ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի շահերը միահյուսված են

Գագիկ Ծառուկյանի ու Հովիկ Աբրահամյանի շահերը միահյուսված են
06.04.2012 | 00:00

Ժամանակակից Հայաստանի քաղաքական համակարգը ԽՍՀՄ փլուզումից հետո, կարծես, պետք է զարգացում ապրեր՝ որոշակիորեն համապատասխանեցվելով արևմտյան ժողովրդավարական համակարգերին: Ենթադրելի է, որ 70 տարիների սոցիալիստական հասարակարգը պետք է իր հետքը թողած լիներ հասարակական գիտակցության և քաղաքական կացութաձևի վրա, քանզի ԽՍՀՄ փլուզման պահին կարծիք կար, թե նախկին միութենական հանրապետությունները, անցնելով կապիտալիզմի և սոցիալիզմի փուլերով, ժողովրդավարական կայուն համակարգ կկառուցեն:Սակայն հայոց պատմությունն այլ ընթացք ունեցավ: Հասարակական հարաբերությունները կարգավորող ինստիտուտներից առաջնայինը դարձան վաղմիջնադարյան Հայաստանին բնորոշ կառույցներն ու երևույթները: Եթե արդեն 4-րդ դարում Պապ թագավորը, հասկանալով կենտրոնացված իշխանության և պետականության կարևորությունը, անխնա պայքար էր սկսել կենտրոնախույս նախարարական տների և ֆեոդալական այլ միավորումների դեմ, ապա 20-րդ դարի Հայաստանում որոշ նորահարուստ ՙխելոքներ՚ իրենց դերը պետականության մեջ պատկերացրին վաղմիջնադարյան սցենարով:1990-ականների սկզբներին ծագած ամենաթողությունն ու նախնական կապիտալի կուտակման գործընթացն իրենց հանգուցալուծումը գտան 2000-ականների սկզբներին, և ձևավորված նոր էլիտան՝ օլիգարխիան, սկսեց երկրի կառավարմանն ու քաղաքական գործընթացներին ակտիվորեն մասնակցելու փորձեր կատարել: Սկսվեց քաղաքականություն և պետական ապարատ սեփական ներկայացուցիչներին գործուղելու գործընթացը: Հաշվարկը պարզ է՝ 10 միլիոն ծախսվում է ընտրական գործընթացներում, որի արդյունքում ստացվում է 100 միլիոն եկամուտ:Բայց օլիգարխիան սրանով չսահմանափակվեց: Հստակ ընդգծված բիզնես շահերին սկսեցին հաջորդել քաղաքական ու կառավարչական հավակնությունները, և ներկայումս օլիգարխիան հայտ է ներկայացնում երկրի կառավարումն ամբողջովին իր ձեռքը վերցնելու և կրթությունից մինչև ռազմական ոլորտ համակողմանի վերահսկողություն սահմանելու հարցում: ՈՒշագրավ է, որ հայրենի օլիգարխիան չունի կուսակցական պատկանելություն: Այս դասակարգը տեղավորվել է ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների համամասնական ցուցակներում զգալի դերակատարություն ունեն հենց օլիգարխները, էլ չենք խոսում մեծամասնական ընտրակարգով առաջադրվածների մասին:

Այնուամենայնիվ, օլիգարխիան քաղաքական գործընթացին փորձում է մասնակցել հիմնականում երկու քաղաքական ուժերի՝ ամբողջովին օլիգարխիկ ԲՀԿ-ի և կիսաօլիգարխիկ ՀՀԿ-ի միջոցով: Հատկանշական է, որ օլիգարխիան որևէ տարբերություն չի տեսնում, թե ո՜ր քաղաքական ուժի միջոցով կպահպանի արտոնյալ գործարար միջավայրն ու ՙպետություն պետության մեջ՚ կարգավիճակը: Իսկ կուսակցությունները դիտարկվում են որպես իրավական խողովակներ և ոչ երբեք գաղափարական հարթակներ: Ի՞նչ արած, այս դասակարգի բնույթն է այդպիսին:

Եվ ի՞նչ տարբերություն, թե խորհրդարանական ընտրություններում օլիգարխիկ ԲՀԿ՞-ն կհաղթի, թե՞ կիսաօլիգարխիկ ՀՀԿ-ն: Չէ՞ որ երկու դեպքում էլ առանցքային դեմքերը նույնն են: Չէ՞ որ հանրապետության թիվ 1 օլիգարխի համբավ ունեցող Գագիկ Ծառուկյանի ու ոչ պակաս օլիգարխի համբավ ունեցող նրա խնամի, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի ֆինանսական, քաղաքական ու կառավարչական շահերը միահյուսված են: Նույնական են նաև նրանց հեռանկարային հավակնությունները: Եվ ինչքան էլ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը հրապարակավ իրենց տարբեր ճամբարներում ներկայացնեն, ինչքան էլ այդ ճամբարներին գույներ ու երանգներ հաղորդեն, միևնույն է՝ այդ ամենը ձև է, իսկ բովանդակությունը մնում է նույնը: Ասել կուզե՝ գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում:Ինչևէ, պատմությունը մի հետաքրքիր օրինաչափություն ունի՝ ժամանակ առ ժամանակ կրկնվում է: Եվ երբեմն թվացյալ առաջընթացն ընդամենը պատրանք է: Հետինդուստրիալ հասարակարգ ստեղծելու փոխարեն մենք նորից անցել ենք վաղֆեոդալական Հայաստանի բարքերին: Մենք երկիր ենք, որտեղ թևածում են կենտրոնախույս իշխանների ուրվականները, մենք երկիր ենք, որտեղ միայն օլիգարխն է իրեն հարմար զգում:

Չցանկանալով ավարտել հոռետեսական դրվագով՝ նշենք, որ Հայաստանը բարդ օրեր, տարիներ և դարեր շատ է տեսել: Սա էլ կհաղթահարվի: Ի վերջո, մենք հաղթանակած ժողովուրդ ենք, և հաղթանակը կերտել են ոչ թե Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը (իրենց այն ժամանակ չեղած, բայց ներկայումս շուրջները վխտացող վասալների հետ), այլ սովորական հայ մարդը, իր երկրում արժանապատիվ ապրել ցանկացող ու ինքնասիրություն ունեցող հայորդին: Այնպես որ, օլիգարխներն էլ անցողիկ են:

Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ. Գ. -Եղիշե Չարենցը մարդկության պատմության մեծագույն չարագործներից մեկի՝ հոների առաջնորդ Աթիլլայի մասին հետաքրքիր ստեղծագործություն ունի, որը համահունչ է նաև վաղմիջնադարյան հայկական իրականությունը մեր օրեր տեղափոխած օլիգարխներին: Երկու քառյակն էլ բավական է...

Դարերի խորքից արթնացած նորից՝

Անցնո՛ւմ եմ ահա երկրի դաշտերում.

Նայում եմ դեպի հրդեհվող հեռուն՝

Դարերի խորքից բարձրացած նորից...

Եվ չըգիտեին, որ ես չե՜մ մեռել,

Որ ես չե՜մ մեռնի, որ եղել եմ, կամ՝

Նորի՜ց կքնեմ, նորի՛ց կարթնանամ,

Ես - հազարանուն` Մահ, Ավերք ու Նեռ...

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ