ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ազգի արժանապատվության վահանը պահող ձեռքը

Ազգի արժանապատվության  վահանը պահող ձեռքը
17.04.2012 | 00:00

ԱՊՐԻԼԻ 17-ԻՆ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ

Ասում են` ժամանակն ամենամեծ դատավորն է, բժիշկն է, դեղն է...

Ես կասեի` զտիչ քուրան է։ Նետիր դրա մեջ անուններ ու գործեր, եթե հաջորդ սերունդներին, դարերին փոխանցվեցին, ուրեմն գործ ունես անմահների հետ և հպարտ եղիր նրանց ժամանակակիցը լինելուդ համար։

Կարեն Դեմիրճյանը ժամանակի քուրայի կարիքը չուներ. ազգի ընտրյալ լինելը նրա կենդանության օրոք էլ էր ակնհայտ։ Քայլիր Երևանով. ամենուր նրա անտես ներկայությունն առկա է` համալիր, մետրո, կասկադ... Թվարկելն անիմաստ է, որովհետև ցանկը շատ է երկար։ Բայց նա ազգի և դարերի հիշողության մեջ մնաց ոչ միայն երկրի շենացմամբ և կառույցներով։ Նա հավերժության ծառը տնկեց իր տքնանքով, գործերով, ջրեց իր արյամբ, քրտինքով, արցունքներով։ Իր կյանքն ու ավյունը ներարկելով։ Եվ գլխավորը` ժողովրդի ցանկությամբ` տնկեց նրա ՍՐՏՈՒՄ, ուր քչերին է բախտ վիճակվում ամրանալու, արմատակալելու։

Իր կյանքի հավատարիմ ընկերուհին, նեցուկը` տիկին Ռիման, ով միշտ և բոլոր պահերին ամուսնու ամուր թիկունքն է եղել, շարունակում է անմար պահել բացառիկ հայի հիշատակը. բացի թանգարան բացելուց և «Կարեն Դեմիրճյան» հիմնադրամ ստեղծելուց, նա մեկիկ-մեկիկ հավաքում, խմբագրում, ամբողջացնում է ժամանակի մեծերի խոսքը, հուշերը, ձոն-բանաստեղծությունները, Կարեն Սերոբիչի մտքերը, ասույթները, գրառումները։ Բարեբախտությունն ունենալով ընթերցելու այդ գրքերը, «Լռության րոպե» ժողովածուի վերջին էջերում, ուր զետեղված են ընծայագրերով գրքերի պատճենները, ուշադրությունս գրավեց մի փաստ. բացի մեծարման ջերմ խոսքերից, բանաստեղծը շեշտում է, որ Կ. Դեմիրճյանը գրականության մեծ բարեկամն է, ճարտարապետը` որ նա ճարտարապետության մեծ բարեկամն է, նկարիչը` նույնը, քանդակագործը` նույնը, երաժիշտը` նույնը։ Միով բանիվ` արվեստն իր հոգում կրող` արվեստի մեծ բարեկամն էր նա։

Նա իր ժողովրդի բարեկամն էր։ Նաև իմ` մանկական տարիքից։ Իմ անմոռաց, դրամատիկ հուշերում ինձ հետ ապրեց և առայսօր իմ ուղեկիցն է, տան անդամը` իր պարգևած բնակարանի պատից ժպտացող բարի դեմքով, ներկայությամբ, ներշնչած լավատեսությամբ, ուժով և տոկունությամբ։

Տասներեք տարի ֆիզիկապես մեզ հետ չէ մեր հին ժողովրդի նոր ժամանակների հմուտ նավապետը։ Իր ուժեղ ձեռքերում երկրի նավը կխուսանավեր շատ տեսանելի և անտես խութերից, բնական և արհեստածին փոթորիկներից, և որ ծովերով էլ նավարկեր, միևնույն է, այն անփորձանք հայրենի ափ էր հասնելու։ Թույլ չտվին. ոմանց կայուն նավարկություն անհրաժեշտ չէր։ Հոկտեմբերի 27-ը, ցավոք, փաստեց, որ հայ ժողովրդի արգանդը միաժամանակ կարող է ծնել նախանձից, մաղձից կուրացած Կայեն և իր մարդկային ողջ շքեղությամբ փայլող Դեմիրճյան Կարեն։ Փաստեց, որ պատմության դասերի լավ ուսուցիչ ենք, վատ աշակերտ։ Փաստեց, որ մեր պատմական, մարդկային, բարոյական, հողային կորուստները մեր իսկ ձեռքով են կատարվել։ Այո՛, մեր ձեռքերը կարող են և՛ Անի կերտել, և՛ վաճառել ու կործանել Անին։ Հանելուկային ազգ ենք։

Կարեն Դեմիրճյանը կարող էր այսօր էլ մեր կողքին լինել, և, միգուցե, այսօր մենք ա՛յլ Հայաստան ունենայինք։ Աշխարհի մարտահրավերներն ու ժպտաշղարշ նենգությունները նետեր և նիզակներ են մեր ազգի դեմ. ո՞ւր է մեր արժանապատվության և սթափության վահանը։ Ծանր է այդ վահանը, ու այն պահող ձեռքը չկա։

Չեմ ցանկանում ցավի շեշտով ավարտել խոսքս. մխիթարվենք նրանով, որ իր ծնունդով պատմության դարակազմիկ էջ լրացրեց, հարստացրեց ազգի երևելի այրերի ցանկը, իր ղեկավարման շրջանում շենացրեց երկիրը, դարձավ այդ երկրի աղը։ Թո՛ղ որ իր բացակայությամբ շատ բան անալի ու անհամ դարձավ, բայց իր գոյությամբ մեր նորագույն պատմությանը համ ու հոտ տվեց։ Ճաշակեց կյանքի ամենամեծ փառքը` ժողովրդի համար միաժամանակ և՛ անձնվեր հայր եղավ, և՛ սիրառատ որդի։

Շնորհավոր 80-ամյակդ, Մեծ հայորդի։

Գայանե ԱԹԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ