ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԲՈԼՈՐԸ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ

ԲՈԼՈՐԸ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐՆ ԵՆ
03.02.2012 | 00:00

Ըստ իս, ընդդիմություն կոչվածը ամորֆ մարմին չէ: Նա երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային, բնապահպան և այլ կարևոր հարցերի հսկող դատախազն է, որն արդարացի և օբյեկտիվորեն պատրաստ է ցանկացած պահի երկրի կառավարողի գլխին իջեցնելու անողոք մտրակը: Ընդդիմություն կոչվածն ամենօրյա աշխատանք է, տիտանական աշխատանք: Ընդդիմության առաջնորդի խոսքը պետք է երկրում ժողովրդի մոտ ավելի մեծ կշիռ ունենա, քան կառավարողինը: Կառավարողը կարող է ամենօրյա սխալներ թույլ տալ, երկրի համար բախտորոշ սխալներ, իսկ ընդդիմությունն այդ սխալները պետք է ոչ միայն ուղղի, այլև կանխի: Մեր անկախ երկրի ընդդիմություն կոչվածը միայն մեկ բան գիտե. «Լևո՛ն, հեռացի՛ր, Քոչարյա՛ն, հեռացի՛ր, Սե՛րժ, հեռացի՛ր»: Եվ այդ խոսքերը տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներում կրկնել են քաղաքական որոշ անհատներ կամ խմբեր:
Լևոնն «ընդդիմության» պահանջով չհեռացվեց և, բնականաբար, չէր էլ հեռանալու կառավարումից: Հեռացման պրոցեսն ավարտվեց ընտրակեղծիքներով և սրան հաջորդած կրակոցներով: Եվ հեռացման պրոցեսը շարունակվեց այնքան, մինչև նրա շրջապատը հասկացավ, որ Լևոնի հեռանալն անհրաժեշտություն էր: Բայց հանուն ճշմարտության այն էլ ասեմ, որ, եթե չլիներ ներքին օպոզիցիան, Լևոնն իր կործանարար քաղաքականությամբ դեռ երկար կկառավարեր:
Հետո եկավ Քոչարյանը, ընտրակեղծիքներով: Սրան հաջորդեցին սահմանադրական հանրաքվեի կեղծումը, պառլամենտի գնդակահարումը, հաջող թե անհաջող հինգ տարվա կառավարումը: Հետո նորից ընտրակեղծիքներ ու ևս հինգ տարով ժողովրդին պարտադրված կառավարում: Քոչարյանական կառավարման տասը տարիներին չեղավ մի լուրջ ընդդիմություն, մի լուրջ անհատ, որը կարողանար լայն զանգվածներին ոտքի հանել, թեպետ դրա համար բոլոր պայմանները կային: Եվ ո՞վ պիտի հաներ նրանց: Ավելին, «որոշ»ների բառապաշարը չէր անցնում ումով և ինչով աղճատված բառակապակցություններից, խելացիների մոտ` ծայրահեղ մեծամիտ ինքնագովերգությունից, իսկ ավելի «բարեհաճողները» կես ճամփին որակյալ ապրանքի պես վաճառվում էին: Սա մեր ընդդիմությունն էր:
Քոչարյանական տասնամյա կառավարումն ավարտվեց ողբերգությամբ։ Հնարավո՞ր էր արդյոք այդ ողբերգությունը կանխել, և ժողովրդի ծանր սոցիալ-տնտեսական վիճակի վրա լավ խաղացող լիդերը գար իշխանության: Այո, եթե այդ լիդերն իր տաք առանձնատանը չնստեր և չմտածեր ուրիշներին փուռը տալու և նրանց դիակների վրայով իշխանության գալու մասին, այլ ինքը մինչև վերջ լիներ ընդվզած ամբոխի հետ: Բա որ հանկարծ մի չար գնդակ իրե՞ն դիպչեր: Դրանից հետո իրեն պե՞տք էր ժողովրդի վիճակը կամ Սարգսյանի լինել-չլինելը:
Իրոք, մեր քաղաքական պետական գործիչների մասին կարելի է միայն ասել` նրանք բոլորը մտածում են «նախ` մորթուս, հետո որդուս» սկզբունքով: Ասածիս լավագույն վկայությունն է այն, ինչ այսօր ունենք: Եվ երկրի բոլոր ձախողումների համար (իսկ դրանք քիչ չեն) իշխանությունների հետ համահավասար մեղադրում եմ ընդդիմությանը: Ասածս փաստեմ: Դաշնակներն ընդդիմություն էին: Հենց հասան իշխանական տարրին, մոռացան երեկվա խոսքը: Ախր տորթը շատ համով էր ու քաղցր: ՀԱԿ-ի մասին չեմ ուզում ասել, որովհետև դա եզից ծնված ընդդիմություն է: Ասում եմ եզից, որովհետև նորմալ երկրում մեկ անգամ կառավարումը տապալած, երկիրը թալանած քաղաքական գործիչները չեն կարող նորից վերարտադրվել:
Հիմա այդ սպառված ուժերը քաղաքական դաշտում ասելու որևէ հիմնավոր խոսք չունեն, որ իրենց հետևից տանեն ընտրազանգվածը։ Հետևաբար, փորձում են խաղալ նոր քարտերով: Հայաստանում անցած քսան տարիներին ընտրազանգվածի հետ պարբերաբար աշխատելու մշակույթ չի ձևավորվել: Ընդդիմությունը զարթնում է ընտրությունից ընտրություն, և նրա հիմնական աշխատանքի ձևը հանրահավաքն է: Ընդդիմադիր դաշտում կա շուրջ երեք տասնյակ պատգամավոր, որոնց ընտրազանգվածն առնվազն 300 հազար է: Այդ զանգվածի հետ նրանք երբևէ հանդիպո՞ւմ են, նրա դարդին, հոգսին տեղյա՞կ են, նրա պահանջները երբևէ հասցնո՞ւմ են խորհրդարան: Կասեք` ո՛չ: Ընտրվելուց հետո նրանց համար այլևս ընտրող չկա մինչև հաջորդ ընտրատարին, երբ ժողովրդի «ընտրյալները» կսկսեն իրենց առատ խոստումները, իսկ ոմանք էլ նորեն կգործեն այդ զանգվածին նյութապես «մշակելու» արդեն ավանդույթ դարձած մեթոդով: Նման պայմաններում մի՞թե էական է, թե ով ինչպես կանցնի խորհրդարան. մեծածա՞խս, թե՞ մանրածախս ձևով: Եթե ոմանք մտածում են (ավելի ճիշտ շահարկում են), թե մեծամասնականով անցնում են օլիգարխները (հասկացիր` միայն խաբելով, ընտրակաշառքով), կարող եմ հաստատ ասել, որ կուսակցական ցուցակներում էլ օլիգարխների կամ նրանց որդիների պակաս չկա: Հետևաբար, հարցը պետք է դրվի այլ ձևով: Ինչպես ցուցակով, այնպես էլ անհատապես պետք է անցնեն արժանիները: Ասենք, ոմն ՀՀ քաղաքացի, որ խորշում է բոլոր կուսակցություններից և ցանկանում է պատգամավոր դառնալ: Նա ի՞նչ պետք է անի. անպայման պետք է մտնի որևէ կուսակցություն և առաջադրվի նրա կողմից: Եթե օլիգարխ է, ապա կարող է վճարել և անցնել ցուցակ, եթե ոչ, ուրեմն չի անցնի: Գուցե կասեն` արժանի չէ, դրա համար չի անցել: Կոնկրետ օրինակ նշեմ. ՀՅԴ-ի ցուցակներում որևէ նոր անուն կա՞, թե՞ ոչ: Նույնը` «Օրինաց երկրի»: Չկան, բոլորը հին ընկերներն են: Ասածս հաստատում է, որ ընդդիմությունն իր առաջարկով սահմանափակում է ՀՀ քաղաքացու ընտրվելու սահմանադրական իրավունքը:
Պատգամավոր պետք է դառնա նա, ով արժանի է, ունի կրթական գերազանց մակարդակ, հարուստ, անաղարտ կենսագրություն և իր աշխատանքով, կյանքով ապացուցել է դա: Եվ ոչ թե նրանք, ովքեր երիտասարդ հասակից արատավորել են իրենց, բանտ են նստել, հետո հարստացել և կաշառակեր դատավորի միջոցով մաքրել են իրենց անցյալը: Անցյալը չի սրբագրվում: Մի հանճար է ասել` կյանքդ երիտասարդ հասակից մաքուր պահիր:
Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ