ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՇԽԱՐՀԻ՞Կ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԿՐՈՆԱԿԱՆ

ԱՇԽԱՐՀԻ՞Կ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ԿՐՈՆԱԿԱՆ
21.06.2011 | 00:00

Եվ այսպես, Թուրքիայում կայացան երկար սպասված խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքները թույլ են տալիս այդ երկրում ուժերի նոր դասավորություն արձանագրել։ Այսպես, վարչապետ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքել է ընտրողների քվեների 49,91 տոկոսը (326 մանդատ) և երրորդ անգամ հնարավորություն ստացել կազմելու միակուսակցական կառավարություն, ժողովրդահանրապետական կուսակցությունը հավաքել է 25,92 տոկոսը (135 մադատ), Ազգայնական շարժումը` 12,9 տոկոսը (53 մանդատ)։ Սա համապատասխանում է թուրք սոցիոլոգներից շատերի կանխատեսումներին (բացի «ազգայնականների» տվյալներից, որոնց համար գուշակել էին 10 տոկոսից պակաս քվե և խորհրդարանի շեմից դուրս մնալու հեռանկար)։ Սակայն կառավարող կուսակցության 326-հոգանոց պատգամավորական խմբակցության ձայները բավարար չեն, որ Էրդողանն անցկացնի Թուրքիայի Սահմանադրության փոփոխման օրինագիծը։ Հետաքրքիր է նաև այն, որ դեռ ընտրությունների նախօրեին վարչապետն աշխատեց զգալիորեն կրճատել ընտրացուցակներում նախագահ Գյուլի կողմնակիցների թիվը։ Նկատենք, որ երկրի ընդդիմությունը, ընդհանուր առմամբ, գոհ է ընտրությունների արդյունքներից, թերևս, բացի ազգայնականներից, որոնք, իրենց իսկ խոսքով, «իրավունք չունեին պարտվելու»։ Սակայն նրանք հիմնականում իրենց են մեղադրում և մտադիր են լրջորեն վերանայելու սեփական մարտավարությունը։ Այդուամենայնիվ, նշվում է, որ Թուրքիայի այս ընտրարշավն անցավ «առանց ավելորդ սեթևեթանքների», և իսլամականներն իրենց ճանապարհից հեռացրին բոլոր հնարավոր խոչընդոտները։ Հաշվի առնելով, որ երկրում սահմանված է աշխարհի ամենաբարձր անցումային շեմը խորհրդարան, փոքր կուսակցությունները հնարավորություն չունեին լիարժեք մասնակցելու ընտրություններին, իսկ խոշոր ընդդիմադիր կուսակցություններն ու դրանց ղեկավարները բոլոր միջոցներով մեկուսացվում էին պայքարից։ Կարևոր է և այն, որ ընտրողները, փաստորեն, աջակցություն չցուցաբերեցին անցման հնարավորություն չունեցող կուսակցություններին։ Հատկանշական են նաև մյուս ցուցանիշները։ Այսպես, Թուրքիայի քսանչորսերորդ գումարման Ազգային մեծ ժողովի պատգամավորների 20 տոկոսն իրավաբան է, ընդ որում, ընտրվել են «Էրգենեկոն» և «Բալեզ» քրեական գործերի շրջանակներում հակապետական դավադրության մեղադրանքով ձերբակալված անձինք, այդ թվում` մեկ լրագրող, մեկ դատախազ (որը նախաձեռնել էր կառավարող կուսակցության փակման գործընթացը), մեկ գեներալ, այնպես որ նրանց բոլորին առանց այլևայլության կարելի է քաղբանտարկյալ անվանել։ Ընտրությունների արդյունքների հիման վրա նրանք կազատվեն քրեական հետապնդումից։ Իսկ ընդհանուր առմամբ, նոր խորհրդարան է անցել ութ մարդ, ովքեր ավելի վաղ բանտային պատիժ են կրել։ Արժե նաև նշել, որ կանանց թիվը թուրքական խորհրդարանում մեծացել է և կազմում է 14 տոկոս։ Հաղորդվում է, որ, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի խոսնակն էլ կին կլինի` կրթության նախարար, կառավարող կուսակցության անդամ Նիմեթ Չուբուքչուն, որի թեկնածությունը պաշտպանում է Էրդողանը։ Իսկ վարչապետն էլ հայտարարեց, որ «ընտրություններում հաղթել են Թուրքիան ու ժողովրդավարությունը», և ընդգծեց, որ ձայնի իրավունք ունեցողներից յուրաքանչյուր երկրորդն ընտրել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։ Այսինքն, «իր գործն արդար է, իսկ ոսոխը, ինչպես և պիտի լիներ, կջախջախվի»։ Այնուհետև Էրդողանը շնորհավորանքներ ստացավ այլ երկրների առաջնորդներից, անցկացրեց կառավարության նիստ և հրաժարվեց իր լիազորություններից։ Օրենսդրության համաձայն, երկրի նախագահը հաղթած կուսակցությանը, այսինքն` Էրդողանին, հանձնարարեց կազմել նոր կառավարություն։ Եվ այս ամենն ավարտելուց հետո, մաքուր խղճով, ընտանյոք գնաց արձակուրդ։
Հարկ է նշել, որ փորձագետները, ընդհանուր առմամբ, ճիշտ էին կանխագուշակել այս ընտրությունների ելքը, սակայն գնահատականները շատ տարբեր են։ Սկսած Էրդողանի ու իսլամականների «լիակատար և ջախջախիչ» հաղթանակից, Թուրքիայի հետագա առաջընթացի արձանագրումից (և դա, որոշ կարծիքների համաձայն, ակնբախորեն ցուցադրում է, որ երկրի քաղաքական համակարգում բեկում է տեղի ունեցել), վերջացրած մոտ ապագայում կառավարող կուսակցության փաստական պարտության, «քրդեր-թուրքեր», «իսլամականներ-աշխարհականներ» ճակատում երկրի հարաճուն պառակտման կանխատեսումներով։ Առանձնապես ընդգծվում է, որ Էրդողանին պետք էր ոչ թե պարզապես հաղթանակ, այլ այնպիսի հաղթանակ, որը նրան հնարավորություն կտար մնալու իշխանության ղեկին և անցկացնելու «սեփական բարեփոխումներն» առանց որևէ սահմանափակության։ Այդուամենայնիվ, նա, փաստորեն, չկարողացավ իրականացնել կանխորոշված պլանները, ստանալ քվեների առնվազն երկու երրորդը։ Եվ հիմա Էրդողանն ու նրա կուսակիցները հնարավորություն չունեն օրենսդրական մարմնում անցկացնելու ցանկացած օրինագիծ (վարչապետը խոստացել էր հաղթանակի դեպքում կենսագործել 23 խոշոր ու դժվար իրագործելի ծրագիր, որոնցից է «Ստամբուլի ջրանցքի» մեծ աղմուկ հանած նախագիծը, որը լրագրողները կնքել են «խելագար նախագիծ» անունով) և առանց հանրաքվեի փոխել սահմանադրությունը։
Ամբողջ հարցն այն է, որ 2012-ի գարնանը Թուրքիայում նախագահական ընտրություններ են։ Շատ վերլուծաբաններ կանխատեսում են, որ Էրդողանը, ամենայն հավանականությամբ, կդառնա պետության ղեկավարի թեկնածու, և նրա համար շատ կարևոր է ունենալ ավելի լայն լիազորություններ, քան այսօր։ Բացի այդ, հավանաբար, նպատակ կա նոր նախագահին օժտելու ավելի լայն լիազորություններով, որպեսզի նա այլևս «երկրորդ ջութակի» դեր չխաղա։ Այսպիսով, վարչապետի պաշտոնի փոխարեն ձեռք գցելով նախագահինը, քաղաքական համակարգի փաստական փոփոխման պարագայում, Էրդողանն իր համար կապահովեր թե՛ քաղաքական երկարակեցություն, թե՛ երկրի նկարագիրը լիովին փոխելու հնարավորություն։ Այս բոլոր սցենարները, իհարկե, պետք է արձանագրված լինեին նոր սահմանադրության մեջ։ Սակայն չի բացառվում, որ իսլամականները, այնուամենայնիվ, փորձեն դաշինք կազմել, այսպես կոչված, անկախ պատգամավորների հետ, որոնք քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից են, և հասնեն իրենց նպատակին։ Իր մտահղացումն իրագործելու համար Էրդողանին պետք կլինի ևս, առնվազն, չորս պատգամավորի աջակցություն, իսկ դա այնքան էլ շատ չէ։ Հետաքրքիր է նաև այն, որ այս ընտրությունները Թուրքիայի համար բացում են նոր «քրդական հեռանկարներ»։ Այսպես, եթե նախորդ խորհրդարանում «քրդական կուսակցություններից» կար 22 պատգամավոր, ապա նորում կլինի 36 պատգամավոր 16 նահանգներից, այդ թվում` Արևմտյան Հայաստանից։ Կուսակցությունը կարողացել է համախմբել քվեներն այն քրդաբնակ նահանգներում, ուր միշտ ուժեղ աջակցություն է ունեցել, մի քանի մանդատ պոկելով կառավարող կուսակցությունից։ Ի դեպ, նրա թեկնածուների օգտին քվեարկել են ծայրահեղ արմատական դիրքորոշման փոքրաթիվ քրդեր և Քրդստանի էթնոաշխարհագրական բնակչության փոքր մասը։ Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ, չնայած Քրդստանի ոչ պաշտոնական մայրաքաղաքում` Դիարբեքիրում, կառավարող կուսակցության ժողովրդականության անկմանը, նրա օգտին, այնուամենայնիվ, քվեարկել է ընտրությունների մասնակիցների մեկ երրորդը։ Թեև Էրդողանը նախընտրական հանրահավաքին Դիարբեքիրում հավաքել էր անհամեմատ փոքր լսարան, քան սովորաբար ունենում էր, քրդերը զանգվածաբար բոյկոտում էին պետական մզկիթները, կազմակերպելով այլընտրանքային «քրդական» ժամերգություններ, «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Դիարբեքիրում 33 տոկոս ձայն ստացավ։ Հատկանշական է նաև, որ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունն ավանդաբար ավելի մեծ աջակցություն ունի տնտեսապես հետամնաց շրջաններում միայն, իսկ ավելի զարգացած քրդական նահանգներում նրա թեկնածուները նույնիսկ չմասնակցեցին։ Այսպիսով, փորձագետների կարծիքով, ավելի մեծ հաջողության հասնելու համար անհրաժեշտ կլինի փոխել ձախ արմատական քարոզչությունը` հիմնված Օջալանի գաղափարների վրա, որը շարունակ հանդես է գալիս «կապիտալիստական մոդեռնիզմի» քննադատությամբ` հօգուտ ինչ-որ անհասկանալի սոցիալիստական տնտեսության մոդելի, ավելի ճիշտ` որևէ տնտեսության բացակայության։ Համարվում է, որ քրդերը հիմնականում քվեարկում են ոչ թե հօգուտ ձախ գաղափարների, այլ ի պաշտպանություն քրդական ազգայնականության և քուրդ պարտիզանների։ Ավելին, անարխիզմի շաղախով գաղափարները վանում են քուրդ հասարակության առավել առաջադեմ հատվածի միջին խավի մի էական մասին, որը, որոշ գնահատումների համաձայն, դարձել է «թուրքական կապիտալիզմի առաջավոր ջոկատը` հասարակության առավել ներդաշնակ մասը»։ Սակայն այդ դեպքում հարց է առաջանում. «իսկ գաղափարախոսական կտրուկ փոփոխության դեպքում այդ կուսակցությունն ապագա կունենա՞, արդյոք»։ Երևում է, հենց դրանով են բացատրվում նրա հակասությունները նոր տիպի քուրդ պարագլուխների հետ, որոնց մարմնավորումն էր Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը։
Լուրջ փոփոխություններ տեղի կունենա՞ն, արդյոք, արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքիան Էրդողանի երրորդ կառավարության և ավելի շուտ իր դիրքերը պահպանող Ա. Դավութօղլուի ղեկավարությամբ, հավանաբար, կձգտի զարգացնել նեոօսմանիզմի գաղափարները, կջանա ավելի մեծ ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում։ Խիստ հատկանշական է, որ Էրդողանն ընտրություններից հետո իր առաջին այցը կկատարի Ադրբեջան։ Սպասվում է, որ Բաքվում կարևոր միջպետական համաձայնագրեր կկնքվեն էներգետիկ ոլորտում և այցեկարգի պարզեցման հարցի վերաբերյալ (Թուրքիան դեռ երեք տարի առաջ է Ադրբեջանի քաղաքացիների համար վերացրել վիզային այցեկարգը, սակայն պաշտոնական Բաքուն տարբեր պատրվակներով չի շտապում համանման քայլի դիմել)։ Այնպես որ, նշվում է, որ Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը մնում է անփոփոխ։ Բաքու այցից հետո Էրդողանը կմեկնի Հյուսիսային Կիպրոս։ Կարելի է կանխագուշակել նաև ավելի մեծ տարաձայնություններ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։ Այն վարկածը, թե, մյուս կողմից, Էրդողանն ու նրա կուսակցությունը իշխանության են բերվել հենց Վաշինգտոնի կողմից և գուցե Թուրքիայի նոր մոդելը (ավելի նվազ աշխարհիկ և ավելի մոտ մահմեդական աշխարհին) Մերձավոր Արևելքի արագորեն փոփոխվող տարածաշրջանում Արևմուտքի գաղափարների լավագույն տարածողն է, գուցե և լավ է գաղտնաբանության սիրահարների համար, բայց այն շատ դժվար է իրագործել աշխարհաքաղաքական խաղերի նոր տարածքում։
Դե, իսկ ընդհանուր առմամբ հարկ է նշել, որ Էրդողանի հաջողությունը սպասելի էր, բայց չի գերազանցում այն դիրքերը, որ կուսակցությունը զբաղեցնում է թուրք հասարակության մեջ, ինչն ավելորդ անգամ ապացուցում է թուրք հասարակության երկբևեռայնությունն ու քաղաքական երկփեղկվածությունը։ Եվ հիմա մնում է միայն գուշակել` ո՞րն է այդ բաժանարար գիծը։ Աշխարհի՞կ պետություն, թե՞ կրոնական։ Եվ գլխավորը` որքա՞ն խոր ու անդառնալի է պառակտված թուրք հասարակությունը։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ