ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՈՐՏԵՂ ԲԱՐԱԿ Է, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԿԿՏՐՎԻ»

«ՈՐՏԵՂ ԲԱՐԱԿ Է, ԱՅՆՏԵՂ ԷԼ ԿԿՏՐՎԻ»
24.06.2011 | 00:00

Կենցաղային հայտնի կատակախոսությունը` «ընկերությունը` ընկերություն, բայց թութունիս մատով չդիպչեք» (հատկապես, եթե «թութունը» գազամատակարարման բերած հսկայական փողերն են), ինչպես և սպասվում էր, սկսել է թելադրել միջազգային հարաբերությունների նորմերը։ Համենայն դեպս, օբամայական «ֆետիշին»` ռուս-ամերիկյան «վերաբեռնմանը», Կասպյան տարածաշրջանի էներգետիկ պատերազմը եթե ոչ մահացու, ապա ցավագին հարված հասցրեց։ Պարզվում է` Անդրկասպյան գազամուղի` չարաբաստիկ «Նաբուկոյի» հիմնական ճյուղերից մեկի շինարարության բանակցությունները, ինչպես հայտարարում են Բաքվում այժմ, կանցկացվեն առանց Ռուսաստանի մասնակցության։ Ավելին, եվրոպացիներն ու ամերիկացիները ոչ միայն ողջունում են այդ մոտեցումը, այլև, ինչպես հայտարարել է դեսպան Բրայզան, «ԱՄՆ-ը և Ադրբեջանն սկսում են անվտանգության ոլորտի համագործակցության մի նոր փուլ», որն առնչվելու է կասպյան էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանությանը։ Դժվար չէ ենթադրել, որ Կրեմլը, ուր վերջին շրջանում ջանադրաբար ցուցադրում էին «բարեկամություն և նոր մոտեցումներ», ծայրաստիճան ցավոտ ընդունեց ԱՄՆ-ի պետքարտուղարի` էներգետիկայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի այն խոսքերը, թե Ադրբեջանն ու Թուրքմենստանը «ինքնիշխան երկրներ են և ինքնուրույն կարող են որոշել` ինչպես խողովակաշար կառուցել և որ ուղղությամբ»։ Բայց Արևմուտքում, ինչպես և սպասվում էր, ոչ ոք ուշադրություն չդարձրեց այն բանին, որ Ռուսաստանը, որպես կասպյան երկիր, դեմ է «եզակի ջրամբարի հատակով խողովակաշարերի անցկացմանը, որոնք կարող են վնաս հասցնել Կասպից ծովի բնաշխարհին»։ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց, որ «ծովի հատակով գազի տարանցումը Եվրոպա բնապահպանության առումով անվտանգ է, բնապահպանական սպառնալիքի մասին խոսելն էլ` անտրամաբանական»։ Իսկ համարձակություն ստացած ադրբեջանցիները վստահորեն հայտարարեցին. «Ռուսաստանը չի խոչընդոտի այդ նախագծին և որևէ առճակատման պատճառ չի դառնա»։ Ընդ որում, նրանք չխորշեցին «ռազմավարական գործընկերոջը», մատնանշելուց, որ Անդրկասպյան գազամուղի շինարարության հարցով խորհրդակցություններն ընթանալու են «մասնավոր ընկերությունների միջև», և Մոսկվան այստեղ գործ չունի։ Նշենք, որ Անդրկասպյան խողովակաշարը ծրագրվում է անցկացնել ծովի հատակով Ղազախստան (հարուստ և արդեն շահագործվող հանքավայր «Թենգիզ»), Թուրքմենստան (Հարավային Յոլոտանի նոր և շատ հարուստ հանքավայր, որի պաշարները կարող են հասնել 21 տրլն խմ գազի, ինչը գազի համաշխարհային բոլոր հայտնի պաշարների մոտավորապես մեկ տասներորդ մասն է) և Ադրբեջան երթուղով, որտեղ գազի պաշարները հարևան երկրների համեմատ այնքան էլ մեծ չեն, սակայն «Շահ Դենիզ» նախագծի երկրորդ փուլից հետո ծավալները պետք է մեծանան։
Ի դեպ, իրադարձությունների նման զարգացում պետք էր սպասել այն բանից հետո, երբ վերջերս Թուրքիայում տեղի ունեցավ «Նաբուկո» նախագծին աջակցության համաձայնագրի ստորագրումը։ Դրանով տարանցման երկրների (Ավստրիա, Բուլղարիա, Հունգարիա, Ռումինիա, Թուրքիա) կառավարություններն ու կոնսորցիումը հաստատեցին շահավետ տարանցման ռեժիմի պահպանումը և երաշխիքներ տվեցին, որ ապագայում ոչ մի փոփոխություն չի վտանգի խողովակաշարի գործարկման պայմանները։ Գազամուղի շինարարությունը նախատեսված է սկսել 2013-ին` նայած թե ինչ հաջողությամբ կընթանան բաժնետերերի և գազի հնարավոր մատակարարների բանակցությունները։ Այնպես որ, եվրոպական մեծ նախագիծը, որը, ինչպես ասվում է, լինելու է «Հարավային գազամիջանցքի» ողնաշարը, անկախ բոլոր խոչընդոտներից ու ձախորդություններից, ամենայն հավանականությամբ, սկսում է իրականանալ։ Առավել ևս, որ անցյալ տարվանից նկատվող տնտեսական ճգնաժամի նահանջը, ինչպես նաև «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո ատոմային էներգետիկայի հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը էական ճշգրտումներ են մտցրել Եվրոպայում գազի սպառման աճի գնահատման հարցում։ Ատոմակայանների տասնյակ բլոկներ, ոչ միայն Ճապոնիայում, այլև Գերմանիայում, կանգնեցվել են։ ԳԴՀ-ի կառավարությունը որոշում է ընդունել հրաժարվելու միջուկային էներգետիկայից և ծրագրում է գործող ատոմակայաններից վերջինը փակել 2023-ին։ Դրան գումարվում է նաև այն, որ Հյուսիսային Աֆրիկան (Եգիպտոս, Լիբիա, Թունիս, Ալժիր), որը Ռուսաստանի և Կատարի հետ մեկտեղ Եվրոպային գազի գլխավոր մատակարարն է, ըստ երևույթին, խրվել է երկարատև անկայունության ճահիճը։
Այս պայմաններում Եվրամիության առջև ամբողջ հասակով ծառանում է գազամատակարարումն անհրաժեշտ ծավալով և կայունորեն ապահովելու խնդիրը։ Ընդ որում, նա չի ուզում ամրապնդել «Ռուսաստանի կեղծ-մենաշնորհը» և կարծում է, որ կախումը պետք է թուլացնել այլընտրանքային աղբյուրների միջոցով։ Բացի այդ, շատ մեկնաբաններ նշում են, որ Սիբիրի հյուսիս-արևմուտքում գազի պաշարներն սպառվում են, իսկ Ռուսաստանը գազի արտահանման իր պարտավորությունները ավելի հաճախ է շաղկապում նախկին ԽՍՀՄ երկրներից հումքի գնման և վերավաճառման հետ։ Իսկ դա, համաձայնեք, ներկա իրավիճակում և Մոսկվայի ներկա կշռի պայմաններում լիովին հակասում է թե՛ տնտեսության օրենքներին, թե՛ քաղաքականության նորմերին։ Այնպես որ, միանգամայն հասկանալի է, որ Արևմուտքը մտադիր է իր խնդիրները լուծել ուղիղ գծով։ Այդուամենայնիվ, Իրանի դեմ ուղղված պատժամիջոցներն ու Վաշինգտոնի դիրքորոշումը (վերջերս «Նաբուկո» կոնսորցիումի ներկայացուցչի արած հայտարարություններն այն մասին, որ իրենք ակնկալում են ստանալ 10-20 մլրդ խմ գազի ծավալ, այդ թվում Իրանից, առայժմ սոսկ բարի մտադրություններ են), ինչպես նաև Իրաքում տիրող անկայունությունը թույլ չեն տալիս հուսալ, որ այդ երկրներից մատակարարվող գազի ծավալները զգալիորեն կավելանան։ Մնում է Կասպից ծովի ավազանը` Թուրքմենստանի ու Ղազախստանի, մասամբ նաև Ադրբեջանի գազի մեծ պաշարները։ Իսկ դա, իր հերթին, սկսում է բավականին լուրջ և անզիջում հակասության մեջ մտնել ռուսական «Գազպրոմի», Պուտինի հոգեզավակ «Հարավային հոսքի» և, համապատասխանաբար, հենց Կրեմլի ու ռուսական «ազգային շահերի» հետ։ Այնպես որ, կենաց ու մահու գոտեմարտ է սպասվում, իսկ պատերազմում, ինչպես հայտնի է, բոլոր միջոցներն ընդունելի են։ Այլ բան է, որ դրանց ընտրության հարցում Կրեմլի հնարավորություններն այնքան էլ մեծ չեն։
Երկար ժամանակ ռուսական պաշտոնատար անձինք այն հույսն էին փայփայում, թե «Նակուբոն» զուրկ է անհրաժեշտ «պաշարների հիմքից»։ Մասնավորապես, ՌԴ փոխվարչապետ Սեչինը բազմիցս հայտարարել է, որ «դրոշակակիր», ինչպես եվրոպացիներն են այն անվանում, էներգետիկ նախագիծը համարում է «անհեռանկար ձեռնարկ» և կարծում էր, թե արդեն կանխավ գնել է «մերձավոր արտասահմանի» ամբողջ գազը։ Սակայն այժմ անգամ առանց իրանական գազի (ԱՄՆ-ի պատճառով այս հարցը դեռևս խնդրահարույց է) իրադրությունը կարծես փոխվում է։ Նկատենք, հայտնաբերելով գազի նոր և շատ հարուստ պաշարներ, Թուրքմենստանը քանիցս փորձել է Ռուսաստանի հետ գազի արտահանման պայմանագրերը փոխել իր օգտին, բայց «Գազպրոմը» մնացել է անհողդողդ։ Եվ ահա հորիզոնում ուրվագծվում են «Նաբուկո» նախագիծը և դրանով իսկ` ռուսական մենաշնորհի շրջանցման ուղիները։ Է՛լ ավելի սենսացիոն է այն հաղորդագրությունը, որ ռուսական շահերին հարվածող Անդրկասպյան գազամուղի նախագծին մասնակցում է Ղազախստանը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա, ինչպես միշտ, կսակարկի-կսակարկի և կտրվի նրան, ով շատ կվճարի։ Առավել ևս, որ «ավագ եղբայրն» Անկարայից թույլ չի տա շատ երես առնել։ Այնպես որ, «Նաբուկոյի» «ձախողման հույսը», հավանաբար, շուտով այլևս հրատապ չի լինի։
Բայց ռուսները հնարեցին մի նոր «բայց»։ Նրանք սկսեցին խոսել այն մասին, որ առանց Կասպից ծովի կարգավիճակի ճշտման խողովակաշարի անցկացումն անհնար է, և որ ծովի հատակով խողովակաշարի, մասնավորապես Անդրկասպյան գազամուղի անցկացման հարցերը պետք է լուծվեն մերձկասպյան բոլոր երկրների համաձայնությամբ` Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիային համապատասխան։ Հիշեցնենք, որ այդ կարգավիճակը շատ բարդ ու չլուծված հարց է։ Եվ հիմա ռուսական կողմը, իբր Իրանի հետ մեկտեղ, կարծում է, որ եթե Կասպից ծովի առնչությամբ առայժմ համաձայնություն չկա, ապա «դա վկայում է այն մասին, որ «առափնյա երկրները վատ են վերաբերվում գազամուղի անցկացմանը»։ Նկատենք, որ դեռ մեկ տարի առաջ Թուրքմենստանը պաշտոնապես հրապարակեց իր դիրքորոշումը և հայտարարեց, որ Կասպից ծովում ստորջրյա խողովակաշարի անցկացումը կարող է իրականացվել ընդամենը երեք պետությունների համաձայնությամբ, որոնց ծովային հատվածի հատակով էլ անցկացվելու է խողովակաշարը։ Այդ նախագծի շուրջ Բաքվի ու Աշգաբադի բանակցություններն ակտիվորեն խրախուսում են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։ Վերջին իրադարձություններից հետո հնարավոր է, որ Աստանայի դիրքորոշումը փոփոխություն կրի, իսկ եթե Թեհրանն էլ, այնուամենայնիվ, «կարկանդակի» իր պատառն ստանա, այդ դեպքում, առհասարակ, ռուսների «բանը բուրդ է»։
Դեռ մի թույլ հույս կա` Կասպից ծովի առափնյա ջրագոտու բաժանման և մի շարք հանքավայրերի պատկանելության առնչությամբ` Բաքվի և Աշգաբադի միջև դեռևս չկարգավորված հարցի հետ։ Բայց Արևմուտքում, ըստ երևույթին, ծանրակշիռ փաստարկներ, փոխզիջումային որոշումներ կգտնվեն հաշտեցման համար, և, ամենայն հավանականությամբ, բանը միջնորդ դատարան, առավել ևս լուրջ առճակատման չի հասնի։
Այնպես որ, Կրեմլն ունի ժամանակի քննություն բռնած և լավ հղկված հիմնավորում` «Անկայունության գոտի», որը կարող է «ջրել» թե՛ «Հարավային միջանցքի» եվրոպական ամբողջ էներգետիկ ռազմավարությունը, թե՛ «Նաբուկոն» մասնավորապես։ Հնարավոր է, բայց մեծ հաշվով անհավանական, որ «կպայթի» Կենտրոնական Ասիան։ Մոսկվայի համար ցանկալի, բայց իրականացման տեսակետից բավականին բարդ է, որ «գոտին» անցնի Վրաստանով։ Է՞լ ինչ մնաց։ Չասենք, որ աչքով չտանք, բայց «որտեղ բարակ է, այնտեղ էլ կկտրվի» գործելակերպը լիովին համապատասխանում է կրեմլյան գործարարների ոգուն։ Սակայն չմոռանանք նաև այն, որ ադրբեջանցի փորձագետներն արդեն շտապել են օգտվել առիթից և նշել, թե «խոշորածավալ և թանկարժեք նախագծի իրացումը պահանջում է անվտանգության երաշխիքներ` ներառյալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում առաջընթացի ձեռքբերումը»։ Նրանց կարծիքով` «Եվրամիությունը «Հարավային միջանցքի» գործունեության ապահովման համար կարող էր ավելի ակտիվորեն ներգրավվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում և օգնել Բաքվին խաղաղ ճանապարհով հասնելու հայերի զավթած տարածքների ազատագրմանը»։ Այն, որ նրանք, ինչպես միշտ, մտադիր են ուրիշի ձեռքով «թանկարժեք շագանակներ» հանել կրակից, մեզ համար նորություն չէ, բայց թե ինչպիսին կլինի վերաբերմունքը այդ շանտաժ-կոչի հանդեպ, այլ հարց է։ Իհարկե, եթե Արևմուտքին իրոք խաղաղ տարածաշրջան է պետք, ապա Ղարաբաղի հայերը, երևի, այդ խաղում վերջին դերը չեն ունենա։
Ամեն դեպքում, «Նաբուկոյի» շուրջ բորբոքվող կրքերը նոր փուլ են թևակոխել, իսկ դա, անտարակույս, Կազանի հանդիպմանն առանձին հետաքրքրություն է հաղորդում։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ