ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁևԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԻ

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁևԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՈԽԵՐԻՄ ԹՇՆԱՄՈՒ ԿԵՐՊԱՐ` Ի ԴԵՄՍ ՀԱՅԻ
19.04.2011 | 00:00

Գաղտնիք չէ, որ արցախյան պատերազմում հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվեց բարոյահոգեբանական հարթություն: Ադրբեջանա-թուրքական քարոզչամեքենան լծվեց լայնածավալ տեղեկատվական պատերազմի` ընդդեմ հայկական երկու պետությունների: Հայաստանին առնչվող ապատեղեկատվության տարածումը ստացավ համակարգված բնույթ` իրականացվելով պետական մակարդակով:
Ադրբեջանում ձևավորված տեղեկատվական պետական քաղաքականությունն իր առջև մի քանի խնդիր դրեց. նախ` հարկ էր լծվել «ադրբեջանցի ազգ» հորինելու բարդ ու դժվարին գործին, իսկ դրա համար անհրաժեշտ էր թոթափել քոչվորի անպատվաբեր անցյալն ու այդ դատարկությունը լցնել մոգոնվող պատմություններով, մշակույթով, գրականությամբ:
Հարևանի հաշվին «վսեմաշուք անցյալ» ստեղծելու մոլուցքը սրանց մոտ հասել է մոլագարության աստիճանի:
2010-ին Բաքվում լույս տեսավ «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով գիրքը, որն այլ բան չէ, եթե ոչ Հայաստանն ու հայոց պատմությունը միջազգային գիտական մակարդակում վարկաբեկելու հերթական քայլ: Գրքում խոսվում է հայերի` իբրև թուրքերի նկատմամբ իրականացրած «ցեղասպանության», «հայկական ահաբեկչության» դաժան հետևանքների և համաշխարհային հանրության վրա դրա ունեցած բացասական ազդեցության մասին: Հայոց պատմությանն իրազեկ անձինք, իհարկե, այն կդիտեն մոլագար մտքի զառանցանք, մինչդեռ անտեղյակ անձանց շրջանում այն կարող է նույնիսկ գիտական ճշմարտության տեղ անցնել: Մանավանդ որ հայ պատմաբաններից և ոչ մեկն իրեն նեղություն չտվեց ճշմարտության դիրքերից հակահարված տալու հերթական «գիտական» կեղծիքին: Մինչդեռ ադրբեջանական կողմն արդեն հասցրել է մի քանի լեզուներով թարգմանել ու տարածել այդ ցնդաբանությունը:
Ցավալի է, որ ադրբեջանցիների «գիտական» կեղծարարությունները մինչ օրս չեն արժանանում մեր գիտական հանրության անհրաժեշտ ուշադրությանը: Հայ պատմաբանները շարունակում են ադրբեջանա-թուրքական հերյուրանքներին վերաբերվել մի տեսակ «մեծահոգի» անտարբերությամբ: Թերևս, այն վստահությամբ, որ միևնույն է, ճշմարտությունը հայերիս կողմն է, ու ադրբեջանցիներին չի հաջողվի խեղաթյուրել փաստերը: Մինչդեռ, ինչպես հայտնի առածն է ասում, «հաճախ կրկնվող սուտը մի օր էլ որպես ճշմարտություն է ընդունվում»:
Տեղեկատվական քարոզչության մյուս ճակատը, որի ուղղությամբ արդեն մեկ տասնամյակից ավելի ակտիվորեն գործում է Ադրբեջանը, արցախյան հիմնախնդիրն է: Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ մարտադաշտում հայերից կրած պարտությունը պետք է ինչ-որ կերպ «փոխհատուցվի» տեղեկատվական քարոզչությամբ, և անցան գրոհի:
Հաշվարկը հստակ է. եթե իրենց հաջողվի ադրբեջանամետ դիրքորոշումներով ներազդել միջազգային ու հայ հանրության մտածողության վրա, ապա մոտ ապագայում արցախյան հարցում հաջողության հասնելն ավելի դյուրին կդառնա:
Ծախսելով ահռելի ֆինանսական միջոցներ` ադրբեջանական քարոզչամեքենան բազմապատկեց իր ջանքերը` արցախյան հակամարտությունը միջազգային հանրությանը գլխիվայր, իսկ Հայաստանը` որպես ագրեսոր երկիր ներկայացնելու գործում:
Իշխանության գալով` Ալիև կրտսերը կարևորեց սեփական հասարակությանը պատերազմում պարտություն կրածի հոգեբանական բարդույթից ձերբազատելը: Իլհամն իր սուրբ պարտքը համարեց բոլոր ամբիոններից հանդես գալու ռազմատենչ հռետորաբանությամբ: Միաժամանակ ադրբեջանցի հասարակության մեջ սկսեց արմատավորվել հայի` իբրև թիվ մեկ թշնամու կերպարը: Նման քարոզչությունը, անշուշտ, ինքնանպատակ չէ. հոգեբանները Հայաստանի ու Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած տեղեկատվական-հոգեբանական պատերազմը համարում են ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստական փուլ:
Պատահական չէ, որ Ադրբեջանի իրականացրած հակահայկական քարոզչության ծավալները զարմացնում ու զայրացնում են անգամ օտարներին. զայրույթ` ադրբեջանական քարոզչամեքենայի ստի ու կեղծիքի չափաբաժնից, զարմանք` հայկական կողմի պասսիվությունից: Ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովն անկարող եղավ չարտահայտելու իր անհանգստությունն այն փաստի առիթով, որ ադրբեջանցիներն անասելի խեղաթյուրում են պատմական, իրավական, քաղաքական իրողությունները, իսկ Հայաստանը շարունակաբար պարտություն է կրում տեղեկատվական պատերազմում: Նա նույնիսկ դիմեց Հայաստանի իշխանություններին, հայ գործարարներին. «Ինչո՞ւ դուք համարժեք քայլեր չեք ձեռնարկում: Չէ՞ որ ոչ միայն միջազգային հանրությանն է խեղաթյուրված հասնում իրականությունը, այլև խեղաթյուրված իրականությամբ ու կեղծիքով այսօր դաստիարակվում է Ադրբեջանի նոր սերունդը, որի համար ձևավորում են ոխերիմ թշնամու կերպար` ի դեմս հայի: «Հայկական ֆաշիզմ» արտահայտությունը Ադրբեջանում ամենատարածվածներից է»:
Բարոնուհի Քերոլայն Քոքսը ևս բարձրաձայնեց իր անհանգստությունը. «Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա աշխարհով մեկ Բաքվի քարոզչամեքենայի սփռած կեղծարարություններին»:
Հաճախ ենք ինքներս մեզ հանգստացնում, թե հայկական կողմի ձեռքում է խնդրի կարգավորման իրավական և քաղաքական անթերի փաթեթը: Հետո՞ ինչ, երբ ձեռքիդ հզոր զենք ունես, բայց ունակ չես այն օգտագործելու: ՈՒ քանի դեռ տեղեկատվական քարոզչության դաշտում շարունակելու ենք մնալ նույն անտարբերը, հեռու չէ և այն օրը, երբ աշխարհը ողողած ադրբեջանական կեղծիքը կարող է տոնել իր լիակատար հաղթանակը` վերջնականապես լռեցնելով ճշմարտության ձայնը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ