իր անունից խոսողների հետ, թե՞ նրանք մնալու են դոն Քիշոտի հպարտության ու Ռոսինանտի հնազանդության հույսին, և հողմաղացները շարունակելու են պտտվել:

Քաղաքական ուժերը համարյա չանդրադարձան Եվրախորհրդարանի զեկույցներին: Ի՞նչ կարևոր են ինչ-որ զեկույցներ այսօր: Այսօր, երբ Հայաստանի ապագան է վիճասեղանին, երբ շրջադարձ է կատարվում դեպի մարդը, երբ մարդը հայտարարվել է գլխավոր արժեք, երբ... Կարդացեք քաղաքական ուժերի խոստումնացանկը: Իսկ ադրբեջանցիները վերցրին ու մեծ նվաճում համարեցին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունված զեկույցները, որոնց հիմքով կայանալու են Հայաստանի և Ադրբեջանի ասոցացման պայմանագրերի բանակցությունները: Նրանց հատկապես հուզել է այն հանգամանքը, որ եվրոպական համայնքը կարևորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու անհրաժեշտությունը և Հայաստանին կոչ է արել ազատել գրաված տարածքները:

Ոչինչ, որ վաղուց հայտնի էր, որ Եվրամիության (նաև ՆԱՏՕ-ի) հետ ինտեգրման գործընթացի մասնակից, առավել ևս անդամ չեն կարող լինել չլուծված տարածքային խնդիրներ ունեցող երկրները: Ոչինչ, որ նույն Եվրոպան սիրում է տարբերակված դրսևորել իր սկզբունքներն ու չափանիշները և երկակի ստանդարտներ կիրառելու մեծ հմտություն ունի: Ոչինչ ու ոչինչ, որ Եվրոպան փաստորեն բարձրաձայնում է, որ ձերբազատվել է աղքատ ազգական Հայաստանին պահելու ու պահպանելու պարտավորությունից: Մենք էլ բարեգործությամբ կապրենք:

Այսօր էլ Դուբլինում ԵԱՀԿ գագաթնաժողովն է սկսվում, քննարկելու է համընդհանուր ապագան` խաղաղություն կերտելու ու պահպանելու նկատառումով ու անդրադառնալու է վրացական, մերձդնեստրյան, ղարաբաղյան հակամարտություններին: 2013 թ. էլ ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնող ՈՒկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը հավաստել է, որ իր երկրի դիրքորոշումն անփոփոխ է. «Մենք այն կարծիքին ենք, որ պետք է հարգվի Ադրբեջանի անկախությունը և տարածքային ամբողջականությունը միջազգային իրավունքի ընդունված նորմերի հիման վրա, մենք այն կարծիքին ենք, որ այդ բարդ, արնահոսող հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով հաղթահարվի»: Սա էլ է տեսակետ, և 2013-ից այս տեսակետով փորձվելու է «հնարավորն ու անհնարն անել գործընթացը ձևական դիրքերից առաջ մղելու համար»:

Այսինքն` ընտրեք-ընտրվեք, բայց չմոռանաք` ինչ կա-չկա աշխարհում:

Իսկ քաղաքական ուժերը ֆենոմենալ համառությամբ շարունակում են խոսել հավատի մասին, թեև կախվածի տանն ընդունված է պարանից չխոսել: ՀԱԿ-ը հավատացնում է, որ խորհրդարանական ընտրություններն ավելի կարևոր են նախագահականից, որովհետև հաղթելով խորհրդարանականում` դուք հաղթում եք նախագահականում: Իսկ ՀԱԿ-ին չընտրելը «համազգային ինքնասպանություն է»: ՀՀԿ-ն հավատացնում է, որ շարունակելու է հավատարիմ մնալ իր վարած քաղաքականությանը, համաձայնության եզրեր է փնտրելու ու գտնելու բոլորի հետ: ՀՀԿ-ն ինքն էլ հավատացած է, որ ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու, և լիարժեք արդյունք ունենալու համար պետք է մեր ուժերին հավատանք: ԲՀԿ-ն հավատացնում է, որ հավատալ է պետք ու փոփոխություններ են պետք: Համարյա` հավատա, որ փոխենք: Ով ձեզ հոգ է տանում, ձեր մասին մտածում է, նրա կողքին կանգնեք, և ամեն ինչ լավ կլինի: «Մեր վստահությունը, հավատը մենք չենք կորցնելու»: ՀԴԿ-ն հավատացնում է, որ պատրաստ է անարդարությունը վերացնելու և ժողովրդին վերադարձնելու ազգային նկարագիրը և արժանապատիվ ապրելու իրավունքը: ՕԵԿ-ը հավատացնում է, որ ժողովրդագրական խնդիրն արդեն ազգային անվտանգությանն է առնչվում և ազգը ծննդաբերում է շնորհիվ ՕԵԿ-ի. խոսքը անվճարի մասին է, որ նույնքան է անվճար, որքան պանիրը` գիտեք որտեղ: ՀՅԴ-ն հավատացնում է, որ մեր ընկերն է, բայց չի հարցնում մեր կարծիքը, որովհետև ինքն իրեն համոզել է, որ հին ընկերները... դա էլ գիտեք: ՀԿԿ-ն հավատացնում է, որ իրենց իշխանությունը կորցնելուց հետո արժեզրկվեցին գաղափարները, թալանվեց պետությունը, քայքայվեց տնտեսությունը, ու թեև մարդկության պայծառ ապագան կոմունիստական կուսակցությունն է, և «մենք վերցնում ենք այն բոլոր լավը, ինչ տեսել ենք սովետական 70 տարիներին», բայց իր ծրագրի մակարդակով հավաստում է, որ «Մեզ համար ուղեցույց է Սոցիալիստական Չինաստանը, որն այսօր համաշխարհային մակարդակի է հասել» (թեպետ հայտնի չէ, որ երկրի մասին է խոսքը, Հայաստանի կոմկուսում երևի տեղյակ չեն, որ իրենց «ուղեցույցը» կոչվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն): «Միավորված հայերը» սեփական երկրում ապրելու, սովորելու, աշխատելու, հպարտանալու, պաշտպանելու մասին է խոսում ու, չգիտես ինչու, հավատացնում է, որ իրենք երրորդ ուժն են ու սոցիալական ոլորտում էլ համակարգված փոփոխություններ են նախատեսում` արդարության հաստատում, տնտեսական կայունության ապահովում, ազգի վերարտադրություն, արտագաղթի-ներգաղթի, թրաֆիքինգի խնդիրների լուծում... ՈՒ բոլորը մի շարքում, համարյա` միանվագ: Քիչ է մնում հավատաս, որ հենց նրանք են լինելու 2012-ի անակնկալը և կառուցողական ընդդիմադիրը, որովհետև շատ են գիտնական: «Ժառանգությունը» հավատացնում է, որ գալիս է ու շարունակում է երգել:

Բայց այս մասին` մանրամասն։ Ընտրարշավի 18-րդ օրը հղում անելով Open Armenia-ին և News.am-ին, Regnum գործակալությունը գրում է Լոնդոնում կայացած «սենսացիոն հանդիպման» մասին` Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աշխատակիցների և հայ ընդդիմադիրների հետ: «Հայ ընդդիմադիրներն» էլ Րաֆֆի Հովհաննիսյանը և Խաչատուր Քոքոբելյանն են, որ, ըստ հրապարակման, մարտի վերջին մեկնել են Լոնդոն` «հերթական փակ բանակցությունների Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ»: Թուրք դիվանագետը հաղորդել է, որ Թուրքիայի արտգործնախարարի օգնականի հետ քննարկվել է համագործակցության և հայկական ընդդիմադիր ուժերին 2012-ի խորհրդարանական ընտրություններում աջակցելու հարցը: Ավելին` «Ժառանգության» առաջնորդը անձնական երաշխիքներ է տվել, որ 2013-ի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի, Եվրամիության և Թուրքիայի կողմից իր թեկնածության պաշտպանության դեպքում Հայաստանում կարող է պայմաններ ստեղծել խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման և հարաբերությունների նորմալացման համար: Թուրքերն էլ երաշխավորել են 5-7 միլիարդ դոլարի ներդրում 10 տարվա ընթացքում (Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգում, Իրան-Հայաստան նավթատարի շինարարության մեջ, 350 միլիոն դոլարով էլ TURKCELL-ը կդառնա բջջային կապի նոր օպերատոր Հայաստանում): Վերջապես, գոնե ընտրարշավի 18-րդ օրը պիտի՞ ի հայտ գային վաղուց պատրաստված «տնային աշխատանքի» պտուղները: Եվ, այնուամենայնիվ, եթե այս հրապարակումն ընդամենը խորհրդարանական ընտրություններում մանդատների կրճատման հարց չի լուծում, այդ դեպքում Լոնդոնում (կամ այլ քաղաքում) հանդիպած պիտի լինեին ոչ միայն «Ժառանգության», այլև ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի (իսկ գուցե նաև այլ ուժերի) ներկայացուցիչներ, հակասությունների գեղեցիկ համադրություն է պարունակում, որը կամ պետք է հերքվի, կամ հաստատվի: Գուցե դա դառնա պատճառ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երգ ու պարից անցնի խոսքի: Թե չէ ընդամենը երկամսյա խորհրդակցություններն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության հետ եթե այսքան արմատական փոխում են նրա տեսակետը, ի՞նչ փոփոխություններ կարող են լինել հետո:

Եվ այսքան հավատալ-չհավատալուց հետո միակ մխիթարությունը մնում են ֆրանսիացիները, որ մայիսի 6-ին մեզ հետ ընտրության են. մենք ընտրում ենք 131-ին, նրանք` մեկին: Ճիշտ է` երկրորդ փուլով, և` նախագահ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ