ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Կոալիցիան մեռա՜վ. կեցցե՜ կոալիցիան

Կոալիցիան մեռա՜վ.  կեցցե՜ կոալիցիան
15.05.2012 | 00:00

Ասել էինք` գրկում խեղդելը քաղաքական ամենակայացած տեխնոլոգիան է:

Շաբաթ օրն առավոտյան Գագիկ Ծառուկյանը եղել է Սերժ Սարգսյանի մոտ` պայմանավորվելու կոալիցիոն խնդիրների շուրջ: Ճիշտ է, ԲՀԿ-ն վեց նախարարական պորտֆել է ցանկացել, բայց ստացել է հինգը. դե, վեցն ուզել են, որ գոնե հինգն ստանան: Ասել ենք` հինգերորդը մշակույթի նախարարությունն է (երբեք ու ոչ մի դեպքում ՀՀԿ-ն չի տա կրթության նախարարությունն այլոց). մշակույթի պորտֆելը, ի դեպ, նաև ՕԵԿ-ին է առաջարկվել, սակայն ՕԵԿ-ը ցանկացել է պահել գյուղատնտեսության և արտակարգ իրավիճակների նախարարությունները (կապի ու տրանսպորտի նախարությունն անցել է ՀՀԿ-ին. այստեղ շատ հետաքրքիր պասաժներ են սպասվում. Հյուսիս-Հարավ մայրուղին այնքա՜ն «հետաքրքիր» է դարձրել սույն նախարարությունը)։

Պայմանավորվածությունները կայացվել են հետևյալ ֆորմատով. Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ, թանկագին հայրենակիցներ, վերջապես եկավ վերջին դասը` ԲՀԿ-ն պաշտպանում է մեծ ուսուցչապետ-«գործող նախագահին» (ուշ լինի` նուշ լինի): Վերցնում է իր հինգ պորտֆելը, ապրում չաղ-ուրախ-բախտավոր: Բանակցությունների երկրորդ փուլում (վաղն առավոտ շատ կանուխ Սերժ Սարգսյանը Արթուր Բաղդասարյանի հետ մեկնում է Մոսկվա. չէ, ոչ կոալիցիոն գործերով, այլ ԱՊՀ), Մոսկվայից վերադարձից հետո կխոսվի փոխնախարարներ-մարզպետ ֆորմատի մասին:

Հա, ի դեպ, եթե կոալիցիայի ու վարչապետի (ասել ենք` Տիգրանը մնում է) հարցերն արդեն իսկ լուծված կարելի է համարել, ապա ԱԺ նախագահի խնդիրը բաց է. Սերժ Սարգսյանն այս մասին որևէ մեկի հետ գրեթե չի խոսում. իր վերջնական որոշումը ոչ մեկին չի ասում` «մտածում է» (տե՛ս հարակից նյութը):

ՈՒ քանի որ այս ընտրություններից հետո նա ապացուցեց, որ միակ «մենեջերն» էս երկրում ինքն է, այլևս հեչ կարևոր չէ` «խաղատախտակի» վրա ով ինչ ֆունկցիա կիրականացնի, Հովիկն էլ կհաջողեցնի՞ դառնալ ԱԺ նախագահ, թե՞ հըը՛:

Եվ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, բնորոշվում է որպես դեժավյու.

ա) դեժավյու «Օսկանյանսկի»: 2008-ի մարտի 1-ին նա ասուլիս էր տալիս: 2012-ին նա էլի ասուլիս էր տալիս` արդեն միասնական շտաբում, այս անգամ էլ թե` ոչ մի կոալիցիա չեմ մտնելու: Բա ի՞նչ եք անելու: Գնալու եք Սիֆիլիթա՞ս (էլի ուղղագրական սխալ թույլ տվեցինք)` Սի-վի-լի-թաս` սեմինարներ կազմակերպելո՞ւ` մոնոպոլիայի ու կաշառք բաժանելու դեմ: Թե՞ դուրս եք գալու ԲՀԿ-ից ու մանդատը վայր չեք դնելու. դառնալու եք «ուժեղ» ընդդիմություն: Հանուն ո՞ւմ:

Հանո՜ւն Սերժ Սարգսյանի: Փաստորեն: Հարցնում եք` էդ ո՞նց: Շատ պարզ. եթե դուրս եկավ ԲՀԿ-ից, հո չի՞ անդամագրվելու ՀԱԿ-ին, որպես վճռական մենակ, պիտի փորձի էլի, չէ՞, ոմանց ԲՀԿ-ից հանել, պառլամենտում խումբ ստեղծել: Հազար ներողություն, ի՞նչ է կատարվում այդ ժամանակ ԲՀԿ-ի հետ. հինգ պորտֆելներն էլ ձեռքից վերցնո՞ւմ են, թե՞ հատկապես մշակույթը թողնում են ԲՀԿ-ին, մնացածն են վերցնում, որովհետև այդ ժամանակ ԲՀԿ-ն ոչ թե երկրորդ, այլ «եսիմ որերորդ» ուժը կլինի պառլամենտում, որպես փոքրամասնություն:

Բա, լավ, ի՞նչ է անում Օսկանյանը. մնում է կոալիցիայի կազմո՞ւմ. բա ո՛ւր էր հինգ րոպեն մեկ ռեժիմով ասուլիսվում, թե` Գագոն զենքով էր, ինքն էլ կոալիցիա չի սիրում… Մենք ունենք իր համար շատ լավ որոշում. եթե դիմի, դաժան չենք լինի, կասենք:

բ) Դեժավյու Ծառուկյանի հայտարարության մասով. Ծառուկյանը մի անգամ էլ կհայտարարի, ու մենք լիքը կլսե՜նք, որ ինքը պաշտպանո՜ւմ է «նախագահ ջանին»:

գ) Դեժավյու` Հովհաննեսի և նրա ԱԺ նախագահ դառնալու մասին: Ոնց որ նա մի անգամ էլ է, չէ՞, եղել նախագահ: ԱԺ-ի: Հա՛: Ոնց որ:

Մի խոսքով, դեժավյուներ` գրկում խեղդվելուց հետո:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 905

Մեկնաբանություններ